Իրաւաբանների Համահայկական Երկրորդ Համաժողովի Կազմակերպման Վերաբերեալ. Կազմակերպւում Է Հայոց Ցեղասպանութեան 100-րդ Տարելիցին Ընդառաջ Հայաստանի Պետական Միջոցառումների Շարքում
Համաժողովը նախատեսւում է անցկացնել 2013 թ. յուլիսի 5-6-ը Երեւանում Իրաւաբանների համահայկական առաջին համաժողովի արդիւնքում ստեղծուած «Իրաւաբանների համահայկական խորհրդացութիւն» համահայկական մասնագիտական կազմակերպութեան հետ համատեղ:
Նախատեսւում է շուրջ 200 իրաւաբանների մասնակցութիւն` սփիւռքից, Հայաստանից եւ ԼՂՀ-ից:
1.- Համաժողովի նիւթերը.
1.- Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը եւ հայ իրաւական միտքը,
2.- Հայոց ցեղասպանութիւն. հատուցման եւ հետեւանքների վերացման իրաւական հիմնահարցեր,
3.- Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ սփիւռքում ձեւաւորուած տարածաշրջանային յանձնախմբերի գործունէութեան իրաւական հարցեր:
2.- Համաժողովին մասնակցութեան ձեւաչափը.
Համաժողովին կարող են մասնակցել իրաւագիտութեան բնագաւառի այն մասնագէտները, որոնց թեկնածութիւնները ներկայացուել եւ երաշխաւորուել են Հայաստանի դիւանագիտական ներկայացուցչութիւնների կողմից, ինչպէս նաեւ նրանք, որոնք.
1.- մասնակցել են Իրաւաբանների համահայկական առաջին համաժողովին,
2.- անդամակցում են «Իրաւաբանների համահայկական խորհրդակցութիւն» կազմակերպութեանը,
3.- զբաղւում են Հայոց ցեղասպանութեան խնդիրներով,
4.- ցանկանում են մասնակցել համաժողովին անհատական կարգով:
Համաժողովին մասնակցութեան ցանկութիւն յայտնած իրաւաբանները պէտք է լրացնեն հրաւէրի հետ իրենց ուղարկուող մասնակցութեան յայտը:
Հայաստանի սփիւռքի նախարարութիւնը հոգում է մասնակիցների սննդի եւ համաժողովի կազմակերպչական հարցերը:
Մասնակիցները իրենք են հոգում ճանապարհի եւ կեցութեան ծախսերը:
3.- Համաժողովի անցկացման ձեւաչափը.
Համաժողովի ընթացքում վերոյիշեալ նիւթերով կազմակերպուելու են 3 հերթական թեմաթիք նիստեր:
Մասնակիցների մի մասը նախապէս ներկայացուած յայտերի հիման վրայ հանդէս կը գայ զեկուցումներով:
4.- Մասնակիցների ժամանումը եւ մեկնումը.
Մասնակիցները նախապէս տեղեկացնում են իրենց ժամանման օրուայ, ժամի եւ չուերթի մասին, որպէսզի կազմակերպուի նրանց դիմաւորումն օդակայանում:
Մեկնելու ժամանակ կը կազմակերպուի մասնակիցների տեղափոխումն օդակայան:
5.- Միջոցառումներ համաժողովի ընթացքում.
Համաժողովի մասնակիցների համար կը կազմակերպուեն.
ընդունելութիւններ Հայաստանի պետական պաշտօնեաների կողմից,
այցելութիւն Հայոց ցեղասպանութեան յուշահամալիր,
հանդիպումներ համալսարանների ուսանողութեան հետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ

