Ասա` Քանի Աստուած Ունես, Ասեմ` Ուր Ես Գնում

ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Ուշ երեկոյ էր, երբ տանիքից ոտնաձայներ լսուեցին, եւ ջահել, անթրաշ մէկը ճարպկօրէն սողսկեց իմ ննջարանը: Անակնկալի եկաւ ինձ տեսնելով, կարծում էր տանը մարդ չկայ: Ետ քաշուեց դէպի պատշգամբ` դուրս փախչելու միտումով: Սակայն ինձ յաջողուեց կանխել նրա փախուստը` արագօրէն կողպելով դուռը եւ պատսպարելով բանալին փէշիս գրպանում: Նա զարմացած նայեց ինձ:

– Նստի՛ր,- հրամայեցի ես,- եւ կէս խիստ-կէս խանդաղատալից ձայնով հարցրեցի նրան,- ո՞վ ես, ինչպէ՞ս ես հասել այս կեանքին:

– Դո՞ւ ով ես,- ցանկանալով մատնել ինձ վախի, ոտքից գլուխ չափեց նա ինձ իր հայեացքով: Ինչի՞դ է պէտք իմանալ, թէ ես ով եմ:

– Պէտք է: Ես լրագրող եմ, քո մասին յօդուած կը գրեմ: Եթէ չես ուզում`, անունդ չեմ նշի:

– Գի՞ժ ես, այ կնիկ,- անկեղծօրէն զայրացաւ նա, ի՞նչ յօդուած,ի՞նչ անուն… հիմա դու կը կանչես քո հարեւաններիդ, յետոյ ոստիկաններին, գիտեմ ես ձեզ` լրագրողներիդ…

– Մեր շէնքում կանչելու մարդ չկայ,- ասացի ես:

– Ինչպէ՞ս թէ «չկայ»,- զարմացաւ գողը:

– Կողքի հարեւանիս խելքը յօդս է ցնդել. չի՛ ուտում, չի՛ խմում, չի ածիլւում, հագուստները չի՛ փոխում, եղունգները չի՛ կտրում… կինը երեխաներին առել-փախել է տնից:

– Բա ի՞նչ ա անում,- հետաքրքրուեց գող տղան:

– Օրը մի քանի անգամ անջատում է խելքը, գիտակցութիւնը աշխարհից, ամէն ինչից, ու գրեթէ ամբողջ մէկ ժամ անդադար բղաւում է. «Հարէ Քրիշնա, Քրիշնա յարէ, հարէ, հարէ»: Եւ այնպէս ուժեղ բղաւում, որ ամբողջ թաղամասը լսում է: Մի օր էլ բոլորովին մերկ իրեն ցած գցեց մեր հինգերորդ յարկի պատշգամբից: Տանը գրութիւն էր թողել. «իմ աստուած կանչում է ինձ, ասում է` ինձ մօտ մերկ պիտի գաս, ինչպէս որ ծնուել ես: Գնում եմ իմ աստծոյ մօտ, որ  ինձանից գոհ լինի իմ Քրիշնան: Արմէն»:

– Դա քո կողքի հարեւանն էր, իսկ քո վարիննե՞րը,- շփոթուած հարցրեց ջահելը:

– Նրանք քրիշնայապաշտ չեն, նրանք Եհովայի վկաներ են եւ նրանք վկայութիւն չեն տալիս: Եթէ հիմա նրանց աչքի առջեւ ինձ մորթես եւ ամէն ինչը թալանես-տանես, միեւնոյնն է, նրանք ոչ մի վկայութիւն չեն տայ. նրանց աստուածը արգելում է իրենց որեւէ բան վկայել, բացի իրենից` Եհովայից:

– Բա այդ վարինների վարիննե՞րը:

– Իսկ նրանք ո՛չ քրիշնայապաշտ են, ոչ էլ Եհովայի վկաներ: Նրանք «յիսունականներ» են: Օրուայ, գիշերուայ որ ժամին գնաս նրանց տուն, աստուածաշունչը սեղանին է: Կարդում են, ուսումնասիրում են, կրկին ու դարձեալ կարդում: Եւ բոլորին գոռոզաբար կերպով ասում են, որ միակ ճշմարիտ քրիստոնեաները իրենք են: Բայց երբ նրանց հարեւանի կինը մահանում էր, եւ նրա տղային մի կերպ յաջողուեց փախչել-գալ բանակի զօրանոցից մօր թաղմանը, ապա աստուածաշունչը անգիր արած, յոյժ քրիստոնեայ աստծոյ հաւատարիմ ծառաները քրիստոնէաբար անմիջապէս մատնեցին տղային զինուորական ոստիկանութեանը: Եկան ոստիկանները եւ խլեցին-տարան տղային իր մօր վերջին խօսքը, վերջին շունչը աւետող գրկից: Չարտօնեցին նաեւ, որ տղան մասնակցի իր մօր թաղմանը:

– Վա՜յ, քուր ջան, վա՜յ…,- ի՛ սպառ մոռացած իր` իմ բնակարանը ներխուժելու յանցաւոր նպատակը, գլուխը բռնեց գող տղան:- Էս ի՞նչ ա կատարւում, էս ո՞ւր ենք գնում, հ՞ը… ճիշդ են ասում, որ աստուած չկայ, չէ, չկա՜յ…

– Այդ ի՞նչ ես բարբաջում,- զայրացայ ես, ինչպէս թէ՛ աստուած չկայ: Այն էլ ինչքա՜ն կայ, այն էլ քանի հատ…

– Չէ հա՜,- վախեցած շշուկով ասաց նա: Զգացի, ինչպէս գողի աչքի առջեւ զարհուրելի մի տեսարան երեւաց. ինչպէս են քանի՜-քանի՛ աստուածներ շարան-շարան գալիս, իրեն շրջապատում, իր չարած մեղքերի համար դատ ու դատաստան անում: Գողը երկչոտ ձայնով հարցրեց.

