Շիրակի Ֆութպոլիստները Պարգեւատրուեցան Ոսկի Մետալներով Եւ Ախոյեանութեան Տիտղոսով
Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 41-րդ հանգրուանի մրցումներուն, թէեւ Շիրակ Գիւմրի 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Գանձասար Կապանի հետ, սակայն անիկա արդէն իսկ ապահոված էր ախոյեանութեան տիտղոսը` յաղթելէ ետք Փիւնիկ Երեւանի:
Գանձասարի դէմ տեղի ունեցած մրցումէն ետք կատարուեցաւ Շիրակի ֆութպոլիստներուն պարգեւատրման արարողութիւնը, որուն ներկայ էին Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի նախագահ Ռուբէն Հայրապետեան, ֆետերասիոնին այլ անդամները եւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակեան:
Հայրապետեան Շիրակի ֆութպոլիստներուն, մարզիչներուն եւ պատասխանատուներուն յանձնեց ոսկի մետալները, իսկ Ցոլակեան խումբին խմբապետին` Տիգրան Դաւթեանին` ախոյեանութեան տիտղոսը:
Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքէջը, որ փոխանցեց այս լուրը, աւելցուց, որ 14 տարուան ընդմիջումէ ետք Շիրակ, իր պատմութեան մէջ 4-րդ անգամ ըլլալով տիրացաւ Հայաստանի ախոյեանութեան տիտղոսին:
Ստորեւ` վերջնական դասաւորումը.
ՄՐՑ. | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |||||||||
1.- Շիրակ | 41 | 25 | 10 | 6 | 68 | 38 | 85 | ||||||||
2.- Միքա | 41 | 24 | 7 | 10 | 57 | 39 | 79 | ||||||||
3.- Գանձասար | 41 | 17 | 13 | 11 | 47 | 37 | 64 | ||||||||
4.- Իմփուլս | 41 | 18 | 6 | 17 | 66 | 63 | 60 | ||||||||
5.- Փիւնիկ | 41 | 18 | 6 | 17 | 65 | 51 | 60 | ||||||||
6.- Ուլիս | 41 | 10 | 12 | 19 | 39 | 50 | 42 | ||||||||
7.- Արարատ | 41 | 9 | 6 | 26 | 28 | 67 | 33 | ||||||||
8.- Բանանց | 41 | 5 | 16 | 20 | 37 | 62 | 31 |