«12 Ժամ Անընդհատ Կրակոցը Չի Դադարել Պարիսպների Վրայ»
ՍՈՆԱ ԱՒԱԳԵԱՆ
Շուշիի Գրոհը Շոշ Գիւղի Ուղղութիւնից
Ժորա Ֆարեանը առաջին ազատամարտիկն է, ով Շուշիի ազատագրումից յետոյ մտել է Ս. Ղազանչեցոց եկեղեցի եւ մոմ վառել: Քաղաքի ազատագրումից յետոյ շատերը համոզուած էին, որ եկեղեցին ականապատուած է, այդ պատճառով խուսափում էին ներս մտնել եւ դրսի պատերին էին մոմ վառում: Սակայն Շուշիի առանձնակի գումարտակի դասակի հրամանատար Ժորան համարում է, որ առաջինն ինքը չի մտել Ս. Ղազանչեցոց, քանի որ իրենից առաջ նկարիչը արդէն մտել էր եկեղեցու շեմից, եւ ինքը յետոյ առաջ անցաւ նկարիչից:
«Եթէ նկարիչը, որը կոնկրետ ռազմական գործողութեան չի մասնակցում, առանց զէնքի մտնում է, մի քիչ ոնց որ վախենալն էլ ամօթ է արդէն: Ոչ թէ վախ, այլ անհանգստութիւն է եղել: Մի բան էլ կայ. էդքան ճանապարհը անցնելուց, էդքան ազատագրելուց յետոյ իրականում ես մտածում էի, որ եթէ մարդ զոհուի, հազար անգամ լաւ է` էսպիսի տեղ զոհուի, քան ուրիշ տեղ», ասաց ազատամարտիկը: Իսկ ներս մտնող նկարիչը Յակոբ Պօղոսեանն էր:
Շուշիի ազատագրման գործողութիւնը պէտք է սկսուէր մայիսի 5-ին, սակայն ձիւն եկաւ, եւ գործողութիւնը յետաձգուեց: Ժորա Ֆարեանը մասնակցել է քաղաքի ազատագրմանը Շոշ գիւղի ուղղութիւնից:
«Երեւի ապրիլի 28-29-ին 30 հոգու առանձնացրին, որ առաջինը մենք պիտի վազէինք քաղաքի վրայ: Երբ մեզ ասում են` գիտէք, չէ՞, որ զոհուելու հաւանականութիւնը շատ մեծ է, հասկանում ենք, որ եթէ էսքանի միջից 30 հոգու ջոկում են, ուրեմն մի բան էն չի: Մենք արդէն բոլորից կտրուած, առանձին էինք պարապում: Անընդհատ օրական մի 10 անգամ վազում-իջնում էինք: Ոչ մէկի հետ թոյլ չէին տալիս, որ մենք խօսենք: Շոշի տակով եկանք, արդէն երբ մութը տուեց, մեզ էլ 10-10 հոգի բաց թողեցին: Դա 7-ից 8-ի գիշերն էր: Խաւար էր, 2 մեթրից չէր երեւում: Եկանք ձորի մէջ, կամաց-կամաց էդ ժայռերի վրայով բարձրացանք սկզբնական դիրք ու վազեցինք վերեւ: Նրանք կրակում են մեզ վրայ, տեսնում են` մենք չենք փախչում», պատմեց Ժորա Ֆարեանը:
Անմիջապէս նրանց ետեւում` մօտ 150 մեթր հեռու, կռուող ազատամարտիկների շարքում է եղել Սամուէլ Զոհրաբեանը, ով եւս Շուշիի առանձնակի գումարտակից է: Նա նշեց, որ ամենածանր մարտերը եղել են մայիսի 8-ին` ժամը 6:00-ից մինչեւ 21:00-ը:
Սամուէլը ջոկատի փոխհրամանատարն է եղել: Նա ասաց, որ քաղաքի ազատագրումից առաջ բոլորը յստակ գիտէին իրենց անելիքը, եւ իրենց արդէն 800-1000-ական փամփուշտ էին բաժանել: Ազատամարտիկները հացի փոխարէն նախընտրել էին փամփուշտ վերցնել իրենց հետ եւ ոչինչ չէին կերել 40 ժամ շարունակ:
«Կռիւը շատ սաստիկ էր: Երբ Ժորայենք միանգամից դուրս եկան, առաջին գիծ ալիք անցան, մենք ասինք` արդէն խփեցին տղերքին: Երկրորդ գիծը մենք էինք: Ընդամէնը մի 150-200 մեթրի վրայ էինք Շուշիի պարիսպներից: Էնտեղից կարկուտի նման կրակ էր տեղում մեզ վրայ` աջ, ձախ: Մենք էլ պիտի չդադարեցնէինք կրակոցը` տղաներին էինք պահում` Ժորայենց, որ մի քիչ յարմար դիրք մտնեն. ոչ էն էր` առաջ գնային, ոչ` յետ գային, կարող էին խփել: Բայց փառք տղերքին: 12 ժամ անընդհատ կրակոցը չի դադարել պարիսպների վրայ», ասաց Սամուէլ Զոհրաբեանը:
Ժորա Ֆարեանը պատմեց, որ մայիսի 8-ին ողջ օրը` մինչեւ մութն ընկնելը, իրենք մի քանի անգամ մօտեցել են Շուշիին ու ետ քաշուել, մինչեւ իրենց յայտնել են, որ Բեկոր Աշոտը բերդի կողմից արդէն մտել է Շուշի, եւ իրենք ետ են քաշուել:
«Երբ մենք յետ քաշուեցինք, արդէն մեզ ասին. «Հիմա թեքւում էք ձախ ու տների մօտով մտէք քաղաք»: Դա արդէն լոյս 9-ի առաւօտն էր: Դէպի ռուսական եկեղեցու ուղղութիւնն էլ արդէն մենք մաքրելով դուրս եկանք, տեղափոխուեցինք մեր Ղազանչեցոց եկեղեցու կողմ», պատմեց Ժորա Ֆարեանը:
Սամուէլ Զոհրաբեանը իր օրագրում օր առ օր գրի է առել, թէ ռազմաճակատում ինչ է տեղի ունենում: Նա պատմեց, որ իրենց առաջխաղացումը զուգակցուեց Ուջանի ջոկատի տղաների առաջխաղացման հետ:
«Մենք էնտեղ իրար չենք տեսել, բայց կրակոց է գնում: Մենք ստիպուած մեր ազդանշանով` կրակոցի ձայնով, մօտեցանք իրար, մինչեւ գոռացինք հայերէն, նոր հասկացանք, որ մենք ենք, իրար վրայ չենք կրակում: Էդ 2 ջոկատով հէնց Շուշիի մէջ հանդիպեցինք, փաթաթուեցինք: Դա ամենամեծ երանութեան զգացողութիւնն էր: Ամսի 9-ի ժամը 10:00-ն էր արդէն: Երբ մենք իջանք ներքեւ, արդէն պարզապէս ժողովուրդը մեր աւտոմեքենայի յետեւից վազում էր: Կանանց օրհնանքը ես չեմ կարողանում նկարագրել», ասաց Սամուէլ Զոհրաբեանը:
Ժորա Ֆարեանի մէջ տպաւորուել է, որ երբ մայիսի 9-ին իջնում էին Ստեփանակերտի կամրջի մօտ, իրենց խնդրեցին ոտքով գնալ, որ ստեփանակերտցիները ողջունեն:
«Մի մարդ (ծեր մարդ էր) եկաւ լացելով, փաթաթուեց, ասեց. «Խնդրում եմ, դանակդ տուր, քո դանակով մի հատ էս աքլորը մատաղ անեմ»: Երբ օպերացիան վերջացաւ, ինձ հարցրին` օրինակ, էս վայրկեանին ի՞նչ կ՛ուզէիր, ասել եմ. «Ուրիշ բան չեմ ուզում. մենակ ուզում եմ 5 րոպէով ընկնեմ Աբովեան, տեսնեմ` ոնց են հայերը ուրախանում», ասաց աբովեանցի Ժորա Ֆարեանը: Նա տնեցիներին չէր ասել, որ Շուշի է գնում:
Եւ նրա ընտանիքի անդամները հեռուստատեսութիւնից են իմացել, որ նա մասնակցել է Շուշիի ազատագրմանը:
«Իրենց մտածածն էն է, որ մեր վաշտը, որը յարձակւում է, էնքան ուժեր է հաւաքում իր վրայ, մինչեւ Բեկորը մտնի: Խելօք էր մտածուած, լաւ տարբերակ էր: Մանաւանդ էստեղ հետաքրքիրն էն է, որ իրենք նաեւ համոզուած են եղել, որ մենք չենք նահանջի: Հակառակ դէպքում, եթէ մենք կպել ենք տներին, եթէ էնտեղ էդ 30 հոգուս շպրտէին յետ, ոեւէ մէկը մեզ չէր մեղադրի, որովհետեւ գրոհողը պիտի 3 անգամ շատ լինի, քան պաշտպանուողը. դա ռազմական օրէնք է: Մենք մի քանի անգամ քիչ էինք», ասաց Ժորա Ֆարեանը: Նա Խորհրդային Միութեան ժամանակ ծառայել է յատուկ նշանակութեան ջոկատում:
Շուշիից Գրոհը Ջանհասան–Քեոսալար
Ուղղութիւնից
Եսայի Բարսեղեանը քաղաքի ազատագրմանը մասնակցել է մէկ այլ` Ջանհասան-Քեոսալարի ուղղութիւնից: Նա սկզբից կռուել է Աշտարակի ջոկատում, յետոյ միացել ՀԱԲ-ին:
Նա նշեց, որ գործողութեան մասնակցել է հաւաքական ջոկատ, որպէսզի որեւէ մէկ ջոկատ ամբողջութեամբ չզոհուի. կային Գիւմրիի, Աբովեանի, Ներքին Չարբախի, Կոշի, Ուջանի եւ այլ ջոկատներից տղաներ:
«Բարձրանալուց առաջ Դալիբալթայեանի հետ էինք հանդիպել: Նա ասել է. «Գնում էք, տղերք, կարող է` չգաք: Ով ի վիճակի չի, ով ընտանիքից նեղուած է, կարող է չգնալ»: Ձեռքերը սեղմել են, ճամբու են դրել: Մենք էլ ցտեսութիւն ենք ասել, գնում ենք ինչի՞ համար, գնում ենք Շուշին ազատագրելու համար: 7-ի երեկոյեան արդէն սկսուեց դէպի Քեոսալար-Ջանհասան բարձունքը», ասաց Եսայի Բարսեղեանը:
Նա նշեց, որ Արկադի Տէր Թադեւոսեանի` Կոմանդոսի հրամանով, մօտ 10 օր շարունակ 150-200 հոգի ցերեկը բարձրանում, իսկ գիշերը թաքուն իջնում էր, որ թշնամին մտածի, թէ կուտակումներ են լինում:
Մայիսի 7-ին` ժամը 11:00-11:30, նրանք սկսել են Մեղրագետով, Բալուջայով բարձրանալ դէպի Քեոսալար-Ջանհասան:
«Գիշերը` ժամը 12:00-ի կողմը, մեր հրետանին սկսեց աշխատել դէպի Քեոսալար-Ջանհասան: Ջանհասանի վրայ Բալուջայի տղերքն էին, Քեոսալարը` մերոնք էին: 2 դիրքերն էլ եւ մենք ազատագրեցինք, եւ Բալուջայի ջոկատը: Յետոյ` արդէն լոյսը բացուելիս, թուրքերը ամբողջ Շուշիից սկսեցին շարժուել դէպի Քեոսալար-Ջանհասան: Դրա համար էլ Շուշի հանգիստ մտնել եղաւ: Դա Կոմանդոսի սարքածն էր: Խելօք գործողութիւն էր», ասաց Եսայի Բարսեղեանը:
Նա գործողութեան ժամանակ ծանր վիրաւորուել է: «Կոշից Եղիշը ինձ ու Զորիկին քաշում էր, մէկ էլ Ամասիայից մի տղայ, 24-25 տարեկան տղերք էին:
Վերջին պահին ես ասի. «Գնացէք, չդառնաք. թուրքը լցուել է արդէն, հրասայլերը դիրքաւորուել են: Զորիկին քաշէք, դուրս եկէք. երեքդ էլ ջահել տղերք էք, ոչ երեխայ, ոչ ժառանգութիւն»: Ասին` բա դո՞ւ: Ասի. «Իմացէք` չկամ, դուրս եկէք, յետ չգաք»: Դէ, Զորիկը` վիրաւոր, Եղիշը` արդէն ցնցումի մէջ, ամասիացի էդ ջահել տղան` արդէն զոհուած», պատմեց Եսայի Բարսեղեանը:
Զորիկը` այժմ զօրամասի հրամանատար, փոխգնդապետ Զոհրաբ Խաչատրեանը, յիշում է այդ պահը. «Թուրքի նռնականետը ինձ յետ քարշ տալով` գալիս եմ, Եսոյին ասում եմ. «Ոտքիցս բռնի, ես քաշելով կը տանեմ քեզ»: Մի ոտքս լաւն էր, բեկոր կար, բայց դէ աշխատում էր: «Գնա, ես իմ կեանքը ապրել եմ»: Ես որ շուռ եկայ, տեսայ` թուրքը արդէն հասել է: Մենք անտառի եզրով էինք իջնում: Երկուսս էլ խփուեցինք, մարդ չկար», ասաց Զոհրաբ Խաչատրեանը: Նա կռուել է «Արամօ» եւ «Արծիւ 24» ջոկատներում:
Եւ Զոհրաբը, եւ Եսային լսել են, թէ ինչպէս է մի ազրպէյճանցի ռուսերէն ասում. «Տեղ չես հասնի, մէկ է` կենդանի եմ բռնելու քեզ»:
«Թուրքը աշխատում էր ինձ վրայ: Ինքը կրակում է, փամփուշտները, կողքերս պտպտալով, մտնում են հողի մէջ. չի ուզում սպաննել, ուզում է կենդանի բռնել: Ես միանգամից ընկայ թփերի տակ, փակուեցի: Թուրքը անցաւ առաջ, ընկաւ Զորիկի վրայ: Էդ թուրքին ես իրօք չեմ տեսել, միայն ձայնն եմ լսում: Յետոյ մի ցերեկ, մի գիշեր սողալով մօտ 11 քմ իջել եմ: Արդէն մենակ էի: Իջայ, մինչեւ հասայ արդէն Մեղրագետ, նոր ջուր խմեցի: Ու յետ քաշուեցի գետից դէպի վերեւ, որ սպասէի մինչեւ գիշեր: Երեւի մի 3-4 քմ բան էր մնում, որ հասնէի Բալուջա: Բայց չեմ իմանում` Շուշին ազատագրուե՞լ է, թէ՞ չի ազատագրուել», պատմեց Եսայի Բարսեղեանը:
Նրա ընկերները յայտնել են, որ Եսային կորել է, եւ Բալուջա գիւղի ջոկատը սկսել է փնտռել ազատամարտիկին: Երբ Եսայի Բարսեղեանը լսել է, որ իրեն մօտեցողները հայերէն են խօսում, դուրս է եկել թփերի տակից, ասել գաղտնաբառը, փաստաթուղթ ցոյց տուել: Նա Բալուջայի ջոկատի տղաներից է իմացել, որ Շուշին ազատագրուել է, եւ քոնեաք խմել նրանց հետ:
Զոհրաբ Խաչատրեանն այսպէս է յիշում Շուշիի ազատագրման մարտը. «Գիշերը` 2:20, մենք ժամանակից շուտ հասել ենք տեղ, գնացինք ու դուրս եկանք ուղիղ թուրքի հրասայլի դէմը: 2 հատ հրասայլային ական ունէինք, 2 անգամ տարայ դրեցի հրասայլերի ցեպերի տակ, եկայ, փոշմանեցի, գնացի հանեցի, ասի` էս հրասայլը աւելի լաւ է վերցնենք: Հրասայլը քշեց, գնաց դիրքաւորուեց: Երբ տեխնիկան եկաւ, ես ասի` գնամ տեխնիկան կանգնեցնեմ, չմտնի. եթէ տեխնիկան մտնէր, մեզ կը կոտորէր: Առաջինը հրասայլն էր: Վիլիսին խփեցինք: Վիլիսի յետեւից ԲՄՊ-ն եկաւ: «Մուխաները» ինձ մօտ էին, 4 հատ «մուխայով» վազեցի, գնացի մտայ տեխնիկայի տակ: ԲՄՊ-ն որ եկաւ, կանգնեց, ես կողքից խփեցի ԲՄՊ-ին, պայթեց ԲՄՊ-ն»:
Եսայիից յետոյ վիրաւորուել է նաեւ Զոհրաբը: Նա մօտ 15-20 մեթր առաջ է եղել միւս ազատամարտիկներից, եւ վերջիններս չեն տեսել, որ Զոհրաբը վիրաւոր է:
«Ես մենակ էի, ոչ էլ ժգուտ (արիւնը դադարեցնող ձգախէժէ կապ) ինձ մօտ: Ես գիտէի` տղերքը էնպիսի տեղ էին նստած, որ չէին կարող ինձ մօտ գալ: Ես մտածում էի, որ եթէ գոռամ «Ես վիրաւոր եմ, ինձ ժգուտ բերէք», ով էլ գայ, խփուելու է: Բռնում ես ոտքդ` թուրքերը ոչխարի հօտի պէս գալիս են քեզ վրայ: Թողնում ես ոտքդ, կրակում ես` արնաքամ ես լինում: Նոր էդտեղ ստիպուած ես գոռացի. «Մի հատ ժգուտ բերէք»: Մէկ էլ Ճուտը մեր եկաւ կողքս: Ժգուտը տուեց, ոտքս կապեցի: Աւտոմատը ձեռքն էր: Ասի. «Դէ, աւտոմատը տուր, դու գնա»: Ասեց. «Ես քեզ չեմ թողնի գնամ»: «Այ տղայ,- ասի,- ես իմը պրծայ արդէն. ես էստեղից էլ շարժուելու տեղ չունեմ»: 2 հատ «մուխայ» կայ ինձ մօտ, տուփով փամփուշտը` 1180 հատ, ծոցս լցրած լիքը, նռնակները 10 հատ ինձ մօտ կան, գնդացիր էլ` ձեռքս: Ես էլ գնալու տեղ չունեմ, մինչեւ վերջ պիտի կրակեմ ինչքան կայ: Յետոյ Ճուտը ձեռքիցս քաշելով ինձ տարել է մինչեւ տղաների մօտ: Բայց շատ-շատ էին գալիս, լցուել էին արդէն գլխներիս: Էդտեղ Չեչ Սամոյի ձայնը լսեցի: Մեզանից մի 15 մեթր վերեւ էր` որտեղ Բժիշկ Յարութը խփուել էր: Սամոն գոռաց. «Զորիկին հանէք», ու ես մի պահն եմ յիշում, որ Սամոն, բոյով մէկ կանգնած, գնդացիրը ձեռքին, կրակում էր», պատմեց Զոհրաբ Խաչատրեանը:
Եսային նրա ետեւից էր եկել մինչեւ մութն ընկնելը, յետոյ վիրաւոր ազատամարտիկները կորցրել են իրար: Զոհրաբ Խաչատրեանը վիրաւոր վիճակում իջել է Ստեփանակերտի ուղղութեամբ եւ ընդամէնն իմացել է, որ մեր տարածքում է:
«Էդպէս կամաց աչքերիս դիմաց սպիտակեց ու կորաւ: Լոյսը բացուեց, արդէն Շուշիի մարտը տեսանք: Ուրախանում ենք, որ Շուշիում մարտ է ընթանում», ասաց Զոհրաբ Խաչատրեանը:
Չորս ամիս յետոյ նրան մի տղայ է մօտեցել, փաթաթուել, լաց եղել եւ ասել, որ ինքն է գտել ազատամարտիկին` ճանապարհին ընկած: Զոհրաբին տարել են Բալուջա, յետոյ` Ստեփանակերտի հիւանդանոց:
«17 հոգի զոհ տուեցինք, ահագին վիրաւորներ: Ես էնքան զոհուած տղերք եմ թողել էնտեղ` Քեոսալար-Ջանհասան», ասաց Եսայի Բարսեղեանը: Սամուէլ Զոհրաբեանն էլ նշեց, որ հայերը չէին անարգում ազրպէյճանցիների դիակները` ի տարբերութիւն թշնամու:
Շուշին Ազատագրողները Դժգոհ Են
Քաղաքի Ներկայիս Վիճակից
Ժորա Ֆարեանի կարծիքով Շուշիի ազատագրմանը մասնակցել է առաւելագոյնը 700 ազատամարտիկ: Սակայն մետալ ստացածների թիւը շատ աւելի մեծ է: Ազատամարտիկի խօսքերով` այդ հարցում մենք արդէն չափն անցել ենք, եւ քաղաքի ազատագրմանը մասնակցած, այդ թւում նաեւ զոհուած շատ հերոսներ անտեսուած են: «Սուտը կերել է ճշդին: Էսօր շատ մարդիկ կան, որ Շուշիի տեղը չեն իմանում, բայց Շուշիի մեՏալը ոչ թէ դօշներին են խփել, այլ մէջքներին: Էն մաքուր կռուած տղերքը, որ կեանքները դրել են, էսօր ոչ մի տեղ չեն երեւում», ասաց Զոհրաբ Խաչատրեանը:
Ազատամարտիկները նաեւ դժգոհ էին Շուշիի ներկայիս վիճակից: Սամուէլ Զոհրաբեանին, ով այժմ Արամուսի միջնակարգ դպրոցի տնօրէնն է, ուրախացրել է, որ Ս. Ղազանչեցոց եկեղեցին վերանորոգուել է հայկական միջավայրի զգացողութեամբ: Սակայն ազատամարտիկը նշում է, որ պատերազմի աւերածութիւնները մինչ օրս չեն վերացուել:
«Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց 20 մ այն կողմ 90 թ.-ի աղբը մինչեւ հիմա կայ: Շուշին կարելի է դարձնել հայկական հոգեւոր 2-րդ կենտրոնը: Էսօր, ինձ թւում է, մեր արած գործը պիտի մեր հայ բարերարները, գործարարները շարունակեն, Շուշին ծաղկեցնեն», ասաց Սամուէլ Զոհրաբեանը:
Ժորա Ֆարեանը, ով այժմ մեքենագէտ է աշխատում, յաւելեց, որ ինքը երջանիկ է եղել, երբ պատմական Շուշին ազատագրուել է, իսկ հիմա շատ հիասթափուած է քաղաքի վիճակից:
«Ուղղակի իրենք ուզում են ցոյց տալ, նաեւ թուրքին են ցոյց տալիս, որ էս քաղաքը մերը չի: Չեն սարքում, չեն բնակեցնում: 94 թ.-ից` պատերազմից յետոյ մինչեւ հիմա, բացի Ղազանչեցոց եկեղեցուց, ի՞նչ կայ էնտեղ: Այսինքն` թէ՛ էս կառավարութիւնը, թէ՛ էն կառավարութիւնը Շուշին մերը չեն համարում, չեն սարքում: Ինձ կարո՞ղ է մէկնումէկը բացատրել` եթէ Ստեփանակերտը էդպէս ծաղկում է, կարծես Երեւանի Հիւսիսային պողոտան լինի, Շուշին ինչո՞ւ չի սարքւում», ասաց Ժորա Ֆարեանը:
Զոհրաբ Խաչատրեանը 6 ամիս առաջ է եղել Շուշիում: Նա եւս նշեց, որ Հիւսիսային պողոտայի շէնքերը, որոնք դատարկ են մնացել, պէտք էր Շուշիում կառուցել:
«Ես էլ մեծ հաճոյքով էսօր իմ ընտանիքը կը վերցնէի, կը գնայի էնտեղ կ՛ապրէի, ինձ հետ էլ երեւի մի 15-20 ընտանիք կը տանէի: Բայց դէ որ ապրելակերպ չկայ, ո՞ւր գնաս մնաս: Էնտեղ ամէն ինչ բնութիւնը ստեղծել է. ջուրն էլ կայ, հողն էլ կայ: Ինչի՞ էնտեղ չսարքեն: Մի շաբաթ առաջ Քելբաջար գնացի: Երբ տեսայ` էն աւերակ գիւղերում ինչ սիրուն, սպիտակ տներ են սարքել, երեխեքը, դպրոցը, ասում էի` վայ, Աստուած ջան, փառք քեզ. էս հողին ի զուր տեղը չի արիւն թափուել, ապրող կայ, տէր կայ: Այ, բոլոր տեղերը պիտի էդպէս լինեն», ասաց Զոհրաբ Խաչատրեանը:
Շուշիի ազատագրման ժամանակ ծանր վիրաւորուած Եսայի Բարսեղեանն էլ, ում այսօր չեն տալիս հաշմանդամութեան կարգ եւ թոշակ, կարծում է, որ Շուշին կամաց-կամաց կը կառուցուի: «Հո միանգամից չի՞ սարքուի», ասաց նա:
«Հետք»