– Քուր ջան, քանի՞սն են էդ աստուածները, ինչպէ՞ս իմացար…

– Մտնում եմ մեր այս շէնքը, երկրորդ յարկի հարեւաններին ասում եմ` դուք հայկական եկեղեցի չէք գնում, ձեր կրօնական, հոգեւոր հաւաքները անում էք ձեր կողմից վարձած զանազան սրահներում, ակումբներում:

– Դու էլ մերոնցի՞ց ես,- ուրախացաւ դրացիս:

– Ոչ:

Բա ինչպէ՞ս իմացար, թէ հայ եկեղեցի չենք գնում, որտեղի՞ց իմացար:

– Ես լրագրող եմ եւ իմ յատուկ փաստաթղթերով կարող եմ ամէն տեղ մտել եւ ամէն ինչ իմանալ: Հարեւանիս ժպիտը փոխուեց զգուշաւոր, վախւորած դէմքի արտայայտութեանը:

– Բացի այդ,- շարունակեցի ես,- դուք ձեր կրօնա-ակումբային հաւաքների ժամանակ հայ հոգեւոր երգեր, Կոմիտաս չէք երգում: Ինչո՞ւ…

– Դա մեզ հետ կապ չունի, մեր աստուած արգելում է մեզ երգել այդ հոգեւոր երգերը: Մի ջահել տղայ կայ, գալիս ա եւ մեզ սովորեցնում է իր գրած մեղեդիները: Մենք դրանք էլ երգում ենք:

– Լսել եմ:

– Իսկ ում վրայ այդ պահին մեր աստծոյ օրհնութիւնն է իջնում,- շարունակեց լուսաբանել ինձ դրացիս,- ապա նա ոչ միայն երգում է, այլ նաեւ խօսում է: Բայց` ոչ հայերէն, այլ միայն` մեր աստուծոյ կողմից տրուած լեզուով:

Յետոյ Երեւան մայրաքաղաքի Աջափնեակ շրջանի մեր շէնքում հանդիպում եմ միւս դրացուս, ասում եմ նրան` «Սուրբ Զատիկդ շնորհաւոր»:

– Ի՞նչ,- աչքերի մէջ զայրոյթի կրակը բորբոքելով յարձակւում է նա վրաս: Ի՞նչ Սուրբ Զատիկ, իմ աստուած արգելում է տօնել դա:

Տեսնում եմ, ջահել անթրաշը աւելի խեղճացաւ, անբարբառ հարցումով նայում է ինձ, աչքերն է ճպճպացնում:

– Մի քիչ էլ դիմացիր,- ասում եմ նրան,- ես քեզ միւս դրացիներիս ու նրանց աստուածների մասին պատմեմ:

– Չէ՜, քուր ջան, ցաւդ տանեմ,- աղերսալի ձայնով խնդրում է նա,- էլ պէտք չի…

Ապա գողը ուշադիր զննում է բնակարանը: Հայեացքը անորոշ սահում է ամէն տեղ: Պահ անց ասում է.

– Քո՛ւր, մի բան տուր, տանեմ, էլի՜…

– Ի՞նչ տամ, եթէ մտքովդ բան է անցել, եթէ կարծում ես` տանելու բան կայ` վերցրու:

Նրա հայեացքը կանգ է առնում գրադարանիս վրայ:

– Կտակարանը կը տա՞ս,- անսպասելիօրէն ասում է նա, շարժելով գութս եւ այնպիսի խեղճացած ձայնով է ասում, ասես փողոցում ողորմութիւն է խնդրում:

– Վերցրո՛ւ:

– Բայց ես մի բան չհասկացայ, չէ՜, չհասկացայ,- աւելի շփոթուած ասում է նա:

– Կարդա եւ կը հասկանաս:

– Չէ՛, քուր ջան, ես չհասկացայ, թէ ո՞ւր ենք մենք գնում:

– Գիրքը վերցրու, գնա, ես քեզ համար ժամանակ չունեմ,- նեարդացած ասում եմ նրան:

Ուշադրութիւն չդարձնելով ասածիս` ջահելը շարունակում է իր խոստովանանքը.

– Ես հինգ դասարան եմ սովորել, յետոյ փախայ դպրոցից, որոշեցի պիզնեսով զբաղուել: Օրինակ, «Մալպորոն» հայ ականաւոր ճարտարապետ Կարօ Հալաբեանի անուան փողոցից գնել եւ չեխ անուանի գրող Յուլիոս Ֆուչիկի անուան փողոցում վաճառել: Բայց առայժմ գործս լաւ առաջ չի գնում…

– Տեսնո՛ւմ եմ:

– Բայց մի կարծիր, քուր, որ ես լրիւ անգրագէտ եմ, ես Թումանեանի ասածները (մեռնեմ նրա արեւին) լաւ եմ յիշում: Նա ասել է. «… Եւ հեռու է մինչեւ մարդը նրա ճամբան»: Կարո՞ղ ա էս մեր մասին ա ասել, մեր էս ճամբի մասին ա… հա, հեռո՜ւ է, հեռո՜ւ է մինչեւ մարդը մեր…

Նա Կտակարանը դրեց թեւի տակ եւ բաց դռնից գնաց դէպի սունկերից առաւել աճած խաղատների, սթրիփթիզանոցների, սուփըր նայթ քլապ-ների լոյսերով փառաւորուած մեր գիշերային քաղաքը, որտեղ գրեթէ ամէն շէնքի լոյս ու մութ պատուհաններից տարբեր աստուածների ձայներ էին լսւում:

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )