ՀՈԳԵՒՈՐ ՀՕՐՍ` ԷԴՈՒԱՐԴ ՄԻՐԶՈՅԵԱՆԻ 90-ԱՄԵԱՅ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Օրերս լրացաւ հայ մեծ երաժշտահան Էտուարտ Միրզոյեանի ծննդեան 90-ամեակը: Հայաստանում նշեցին այն, իսկ ահա հայրենի մամուլում այդ առիթով տպագրուել է Իսրայէլում ապրող նրա աշակերտներից մէկի` երաժշտահան Նուպար Ասլանեանի խօսքը` նուիրուած ուսուցչի յոբելեանին, որ աւելի շատ անդրադարձ է Խորհրդային Հայաստանի բարքերին ու այդ բարքերի արատները իրենց վրայից թօթափած  հազուագիւտ մարդկանց: Նուպար Ասլանեանը ծնուել է Յունաստանում,  սովորել է Երեւանում, ապրում է Իսրայէլում: Գրել է մի շարք ստեղծագործութիւններ` կամերային, սիմֆոնիք, փողային եւ այլ նուագախմբերի համար:  Ստորեւ տպագրում ենք այդ յօդուածը:

Կոնսերվատորիայում ուսման տարիներս էին,  1970 թիւ, ապրիլի 15: «Լենինիզմից հասկացողները», կարծում եմ, անմիջապէս կռահեցին, որ ուղիղ մէկ շաբաթ յետոյ ամբողջ Խորհրդային Միութիւնը պիտի տօնէր Մեծ (ում համար` մեծ, ում համար` զերօ) առաջնորդի 100-ամեակը: Ներկայ սերնդի համար ասեմ, որ ամբողջ երկրով մէկ, մեծ, շա՜տ մեծ միջոցառումներ էին գնում, եւ յանկարծ, էլ ինչ յանկարծ` Երեւանի Կոմիտասի անուան Կոնսերվատորիայում, մարքսիզմի սեմինար դասընթացի ժամանակ մի ուսանող աթոռով հարուածում է դասախօսի գլխին` կրկնում եմ` հարիւրամեակից մէկ շաբաթ առաջ: Այս յօդուածը կարդացողը, եւ մանաւանդ տեսնելով յօդուածագրի անուն-ազգանունը, իսկոյն պիտի հասկանայ, որ հարուածողը… ես էի: Ախր, կեանքս շատ էր կերել, օրը մէկ ասում էր` դատարկագլուխ, էլ չեմ ասում` զրկել էր թոշակից: Միայն ի՞նձ. կուրսի կէսից աւելին թոշակ չէր ստանում մի պարզ պատճառով` մարքսիզմի մէջ մեր գիտելիքների «օգտակար գործողութեան գործակիցը» չէր համապատասխանում դասախօս ………..-ի պահանջների հետ: Իսկ ինձ թոշակը շատ էր անհրաժեշտ` ամուսնացած էի, ունէի որդի (ես կուրսի ամենատարիքովն էի` ուշ եմ սկսել զբաղուել երաժշտութեամբ): Միանգամից ասեմ` արարքս չեմ արդարացնում, բայց ով ներկայ էր դէպքին, կը հաստատի դրդապատճառը: Մարքսիզմի առանձնասենեակի վարիչ Համբարձումեանի զանգից յետոյ Կոնսերվատորիայում յայտնուած միլիցիայի ուղեկցութեամբ յայտնուեցի Սպանդարեանի շրջանի միլիցիայի բաժանմունքում: Ու յետոյ… տարան: Տարան այնտեղ, ուր բնակւում են յանցագործները: Յետոյ իմանում եմ, որ ամբողջ ուսանողութիւնը ցուցապաստառներով դուրս է գալիս ցոյցի, որոնց վրայ, ինչպէս յիշում էր իմ Գրիգոր Հախինեանը, գրուած է եղել` «Ազատութիւն Նուպարին», …….. (դասախօս) դուրս Կոնսերվատորիայից»: Սա (ցոյցը) կատարուել է Հայաստանում, Խորհրդային Միութեան օրօք, այն էլ` «մեծ» առաջնորդի 100-ամեակի պաշտօնական տօնակատարութիւնից առաջ (էս հայերը «էն» ժամանակուանից էին ըմբոստ…):

