«ՅՈՒՍՈՎ ԵՆՔ` ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԻ» ԱՍԱՑԻՆ ՀԱՅՐԵՆԻ ԵՐԳԻՉՆԵՐԸ

Երեւանցի երգիչ Արմէն Դարբինեանին ծանօթ եմ դեռեւս 1990-ականների կէսերից. Հայաստանի համար` «աներգ օրերին», երբ ամէն ինչ խառնուել էր իրար,  նա մի խումբ երաժիշտների հետ  հայկական  երգի  աւանդոյթներին հաւատարիմ`  Երեւանի մի գողտրիկ անկիւնում երգում էր հայկական ժողովրդական,  սիրային ու քնարական երգեր: Նա միշտ հոգեհարազատ է մնացել հայկական զուլալ երգին, երբեք չի աղաւաղել, նոր ելեւէջներ ու շեշտադրումներ չի աւելացրել մեր սիրելի  երգին: Արմէնը երբեք չէր ուզում նոյն հարթակի վրայ յայտնուել այն մարդկանց  հետ, ովքեր ասենք  «Տլէ եաման» երգի ներքոյ կիսաբաց  հագուստով տեսահոլովակում  էին նկարահանւում  եւ երգում կամ Կոմիտասի ստեղծագործութիւնները գործիքաւորում էին նորովի:  Նա նոյնիսկ տեսահոլովակ չունի. կարծում է, որ ճիշդ երգեցողութիւնն ու  երգի գրագէտ մեկնաբանութիւնն  արդէն բաւական է` երգի էութիւնը փոխանցելու համար: «Ես չեմ սիրում խաղալ, ես սիրում եմ երգել, կարծում եմ, որ երգն ամենաուղիղ ճանապարհն է` մարդկանց հոգիներին հասնելու համար: Երբ որ տեսահոլովակով ես երգդ փոխանցում, այնպիսի տպաւորութիւն է ստեղծւում, որ փորձում ես պատկերով  շեղել դիմացինիդ: Եւ պատահական չէ, որ շատ վատ երգեր մատուցւում են հէնց տեսահոլովակով, որպէսզի մարդիկ դիտեն տեսահոլովակն ու չզգան, որ երգը վատն է»,-«Ազդակ»-ի հետ զրոյցի ընթացքում ասաց Արմէն Դարբինեանը… Երգիչը ճիշդ է` տեսահոլովակ չունի, բայց փոխարէնը երեք հրաշալի ձայնասկաւառակ ունի, որոնցից առաջինը թողարկուել է 1993 թուականին,   երկրորդը` 2000-ին, իսկ երրորդը`  2007-ին:

Մի պահ եկաւ, որ Արմէնի պէս հրաշալի ձայնով երգիչները կարծես քաշուեցին ասպարէզից, եւ նրանց փոխարինելու  եկան նոր երգիչներ, որոնց մեծ մասը թէեւ անուն ունի, տասնեակ տեսահոլովակներ ու ձայնասկաւառակներ,  սակայն երգ մատուցելու եւ զգալու ճաշակ չունի:  Երաժշտական ասպարէզից իր հեռանալու մասին Արմէն Դարբինեանն ասաց. «Որոշ ժամանակ կտրուած էի: Պղտոր ջրերի ժամանակաշրջանն էր, բոլորը համատարած երգում էին: Ինձ հրաւիրեցին մասնակցելու մի  հաղորդման, եւ ես տեսայ, թէ ի՛նչ է կատարւում ասպարէզում, շատ վիրաւորուեցի, իմ սրտին շատ մօտ ընդունեցի այն, ինչ շատ մարդիկ  կամայականօրէն անում էին հայկական երգի հետ: Առաջ էր եկել մի մտածողութիւն, որը ոչ մի կապ չունէր հայութեան հետ, եւ  հեռացայ ասպարէզից, յայտարարեցի, որ  այլեւս չեմ երգելու հրապարակայնօրէն», ասաց Արմէն Դարբինեանը:

Արմէնին կրկին ժողովրդին եւ երաժշտասէրին  վերադարձրեց Հայաստանի հանրային հեռուստատեսութեամբ հեռարձակուող  «Երգ երգոց» հաղորդումը: Նա այսօր այդ հաղորդման երաժշտական խմբագիրն է, միաժամանակ իր երգերով եւ վերլուծութիւններով, խորհուրդներով մասնակցում է «Երգ երգոց»ի թողարկումներին:   Իսկ լիբանանահայերը այս երգչին ծանօթ են նաեւ 1991-ին այստեղ ունեցած համերգներով: «Դիմակ» թատրոնի գեղարուեստական ղեկավար, վաղամեռիկ Մուշեղ Մուղալեանի հրաւէրով Արմէնը  «Տայք» երաժշտական խմբի եւ ութ  երաժիշտների հետ (ինչպէս` Սիւզան Մարգարեան, Արթուր Յակոբեան, Անժելիկա Թովմասեան) 40-օրեայ երաժշտական գործունէութիւն է ծաւալել Լիբանանում` ունենալով համերգներ, պարահանդէսներ… Արմէնը 20 տարի շարունակ պահպանել է լիբանանեան ջերմ ու անմոռաց տպաւորութիւնները եւ «Երգ երգոց»ի  լիբանանեան այցելութեան ընթացքում  կրկին վերյիշեց դրանք:

Լիբանանի Համազգայինի Շրջանային վարչութեան հրաւէրով «Երգ երգոց»ի անձնակազմի հետ Լիբանան էր եկել նաեւ երիտասարդ երգիչ Վարդան Բադալեանը: Մենք «Ազդակ»-ում   Արմէն Դարբինեանի հետ  հիւրընկալեցինք նաեւ Վարդանին եւ  կարճ զրոյց ունեցանք նրանց հետ: Արմէն Դարբինեանը յայտնեց, որ ինքը շատ երկրներում է եղել, սակայն լիբանանահայութեան ընդունելութիւնը տարբեր է եւ առանձնայատուկ. «Կային մարդիկ, որոնք համերգներից յետոյ մօտեցան եւ յիշեցին 1991-ի մեր համերգները, «Տայք» համոյթը», ասաց նա:

Վարդան Բադալեանին նոյնպէս անծանօթ չէ լիբանանահայութիւնը, եւ եւ ոչ էլ ինքն է անծանօթ այստեղի երաժշտասէրներին:  Նա այստեղ մի խումբ այլ երաժիշտների հետ համերգ է ունեցել «Վանայ ձայն»-ի կազմակերպած «Երգում է  70-ականների Երեւանը» նախագծի շրջանակներում:

Վարդանը մի ձայնասկաւառակ ունի, որ թողարկուել է  անցեալ տարի. կոչւում է «Հոգու լոյս»: Ի տարբերութիւն Արմէն Դարբինեանի, որ երգում է միային հայկական ժողովրդական երգեր, Վարդան Բադալեանի երգացանկում տեղ են գտել նաեւ յատուկ իր համար գրուած ժամանակակից կշռոյթներով երգեր: Երիտասարդ երգչի ձայնասկաւառակում ընդգրկուած է նոր սերնդի տարբեր հեղինակների տասնհինգ երգ: Նա համագործակցում է երաժշտահաններ  Մանէ Յակոբեանի, Ռիչարդ Մադլինեանի, Արման Ղազարեանի, Վաչէ Աւեանի եւ այլ երգահանների հետ: Ձայնասկաւառակը էսթրատային ոճում է, սակայն մեզ հետ զրոյցի ընթացքում Վարդան Բադալեանն ասաց, որ իրեն շատ հոգեհարազատ են նաեւ  հայկական ժողովրդական, գուսանական, գեղջկական երգերը: Այժմ նա Արթուր Գրիգորեանի հետ համատեղ աշխատում է մէկ այլ նախագծի վրայ` ձայնագրում է ժողովրդական երգեր, որ մշակուել են Կոմիտասի կողմից: Վարդանը ղարաբաղցի է, շատ համեստ  մի տղայ,  ի տարբերութիւն երգարուեստի շատ դէմքերի, չի գովում իրեն, իր յաջողութիւնների մասին էլ չի սիրում խօսել: Սովորում է Կոմիտասի անուան երաժշտանոցում:

Իր երկրորդ լիբանանեան այցի մասին խօսելով` նա ասաց.  «Իմ այս այցս  անմոռաց էր: Առաջինի հետ համեմատած` այս անգամ  ինձ  աւելի հարազատ կազմով, աւելի հարազատ ծրագրով ենք եկել: Շատ լաւ ընդունեցին, ինձ թւում է` արձագանգները լաւ են, յուսով եմ նորից կը գանք: Մենք տեսանք հայութիւնը ինչ կարօտ ունի հայկական երգի հանդէպ»:

Արմէն Դարբինեանը Վարդանի ասուածին աւելացրեց. «Հայը միշտ էլ մօտ է եղել արուեստի ճիւղերից յատկապէս երգին: Երգը ամենահզօր եւ ամենակարճ ճանապարհն է` մարդկանց յուզելու: Միւս արուեստները նոյնպէս իրենց դերն ունեն,  բայց երգը աւելի մօտ է հայի հոգուն եւ սրտին, մանաւանդ մեր ժողովրդական երգը, որ տարիների ճանապարհ է անցել, սակայն մնացել է անխառն ու մաքուր»,- ասաց «Երգ երգոց»ի երաժշտական խմբագիրը, աւելացնելով, որ պատահական չէ «Երգ երգոց» ծրագրում հայկական երգը փառաբանման հասցնելու իրենց առաքելութիւնը. «Մեր հաղորդման ձեւաչափն այնպիսին է, որ  ամենաքիչը 25, 30  տարուայ վաղեմութիւն ունեցող եւ աւելի ներքեւ` 40, 50, 60 նոյնիսկ 150  տարուայ վաղեմութիւն ունեցող երգեր կան: Մատուցում ենք հայ երգը` բոլոր ժանրերում`  ժողովրդական, գուսանական, գեղջկական, ազգագրական, քաղաքային բանահիւսութիւն, դասական, սիրերգութիւն… Ինչը որ մտնում է հայ երգի շտեմարանի մէջ եւ ունի ամենաքիչը 25 տարուայ վաղեմութիւն, մենք ընդգրկում ենք մեր շտեմարանի մէջ: Իսկ այստեղ երգելու նպատակը ոչ միայն սփիւռքահայերին երգով հայրենիքի կարօտը փոխանցելն էր, այլ նաեւ այստեղի երգիչների հետ խորհրդանշական ձեւով  ամրապնդելու սփիւռք-Հայաստան կապը: Նրանց հետ զուգերգեր երգելը նաեւ այդ նպատակն ունէր», ասաց Արմէն Դարբինեանը:

Մենք հայրենի երգիչների հետ զրուցեցինք նաեւ «Երգ երգոց»-ին մասնակցած լիբանանահայ երգիչների մասին: Պատասխանելով մեր հարցին` Արմէն Դարբինեանն ասաց. «Եթէ ընդհանուր պատասխանեմ հարցին, ոչ  միայն լիբանանահայ, այլ ընդհանրապէս սփիւռքահայ երգիչները ոչ իրենց մեղքով շատ ծանր վիճակում են:  Նրանք երգերի ընտրութիւն չունեն, այն ինչ որ ընտրում են հայ երգի «Ոսկէ ֆոնտ»-ից, ինչ որ մենք  նոյնպէս ընտրում եւ երգում ենք, իրենք  սխալ են երգում, քանի որ սխալ ձայնագրութիւնն են լսում: Որոշակիօրէն  «Երգ երգոց»ի այս համերգի ժամանակ ես մի քանի անգամ շտկել եմ մի երկու երգ, ասել եմ, որ   չի կարելի երգի մէջ այսպիսի խաղիկներ մտցնել  եւ այլն: Իրենք էլ արդարանում են, թէ մենք այս երգը  կամ այն երգը Ատիսի կամ Ձախ Յարութի կատարմամբ  ենք լսել: Բայց  դա  արդարացում չէ: Պէտք է երկիւղածութամբ մօտենալ հայ երգին, լսել այն ակունքից եւ ոչ թէ` Յարութի կամ Ատիսի ձայնագրութիւնները եւ այդպէս սովորել:  Երգ սովորելը եւ այն մեկնաբանելը նման է դպրոց անցնելուն, պէտք է այդ երգը այսպէս ասած մասերի բաժանես, վերլուծես, զգաս, հնչիւնները, բառերը ամէն ինչը ճիշդ իր տեղը դնես, նայեց ինչ կայ տակը, ո՞վ է գրել, ինչո՞ւ է գրել… Սիրողական մօտեցում պէտք չէ լինի: Բայց ի հարկէ, այստեղի երգիչները մեղաւոր չեն, իրենք չունեն երգի մեկնաբանութեանը  ակադեմական ձեւով մօտենալու աւանդոյթը: Կայ կարօտ հայրենիքի, հայրենի մշակոյթի հանդէպ, եւ հայկական երգը այդ կարօտը յաղթահարելու ձեւերից մէկն է:  Ի հարկէ ձգտումը, սէրը երգի հանդէպ անգնահատելի է,  եւ ասեմ, որ այն ինտոնացիայով, ինչով որ իրենք երգում են, այնքան էլ վատ չէր:  Մենք ի հարկէ   բարոյական իրաւունք չունենք նրանց մասին ոչ մի բան ասել, մենք այլ գաղութներում էլ ենք լսել սփիւռքահայ երգիչների, եւ լիբանանահայերը ամենալաւն են, ոսկէ միջինն այստեղ ապահովուած էր», ասաց Արմէն Դարբինեանը, իսկ Վարդան Բադալեանն աւելացրեց, որ լիբանանահայ իրենց գործընկերների հետ արդէն ընկերացել են, բարեկամական յարաբերութիւններ են ձեւաւորուել, նոյնիսկ զուգերգեր են երգել եւ վստահ են, որ իրենց ստեղծագործական ու բարեկամական յարաբերութիւնները կը շարունակուեն:

Եւ վերջում մեր զրուցակիցնեը շնորհակալութիւն յայտնեցին «Երգ երգոց»-ը Լիբանան հրաւիրողներին եւ համերգները  կազմակերպողներին` Համազգայինի Շրջանային վարչութեանը եւ յոյս յայտնեցին, որ ծրագիրը կը դառնայ համահայկական: Իսկ Լիբանանում նկարահանուած համերգները Հանրային հեռուստատեսութեան եթերում կը լինեն մայիսի 29-ին եւ յունիսի 5-ին. աւելի մանրամասն կը յայտարարուի մամուլով:

Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

Share this Article
CATEGORIES