«Ականատեսը». 99-ամեայ Ահարոն Մանուկեանը Հաւատում Է, Որ Թուրքիան Մի Օր Կը Ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը

Հեղինակ ՏԱԹԵՒԻԿ ԳՐԻԳՈՐԵԱՆ

Օսմանեան կայսրութիւնում Ա. Համաշխարհային պատերազմի տարիներին իրականացուած Հայոց ցեղասպանութիւնը նախորդ դարասկզբին մարդկութեան դէմ գործուած մեծագոյն ոճիրներից մէկն է: «Արմենփրես»-ի նոր` «Ականատեսը» շարքը Հայոց  ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին ընդառաջ` ներկայացնելու է այս արհաւիրքի կենդանի վկաների` վերապրածների կեանքի պատմութիւնները` եւս մէկ անգամ աշխարհին ապացուցելու, որ մեր` Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու պահանջը աւելի քան արդար է եւ հիմնաւորուած: Հայոց ցեղասպանութիւնը վերապրածների թիւը պակասում է: 2013 թուականի ապրիլի տուեալներով, Հայաստանում կենսաթոշակ է ստանում օսմանեան Թուրքիայի կողմից իրականացուած Հայոց ցեղասպանութիւնը վերապրած 55 անձ, նրանցից 43-ը կին է, 12-ը տղամարդ:

Մէկ տարի անց` մարտի 20-ին կը լրանայ Հայոց ցեղասպանութիւնը վերապրած Ահարոն Մանուկեանի 100-ամեակը: Բարի եւ համեստ հայեացքը կարծես մատնում են նրա բնաւորութեան դրական գծերը, իսկ ձեռքերը` դժուարութիւններով լեցուն կեանքի երկարամեայ ուղին: Ինչպէս նրան այժմ փաղաքշանքով կոչում են մտերիմները` Ահարոն պապիկը, չնայած պատկառելի տարիքին, ծերութեամբ պայմանաւորուած, առողջական

բազում խնդիրներին, իր ընտանիքի պատմութիւնը եւ ծննդավայր Վանը երբեք չի մոռանում:

Գիւմրիի Ամերիկեան Որբանոցը
Դարձել
Էր Նրա Տունը

Ահարոն Մանուկեանը ծնուել է Վանում, 1914 թուականին:

Նա մէկ տարեկան էր, երբ իր ընտանիքը ստիպուած է լինում լքել իրենց եկեղեցու բակում գտնուող տունը: 1915 թուականին վանեցիները սկսել էին իրենց պայքարը թուրքական զաւթիչների դէմ, սակայն Վանից ռուսական ուժերի դուրս գալուն պէս, շուրջ 200 հազարի հասնող տեղի բնակչութիւնը ստիպուած եղաւ բռնել գաղթի ճամբան դէպի Արեւելեան Հայաստան: Ահարոնի հայրը զոհւում է Վանի հերոսական ինքնապաշտպանութեան ընթացքում:

Պատմական Տեղեկանք

Ա. Աշխարհամարտում երիտթուրքական իշխանութիւնների կազմակերպած ցեղասպանութիւնը արեւմտահայերի համար անսպասելի էր, սակայն մի շարք վայրերում նրանք արագօրէն համախմբուել եւ դիմել են ինքնապաշտպանութեան: Վանի նահանգի Շատախ, Գաւաշ, Թիմար, Հայոց ձոր, Արճէշ գաւառների բնակիչները 1915 թ-ի մարտին թէժ կռիւներ են մղել թուրքական զօրամասերի ու քրտական հրոսակախմբերի դէմ: Բայց նրանք, ի վերջոյ, տեղի են տուել թշնամու գերակշռող ուժերի առաջ եւ հարկադրուած նահանջել Վան: 1915 թ-ի ապրիլի 7-ից մինչեւ մայիսի 6-ը Վան քաղաքի եւ նահանգի մի շարք գաւառների ինքնապաշտպանական մարտերի շնորհիւ փրկուել է աւելի քան 180 հազար հայ:

«Տատիկս Անցնում Է Գաղթի Ճանապարհը
Երեք
Երեխաների Հետ` Հօրս Գրկում Պահած»,
Ահարոնի Պատումը Մեզ Է Մեկնում Դուստրը`
Ռուզան
Մանուկեանը

Ահարոնի մայրը` Մարիամը, երկու որդիների` Մելիքսեթի եւ Վահրամի հետ հասնում է Էջմիածին, քանի որ ամուսնու մահից յետոյ ընտանիքի միակ հաց վաստակողն էր, կարճ ժամանակ անց երեխաներին տանում է Ալեքսանդրապոլի (այժմ Գիւմրի) ամերիկեան որբանոց` վերադառնալով էջմիածին` աշխատանք գտնելու նպատակով: Ռուզանը պատմում է, որ հայրը միշտ ասել է, որ Ալեքսանդրապոլի ամերիկեան որբանոցի կառավարիչներից մէկը շատ բարի մարդ է եղել, ով կորցնելով միակ երեխային` իր ողջ սէրը նուիրել է մանկատանը յայտնուած հայ երեխաներին:

Պատմական Տեղեկանք

Առաջին որբանոցը (Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյց կոմիտէ)  Ալեքսանդրապոլում բացւում է 1915 թ. նոյեմբերի 20-ին, «Երիտասարդական միութեան» կողմից: Նորաստեղծ որբանոցը կոչւում էր «Միացեալ ընկերութիւնների առաջին որբանոց», որտեղ ապրում էին 5-13 տարեկան 30 երեխայ: 1916 թ. ապրիլի 25-ին բացւում է «Միացեալ ընկերութիւնների երկրորդ