Յետին թուով խոնարհաբար շնորհակալ եմ Կոնսերվատորիայի ամբողջ ուսանողութիւնից եւ դասախօսական կազմից, իրենց ժողովներով եւ ստորագրութիւն-նամակներով ինձ նեցուկ լինելու համար: Բացի պարտկոմից: Նրա զբաղեցրած «պոստը» իրեն թոյլ չէր տուել իշխանութիւններին հասցէագրուած կոլեկտիվ նամակի տակ դնելու իւր ստորագրութիւնը: Չնայած ստորագրողների թւում քիչ չէին կուս.տոմսի «սեփականատէրերը»:

Աստծոյ ողորմածութեամբ «այդպիսի» տոմս կրող, բայց ներքուստ եւ արտաքնապէս մի վիթխարի ՄԵԾ անձնաւորութիւն, Կոնսերվատորիայի այն ժամանակուայ ռեկտոր Ղազարոս Սարեանի հետ գնում է Կենտկոմ, քննչական բաժնի պետի մօտ եւ սովետական ժամանակների համար անում անհնարինը` փոխում են իմ վրայ դրուած յօդուածը` հինգ տարուց իջեցնելով մէկ տարի (յետոյ` աւելի նուազ): Իսկ հետագայում «հարցերը լուծում» Գերագոյն Դատարանում (նրանց հետ էր նաեւ իմ պրոֆեսոր Գրիգոր Եղիազարեանը): Դատի օրը, դահլիճում նստած էր այդ ՄԵԾ մարդը, որը նախօրեակին ասաց ինձ. «Մայրիկին ասա` չանհանգստանայ, հակառակ դէպքում ինքս անձամբ քո հարցը կը դնեմ Ներման Խորհուրդ»: Կարիքը չեղաւ: Եւ քանի որ արդէն կարճ ժամանակ «գրանցուել» էի բերդում, յայտնուեցի ազատութեան մէջ: Եւ այդ օրուանից այդ ՄԵԾ վիթխարի մարդը մտաւ իմ հոգու մէջ` որպէս իմ Հոգեւոր Հայր… Համոզուած եմ` հասկանում էք (մանաւանդ արդէն կայ տեքստիս վերնագիրը), որ խօսքը վերաբերում է Հայաստանի (եւ ոչ միայն) համար լեգենդար, կենդանի պատմական անձնաւորութիւն Էտուարտ Միքայէլի Միրզոյեանին: Եւ այդ մեծ յարգանքն ու նուիրուածութիւնը դէպ Էտուարդ Միքայէլին ինձ այնքան էր կաշկանդել, որ չնայած իմ` Կոնսերվատորիա աւարտելուս ինը տարիներին, չէի համարձակւում դիմում ներկայացնել Կոմպոզիտորների Միութիւն ընդունուելու համար, մինչեւ որ իմ Գրիգոր Հախինեանը հայրաբար (ախր շատ մօտ էի հետը) չկշտամբեց եւ հրամայեց` գնա՛ դիմումդ գրի: Փառք Աստծոյ` ընդունուեցի պատուով: Իսկ Էտուարտ Միրզոյեանը բոլորին (միութեան վարչութեանն ու ընդունող յանձնաժողովին) ասաց. «Այ այսպէս պէտք է ընդունուել միութիւն (ոմանք ընդունելութեան դիմումներ էին գրում Կոնսերվատորիան անմիջապէս աւարտելուց յետոյ)»…

… Ամառները իմ ղեկավարած փողային նուագախմբով աշխատում էի գեղատեսիլ Հանքաւանի պիոներական ճամբարներում: Ու մի օր էլ` զանգ Երեւանից: Միութեան քարտուղարուհին ասաց. «Էտուարտ Միխայլովիչը սպասում է քեզ»: Հասայ Երեւան, մտայ մօտը, ասաց. «Նուպար, ինչո՞ւ հարցաթերթիկիդ մէջ չես նշել քո դատուածութեան (հարկադիր) մասին»:

Այո, տիկնոջս հետ պիտի մեկնէինք Հունգարիա, հարցաթերթիկը լրացնելուց առաջ (յատկապէս դատուածութեանը վերաբերող կէտը) եղայ դատախազութիւնում` խորհրդակցելու: Ասացին, անցել է արդէն 17 տարի, եւ մեխանիկօրէն քո վրայից յօդուածը հանուած է: Այս բոլորը հաղորդեցի Էդուարդ Միրզոյեանին: Հաւատաց, վերցրեց կարմիր (կառավարական) հեռախօսն ու զանգահարեց ՕՎԻՐ-ի պէտ Շեկոյեանին, եւ իրեն յատուկ հումորով սկսեց պատմել նրան, թէ ինչպէս է Նուպարը աթոռով հարուածել մարքսիզմի դասախօսի գլխին: Պատմում էր իմ ներկայութեամբ եւ լիաթոք ծիծաղում… (դեռ Սովետական իշխանութիւնը «կենդանի էր»…): Իսկ յետոյ, իր պատգամաւորական նոթատետրի էջի վրայ «ինչ-որ բան» գրեց եւ ասաց. «Ռոզայի (քարտուղարուհու.- Ն. Ա.) հետ գնացէք (ես մեքենայով էի.- Ն. Ա.), Ռոզան գրութիւնը կը փոխանցի Շեկոյեանին»:

Ես վերցրեցի այդ գրութիւնն ու յուզմունքից կմկմալով ասացի. «Էտուարդ Միխայլովիչ, ես այս գրութեան պատիւը գետնովը չեմ տայ»: Ասաց. «Գնա Նուպար, ես գիտեմ` ում եմ տալիս»… (Յիշո՞ւմ էք, Մանկավարժական պոեմ-ֆիլմում ինչպէս Մակարենկոն մեծ գումար վստահեց գող աւազակին…):

Երկու տարի անց Հարաւսլաւիայից, ստեղծագործութեանս կատարման կապակցութեամբ, հրաւերք էր եկել: Տարուայ վերջն էր: Միրզոյանը արտասահմանում էր: Տեղակալ Լեւոն Չաուշեանն ասաց. «Հաշուապահական հաշիւներն արդէն փակուած են, սպասենք` մինչեւ Միրզոյեանը գայ, տեսնենք` ինչ կ՛անի»: Եկաւ: Գնացի մօտը: Միանգամից ասաց. «Նուպար, դու մի անհանգստացիր, դու կը մեկնես»: Ասացի. «Չեմ անհանգստանում»: «Չէ, աչքերիցդ եմ տեսնում»,- ասաց ու վերցրեց հեռախօսը, այս անգամ` Մոսկուա: Ես ներկայ եղայ իմ ստեղծագործութեան կատարմանը: Որովհետեւ հզօր էր…

