Վրաստանը Եւ Թուրք-Ազրպէյճանական Ռազմաքաղաքական Դաշինքը

ԼԻԱ ԷՎՈՅԵԱՆ

Հարաւային Կովկասը շարունակում է մնալ Թուրքիայի արտաքին քաղաքականութեան կարեւորագոյն թիրախներից մէկը: Դա ամրագրուած է 2011թ. յունիսի 12-ի Թուրքիայի խորհրդարանական ընտրութիւններին Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան (ԱԲԿ) հրապարակած նախընտրական ծրագրում, որտեղ Հարաւային Կովկասը կարեւորութեամբ Թուրքիային սահմանակից շրջաններից երրորդն է, իսկ Ազրպէյճանի եւ Վրաստանի հետ յարաբերութիւնների հետագայ զարգացման նպաստումը ներկայացուած է որպէս ԱԲԿ արտաքին քաղաքականութեան առաջնային ուղեգծերից մէկը:

Հարկ է նշել, որ եթէ 2010թ. ստորագրուած թուրք-ազրպէյճանական զինուորական-ռազմավարական համաձայնագրով Ազրպէյճանի հետ յարաբերութիւնները հասել են իրենց գագաթնակէտին, ապա Թուրքիայի յարաբերութիւնները Վրաստանի հետ դեռեւս չունեն նման իրաւական ձեւակերպում: Այնուհանդերձ, թուրք-ազրպէյճանական հետեւողական քաղաքականութեան արդիւնքում Վրաստանն աստիճանաբար ներգրաւուում է նրանց ռազմաքաղաքական դաշինքում:

Թուրքիայի համար Վրաստանը կարեւոր ռազմավարական նշանակութիւն ունի որպէս տարանցիկ երկիր: Վրաստանի տարածքը ծառայում է որպէս միջանցք դէպի Ազրպէյճան եւ միջինասիական երկրներ յատկապէս Թուրքիա-Հայաստան-Ազրպէյճան փակ սահմանների պարագայում:

Այս առումով առանձնայատուկ զինուորական ու ռազմավարական նշանակութիւն ունի Վրաստանի հայաբնակ Սամցխէ-Ջաւախքի վարչական շրջանը, որտեղ Թուրքիան վարում է ժողովրդագրական պատկերի փոփոխութեանը նպատակաուղղուած քաղաքականութիւն` աջակցելով 1944 թուականից տեղահանուած թուրք-մցխեթների «հայրենադարձութեանը»: Յատկանշական է, որ դեռեւս 1999թ. Եւրոխորհուրդին անդամակցելու ժամանակ նման պարտաւորութիւն ստանձնած Վրաստանն առաջարկում է թուրք-մցխեթներին վերաբնակեցնել երկրի ողջ տարածքում, սակայն Թուրքիան յատկապէս պնդում է Սամցխէ-Ջաւախքի շրջանում նրանց հաստատուելու անհրաժեշտութիւնը: Ջաւախքում թուրք-մցխեթների զանգուածային բնակեցման ու մեծամասնութիւն կազմելու հեռանկարը կը յանգեցնի ամբողջական թուրքական միջանցքի ստեղծմանը: Արդիւնքում` Սամցխէ-Ջաւախք – Քուեմօ-Քարթլի (Ազրպէյճանին սահմանակից ազրպէյճանաբնակ տարածք) վարչական շրջանները զուգահեռ գծով կը միացնեն միմեանց Ազրպէյճանն ու Թուրքիան` միաժամանակ հատելով Հայաստանը հիւսիսին կապող ուղղահայեացը: Նաեւ յատկապէս Վրաստանի տարածքի Սամցխէ-Ջաւախքի տարածքն է ընտրուել աշխարհառազմավարական նշանակութեան ուժանիւթի համակարգերը` Պաքու-Թիֆլիս-Ճէյհան քարիւղի խողովակաշարը եւ Պաքու-Թիֆլիս-Էրզրում կազատարը գործարկելու համար: Ներկայումս այս տարածքում է կառուցւում Պաքու-Թիֆլիս-Կարս երկաթուղին, որի շինարարական աշխատանքների աւարտը նախատեսւում էր 2012թ. վերջին: Ի դէպ, այս նախագծի շնորհիւ Նախիջեւանի «Ինքնավար Հանրապետութիւն»-ը ձեռք կը բերի անմիջական ցամաքային կապ Ազրպէյճանի հետ` էլ աւելի դիւրացնելով Թուրքիա-Ազրպէյճան ռազմավարական համագործակցութիւնը:

