1909 Թ. Ատանայում Սպաննեցին Արդարութիւնը
ՍԱՅԻՏ ՉԵԹԻՆՕՂԼՈՒ
Արսլանեանի խօսքերում անընդհատ արդարութեան փնտռտուք կար: Ցանկանում էր արդարութեան դատաստանի առաջ կանգնեցնել նրանց, ովքեր պատասխանատուութիւն էին կրում Կիլիկիայի այս ոճրագործութիւնների համար. «Խիղճ ունեցող իւրաքանչիւրը յոյս ունի եւ ցանկանում է, որ Ատանան եւ նրա կազմում եղած բնակավայրերը աւերակների վերածելու, հազարաւոր անմեղ մարդկանց դաժանաբար սպանութիւնների եւ այս մեծ ոճրագործութիւնների պատասխանատուներին յանձնել արդարադատութեան ճիրանները»:
Սակայն կասկածում է, որ ռազմական դատարանները կը վերականգնեն արդարութիւնը: Օգտակար է այսօր անսալ հարիւր տարի առաջուայ խորքից արձագանգող Արսլանեանի ձայնին: Պէտք է շեշտել, որ զինուորը չի կարող վերականգնել արդարութիւնը: Ցաւօք, արդիւնքում Արսլանեանը իրաւացի դուրս եկաւ. «Այնպիսի կարեւոր գործ, ինչպիսին է արդարութեան վերականգնումը, յանձնուել է ռազմական դատարաններին: Ինչպէս ասում է արժանապատուութիւն եւ հեռատեսութիւն ունեցող մէկը, խելացիի գլուխը պէտք է համապատասխանի զինուորի ձեռքին, քանի որ ատրճանակի եւ թրի սովոր զինուորի ձեռքը չի կարող զգալ արդարութեան կշեռքը: Ցաւալի է, որ արդարութեան անցնելիք ճանապարհին ռազմական դատարանների համար, խելացի մէկի համար չգտնուեց մի մտաւորական, ով կարող էր ապացոյց հանդիսանալ: Ռազմական դատարանները ուղղորդուեցին մարդասպանների խորամանկութիւններով, խաղերով եւ մի շարք ազգայնամոլական սկզբունքներով: Ահա այդ իսկ պատճառով վիրաւոր հայ ազգի եւ արդարութեան վերականգնելուն սպասող քաղաքակիրթ աշխարհի աչքերի առաջ, կոտորածների հովտում արդարութիւնը կրկին սպաննուեց»:
Կարծում է` Բաբիկեանում արդարութիւնը սպաննուել է ռազմական դատարանների ձեռքով, սրա վերաբերեալ օրինակներ է բերում. «Ռազմական դատարանը կազմող զինուորների, նրանց պատուի եւ նամուսի վերաբերեալ ոչինչ չեմ կարող ասել, սակայն նրանք տեղի ունեցած դէպքերը անհրաժեշտ պաշտօնական ուսումնասիրութեան եւ հետազօտութեան ենթարկելու տեղեկութեան մակարդակից զուրկ են: Զարմանքս չեմ կարողացել զսպել` տեսնելով, թէ ինչպէ՛ս են արդար ուսումնասիրութիւն եւ հետազօտութիւն կատարելու անհրաժեշտութիւն ունեցող իրաւական եւ դատական հարցերում, զգացմունքային որոշումներ կայացնելով, բազմաթիւ սխալներ թոյլ տալիս: Տեղական կառավարման իրաւասուները ժողովրդի տարբեր շերտերից մարդկանց են բերել, որոնց սուտ կամ կեղծ վկայութիւնների հիման վրայ պատրաստած դատախազութեան հետաքննութիւնների համաձայն, մարդկանց կանգնեցրել են դատարանի առաջ: Նման պայմաններում Ատանայի ռազմական դատարանը որոշումներ է կայացրել, որոնք որեւէ իրաւական եւ պաշտօնական հիմք չունեն: Այս դատարանում վեց հայ մահուան է դատապարտուել: Ասում են, թէ նրանցից մէկը` Օհանի որդին, իր իջեւանատանը մօտ 50 մուսուլման է սպաննել: Սակայն տարօրինակն այն է, որ նախ սպաննուած մուսուլմաններից եւ ոչ մէկն այդ իջեւանատանը չի բնակուել, կասկածելի անձինք են եղել, որոնք ապրել են քաղաքի տարբեր վայրերում: Բացի այդ, եթէ մտածենք, թէ այդ մարդիկ հայկական թաղամասերին մօտ են բնակուելիս եղել, այս մուսուլմաններն ի՞նչ գործ ունէին այդ իջեւանատանը: Ակնյայտ է, որ յարձակուել են հայերի վրայ, նրանք էլ սպաննել են: Այս իրականութիւնները կոծկելով` իրական մեղաւորները հանգիստ շունչ են քաշել, իսկ Ատանայում եւ շրջակայքում տեղի ունեցած դէպքերը վերածուել են ազգային մղձաւանջի: Այս ոճրագործութիւններից մի քանի հայ են կարողացել ազատուել, նրանց էլ դատապարտել են: Նրանց մեղաւորութիւնը կայանում է նրանում, որ ինքնապաշտպանութեան են դիմել յարձակումների ժամանակ: Ռազմական դատարանների պարոնները ամբողջութեամբ անտեղեակների նման բոլոր վկաների վկայութիւններն առանց ուսումնասիրելու, ընդհակառակը` կարծես թէ դատաւորի որոշում եղած լինէր, կրկնել եւ վճիռ են կայացրել: Ռազմական դատարանը առանց հետաքննութիւն կատարելու դատարանի առաջ կանգնած մարդկանց, որոնք տնից անգամ դուրս չեկող պարզ մարդիկ էին, դատապարտել է»:
Արսլանեանը բերում է օրինակներ, համաձայն որի, դատարանը դէպքերի կազմակերպիչներին ձերբակալելու փոխարէն, ձերբակալել է գործիք հանդիսացողներին, ոճրագործութիւնների իրական մեղաւորներին ձեռք չի տուել, անմեղ մարդիկ մտացածին հետաքննութեան ենթարկուելով` մահուան են դատապարտուել. «Տեսել եմ, թէ ինչպէս էք Ատանայի զազիր իշխանութիւնների մեղքերը կոծկելու սպառնալիքների եւ ճնշումների տակ վկայութիւն ստանալու համար հարիւրից աւելի հայերի մեկուսացնելու հրաման արձակել, եւ թէ ինչպէս էք ձերբակալել ազնուազարմ իսլամական համայնքի հետ առնչութիւն չունեցող ստահակ մարդասպաններին, որոնց չեն կարողացել ձերբակալել այն պատճառով, որ նորից նոյն իշխանութեան սանձազերծած ոճրագործութիւններն իրականացրել են իշխանութիւնների կողմից գովասանքի արժանի ձեւով: Սակայն ձեր բազմաթիւ գործողութիւններում յայտնաբերելով վերոյիշեալ քննիչի արիւնոտ ձեռքերը, որոնք դարձել են ինքնիշխան աւազակախմբի անիծուած միջոց, սրտիցս արիւն է կաթում: Առաջին վճիռն իրականացրեցիք մայիսի 28-ի գիշերը` 9 մուսուլմանի եւ 6 հայի մահապատժի ենթարկելով: Չգիտեմ, թէ միւս 9 մուսուլմանն ու 5 հայը մարդասպա՞ն են եղել, թէ՞ ոչ, սակայն խեղճ մսագործ (քասապ) Միսակին դէպքերի առաջին իսկ օրուանից` չորեքշաբթիից մինչեւ ուրբաթ իր երեխաների հետ եկեղեցում եմ տեսել, հետեւաբար վերոյիշեալ ոճրագործութեանը չէր կարող գործել. լրիւ անմեղ է: Երբ իմացայ, որ մահապատժի ենթարկուածների մէջ է, 5-10 րոպէ անգիտակից վիճակում էի: Հոգին աւանդած դիակը վերջին անգամ տեսնելու համար արագ վազեցի այն թաղամաս, որտեղ գտնւում էր. իր թաղամասի կամուրջի վրայ կառուցուած կախաղանից` մարդկանցից շատ բարձր վայրից, Միսակի անշնչացած մարմինը` իր վեհ եւ երգիծանք արտայայտող տեսքով, վիրաւորում էր մարդկանց արդարութեան զգացումը: 1925 թ. մայիսի 28-ին արդարութիւնը Միսակի մարմնի հետ պաշտօնապէս մահապատժի ենթարկուեց եւ թաղուեց»:
Եթէ ոտքի չկանգնեն, վա՛յ էս երկրի զաւակներին: Չեմ ուզում կասկածել, որ վերոյիշեալ անձանց խաբել եւ համոզել էք գտած ստախօս վկաներով: Եթէ արդարութիւնը կորչի եւ մայր մտնի էլ, ժամանակաւորապէս է. տարիներ, նոյնիսկ դարեր յետոյ պայծառ արեւի պէս կը շողայ, գթութեան արժանի այս հողերը կեանք բաշխող շողով բարօրութեան մէջ կը թաղուեն: Ըստ էութեան, տարիները, դարերը պատմութեան տեսանկիւնից աննշան են: Արդարութիւնը, որի երեսից զրկուած ենք, բռնակալութիւնից արեւոտ մի օր խոնաւ, ժանգոտուած մեր խեղճ հայրենիքի վճիտ երկինք է բարձրանալու: Ահա այդ ժամ էլ ներկայ գտնուած 2 հազար մարդու եւ 4 հոգեւորականի վկայութեամբ առ այն, որ Միսակն իր երեխաների կողքից չի հեռացել եւ երդմամբ, պարզ կը դառնայ, որ Միսակն անմեղ է եղել: Զինուորները, ովքեր վերոյիշեալին գիշերով «զնտան»ից (բանտախուցից – Ա.) հանելով, տառացիօրէն կատարել են իրենց ստացած հրամանը, ճշմարտութիւնը ջրի երես դուրս գալուց յետոյ Ատանայի գերեզմանոցի անյայտ մի անկիւնում փռուած ոսկորներից իշխանութեան անունից ներողութիւն են խնդրելու: Ահա այդժամ միայն քաղաքակիրթ աշխարհը կը հաւատայ, որ իմ հայրենիքը «տրէզյֆիւսների» հայրենիքի պէս արդար եւ սահմանադրական է: Արդեօ՞ք այս պայծառ յոյսերն իրականութիւն կը դառնան: Չգիտեմ, սակայն սիրտս այդպէս է ուզում…
Ծննդավայրը լքելիս սրտում սաստիկ խորը ցաւ կար, ճանապարհին հանդիպած հայկական բնակավայրերի սարսափելի տեսարանները այդ ցաւն էլ աւելի էին սաստկացնելու. «Յունիսի 26-ին «Հըտիւիէ շոգենաւով ճանապարհուեցի Ալեքսանտրեթ: «Այս ունայն աշխարհը հոյ ինձ չե՞ն յանձնարարել» ասելով եւ Ատանան ամբողջովին մոռանալ ջանալով` ճանապարհուեցի Այնթապ: Ալեքսանտրեթի եւ Հալէպի միջեւ` Պէյլանում, ասացին, որ վեց ժամուայ հեռաւորութեան վրայ գտնուող Քըրըքհան գիւղի 70 տուն հայերին սպաննել են, իսկ տները` Ատանայի պէս այրել, տեսայ այրուող թաղամասը. ոչ ոք կենդանի չէր մնացել: Ճանապարհին իմացայ, որ Ատանան հողին հաւասարեցրած գաղտնի եւ սեւ ուժերը ապրիլի 7-ին սպաննել են Քըրկքհանի հայերին, այրել նրանց անշարժ գոյքը, իսկ ապրիլ 12-ին Անթաքիա Գազայի (գաւառ. Ա.) 172 տուն հայերին: