ՔԱԿ-ի Դէմ Թուրքիայի Պայքարի Ռազմական Եւ Տնտեսական Կողմերը
ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ
Քրտական աշխատաւորական կուսակցութեան (ՔԱԿ) դէմ Թուրքիայի պայքարի հետեւանքները կարելի է պայմանականօրէն արտացոլել չորս ոլորտում` ռազմական, տնտեսական, ներքաղաքական-հասարակական եւ դիւանագիտական-արտաքին քաղաքական: Յօդուածում կ՛անդրադառնանք առաջին երկուսին` հիմնական շեշտը դնելով 2002թ. նոյեմբերին իշխանութեան եկած Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան (ԱԲԿ) կառավարման ժամանակաշրջանի վրայ:
Ռազմական.- Ընդունուած է համարել, որ ՔԱԿ-ի դէմ Թուրքիայի պայքարում երկու կողմից զոհուել է 40-45.000 մարդ, թէեւ Թուրքիայի եւ ՔԱԿ-ի կորուստների մասին տուեալները տարբեր են: Աւելի՛ն. կարծիքներ կան, որ վերջին հարիւրամեակում Թուրքիան Ա. Համաշխարհային պատերազմից յետոյ ամենաշատ կորուստները կրել է հէնց ՔԱԿ-ի դէմ պայքարում:
2012թ. յուլիսի 11-ին Թուրքիայի պաշտպանութեան նախարար Իսմեթ Եըլմազը տուեալներ ներկայացրեց ՔԱԿ-ի դէմ պայքարում Թուրքիայի զինուած ուժերի (ԹԶՈւ) կրած կորուստների մասին: Դրանց համաձայն, 2012թ. յունիսի 8-ի դրութեամբ ՔԱԿ-ի դէմ պայքարում սպաննուել է 6169 եւ վիրաւորուել 4008 զինծառայող: Եըլմազի խօսքերով սպաննուած զինծառայողներից 411-ը սպաներ են, 375-ը` ենթասպաներ, 585-ը` տասնապետներ, 4798-ը` շարքայիններ, ընդհանուր` 6169: Վիրաւոր զինծառայողների պարագայում պատկերը հետեւեալն է` 256 սպայ, 263 ենթասպայ, 401 տասնապետ, 3088 շարքային, ընդհանուր` 4008 զինծառայող: Վերջին 10 տարիներին (ԱԲԿ կառավարման ժամանակահատուածում) գրանցուել է 10.080 բախում, որից 2152-ը` թէժ, ինչի պատճառով սպաննուել է 818 զինծառայող: Ամենայն հաւանականութեամբ, այս թուերը բաւական նուազեցուած են, եւ իրականում էականօրէն տարբերւում են ՔԱԿ-ի ներկայացրած տուեալներից, ինչը միտուած է թուրք հասարակութիւնից խնդրի ողջ ծաւալը քօղարկելուն, ինչն էլ, իր հերթին, թուրքական իշխանութիւններին հեռու է պահում այդ հակամարտութեան կարգաւորման ռազմավարութիւն ունենալու հասարակական պահանջից:
2011թ. յուլիսի կէսերին յայտնի դարձաւ, որ Թուրքիոյ սպայակոյտի նախկին (2008-2010) պետերից Իլքեր Պաշպուղի հովանաւորութեամբ անցկացուել է 461 ՔԱԿ-ականների տուեալների հետազօտութիւն: Ըստ դրա, լեռներում դիրքաւորուած ՔԱԿ-ին միացողները դրանից յետոյ ապրում են միջինը 7.2 տարի, ընդ որում` տղամարդկանց պարագայում այդ ցուցանիշը կազմում է 6.9 տարի, իսկ կանանց դէպքում` 9.5 տարի: ՔԱԿ-ականները մահանում են միջինը 26.3 տարեկանում: Ապագայ ՔԱԿ-ականները լեռներն են բարձրանում 15-17 տարեկանում. 15 տարեկանում միանում են հիմնականում նրանք, ում աւագ եղբօրը կամ քրոջը սպաննել են: Իսկ 17 տարեկանում ՔԱԿ-ին միանում են հիմնականում քարոզչական աշխատանքների արդիւնքում նրա ազդեցութեան տակ ընկածները:
Բացի մարդկային կորուստներից, ՔԱԿ-ն լուրջ կորուստներ է պատճառում նաեւ Թզու տրամադրութեան տակ եղած սպառազինութեանը: Սակայն այս հարցում անհնար է գտնել վիճակագրական շօշափելի տուեալներ, քանի որ շատ դէպքերում թուրքական կողմը միտումնաւոր քօղարկում է իր ռազմական կորուստները` դրանք վերագրելով թեքնիք խնդիրների կամ անբարենպաստ եղանակային պայմանների հետեւանքներին:
Ինչպէս դիպուկ նկատել է «Թիւրքսամ» վերլուծական կենտրոնի փորձագէտ Իպրահիմ Չեւիքը, ներկայիս ՔԱԿ-ն նախկին ՔԱԿ-ն չէ, եւ նրա ներկայիս պայքարի ձեւերն էականօրէն տարբերւում են նախկին ձեւերից. «Օրինակ, եթէ նախկինում ՔԱԿ-ն վախենում էր իր ներկայութիւնը զգացնել ժամը 20.00-ից յետոյ, ապա այսօր կազմակերպում է գիշերային յարձակումներ եւ չի խորշում ցերեկային բախումներից: Եւ ընդհանրապէս, ներկայումս ՔԱԿ-ն այնպէս չի թաքնւում, ինչպէս նախկինում: Այսօր ՔԱԿ-ն լայնօրէն օգտւում է մերօրեայ բարձր արհեստագիտական նուաճումներից. ինթերնեթ, բջջային հեռախօսակապ, արբանեակային կապ, հետախուզական սարքաւորում, ինչը բաւական հեշտացրել է նրա զինեալների միջեւ հաղորդակցութիւնը եւ թուրքական զօրքերի տեղաշարժերի մասին իրազեկուելը: Եթէ նախկինում ՔԱԿ թիրախում էին գտնւում գլխաւորապէս զինծառայողները եւ ոստիկանները, ապա այսօր այն չի խորշում նաեւ գիւղական պահապանների վրայ յարձակումներ գործելուց, ինչին որ ականատես չենք եղել նախկինում: Այս ամէնին պէտք է յաւելել այն, որ ներկայումս ՔԱԿ-ն կարողանում է գրաւել ռազմավարական կարեւորութեան շրջաններ եւ հակառակորդի ցամաքային ու օդային յարձակումներից յետոյ պահել դրանք: ՔԱԿ նախկին «չյարձակուել եւ թաքնուել» մարտավարութիւնը վերափոխուել է «յարձակուել եւ պաշտպանել դիրքերը» մարտավարութեան: Օրինակ, նախորդ տարուայ ամրանը ՔԱԿ-ն Հաքքարի նահանգի Շեմտինլի ու Չուքուրճա շրջաններում (Իրաքի սահմանի մօտ) ստեղծել էր ,ազատագրուած գօտիէ, որն ընդգրկում էր 400 քառ. քմ տարածութիւն: Պէտք է նշել, որ այս մասին մամլոյ հրապարակումները ցնցիչ ազդեցութիւն են ունեցել թուրք հասարակութեան վրայ:
2011թ. դեկտեմբերին յայտնի դարձաւ, որ Թուրքիայի կառավարութիւնը նոր ռազմավարութիւն է մշակել ՔԱԿ-ի դէմ, որի հեղինակը տուեալ ժամանակուայ ներքին գործերի նախարար Իտրիս Նայիմ Շահինն է: Նոր ռազմավարութեամբ նախատեսւում էր ֆիզիքապէս ոչնչացնել ՔԱԿ մօտ 300 առաւել հեղինակաւոր գործիչների: Այդ նպատակով կազմուել է յատուկ ,մահուան ցուցակէ: Որպէս նման ռազմավարութիւն առաջ քաշելու պատճառ է նշւում այն, որ ԹԶՈւ-ի հետ բախումներում հիմնականում զոհւում են շարքային ՔԱԿ-ականները, ինչը ՔԱԿ վերնախաւն օգտագործում է իր հակաքարոզչական նպատակների համար:
2012թ. մարտին յայտնի դարձաւ, որ ՔԱԿ 50 առաջնորդների (որոնցից 20-ը գտնւում են Եւրոպայում) համար սահմանուել են խոշոր գլխագներ` 100.000 լիրայից ($56.500) մինչեւ 4 միլիոն լիրա ($2.265.000): Թուրքական կողմն այս հարցում ոգեշնչուել է ամերիկեան Կենտրոնական հետախուզական վարչութիւնից, որը Սատտամ Հիւսեյնի ու Պըն Լատենի համար սահմանել էր $25-ական միլիոն գլխագին: Ուշագրաւ է, որ 2013թ. յունուարի 10-ին Փարիզում սպաննուեցին ՔԱԿ ներկայացուցիչներ Ֆիտան Տողանը, Լէյլա Սոյլեմեզը եւ Սաքինէ Ճանսըզը: Վերջինս ՔԱԿ հիմնադիրներից էր, ինչպէս նաեւ` Գերմանիայում ՔԱԿ պատասխանատուն:
Թուրքական կողմը ՔԱԿ-ի դէմ պայքարում սեփական կորուստները նուազեցնելու շարունակ փնտռտուքների մէջ է: Այն բանից յետոյ, երբ ՔԱԿ զինեալները Բիւրակնում (Պինկէօլ) նախ 2012թ. սեպտեմբերի 16-ին սպաննեցին 8 ոստիկանի, ապա նաեւ սեպտեմբերի 18-ին սպաննեցին 10 զինծառայողի, սպայակոյտը որոշեց նոր մարտավարութիւն կիրառել իր կողմից վտանգաւոր որակուած գօտիներում գտնուող զօրքերի տեղաշարժերի վերաբերեալ: Խօսքը երկրի արեւելեան ու հարաւարեւելեան շրջանների մասին է, ուր գտնւում է գրեթէ 150.000 զինծառայող եւ ուր ՔԱԿ-ի զինեալները սովորաբար աշխուժ գործունէութիւն են ծաւալում: Այսուհետ դրանցում պէտք է զինծառայողների տեղաշարժն իրականացուի միայն օդային ճանապարհով:
Այդ նպատակով Թուրքիայի պաշտպանութեան նախարարութիւնը 2012թ. դեկտեմբերի 20-ին պայմանագիր ստորագրեց «Թուրքական աւիաուղիներ» ընկերութեան հետ, ըստ որի` 2013-ից սկսած` տուեալ գօտիների զինծառայողները կարող են անվճար օգտուել ընկերութեան ինքնաթիռներից: Նախագծի շրջանակներում պէտք է տարեկան փոխադրուի 350.000-400.000 զինծառայող: Պայմանագիրը գնահատուել է 11 միլիոն ամ. տոլար: Այսպէս պէտք է շարունակուի մինչեւ 2014-2015թթ., երբ Միացեալ Նահանգներից կը ստացուեն 6-10 հատ «Չինուք» (CH-47S) ուղղաթիռները, որոնցից իւրաքանչիւրն ի վիճակի է տեղափոխել 60 զինծառայող: Այս գործարքը գնահատւում է 1 միլիառ ամ. տոլար: Այս թանկարժէք նախագիծը կարող է տալ իր պտուղները եւ որոշակիօրէն նուազեցնել ՔԱԿ-ի դէմ պայքարում թուրք զինծառայողների կորուստները, քանի որ ՔԱԿ-ն քանիցս հարուածել է լեռնային նեղ ճանապարհներով անցնող զինուորական շարասիւներին կամ էլ ականապատել այդ ճանապարհները:
Թուրքիան պայքար է մղում նաեւ ՔԱԿ ցանցահէնների դէմ, որոնք, հազարաւոր հասարակական ու պետական կայքերի, պաշտօնեաների եւ քաղաքական գործիչների ելեկտրոնային փոստերի, ֆէյսպուքեան էջերի վրայ յարձակումներ գործելուց բացի, 2010թ. փորձել են Պաթմանի (Սասուն) տեղական հեռուստատեսութեան արբանեակային հաղորդիչի միջոցով միանալ իսրայէլեան «Հերոն» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) յաճախականութեանը եւ վայր գցել դրանք, սակայն դա (թուրքական կողմի պնդմամբ) նրանց չի յաջողուել: ՔԱԿ ցանցահէնները գտնում են, որ այդպիսի 1 ԱԹՍ ցած գցելն աւելի կարեւոր է, քան 100 թուրք զինուոր սպաննելը: Ի դէպ, 2012թ. դեկտեմբերի 24-ին ԱԲԿ փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինը յայտարարեց, որ ՔԱԿ-ն իր շարքերը համալրելու նպատակով լայնօրէն օգտագործում է ընկերային ցանցերը, որոնցից օգտւում են 15-25 տարեկան բազմաթիւ անձինք, եւ որ ԱԲԿ-ն պէտք է պայքարի դրա դէմ:
ՔԱԿ-ի դէմ պայքարն իր կնիքն է թողնում նաեւ Թուրքիայի ռազմարդիւնաբերական գործունէութեան, ինչպէս նաեւ այլ երկրների հետ Թուրքիայի ռազմական համագործակցութեան վրայ: Մասնաւորապէս, ՔԱԿ-ի դէմ պայքարում գործածելու նպատակով Թուրքիան վերջին շրջանում սկսել է արտադրել մի շարք զինատեսակներ (Անօդաչու սարքեր, հարուածային ուղղաթիռ եւ այլն), որոնք նաեւ արտահանուելու են), ինչպէս նաեւ տարբեր երկրների (առաջին հերթին Միացեալ Նահանգների, իսկ մինչեւ վերջերս` նաեւ Իսրայէլի) հետ իր ռազմական համագործակցութեան ժամանակ առաջ է քաշել ՔԱԿ-ի դէմ պայքարում գործածելու նպատակով զինատեսակներ գնելու կամ ստանալու հարցը:
Խօսքն առաջին հերթին ամերիկեան «Փրետաթոր» Անօդաչու օդանաւերի եւ «Քոպրա» ուղղաթիռների մասին է, որոնց ստացմանը, սակայն, նպաստել է այն, որ Թուրքիան համաձայնեց Մալաթիայի նահանգում ՆԱԹՕ (ամերիկեան) ռատիոտեղորոշիչ կայանի տեղակայմանը (Թուրքիան 1990-ականներից փորձում էր Միացեալ Նահանգներից գնել «Սուփըր Քոպրա» տիպի ուղղաթիռներ): Այժմ էլ Թուրքիան մտադիր է «Լոքհիտ Մարթին» ընկերութիւնից գնել «Զեփըլին» տիպի օդապարիկներ, որոնք որպէս անօդաչու սարք գործածելու է Իրաքի ու Իրանի սահմաններում` ընդդէմ ՔԱԿ-ի: Ի դէպ, Թուրքիան ցայժմ ՔԱԿ-ի դէմ պայքարում լայնօրէն օգտագործում էր «Հերոն» անօդաչու սարքեր, սակայն Իսրայէլի հետ ռազմական համագործակցութեանը վերջ է տրուել, իսկ թուրքական արտադրութեան առաջին համարժէք սարքի զանգուածային արտադրութիւնը մեկնարկելու է այս տարի: Թուրքիան պատրաստւում է ՔԱԿի դէմ պայքարել նաեւ իր «Կէօքթիւրք-2» առաջին հետախուզական արբանեակի օգնութեամբ, որը չինական «Ճիուքուան» տիեզերակայանից ուղեծիր արձակուեց 2012թ. դեկտեմբերի 18-ին: Արբանեակը 686 քմ բարձրութիւնից հսկելու է Ղանտիլում ՔԱԿ-ականների տեղաշարժերը:
Սպայակոյտի պետ, զօրավար Նեճտեթ Օզելը, որը մեղադրուել է 1999թ. ՔԱԿ-ի դէմ քիմիական զէնք կիրառելու մէջ եւ դրա համար յայտնի է «Քիմիական Նեճտեթ» մականունով, գտնում է, որ ՔԱԿ խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ է 3 պայմանի ապահովում. ա) Թուրքիայի կառավարութեան կողմից հիւսիսային Իրաք ներխուժելու թոյլտւութիւն, բ) ներխուժմանն ամերիկեան հետախուզութեան ու միջազգային հանրութեան աջակցման ապահովում, գ) թուրք ժողովուրդը պէտք է պատրաստ լինի թուրք զինծառայողների շրջանում հնարաւոր մեծ կորուստներին: Սակայն Օզելը քաջ գիտի, որ անհնար է այդ պայմանների ապահովումը, քանի որ Միացեալ Նահանգներ դէմ են հիւսիսային Իրաքում թուրքական լայնածաւալ ռազմական գործողութեանը (ՔԱԿ-ն Միացեալ Նահանգների համար Թուրքիային զսպելու եւ անհրաժեշտութեան դէպքում Թուրքիայում ապակայունութիւն առաջացնելու գործիք է), ինչը նշանակում է, որ թուրքական իշխանութիւնները չեն կարող Օզելին ընդառաջել տուեալ հարցում: Թուրք հասարակութիւնը նոյնպէս պատրաստ չէ մեծ կորուստներ կրելուն:
Այսպիսով, ՔԱԿ-ի դէմ պայքարը Թուրքիային պատճառում է ռազմական մեծ կորուստներ եւ խլում ռազմական խոշոր միջոցներ: Վերոնշեալը ցոյց է տալիս, որ «Քրտական հարցը» չի կարող լուծուել ռազմական ճանապարհով: Աւելի՛ն. հաշուի առնելով ՔԱԿ նոր մարտավարութիւնը եւ նրա զինեալների կողմից ժամանակակից զէնքերի գործածումը` կարելի է կարծել, որ գնալով էլ աւելի էական կը լինեն ԹԶՈւ կորուստները, ինչն էլ աւելի կը մեծացնի թուրք հասարակութեան վրդովմունքը գործող իշխանութիւնների հանդէպ, կը սրի ներքաղաքական գզվռտոցը եւ թուրքական իշխանութիւններին կը հարկադրի նստել բանակցային սեղանի շուրջ, ինչին ականատես ենք լինում այս օրերին: Բանակցային սեղանին վերադառնալը պատահական չէ. շատերի կարծիքով` ՔԱԿ-ն երբեք այնքան հզօր չի եղել, որքան 2012թ.: 2012թ. սեպտեմբերի սկզբին ֆրանսական «Լը Մոնտ» թերթը գրեց, որ 2012թ. ամառը Թուրքիայի համար ամենաարիւնոտներից էր 1990-ական թթ. յետոյ: PKK-ն նոյնպէս բաւական յաջող է համարում 2012-ը` ընդգծելով, որ ԹԶՈւ-ն այդպիսի կորուստներ չի կրել սկսած 1998-ից:
Տնտեսական.- 2011թ. օգոստոսի 20-ին Թուրքիայի փոխադրամիջոցների եւ կապի նախարար Պինալի Եըլտըրըմը յայտարարեց, որ 1984-2011թթ. ՔԱԿ-ի դէմ մղած 27-ամեայ պայքարում Թուրքիայի ուղղակի ծախսերը կազմել են 300 միլիառ ամ. տոլար, սակայն անուղղակի ծախսերը շատ աւելի մեծ են եղել` 700 միլիառ: Ընդհանուր առմամբ` ՔԱԿ-ի դէմ պայքարը Թուրքիայի համար արժեցել է 1 թրիլիոն ամ. տոլար:
2007թ. Թուրքիայի փոխվարչապետ Ճեմիլ Չիչէքը յայտարարեց. «Եթէ 1984-ից ՔԱԿ-ի դէմ պայքարում ծախսուած մօտ 300 միլիառ ամ. տոլարը ներդրուէր երկրի տնտեսութեան մէջ, ապա Թուրքիան աշխարհի տնտեսապէս ամենազարգացած երկրների (Ճի-8) թւում այսօր կը լինէր 7-րդը: Ահա թէ ինչպիսին է ՔԱԿ-ի պատճառած տնտեսական վնասը: Բացի այդ, տուեալ գումարի մի մասը կարող էր յատկացուել կրթական ոլորտին, որը զգում է դրա կարիքը: 1984-2001թթ. Թուրքիայում առաջացել է 8 տնտեսական ճգնաժամ, որոնցից խոշորագոյնները` 1996 եւ 2001թթ.»:
2013թ. յունուարի վերջին Թուրքիայի վարչապետ Էրտողանը յայտարարեց, որ Թուրքիան վերջին 30 տարում «ահաբեկչութեան» (ՔԱԿ-ի) դէմ պայքարում ծախսել է 400 միլիառ ամ. տոլար, եւ եթէ չլինէր «ահաբեկչութիւնը», ապա այսօրուայ Թուրքիայի փոխարէն գոյութիւն կ՛ունենար շատ աւելի այլ Թուրքիա: Սրանք թուրք պաշտօնեաների ներկայացրած խօսուն փաստեր են, որոնք արտացոլում են ՔԱԿ-ի դէմ պայքարի տնտեսական կողմը:
ՔԱԿ-ի դէմ պայքարը Թուրքիային ստիպում է աւելացնել սեփական ռազմական ծախսերը: «Սիքորսքի» տիպի մէկ ուղղաթիռն արժէ 18-20 միլիոն ամ. տոլար, իսկ «Սուփըր Քոպրա» ուղղաթիռը` 20-22 միլիոն: Զրահամեքենաները եւ ժամանակակից արհեստագիտութեամբ պատրաստուած զինատեսակները նոյնպէս թանկ արժեն, եւ Թուրքիան ստիպուած է լինում օտար երկրներից գնել դրանք` ՔԱԿ-ի դէմ պայքարում կրած կորուստները փոխհատուցելու համար: Մէկ մարտական ինքնաթիռի կամ ուղղաթիռի մէկժամեայ թռիչքն արժենում է մօտ 10 հազար ամ. տոլար:
ՔԱԿ-ի դէմ պայքարում ծախսւում է մեծ քանակութեամբ զինամթերք, սահմանամերձ շրջաններում կառուցւում են բազմաթիւ պահակակէտեր, ամրոցներ, այդ թւում նաեւ շարժական ամրոցներ ու հարիւրաւոր քիլոմեթրերով ճանապարհներ: Տուժած շրջաններին վճարւում են յաւելեալ գումարներ, վերականգնւում են աւերուած շինութիւնները, կամուրջները, ճանապարհները, տարիներով աշխատավարձեր են վճարւում մօտ 80.000 գիւղական պահապանների (վարձկաններ): Մի շարք տուեալներով` 1984-1999թթ. նրանց վճարուել է 450 միլիոն ամ. տոլար աշխատավարձ: Փոխհատուցումներ են վճարւում նաեւ ՔԱԿ-ի դէմ պայքարում սպաննուած եւ վիրաւորուած զինծառայողների ընտանիքներին: ՔԱԿ զինեալները պայթեցնում են նաեւ բեռնատար գնացքներ ու մեծածաւալ բեռնատարներ:
ՔԱԿ զինեալները ժամանակ առ ժամանակ պայթեցումներ են կազմակերպում Թուրքիայի զբօսաշրջային գօտիներում կամ օտարազգի զբօսաշրջիկներ են առեւանգում, որով եւ վնասում են զբօսաշրջութեան ոլորտին: 2012թ. սեպտեմբերին Թուրքիայի մշակոյթի ու զբօսաշրջութեան (արդէն նախկին) նախարար Էրթուղրուլ Կիւնայը յայտարարեց. «Հարաւարեւելեան Անատոլիան կարող է դառնալ աշխարհի ամենաճանաչուած աշխարհագրական վայրերից մէկը: Եթէ մեր երկրում տիրի խաղաղութիւն, ապա այն կը նպաստի զբօսաշրջութեան զարգացմանը: Լեռներում զոհուող երեխաները կարող են գալ զբօսաշրջային ոլորտ եւ աշխատել մշակութային տիրոյթում»:
ՔԱԿ զինեալները քանիցս պայթեցրել են Թուրքիայի տարածքում գտնուող խողովակաշարերը, ինչը նիւթական մեծ վնաս է պատճառում Թուրքիային եւ յանգեցնում է որոշակի ժամկէտով տուեալ խողովակաշարերով ածխաջրածինների մատակարարման դադարեցմանը: Խողովակաշարերի բազմաթիւ պայթեցումների պատճառով Թուրքիան չի կարողանում հարեւան երկրներից գնել պայմանաւորուած քարիւղի կամ կազի ծաւալը եւ ստիպուած է լինում գումարներ վատնել վնասուած խողովակաշարերի վերականգնման համար, ինչպէս նաեւ խոշոր փոխհատուցումներ վճարել մատակարար երկրներին:
Ինչ վերաբերում է Պաքու-Թիֆլիս-Ճէյհան խողովակաշարին, ապա այն ՔԱԿ-ի կողմից պայթեցուեց 2008թ. օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական հնգօրեայ պատերազմից ընդամէնը 2 օր առաջ, ինչը «21-րդ դար Թուրքիայ հիմնարկի» փորձագէտ Թուղչէ Վարոլ Սեւիմը բնորոշեց որպէս Թուրքիային հասցէագրած ռուսական ազդանշան, որպէսզի ռուս-վրացական հակամարտութեան ժամանակ սեւծովեան նեղուցները փակ պահի ՆԱԹՕ ռազմանաւերի առջեւ: Սեւիմը գտնում է, որ ՔԱԿ-ն յատուկ մարտավարութիւն է կիրառում խողովակաշարերի պայթեցման հարցում եւ իր համար թիրախ է ընտրել կազատարները, քանի որ Թուրքիայում ելեկտրականութեան արտադրման 55%-ի աղբիւրը կազն է, իսկ Թուրքիան իր կազի 98%-ը ներկրում է այլ երկրներից»: Այս ամէնին պէտք է յաւելել այն, որ Իրանից ու Ազրպէյճանից եկող կազատարները, որոնք մշտապէս ՔԱԿ թիրախն են, նախատեսուած են միայն Թուրքիային կազով ապահովելու համար, եւ դրանց պայթեցումը չի յարուցում միջազգային հանրութեան զայրոյթը:
Լինում են դէպքեր, երբ ՔԱԿ-ն գրեթէ միաժամանակ պայթեցնում է միանգամից երկու կազատար, ինչպէս տեղի ունեցաւ 2012թ. հոկտեմբերին (հոկտեմբերի 3-ին պայթեցուեց Պաքու-Թիֆլիս-էրզրում կազատարը, հոկտեմբերի 19-ին` Իրանից եկող կազատարը): Կազամատակարարման ծաւալի աւելացման հարցի լուծումն էլ աւելի է դժուարանում ձմրանը, քանի որ մատակարար երկրներում նոյնպէս մեծանում է կազի սպառումը: Բացի այդ, պէտք է հաշուի առնել, որ Թուրքիան կազը նոյն գնով չի գնում իր երեք հիմնական մատակարարներից: Օրինակ, 2011թ. Թուրքիան 1000 խորանարդ մեթր կազի դիմաց Ազրպէյճանին վճարել է 282 ամ. տոլար, Ռուսաստանին` 418, Իրանին` 423 (2012թ.` արդէն 524): Այս պայթեցումները բացասական կնիք են թողնում Թուրքիայի` որպէս յուսալի տարանցիկ երկրի, դերի վրայ եւ որոշակիօրէն կասկածի տակ են դնում նրա քրտաբնակ տարածքներով միջազգային նշանակութեան նոր խողովակաշարերի (օրինակ, իրանական կազն ու քրտական (Հիւսիսային Իրաք) քարիւղն ու կազը նրա տարածքով դէպի Եւրոպա հասցնելը) կառուցման նպատակայարմարութիւնը:
Թուրքական պետութեան համար ծախսատար է համարւում նաեւ Ապտիւլլահ Օճալանին բանտում պահելը: 2012թ. մարտի վերջին թուրք յայտնի սիւնակագիր Էրթուղրուլ Օզքէօքը գրեց, որ 2008թ. տուեալներով` Ապտիւլլահ Օճալանին Իմրալը կղզու բանտում պահելը պետութեանը տարեկան արժենում է 45 միլիոն լիրա (25 միլիոն ամ. տոլար)` ընդգծելով, որ կղզում գտնւում է մօտ 1000 զինծառայող (որից 250-ը` սպայ), ինչպէս նաեւ տեղակայուած է 165 հեռուստախցիկ:
Այսպիսով, Թուրքիան ՔԱԿ-ի դէմ պայքարում, տարբեր տուեալներով, վատնել է 300 միլիառից մինչեւ 1 թրիլիոն ամ. տոլար, եւ չնայած այդ վիթխարի գումարներին` Թուրքիայում ՔԱԿ գործունէութեանը դեռ վերջ չի տրուել: Դա նշանակում է, որ աւելի լաւ կը լինէր, եթէ այդ գումարի գոնէ մի մասով ներդրումներ կատարուէին քրտաբնակ շրջաններում: Պէտք չէ մոռանալ, որ «Քրտական հարցի» առաջացման մէջ քիչ դեր չի խաղացել նաեւ տնտեսական գործօնը: Դա նշանակում է, որ թուրքական իշխանութիւնները պէտք է զգալի քայլեր ձեռնարկեն քրտաբնակ շրջաններում գործազրկութեան ու անգրագիտութեան նուազեցման ուղղութեամբ: Քրտաբնակ շրջաններում պէտք է լուրջ ներդրումներ արուեն գիւղատնտեսութեան մէջ, կառուցուեն ենթակառոյցներ ու հաղորդակցութեան ուղիներ, գործարաններ, դպրոցներ եւ այլն, որով եւ կը ստեղծուեն նոր աշխատատեղեր:
Մինչդեռ Թուրքիան ընդունում է այնպիսի օրէնքներ, որոնցով բանտերում են յայտնւում բազմաթիւ անմեղ անձինք, որոնց մեղադրում են ահաբեկչական կազմակերպութեան անդամ հանդիսանալու կամ նրա օգտին քարոզչութիւն անելու մէջ: Այդպիսի մի օրէնք էլ ընդունուեց 2013թ. փետրուարի 7-ին, երբ Թուրքիայի խորհրդարանը հաւանութեան արժանացրեց ահաբեկչական կազմակերպութիւններին ֆինանսաւորող անձանց քրէականօրէն պատժելու մասին օրինագիծը, ըստ որի, ահաբեկչական կազմակերպութիւններին կամ ահաբեկիչներին ֆինանսաւորող անձինք կարող են պատժուել 5-10 տարի ազատազրկմամբ: Եթէ ահաբեկչութեանը ֆինանսաւորում է օտար երկրի քաղաքացին կամ միջազգային կառոյցը, ապա նրանց նկատմամբ հետաքննութիւն անցկացնելն ու դատական գործընթաց սկսելը պէտք է իրականացուի արդարադատութեան նախարարութեան թոյլտուութեամբ:
«Կլոպիւս»