որբանոցը»` 62 որբերով:  Ամերկոմի ծաւալած մարդասիրական օգնութեանը` որբանոցների ստեղծում, դպրոցների ու հիւանդանոցների բացում, սննդամթերքի, հագուստի ու դեղորայքի հայթայթում եւ այլն, ինչի շնորհիւ իրական մահից փրկուեցին տասնեակ հազարաւոր հայ երեխաներ: Ամերկոմի որբախնամ գործունէութիւնը կանոնակարգուած բնոյթ ստացաւ Առաջին հանրապետութեան տարիներին եւ շարունակուեց նաեւ Հայաստանի խորհրդայնացումից յետոյ անգամ` մինչեւ 1929 թուականը:

«Ամերիկացի ամուսիններ ցանկութիւն են յայտնում որդեգրել Ահարոնին եւ իր եղբօրը` Միացեալ Նահանգներ տանելու համար, սակայն տատիկս տեղեկանում է այդ մասին, վերադառնալով Ալեքսանդրապոլ` վերցնում է երեխաներին, քանի որ արդէն աշխատանք է գտած լինում Երեւանում», շարունակում է Ռուզանը` աւելացնելով, որ իրենց ընտանիքի պատմութեան ողջ մանրամասները Ահարոնը յիշում է հէնց մօր պատմածներից: «Նախքան այդ` որբանոցի կառավարիչը Մարիամին ոսկի է առաջարկում` Ահարոնին որդեգրելու

եւ Միացեալ Նահանգներ տանելու համար, նաեւ այն պատճառով, որ վերջինս իրեն յիշեցնում էր մահացած որդու մասին», շարունակում է Ահարոնի դուստրը:

Մինչդեռ մեր պատմութեան հերոսի մայրը, չնայած ընտանիքի առջեւ ծառացած ֆինանսական դժուարութիւններին, կտրականապէս հրաժարւում է այդ առաջարկից, ինչին ի պատասխան` Ահարոնը տարիներ անց սիրել է կատակել, որ կարող էր այժմ բաւականին հարուստ մարդ լինել: Ռուզանը նշում է, որ ամերիկեան որբանոցում ստացած դաստիարակութիւնը մինչ այսօր արտայայտուած է հօր բնաւորութեան մէջ: «Նա մի հետաքրքիր սովորութիւն է ձեռք բերել մանկատանը, որն առ այսօր չի կարողանում մոռանալ, սիրում է պահել բարձի տակ կոնֆետներ, քաղցրաւենիք», նշում է նա:

Վանը Նորից Տեսնելը`
Չիրականացած Երազանք

«Հայրս Վանի մասին խօսելու առիթը բաց չի թողնում: Երբ մենք ձուկ ենք ուտում, անպայման ասում է, որ Վանի ձուկը` տառեխը, բոլորովին ուրիշ համ ունի: Մենք գիտենք, որ ինքը երբեք այն չի փորձել, սակայն հասկանում ենք, որ Վանի մասին խօսելը իր համար կարեւոր է»,  ասում է Ռուզանը:

Վանի մասին յիշողութիւններն ամբողջանում են նաեւ ծննդավայրի մասին երգերով, որոնք այժմ Ահարոնը չի երգում, բայց տարիներ առաջ երգել է մեծ խանդավառութեամբ: Տարիներ անց, բնակութիւն հաստատելով Երեւանում, Ահարոնը ստանում է երկու բարձրագոյն կրթութիւն` աւարտելով ԵՊՀ փիլիսոփայութեան ճիւղը, սակայն ճակատագրի բերմամբ` չի աշխատել իր մասնագիտութեամբ, այլ համալսարանը աւարտելուն պէս աշխատանքի է անցնում Երեւանի ֆիզիոլոկիայի հիմնարկում: 1949 թուականին պատմութեան Ցեղասպանութեան սարսափը վերապրած Ահարոնն ամուսնանում է, ունենում չորս երեխայ:

Տարիների ընթացքում, հետեւելով Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացին, նա դստեր հաւաստմամբ` թուրքերի մասին խօսելիս նրանց բնորոշել է մէկ` «թուրքերը մարդ չեն» արտայայտութեամբ: «Դրանով նա կարծես ցանկանում է ասել, որ թուրքերի հետ պէտք չէ գործ բռնել»,  պարզաբանում է դուստրը:

Այժմ, չնայած, դժուարանալով վարժ խօսե՞լ եւ ունենալով թոյլ լսողութիւն, իմ այն հարցին, թէ հաւատո՞ւմ է արդեօք ինքը, որ Թուրքիան մի օր կը ճանաչի Հայոց ցեղասպանութեան փաստը, Ահարոնը կարճ ու վստահ պատասխանեց` «Այո»: Դուստրը յիշում է, որ հայրը միշտ թաքուն ցանկութիւն է ունեցել Վան գնալու եւ ծննդավայրը տեսնելու, որը սակայն այդպէս էլ չի իրականացել:

Այժմ խնամելով 99-ամեայ հօրը եւ 88-ամեայ մօրը` Ռուզանը շատ է ցանկանում, որ պատմական արդարութիւնը վերջնականապէս յաղթանակի ու 20-րդ դարի մեծ ոճիրն արդար հատուցում ստանայ:

 Լուսանկարները` ԱՐԵՒ ԳՐԻԳՈՐԵԱՆԻ

Share this Article
CATEGORIES