Ծանր ապրումների արդիւնքում Այնթապ հիւանդ վիճակով կարողացայ հասնել: Հանդիպածս իմ ընկերներին եւ բարեկամներին ասում էի` եթէ Կալիփոլիի Պոլայըր գագաթից ձեզ նայող ազատատենչ Քեմալի պէս մեռնեմ` առանց տեսնելու այս ազգի մէջ փնտրածս բարգաւաճումը, թող գերեզմանիս վրայ գրեն` տխուր է հայրենիքը, տխուր եմ ես: Ատանայի դէպքերի արդիւնքում ամբողջովին քայքայուած առողջութիւնս ասում էր, որ օրերս հաշուըւած են, ուզում էի ամէն ինչից հրաժարուել եւ մնալ ու կեանքս շարունակել Այնթապում: Հակառակ դէպքում` վերջին ցանկութիւնս էր ծննդավայրումս, որտեղ առաջին անգամ տեսել էի արեւածագն ու մայրամուտը, սիրելիներիս գրկում շունչ քաշել եւ պապերիս գերեզմանի մօտ հանգչել: Որովհետեւ այստեղ կը գտնուէին բարեկամներ, ովքեր կը մասնակցէին յուղարկաւորութեանս եւ դիակիս վրայ կը լացէին: Ըստ էութեան, հոգեվարքի մէջ գտնուողը երկու բան է ցանկանում` նախ կեանք, յետոյ էլ մէկն, ով կը սգայ իր մահը: Ահա ես էլ շատ բան չցանկացայ, սակայն աւաղ, երկուսից էլ գրեթէ զրկուած եմ: Ճակատագրի վրայ իշխանութիւն ունեցող ձեր գաղտնի ուժերի միջոցով արգելում էք նոյնիսկ իմ այս վերջին երջանկութիւնը, որովհետեւ երբ այդ մտորումների մէջ էի, երկու անգամ Այնթապի գայմագամութիւն (գաւառապետութիւն – Ա.) հեռագիր ուղարկեցիք, որպէսզի գամ եւ վկայութիւն տամ: Կա՛մ պէտք էր Ատանայ գայի, կա՛մ էլ այս երկրից գնայի: Ընտրեցի երկրորդը: Շատ չեմ վախենում, Ատանայի ձեր սենեակում գտնուելով, այն ինչ գրում եմ, բանաւոր եւ մանրամասն ասելուց, սակայն չեմ կարող գալ, որովհետեւ այդ քաղաքում, որը դարձաւ հայ նահատակների գերեզմանոցը, թէկուզ եւ մէկ օր չեմ կարող մնալ. ինձ համար չափազանց մեծ բեռ է: Ամէն մի ծխացող անկիւնում մի յուշ ունեմ: Հայրենիքի հեռանկարային երիտասարդներից նախկին աշակերտներիս մեծ մասը սպաննուել է Ատանայում եւ շրջակայքում: Աստծոյ ողորմածութեանն արժանացած այս անմեղ զոհերի տխուր հայեացքները նոյնիսկ հեռուից են ճնշում հոգիս: Խնամեալների խորհրդարանից եւ նրանց ուղեկցողներից իմ բազմաթիւ ընկերներին ու բարեկամներին իրենց այգիներում, Ատանայի շուկայում եւ փողոցներում կոտորեցին: Նրանց յիշելիս անքուն գիշերներս դժոխքի են վերածւում: Դեռ պատրաստ են ամէն տեսակի ոճրագործութեան, դեռեւս վախենում եմ պաշտօնական եւ ոչ պաշտօնական ոճրագործութիւններից, վախենալու իրաւունք ունեմ: Վկայութիւններս ու զգացմունքներս ներկայացնում եմ գրաւոր կերպով: Սրանք հայրենասէր շատ լուրջ օսմանցու վիրաւոր սրտից բխող վերջին ճիչերն են: Ցայժմ ապրել եմ խելքովս, գրչովս եւ ընտանիքիս հարստութեամբ, կեանքիս ընթացքում բազմաթիւ քմահաճոյքներ ու հարուածներ եմ տեսել: Շատ մօտիկից եմ տեսել երջանկութիւնը, աղքատութիւնն