Ինչո՞ւ Են Ախալքալաքում Հետաքրքրւում Վրաց-Ռուսական Յարաբերութիւններով
Իշխանափոխութիւնից յետոյ Ախալքալաքի բնակիչների մօտ արթնացաւ Ռուսաստանի հետ յարաբերութիւնների բարելաւման յոյս: Ինչպիսի՞նն են միջկառավարական յարաբերութիւնները եւ այդ հարցի վերաբերեալ ի՞նչ են մտածում Ախալքալաքում:
Նոր իշխանութեան «հաշտեցման» եւ ոչ միայն շուկայ վերադարձի, այլեւ Ռուսաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւնների բարելաւման պատրաստակամութիւնը, միանշանակօրէն ցուցադրուել է:
Բնակչութեան մի մասը գտնում է, որ Վրաստանի տարածքի մի մասը զաւթած «թշնամու» հետ փոխզիջման գնալը անթոյլատրելի է: Իսկ միւս մասը գտնում է, որ յարաբերութիւնների կարգաւորումը, ռուսական շուկայում վրացական արտադրանքի վերադարձման շնորհիւ, շահաւէտ կը լինի երկրի համար եւ դա կը բարելաւուի երկրի բնակչութեան ընկերային վիճակը:
Ախալքալաքի բնակիչները հէնց սկզբից ծանր ընդունեցին Ռուսաստանի հետ յարաբերութիւնների վատթարացումը, քանի որ գրեթէ բոլոր ընտանիքներից Ռուսաստանում բնակուող հարազատներ կան: Միաժամանակ շատ ընտանիքների համար եկամուտի հիմնական աղբիւրը Ռուսաստանում արտագնայ աշխատանքն է:
Ռուսաստանի հետ յարաբերութիւնների բարելաւման վերաբերեալ Վրաստանի վարչապետ Պիծինա Իվանիշվիլին խօսում էր դեռ նախընտրական քարոզարշաւի ժամանակ: Թէպէտ Վրաստանի կառավարութիւնը այդ ուղղութեամբ աւելի շատ քայլեր չի շտապում իրականացնել: Չնայած նախընտրական խոստումներին` վարչապետի պաշտօնական յարաբերութիւնները Ռուսաստանի հետ կրկին սառն են: Իրավիճակը անփոփոխ է նաեւ երկրի վարչապետի կողմից վերջերս արուած մի քանի յայտարարութիւններից յետոյ էլ:
Ռուսաստանի կողմն ուղղուած մեծ քայլ կարելի է համարել Աբխազիայի հետ երկաթուղային հաղորդակցութեան վերականգնման վերաբերեալ Փաաթա Զաքարէիշվիլու յայտարարութիւնը, որը նախագահ Սահակաշվիլին ու նրա շրջապատը շատ վատ ընդունեցին: Թէպէտ բարի կամքի արտայայտութեան սոյն յայտարարութիւնը Աբխազիան էլ սառնութեամբ ընդունեց:
Վրաց-ռուսական յարաբերութիւնների ջերմացման ուղղուած հերթական քայլն կարելի է համարել վրացական արտադրանքի մի մասի, մասնաւորապէս հանքային ջրերի եւ գինու վերադարձը ռուսական շուկայ եւ առաջիկայում ռուսական շուկայ գիւղատնտեսական արտադրանքի մուտք գործելու թոյլտուութեան ցանկութիւնը:
Տնտեսագիտութեան փորձագէտ Վլատիմիր Փափաւայի կարծիքով, նախկին կառավարութեան օրօք ռուսական շուկան փակուած էր կառավարական քաղաքականութեան պատճառով, որը չէր ցանկանում վրացական արտադրանքը տեսնել ռուսական շուկայում:
«Ձեւականօրէն Ռուսաստանը Վրաստանին առեւտրական արգելք չի յայտարարել, ոչ Ռուսաստանի խորհրդարանի, ոչ էլ նախագահի կողմից ստորագրած նման փաստաթուղթ գոյութիւն չունի: Շուկայի փակումը Ռուսաստանի գլխաւոր բժիշկի որոշումն էր: Իբր վրացական ապրանքները չեն համապատասխանում որակի ռուսական չափորոշիչներին: Այդ պատճառով, իմ կարծիքով, սխալ կը լինի, եթէ հէնց կառավարութիւնը ռուսական շուկայ վրացական ապրանքների վերադարձի հարցով բանակցութիւններ սկսի, քանի որ դա քաղաքական հարց չէ: Թէպէտ, միւս կողմից պիզնեսը պէտք է ազատ լինի: Ընկերութիւններին, որոնք ցանկանում են դուրս գալ ռուսական շուկայ, պէտք է տրուի նման հնարաւորութիւն», ասաց Վլատիմիր Փափաւան:
Եթէ վրաց-ռուսական յարաբերութիւնների բարելաւման համար շուկայի առումով որոշակի քայլեր արուել են, ապա դիւանագիտական ուղղութեամբ ամէն ինչ նախկին վիճակում է: Քաղաքագէտների մի մասը գտնում է, որ Մոսկուան ընտրութիւնների նման արդիւնքների համար պատրաստ չէր եւ չգիտէ, թէ ինչպէս է վարուելու նոր իշխանութեան պայմաններում:
«Ամենագլխաւոր արգելքը այն է, որ 2008 թուականի օգոստոսի 28-ից յետոյ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի եւ Հարաւային Օսեթիայի անկախութիւնը: Ձեւականօրէն անգամ դժուար է պատկերացնել, թէ Ռուսաստանի հետ յարաբերութիւնները ինչպէս են կարգաւորուելու, քանզի ակնյայտ է, որ Ռուսաստանն էլ չի կարող հրաժարուել ճանաչումից, բոլոր դէպքերում, հիմա դա չի էլ ցանկանում: Եւ վրացական ոչ մի կառավարութիւն պատրաստ չի լինի վերականգնել դիւանագիտական յարաբերութիւնները: Թէպէտ միւս կողմից, ակնյայտ է, թէ որն է գլխաւոր գաղափարը, այն մինչեւ ընտրութիւնները ներկայացուեց Փաաթա Զաքարէիշվիլու, մասնակիօրէն էլ Իվանիշվիլու կողմից: Այդ մասին մասնակիօրէն խօսեց նաեւ արտաքին գործերի նոր նախարարը, որ պէտք է փորձել կատարել ամենաբարդը, չակերտներից դուրս բերել դիւանագիտական հատուածը եւ յարաբերութիւնները փորձել կարգաւորել այլ, ասենք, տնտեսական, մարդասիրական եւ այլ ուղղութիւններով», ասաց փորձագէտ, քաղաքագէտ Սերգէյ Մինասեանը:
Ախալքալաքի բնակիչների համար Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ յարաբերութիւնների վատթարացումը սահմանափակում է աշխատանքի համար մեկնելու եւ Ռուսաստանում մերձաւորներին հանդիպելու հնարաւորութիւնը: Այցեգրերի հետ կապուած հիմնախնդիրները ախալքալաքցիների համար միշտ հրատապ են եղել: Ճիշդ է, Թիֆլիսում Զուիցերիոյ դեսպանութիւնում գործում է Ռուսաստանի հիւպատոսութիւնը, որտեղ իրականացւում է այցեգրերի յանձնումը, սակայն այցեգրերի յանձնման գործընթացը տեւական է եւ թանկարժէք: Թէպէտ Ախալքալաքում տարածուեց տեղեկատուութիւն այցեգրերի դիւրացման եւ աւելին, այցեգրային պայմանակարգի վերացման վերաբերեալ:
«Բնականաբար, այցեգրերի դիւրացումն կամ վերացումը շահաւէտ է բնակչութեան համար: Շատերը Ռուսաստանում ազգականներ ունեն: Չեմ կարծում, որ այցեգրային համակարգի դիւրացումը ինչ-որ մէկի համար վնասաբեր լինի: Ամուսինս էլ ազգականներ ունի եւ լաւ կը լինէր նրանց հետ հանդիպէինք», ասաց Ախալքալաքի բնակիչ Զարինէ Զադոյեանը:
Շատերի համար այցեգրերի վերացումն կամ դիւրացումը Վրաստանից մշտապէս հեռանալու հնարաւորութիւն է, ինչպէս դա տեղի էր ունենում շատ տարիների ընթացքում: Իսկ ոմանց համար փաստաթղթերի վրայ շատ փող ծախսելը կանխելու միտում:
«Կը լինի ինչպէս նախկինում, հանգիստ ու խաղաղ ապրում էինք: Մարդիկ կը մեկնեն ու կը վերադառնան: Քանի որ մենք միշտ կապուած ենք մեր հողին եւ ուր էլ գնանք, միեւնոյնն է վերադառնում ենք: Եթէ նոր աշխատատեղեր բացուեն եւ մարդիկ ոչ մի տեղ չմեկնեն, աւելի լաւ կը լինի: Իսկ հիմա աշխատանք չունենք եւ ստիպուած ենք աշխատել այլ երկրներում: Յուսով ենք, որ բոլորը կը վերադառնան, սակայն բնական է նաեւ այն, որ նրանք չեն վերադառնում: Դիւրացուած այցեգրերը անհրաժեշտ են, որպէսզի ողջ տարուայ ընթացքում վաստակած փողը փաստաթղթերի կազզման համար չծախսուի», ասաց Ախալքալաքի բնակիչ Ռուզաննա Երեմեանը:
Շատերը համոզուած են, որ երկու երկրների միջեւ յարաբերութիւնները կը կարգաւորուեն:
«Այցեգրային կարգը անպայման կը փոխուի: Գուցէ ոչ այսօր կամ վաղը, սակայն դա անպայման կը լինի: Ռուսաստանում այնքան էլ շատ ազգականներ չունեմ, իմ ազգականների մեծ մասը այստեղ է, Ախալքալաքում, Երեւանում կամ Թիֆլիսում», ասաց Շուշան Գուլանեանը:
«Հարաւային Դարպաս»

