«Եթէ Կեանքդ Հոտած Է, Ուրեմն Դու Ես Պատճառը»

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Սան Ֆրանսիսքոյում բնակուող տիկին Սրբուկի հետ ծանօթացայ պատահաբար: Նա իր ամուսնու` պարոն Ժիրայրի հետ պատրաստւում էր գնալ Խարբերդի մասնագիտացուած մանկատուն: Հիւրանոցի նախասրահում զրուցում էինք,  տիկին Սրբուկի մեղմ ժպիտի մէջ աւելի խորն էր ընդգծւում նրա հոգու նրբութիւնը: Այդ ժամանակ էլ իմացայ, որ տիկին Սրբուկն ու պարոն Ժիրայրը մանկատան սաների համար այս տարի կառուցել են լողաւազան, իսկ մնացած բարի գործերի մասին նրանք գերադասեցին լռել: Խարբերդ   ճանապարհուելուց առաջ տիկին Սրբուկը խնդրեց մեքենան կանգնեցնել անուշեղէնի խանութի մօտ: Մի քանի վայրկեան անց ամուսինները խանութից դուրս եկան անուշեղէնով լի տոպրակներով: Խարբերդ տանող ճանապարհին մի տեսակ լռութիւն էր իջել:

Խարբերդի մասնագիտացուած  մանկատան Գոհարը, ով տեսողութեան խնդիր ունի, հեռուից լսելով մեր ձայները` մօտեցաւ մեզ: «Մամայիս եմ սպասում, բայց չի գալիս, որ ինձ տանի: Նեղացել եմ իրենից», ասաց Գոհարը, ում սովորած միակ բանաստեղծութիւնը նուիրուած է մօրը: Գոհարի հետ զրոյցից յետոյ տիկին Սրբուկի աչքերը թացացել էին, իսկ յետոյ չկարողացաւ զսպել արցունքները: Գոհարի համար անհասկանալի էին կնոջ արցունքները, ինչպէս նաեւ` այն մշտարթուն հարցը, թէ ինչո՞ւ իր մայրը չի այցելում իրեն: Մանկատան սաներից Համլեթն էլ մեզ ուղեկցեց դէպի խեցեգործութեան սրահ: Նրա աչքերի անկիւններում թաքնուած թախիծը մեզ ժպտաց, յետոյ նա իր աշխատանքներից մի քանիսը վերցնելով` նուիրեց մեզ… Համլեթի բարի աչքերը դարձեալ ժպտացին… Մանկատան արեւոտ բակում էլ հրաժեշտ տուեցինք այդ մեծ տան բնակիչներին:

Դրանից օրեր անց մենք դարձեալ հանդիպեցինք, եւ օգտուելով առիթից` տիկին Սրբուկին խնդրեցի հարցազրոյց տալ: Մինչ այդ զգում էի, որ իմ առջեւ փորձութիւններ, դժուարութիւններ յաղթահարած եւ միեւնոյն ժամանակ ուժեղ կին է նստել: Ուզում էի հասկանալ այդպիսի անհատականութիւնների ուժի բանաձեւը… Նշեմ նաեւ, որ տիկին Սրբուկը Լիբանանի պասքեթպոլի աղջիկների հաւաքականի  խմբապետն է եղել, ինչպէս նաեւ` Լիբանանի ՀՄԸՄ-ի պասքեթպոլի աղջիկների հաւաքականի խմբապետը:

Ուժի Բանաձեւը

Հիւրասենեակի նախասրահում տիկին Սրբուկը` Սրբուկ Օհանեան-Սրագսեանը, իր կեանքի պատմութիւնն սկսեց Լիբանանից Ափրիկէ տեղափոխուելուց: Այստեղից, սակայն, տարիներ յետոյ տեղափոխուել են Միացեալ Նահանգներ, Նիւ Եորք: Նիւ Եորքում նրանք չյարմարուեցին կլիմայական պայմաններին: Տիկին Սրբուկի ասելով` ֆինանսական միջոցներ չունենալու դէպքում` Նիւ Եորքի կեանքը դառնում է «շան կեանք» մարդու համար: Շատ կարճ ժամանակ յետոյ նրանք հաստատւում են Սան Ֆրանսիսքոյում: Այստեղ էլ նրանք սկսում են զրոյից ստեղծել ամէն բան:

Տիկին Սրբուկը յուզմունքով է վերյիշում այդ օրերը: Ասում է` նոյնիսկ ամենապարզ պարագաների համար ստիպուած էր լինում դիմել հարեւանուհուն: Սակայն այսօր իմ դիմաց նստած էր մի կին, ով անհաւանական ուժեղ է: Հետեւաբար նրանից հետաքրքրուեցի, թէ ի՞նչն էր նրան ոգեշնչում  ուժեղ լինել անգամ այդ դժուար օրերին: «Ուրիշ ճար չունէինք` կա՛մ մուրացկան պիտի լինէինք, կա՛մ զօրաւոր աշխատանքի պիտի լծուէինք: Ամուսինս ոսկերիչ լինելով` անմիջապէս պզտիկ տեղ մը առաւ եւ սկսեց շուկային մարդոց աշխատիլ, բայց ատիկա ալ բաւարար չէր` երեք երեխայ ունեցող ընտանիքի համար, դա կաթիլ-կաթիլ բան էր: Եւ ես իրեն ասացի` ես հոս եմ եւ մենք պէտք է աւելին անէինք, շատ աւելի աւելին: Ինչ գոհարեղէն ունէինք, կորցրել էի: Ասում էի` կորցրած մատանիի աւելի մեծը պիտի առնենք, այսպէս ես ինձ լաւատեսութիւն էի հաղորդում», ասաց տիկին Սրբուկը: Նա եղել է Լիբանանի ՀՄԸՄ-ի պասքեթպոլի հաւաքականի խմբապետը:

Կեանքի դժուարին օրերին նրան օգնել է պասքեթպոլից եկած նպատակասլացութիւնը:  «Պասքեթպոլի ժամանակ խաղացողը նայում է զամբիւղին եւ ամբողջ խաղի ընթացքում ձգտում է, որ գնդակը նետի այդ զամբիւղի մէջ: Կեանքում էլ այդպէս է` նպատակ պէտք է ունենալ եւ ձգտել դէպի այդ նպատակը», նշեց տիկին Սրբուկը` աւելացնելով. «Բան մը չունէինք, բայց հաւատք ունէինք»: Եւ, թերեւս, իրենց հաւատի շնորհիւ` նրանք կարողանում են յաղթահարել այդ ծանր օրերը: Նոյնիսկ այդ օրերին նրանք իրենց վերջին դրամը նուիրատուութեան էին տալիս: Տիկին Սրբուկը վերյիշեց, որ այդ օրերին Միացեալ Նահանգներ էր եկել Գարեգին վեհափառը, եւ ինքը ամուսնուն ասել էր, որ յաջորդ անգամ պէտք է այնպիսի տուն կառուցեն, որ արժանի լինի վեհափառի ընդունելութեան համար: Դա ի կատար է ածւում, եւ տիկին Սրբուկի ընտանիքն իր տանը հիւրընկալում է  վեհափառին: «Ինձ հետ մի բան է պատահում, երբ ես տալիս եմ, Աստուած ինձ աւելին է տալիս: Երբ ես մէկին բարիք էի գործում, Աստուած երեք անգամ աւելին էր տալիս: Մեր սպասածից մեզ շատ աւելին տուեց», ասաց տիկին Սրբուկը: «Իսկ ի՞նչ է կեանքը», հարցրեցի նրան: «Կեանքը կախում ունի, թէ ինչպէ՞ս ես պատկերացնում այն, բայց պէտք է ունենաս հաւատք: Դա ամենակարեւորն է», պատասխանեց նա, ում խօսքով` այդ դժուարին օրերը իրեն աւելի ուժեղ են դարձրել: Ասում է, որ եթէ իր մեծ մայրերը, որ այն ժամանակ աւելի շատ կենցաղային խնդիրներ ունէին, յաղթահարել են փորձութիւնները, ապա ինքը եւ իր հետագայ սերունդն աւելի հեշտութեամբ կարող են յաղթահարել:

«Առած կայ, որն ինձ համար ականջի օղ է եղել: Թռչուն կար, որը բոյն էր սարքում, յետոյ ապրում այնտեղ, նորից մէկ այլ տեղ բոյն էր սարքում, ապրում էր այնտեղ: Երբ նրան հարցնում են, թէ ինչո՞ւ է այդքան բոյն սարքում, պատասխանում է, որ այդ բոյնը հոտում է: Մի օր էլ անդրադառնում է, որ ոչ թէ բոյնն է հոտում, այլ ինքն է հոտում: Դրա համար էլ մարդ պէտք է չայպանի ուրիշներին, եթէ կեանքդ հոտած է, ուրեմն դու ես պատճառը: Ինքնաքննադատ պէտք է լինել», նշեց տիկին Սրբուկը, ում հրաժեշտ տուեցի` կրկին հանդիպելու ակնկալիքով:

Երեւան – Պէյրութ

 

Share this Article
CATEGORIES