ու կարիքը: Այսուհետ շատ չեմ մտածելու, Աստուած բարեգութ եւ մեծահոգի է: Ո՛չ վախ է մնացել, ո՛չ ցանկութիւն, ճակատագրից չեմ կարող գթութիւն սպասել, ինձ բաժին հասնելիք աղէտի պատճառով էլ յուսախաբութեան մէջ չեմ ընկնի: Հայրենիքից եւ անցեալ կեանքից բաժանւում եմ, ինձ համար հանգստութիւն պարգեւող այս պահին օգտակար լինելու յոյս ու որոշ զեկոյց կը ներկայացնեմ: Ուրախ կը լինեմ, եթէ լաւ արդիւնքի պատճառ հանդիսանայ: Ձեզ ուղերձ ունեմ. Ատանայի դէպքերը տեղական իշխանութիւնների թողտուութեամբ եւ օգնութեամբ բռնակալների անիծեալ գործն է: Պաշտօնապէս, ուղղակի եւ թեքնիք միջոցներով սպաննեցին, հրի մատնեցին. սա ճշմարտութիւն է: Եթէ անգամ մեծ տէրութիւնները` ներառեալ Գերմանիան, քաղաքավարութիւնից դրդուած` հաստատեն, թէ մեղաւորը հայերն են, ոչ ոք չի հաւատայ: Մեղաւորը ո՛չ հայերն են, ո՛չ էլ մուսուլմանները, մեղաւորը իշխանութիւնն է»:
Հանգիստ կարելի է ասել, որ Ատանայի հայերը ի սրտէ նուիրուած էին սահմանադրական կառավարմանը: Կիլիկիայի դէպքերի մասին զեկոյցներում շարունակաբար շեշտւում են սահմանադրական կառավարման սկզբունքները, սակայն տեղի ունեցած դէպքերի եւ արդարութեան սպասումները չիրականանալու պատճառով նկատւում է սահմանդրական կառավարման նկատմամբ թերահաւատութիւն եւ դրա պատճառով առաջացած շփոթուածութիւն:
Կրակին Կազ Են Աւելացնում
Վախենում են Հաճընի եւ Թարսուսի (Տարսոն, Ա.) համար, մահացածների թիւը 30 000 է:
Հայ կանանց հետ ձիով են հաշուեյարդար տեսնում:
Ատանայում դեռեւս օրէնքները չեն գործում: Երէկ քաղաքում բազմաթիւ մարդիկ սպաննուեցին: Թալանող, աւերող եւ հրի մատնող 4000 զինուոր Ատանայում ահաբեկութիւն են գործում: Օտարազգիների ունեցուածքի նկատմամբ յարգանքը բացակայում է: Ֆրանսական դպրոցները աւերուեցին, վախ կայ, որ հայկական դպրոցները, որոնք գործում են ե՛ւ առեւտրական, ե՛ւ միսիոներական նպատակներով, հիմնայատակ կ՛աւերուեն:
Նոր նահանգապետը դեռեւս չի կարողացել կարգ ու կանոնը վերականգնել: Առկայ են բոլոր պատճառները, որպէսզի հաւատանք, որ իշխանութիւնները թոյլ են տուել, որ բոլոր քրիստոնեաներին ոչնչացնեն:
Այստեղի զինուորները կրակի վրայ «ջուր» լցնելու անուան տակ կազ (քարիւղ – Ա.) են աւելացնում, եւ կրակը միանգամից տարածւում է:
Հաճնի եւ Թարսուսի (Տարսոն, Ա.) ամերիկացի միսիոներների նկատմամբ վախ կայ:
Թուրքական ծառայութիւնների միջոցով ուղարկուող բոլոր նամակներն ու հեռագրերը գրաքննութեան են ենթարկւում:
Կոտորածների արդիւնքում Ատանայի վիլայեթում 30,000 սպաննուած կայ, 35,000 անտուն եւ 5 դրամազուրկ փախստական: Միայն Ատանայի կենտրոնում մահացածների թիւը ենթադրաբար 6500 է հասել:
«Նիւ Եորք Թայմզ», 5 մայիսի 1909 թ.
Երիտթուրքերի Անկեղծութիւնը
Անցել է եւս մէկ տարի, ինչ երիտթուրքերը ջանում են Ապտուլ Համիտին սահմանադրութիւն ընդունել տալ, եւ չորս ամիս, ինչ սուլթանը անտեղի ջանում է յետադիմական յեղափոխութիւն կատարել: Այս ջանքերի հետ միաժամանակ Անատոլիայում քրիստոնեաների նկատմամբ կոտորածներ են սկսուել: Տարբեր դաւանանքների պատկանող քիրստոնեաներից եւ մուսուլմաններից բաղկացած Երրորդ բանակը նախկին վարչակարգի «փրկօղակ» լինելու համար Սալոնիկից գալուն պէս յայտարարեց, որ առաջնորդների, օտար եւ տեղական քրիստոնեաների գոյքի ու կեանքի անվտանգութիւնն ապահովելու համար առանձնայատուկ ջանքեր է գործադրելու եւ Անատոլիայում կոտորածներ հրահրող մեղաւորներին ձերբակալելու է: Իշխանութիւնը կրկին իրենց ձեռքը վերցրած երիտթուրքերը մտադիր են ձերբակալել պահպանողական սադրիչներին: Ապտիւլ Համիտը առաւել դաժանութիւն չի կարող սանձազերծել, նրա անմիջական ղեկավարութեամբ մօտ 2000 մարդ է գործում, եւ դեռեւս աւարտ չունի: Անատոլիայի իրավիճակով հետաքրքրութիւններն այսքանով չեն սահմանափակւում: Դեռեւս տարբեր նպատակներ կան:
Ատանայի կոտորածների ղեկավարներին ձերբակալելու համար ստեղծուած դատարանը, ճգնաժամի հիմնական մեղաւորներին ներելով, ընդդիմանալու կոչ արած հայերին մեղադրելու համար ժամանակ չի կորցրել: Այս դատարանի հայ նախագահը, որը ծայրայեղ բացառութիւն է, այժմ հեռացուել է, եւ նրա փոխարէն Զմիւռնիայի հրամանատար Իսմայիլ փաշան է նշանակուել: Սուլթանն իր մի շնորհագրում հրամայել է նախկին վարչակարգի ներկայացուցիչներից մօտ 100 թուրքի, այդ թւում` Ատանայի հրամանատար Մուսթաֆա փաշային, Ճէպել-ի պերեքեթի վալի Ասաֆ պէյին, Ատանայի վալի Ճեւաթ պէյին, ձերբակալել եւ պատասխանատուութիւնը բարդել նրանց վրայ: Բացի այդ, Թուրքիայի իսլամական ղեկավարութիւնը իմամներին հրամայել է կրօնների վերաբերեալ ժամանակակից մեկնաբանութիւններում մուսուլմանների գլուխը մտցնել, որ յարգանք ցուցաբերեն այլակրօն դաւանողների խղճի ազատութեան նկատմամբ: Իսլամական կրօնի առաջնորդը այս հրամանը փորձելու է կեանքի կոչել երիտթուրքերի իշխանութեան միջոցով:
Յաւելումն այս բոլոր քաջալերիչ գործողութիւնների` օսմանեան խորհրդարանը Ատանայի զոհերին մօտ 100,000 տոլար փոխհատուցում տալու վերաբերեալ որոշում է կայացրել: Փոխհատուցման բաժանելու կարգը կանոնակարգուելու է ժամանակ առ ժամանակ լոյս տեսնող զեկոյցներով: Յստակ է, որ երիտթուրքերը լաւ սկիզբ են դրել: «հեթանոսների» նկատմամբ աւանդական ինչպիսի հակակրանք ուզում է տածեն, բայց գիտեն, թէ որքան կարեւոր է շահել քրիստոնեայ աշխարհի վստահութիւնը, այս վստահութիւնը կարող են միայն ձեռք բերել Անատոլիայի մեղաւորներին արդարադատութեան առաջ կանգնեցնելով: Այստեղ միջին չկայ:
«Նիւ Եորք Թայմզ», 29 յուլիս, 1909
http://www.aykiridogrular.com/haber-1626-1909-Adanada-Adaletin-Katledilmesi.html
Թարգմանեց ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆԸ
«Ակունք»