Ազրպէյճանի համար եւս Վրաստանն ունի ռազմավարական նշանակութիւն որպէս իր ռազմավարական դաշնակից Թուրքիային եւ այդ երկրի միջոցով նաեւ Արեւմուտքին կապող օղակ: Ազրպէյճան-Վրաստան յարաբերութիւններում առանցքային դեր է խաղում միմեանց տարածքային ամբողջականութեան ճանաչման սկզբունքի վրայ հիմնուած փոխադարձ շահը: 2008թ. «Հնգօրեայ պատերազմի» արդիւնքում Վրաստանից Հարաւային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախացման «տէ-ժիւրէ» ճանաչումը եւ հայկական տարածքների նկատմամբ Ազրպէյճանի վերահսկողութեան կորուստը Վրաստանին եւ Ազրպէյճանին միաւորում է միեւնոյն խնդրի շուրջ:

Պաքուն իր ազդեցութեան լծակներն ամրապնդելու եւ ընդլայնելու յստակ քաղաքականութիւն է վարում` օգտագործելով տնտեսութեան որոշակի ոլորտներում, մասնաւորապէս ուժանիւթի բնագաւառում Թիֆլիսի համար անայլընտրանք համագործակցութեան իրողութիւնը:

Պաքուի ազդեցութեան լծակներն ամրապնդելուն է ծառայում նաեւ Վրաստանի ազգային փոքրամասնութիւնների շարքում իր թուաքանակով առաջինը համարուող ազրպէյճանական համայնքը, մասնաւորապէս ազրպէյճանաբնակ Քուեմօ-Քարթլիի (Պորչալու) շրջանը, որի ազրպէյճանական համայնքն ունի նաեւ Թուրքիայի աջակցութիւնը: Հարկ է նշել, որ աշխարհագրօրէն արեւելքից Ազրպէյճանին, հարաւից Հայաստանին, արեւմուտքից Ջաւախքին սահմանակից եւ հիւսիսից Վրաստանի մայրաքաղաքին կից Քուեմօ-Քարթլի տարածաշրջանն ազրպէյճանցիները համարում են «հերոս թուրքերի հայրենիքը» եւ որակում որպէս «վիճելի տարածք Ազրպէյճանի եւ Վրաստանի միջեւ», որն «անարդարացիօրէն Խորհրդային Միութեան օրօք տրուեց Վրաստանին»: Այս առումով ուշագրաւ է Պորչալուի ազրպէյճանական համայնքի կայքէջում պարբերաբար հանդիպող «Պորչալուն Ազրպէյճանից ամենակարճ ճանապարհն է դէպի Թուրքիա» արտայայտութիւնը:

Համաձայն Վրաստանի տնտեսական զարգացման նախարարութեան վիճակագրութեան բաժանմունքի 2008թ. կատարած հետազօտութիւնների` մանր ձեռնարկութիւնների դրամաշրջանառութեան ծաւալներով Թիֆլիսից յետոյ առաջատարը Քուեմօ-Քարթլիի շրջանն է, որին բաժին է ընկնում ամբողջ երկրի մանր ձեռնարկութիւնների դրամաշրջանառութեան 13%-ը: Հարկ է նշել, որ Քուեմօ-Քարթլիի մասնաւոր, այսինքն` ազրպէյճանական ձեռնարկութիւնների աջակցութիւնն իրականացւում է Պաքուից ֆինանսաւորուող ազրպէյճանական հասարակական մի շարք կազմակերպութիւնների միջոցով:

Այսպիսով, թուրք-ազրպէյճանական հետեւողական քաղաքականութեան շնորհիւ Վրաստանն աստիճանաբար ներգրաւուում է նրանց ռազմաքաղաքական դաշինքում, ինչի համար նախադրեալ է ծառայում բարձր մակարդակի համագործակցութիւնը գրեթէ բոլոր ոլորտներում:

Այսպէս, ուժանիւթի ոլորտում ռազմավարական մեծ նշանակութիւն ունեցող Պաքու-Թիֆլիս-Ճէյհան քարիւղատար խողովակաշարը Կասպից ծովը կապում է Միջերկրական ծովին, իսկ Պաքու-Թիֆլիս-էրզրում կազամուղի շուրջ համագործակցութիւնը հանգուցում է երեք երկրներին: 2010թ. Ազրպէյճանի ու Վրաստանի բարձրագոյն ղեկավարները որոշում կայացրին երկու երկրների միասնական ուժանիւթային համակարգ ստեղծելու մասին: Միաժամանակ, թուրքական (EMCT)  կազմակերպութիւնը Վրաստանի ուժանիւթի նախարարութեան հետ կնքեց համաձայնագիր, որի շրջանակներում սկսուել է Արեւմտեան Վրաստանի տարածքում Կուպազոուլի ջրելեկտրակայանի կառուցումը: 2012թ. յունիսի 26-ին Թուրքիայի եւ Ազրպէյճանի ուժանիւթի նախարարները ստորագրեցին 7-8 միլիառ ամերիկեան տոլար արժողութեամբ Տրանսանատոլիական (TANAP) նոր կազատարի կառուցման համաձայնագիր, որը ենթադրում է ազրպէյճանական բնական կազը թուրք-վրացական սահմանով արտահանել Եւրոպա` միացուելով «Նապուքօ» նախագծին, թէպէտ «Նապուքօ» ծրագրի իրագործման հետ կապուած մի շարք խնդիրների առկայութիւնն առայժմ հարցականի տակ է դնում Տրանսանատոլիական կազատարի գործարկումը եւս:

Ակնյայտ է, որ այս ծրագրերը միտուած են չէզոքացնելու Ռուսաստանի ուժանիւթի մենաշնորհը Հարաւային Կովկասում, ինչն իր հերթին կը յանգեցնի տարածաշրջանի պետութիւնների ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական կախուածութեան նուազմանը Ռուսաստանից:

Առեւտրի ոլորտում Թուրքիան ներկայումս համարւում է Վրաստանի առաջին գործընկերը` զբաղեցնելով Ռուսաստանի երբեմնի տեղը: 2002-2010թթ. երկկողմանի առեւտրային ծաւալը նշանակալի աճ է արձանագրել` հասնելով 240 միլիառ ամերիկեան տոլարից մինչեւ 1 միլիառի: Բացի այդ, Թուրքիան իր ներդրումներով Վրաստանում գրաւում է երկրորդ տեղն Միացեալ Նահանգներից յետոյ: Թուրքական ներդրումները ներառում են շինարարական (այդ թւում օդակայանի վերանորոգումը), ապակեգործական, հեռուստահաղորդակցութեան ոլորտները, ինչպէս նաեւ փոքր եւ միջին գործարարութիւն տարատեսակ կազմակերպութիւնների ստեղծումը Վրաստանում: Այս պահին ամենամեծ ներդրումը կատարուած է Կարս-Թիֆլիս երկաթգծի եւ Ռիզէ-Փոթի տեսամանրաթելային մալուխի նախագծերի իրականացման համար: Բացի այդ, Թուրքիան պատրաստւում է մի շարք ընտրանի արուարձանային աւաններ կառուցել հէնց մայրաքաղաք Թիֆլիսին շուրջը:

2010թ. յետոյ Թիֆլիսն ասպարէզ է բերել ու շրջանառութեան մէջ դրել Վրաստան-Ազրպէյճան համադաշնութեան նախագիծը` հիմք ընդունելով երկկողմ յարաբերութիւնների համապատասխան բնոյթը տնտեսութիւնից մինչեւ արտաքին քաղաքականութեան ոլորտներում:

Սրանք են այն գլխաւոր նախադրեալները, որոնք թոյլ են տալիս իւրաքանչիւր տարի երեք երկրների արտաքին գործոց նախարարների ժամանակացուցային հանդիպումներում Թուրքիա-Ազրպէյճան-Վրաստան յարաբերութիւնները ձեւակերպել նոր համաձայնագրերի տեսքով: Մասնաւորապէս, 2012թ. յունիսի 8-ին Տրապիզոնում Թուրքիայի, Վրաստանի եւ Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարները ստորագրեցին հռչակագիր, որը, հիմնուելով ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան, հակամարտութիւնների խաղաղ կարգաւորման, միջազգայնօրէն ճանաչուած սահմանների անձեռնմխելիութեան, ինքնիշխան պետութիւնների հաւասարութեան, պետութեան տարածքային ամբողջականութեան կամ քաղաքական անկախութեան դէմ սպառնալիքի կամ ուժի կիրառման ձեռնպահութեան սկզբունքների վրայ, հաստատագրում է հետեւեալ դրոյթները.

– Շարունակել միջազգային կազմակերպութիւններում միմեանց թեկնածութիւններին աջակցելու քաղաքականութիւնը:

– Նշել Ազրպէյճանի Հանրապետութեան Լեռնային Ղարաբաղի եւ նրան յարակից տարածքի շուրջ հակամարտութեան, ինչպէս նաեւ Վրաստանի Աբխազիա եւ Ցխինվալի (Հարաւային Օսեթիա) շրջանների շուրջ հակամարտութեան հնարաւորինս արագ կարգաւորման կարեւորութիւնը` հիմք ընդունելով ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան եւ միջազգայնօրէն ճանաչուած Ազրպէյճանի ու Վրաստանի սահմանները, ընդգծել փախստականների, ինչպէս նաեւ ներքին տեղահանուած անձանց ապահով եւ արժանապատիւ վերադարձը իրենց ծագման վայրերը:

– Խթանել յարաբերութիւնների հետագայ զարգացումը բոլոր ոլորտներում, յատկապէս առեւտրի, ուժանիւթի, փոխադրամիջոցների եւ դրամատնային գործի, շրջակայ միջավայրի` համատեղ նախագծերի եւ համագործակցութեան ծրագրերի, անհրաժեշտութեան դէպքում` նաեւ եռակողմ համագործակցութեան միջոցով:

– Արտայայտել իրենց աջակցութիւնը «ԴՐԱՍԵԱԿԱ»-ին եւ աշխատել Մեծ Մետաքսի ճանապարհի եւ Եւրասիական փոխադրամիջոցային միջանցքի, ինչպէս նաեւ երկաթգծեր եւ մայրուղիներ ներառող եռակողմ փոխադրամիջոցային այլ ծրագրերի լայնածաւալ գործունէութեան վերականգնման ուղղութեամբ, կարեւորել նախատեսուած ժամկէտում Պաքու-Թիֆլիս-Կարս երկաթգծային նախագծի աւարտը:

 

 

 

 

 

 

 

 

– Հաստատել Պաքուի միջազգային ծովային առեւտրային նոր նաւահանգստի կառուցման նախագիծը, որը Պաքու-Թիֆլիս-Կարս երկաթուղու աւարտից յետոյ կը դառնայ Արեւելք-Արեւմուտք Փոխադրամիջոցային միջանցքի կարեւոր օղակ:

Հարկ է նշել, որ կողմերի համատեղ փորձագէտների խումբը սկսել է 2013-2015թթ. գործունէութեան ծրագրի մշակումը եւ համաձայնեցուած դրոյթները երեք նախարարների հաստատմանը ներկայացնելու աշխատանքները: Արտաքին գործոց նախարարների եռակողմ հանդիպման երկրորդ նիստը տեղի ունեցաւ 2012թ. երկրորդ կէսին` Վրաստանում, իսկ երրորդ նիստը` 2013թ. առաջին կէսին` Ազրպէյճանում:

Տրապիզոնի հռչակագիրը Թուրքիայի, Ազրպէյճանի եւ Վրաստանի միջեւ ստորագրուած նմանօրինակ առաջին պաշտօնական հրապարակային փաստաթուղթն է, բովանդակութեամբ համարժէք ռազմավարական փաստաթղթի:

2012թ. հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում յաղթանակեց «Վրացական երազանք» դաշինքը, որի ղեկավարը միջազգային օլիգարխիայի ներկայացուցիչ, միլիառատէր Պիծինա Իվանիշվիլին է: Նա ստանձնեց պետութեան վարչապետի լիազօրութիւնները, որոնք վերջին սահմանադրական փոփոխութիւնների արդիւնքում դարձան գերակայ: Դէպքերի այս ընթացքն առաջ բերեց մի քանի հարցադրումներ` կապուած Վրաստանի հետագայ քաղաքական դիրքորոշման հետ: Խօսքը, մասնաւորապէս, նախ Վրաստան-Ռուսաստան յարաբերութիւնների բարելաւման հեռանկարի եւ ապա` Թուրքիայի ու Ազրպէյճանի հետ յարաբերութիւնների հնարաւոր վերանայման մասին է: Հարկ է նշել, որ դեռեւս վարչապետ Պ. Իվանիշվիլու եւ նրա կառավարութեան վարած քաղաքականութիւնը հիմքեր չի տալիս որեւէ էական փոփոխութիւն նկատելու թուրք-ազրպէյճանական դաշինքում Վրաստանի ներգրաւման ընթացքի հարցում:

Այսպէս, 2012թ. դեկտեմբերի 26-ին Պ. Իվանիշվիլին Պաքու կատարած պաշտօնական այցի շրջանակներում յայտարարեց. «Ես որոշեցի իմ առաջին այցը կատարել Ազրպէյճան, քանի որ մեր յարաբերութիւնները պատմականօրէն բարեկամական են: Մեր նպատակն է խորացնել յարաբերութիւնները, հասցնել այն մակարդակին, որ միջազգային ատեաններում մշտապէս հաշուի առնուեն ընդհանուր դիրքորոշումները: Մենք կ՛անենք ամէն բան մեր յարաբերութիւններն աւելի ամրապնդելու համար»:

Ուշագրաւ է վրաց-ազրպէյճանական տարբեր ոլորտների համագործակցութեան խնդիրների շրջանակը. Ազրպէյճան-Վրաստան ճանապարհների կառուցման աշխուժ ընթացքի ապահովում, Վրաստանում պարարտանիւթերի գործարան կառուցելու ազրպէյճանական նախագիծ, Ազրպէյճանից գնուող ելեկտրականութեան քանակը մեծացնելու Վրաստանի մտադրութիւն, «Ազրպէյճան-Վրաստան-Թուրքիա ուժանիւթային կամուրջ» նախագծի շրջանակներն ընդլայնելու եւ ազրպէյճանական ելեկտրականութիւնը Վրաստանի եւ Թուրքիայի միջոցով Յունաստան եւ Պուլկարիա արտահանելու, ռազմական ենթակառոյցներում համագործակցութիւնն էլ աւելի խորացնելու հարցեր: Դժուար չէ նկատել նշեալ խնդիրների ռազմավարական նշանակութիւնն ու բնոյթը: Ինչ վերաբերում է Վրաստան-Ռուսաստան յարաբերութիւնների հնարաւոր բարելաւմանը, ապա հարկ է նշել, որ այս ոլորտում զգալի փոփոխութիւններ դեռեւս չեն նկատուել:

Վերոյիշեալ փաստերը վկայում են, որ Վրաստանում իշխանութեան եկած նոր քաղաքական ուժը գործնականում շարունակում է Թուրքիա-Ազրպէյճան-Վրաստան յարաբերութիւնների խորացման գործընթացը:

Այսպիսով, կարելի է կատարել հետեւեալ հաստատումները.

ա.- Թուրքիան եւ Ազրպէյճանը վարում են Վրաստանի հանդէպ քաղաքական ու տնտեսական վերահսկման լծակներ ու մեքանիզմներ ստեղծելու աստիճանական եւ նպատակաուղղուած քաղաքականութիւն:

բ.- Ներկայ ժամանակահատուածում Վրաստանը շարունակում է ընթանալ Թուրքիա-Ազրպէյճան ռազմաքաղաքական դաշինքում ընդգրկուելու ճանապարհով:

գ.- Սամցխէ-Ջաւախքում թուրքական տարրի գերակայութեան պարագայում Թուրքիա-Ազրպէյճան դաշինքը վերահսկողութիւն կը հաստատի Սամցխէ-Ջաւախքի եւ Քուեմօ-Քարթլիի տարածքում:

Հիմք ընդունելով վերոնշեալը` կարելի է անել նաեւ հետեւեալ եզրայանգումը. ընթացիկ գործընթացների արդիւնքում, առաւելագոյնը միջնաժամկէտ հեռանկարում, Վրաստանը կը յայտնուի Թուրքիա-Ազրպէյճան դաշինքի ամբողջական ազդեցութեան գօտում եւ վերահսկողութեան ներքոյ: Հետեւութիւնը կարող է լինել մէկը` զարգացումների նման ընթացքը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգութեանը:

ԼԻԱ ԷՎՈՅԵԱՆ
ՀՀ ԳԱԱ արեւելագիտութեան
ինստիտուտի հայցորդ

«Գլոբուս» վերլուծական հանդէս,
թիւ 3, 2013

Share this Article
CATEGORIES