Թող տպաւորութիւն չստեղծուի, թէ Էտուարդ Միրզոյեանը միայն ինձնով էր զբաղուած: Եթէ իմ նման իրենց յիշողութիւնները պատմեն նրանք, որոնց նեղ ու դժուար օրերին հասել է իմ Հոգեւոր Հայրը, ապա թերթը պիտի ստիպուած մի քանի շաբաթ տպագրի միայն շնորհակալ անձանց յիշողութիւնները, քանզի Էտուարդ Միրզոյեանը միայն Մեծ (չեմ քաշւում ասելու) կոմպոզիտոր չէ, որովհետեւ նրա իւրաքանչիւր ստեղծագործութիւն գլուխ-գործոց է (չթուեմ, յայտնի են…), քանզի, կոմպոզիցիայից բացի, նա իր ամբողջ կեանքում մարդկանց օգնութեան հասնելու բարեգործութիւնից զատ, զբաղուած է եղել քաղաքական, հասարակական գործունէութեամբ` ի փառս Հայրենեաց, եւ թերեւս դա է պատճառը, որ արուեստի նոր գլուխ-գործոցներ ստեղծելու համար ժամանակը բաւարար չէր…: Եւ շատ ու շատ քաղաքական, եւ ինչո՞ւ չէ, մշակոյթի գործիչներ (կործանիչներ` եւ, երէկ, եւ այսօր) կը փափաքէին ունենալ դիւանագէտի, իրողութիւնները գնահատելու, մարդկանց մտքերը կարդալու, հայերէն ասած` «թացը չորից ջոկելու» բնատուր այն շնորհքն ու տաղանդը, որով Տէրն օժտել է իմ Էտուարդ Միրզոյեանին: Այլ հարց է, թէ ով ինչպէս է պատասխանել եւ վերաբերուել այս ՄԵԾ անձնաւորութեանը, մանաւանդ այն օրերին, երբ արդէն «ջուրը պղտորուեց» եւ իւրաքանչիւրը ցանկացաւ բռնել «իր բաժին» ձուկը` թէկուզ եւ իր… ուսանողների շրջանում, որոնց ծնել եւ սնել է ՄԵԾ կոմպոզիտոր մանկավարժը: Ասացի`  դիւանագէտ, «թացը չորից ջոկող», քանզի ներկայ եմ եղել 1991 թուին Մոսկուայում, ԽՍՀՄ Կոմպոզիտորների միութեան, ինչպէս յետոյ պարզուեց` վերջին համագումարում Էդուարդ Միրզոյեանի նախագահութեան օրը (իսկ նրան միշտ է վստահուել համագումարի նախագահութիւնը նախագահ Տ. Խրեննիկովից անմիջապէս յետոյ, չնայած կային եւս տասնհինգ քարտուղար համանախագահներ), երբ բեմ բարձրացաւ Աբխազիայի պատուիրակութիւնը եւ պահանջեց համագումարից, որպէսզի վերջինս որոշում ընդունի եւ յայտարարութիւն անի Վրաստանի ագրեսիայի մասին` ընդդէմ Աբխազիայի: Կասկածից վեր էր, որ սա որոշակի, աւելի ճիշդ` յայտնի ուժերի կողմից յատուկ, լաւ մշակուած պրովոկացիա էր` ընդդէմ… Հայաստանի, քանզի, եթէ ընդունուէր այդ յայտարարութիւնը, իսկ երեկոյեան անպայման «Վրեմեան» կը հաղորդէր այդ մասին, եւ կը նշանակէր, որ ընդունուել է հայ (այն էլ` ծնուած վրացական Գորիում) նախագահի ժամանակ: Միայն տեսնէիք, թէ այս կամ այն կողմերից ինչ «պատուիրուած» ճնշումներ եղան նախագահող Միրզոյեանի վրայ: Իսկ մեր «հա՞լը», որ յանկարծ նախագահը չթուլանայ: Դիմացաւ: Զօրացաւ: Յաղթեց: Իսկ «ինչ նստեցին» այդ պատասխանատուութեան տառապանքները նրա վրայ: Մի ամբողջ կեանք: Որոշումը չընդունուեց, տեղափոխուեց յաջորդ օրուայ վրայ, այն էլ, որպէսզի համագումարի պատուիրակները ստանան Աբխազիայի պատուիրակութեան նախագիծն ու ծանօթանան: Ընդմիջմանը զբօսասրահում ընկայ վիզը եւ հիացմունքով բղաւեցի. «Էդուարդ Միխայլովիչ, էս ի՞նչ արեցիք, ո՞նց դիմացաք»: Նա ասաց. «Երեխայ ե՞նք, ինչ է, Վրաստանում կէս միլիոն հայեր են ապրում»: Եւ փրկեց հայ-վրացական պատերազմը… Ո՞վ իմացաւ, ո՞վ գնահատեց: Չէ, ինչո՞ւ` «գնահատեցին», նպաստեցին նրա տապալմանը: Հայաստանի կոմպոզիտորների միութեան` ուժերի ծաղկուն շրջանում գտնուող նախագահը փոխուեց: Դաւը «տնից» էր: Նա հեռացաւ Միութիւնից եւ ասաց. «Այլեւս իմ ոտքը այստեղ չի լինի»:

«Ես ձեզ եմ դիմում, աշխարհի մարդիկ, Ուոլ Սթրիթում ինձ չեն հասկանայ` ես ձեզ եմ դիմում, ՀԱՅԵՐ, (իշխանութիւն), ե՞րբ պիտի ՄԱՐԴՈՒՆ գնահատէք կենդանի ժամանակ: Ես ի նկատի չունեմ այս օրերի համերգները, այն էլ, որ որոշ, երէկուայ «բեղ ու մօրուք արուեստագէտներ» մեծ գումարներ են պահանջում մասնակցելու ՄԵԾ ՄԱՐԴՈՒ 90-ամեայ տարելիցի յոբելեանական համերգներին: Եւ ուզում եմ հաւատացնել, որ այս բոլորը նրան բնաւ պէտք չէ: Ձեզ է պէտք: Մեզ է պէտք: Սերունդներին…

Շնորհաւոր ձեր 90-ամեայ տարելիցը եւ օրհնուի ձեր ծնունդը, Մեծ ՄԱՐԴ:

Միշտ ձեզ երախտապարտ`
ՆՈՒՊԱՐ ԱՍԼԱՆԵԱՆ

Հայֆա, Իսրայէլ: 05.05.11. 

Յ. Գ. Ամիսը երկու անգամ խօսում եմ հետը հեռախօսով, որ ձայնը լսեմ, որ իմանամ «հալն ու քեֆը»…

Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

Share this Article
CATEGORIES