Վէպ` Համաշխարհային Մարմնավաճառութեան «Զոհ» Դարձած 16-ամեայ Հայուհու Ճակատագրի Մասին
ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
«Վահանը նոր գիրք է գրել»: Այս մասին ասաց ծանօթներիցս մէկը, ով իր հիացմունքը չքողարկելով` աւելացրեց. «Այս անգամ վէպ է գրել»: Վահան Զանոյեանի բանաստեղծութիւնները կարդացել էի դեռեւս տարիներ առաջ, որոնք, կարծես, յիշեցնում են նուրբ զգացմունքների ասեղնագործութիւններ:
Երեւանի Հիւսիսային պողոտայում սպասում էի բանաստեղծ Զանոյեանին (ով, թերեւս, կ՛առարկի իմ այս գնահատականին): Մինչ նրա հետ հանդիպելը մտածում էի, թէ այդ ի՞նչ վէպ է գրել, որ այդչափ հիացմունք է առաջացրել: Քիչ անց Վ. Զանոյեանը եկաւ` գիրքը ձեռքին: Նրա հայեացքը խաղաղ էր, որի տակ, ասես, թաքնուել էր աշխատանքի արդիւնքից գոհունակութիւնը: Անհամբերութեամբ նրան դիմեցի, որպէսզի գիրքը վերցնեմ: «Հեռաւոր մի տեղ»: Սա գրքի վերնագիրն է, որը հետաքրքրութիւն առաջացրեց: Այն վերլուծելով` չհասկացայ, թէ ինչպէ՞ս հասանք սրճարան: Երեւանեան առաւօտը թարմ էր, սուրճը դառը եւ արթնացնող: «Ինչո՞ւ հեռաւոր մի տեղ… որտե՞ղ…», անմիջապէս հարցրեցի Վ. Զանոյեանին: Նա անշտապ սկսեց պատասխանել: «Որոշ ակնարկներ կան: Վէպի հերոսներից մէկն ասում է, որ ինքը շատ է սիրում հեռաւոր տեղերը, Հայաստանի գիւղերն է գնում, հեռու տեղերից ընկերներ է սիրում ունենալ եւ այլն, եւ այլն… Դրա համար խորագիրն այդպէս որոշեցի անուանել: Դա մէկ տեղի մասին չէ: Թէեւ կան հեռաւոր գիւղեր, հեռաւոր տեղեր, բայց դա մէկ տեղի կացութեան մասին չէ: Դա առօրեայից հեռու, քիչ պահպանուող կացութիւնների, տեղերի մասին է», նշեց Վ. Զանոյեանը: «Ինչո՞ւ որոշեցիք վէպ գրել: Ասելիքը շա՞տ էր», հարցրեցի նրան: «Վէպի ձեւով գրեցի, որովհետեւ մի շատ բարդ պատմութիւն է: Մեր իրականութեան մէջ պատահած մի շատ դժուար իրողութիւն է: Մենք` հայերս, ընդհանրապէս չենք սիրում խօսել այս տեսակի նիւթերի մասին` ե՛ւ համայնքի մէջ, ե՛ւ դրսում. կա՛մ ամաչում ենք, կա՛մ էլ մոռանում ենք, թէ նման բաներ կարող են պատահել հայերի հետ` մտածելով, որ այս տեսակ բաները կարող են պատահել ֆրանսացիների, անգլիացիների եւ միւս ազգերի հետ, բացի հայերից», ասաց զրուցակիցս:
Նրա պատմելով` ինքն առաջին անգամ պատահմամբ հանդիպել է սեռական շահագործման ենթարկուող զոհերից մէկին: Դա Տուպայի հիւրանոցներից մէկում էր, որտեղ Վ. Զանոյեանը գործնական հանդիպում ունէր: «Այդ ժամանակ յանկարծ հեռւում հայերէն լսեցի, վեր կացայ տեղիցս եւ գնացի այդ ձայնի ուղղութեամբ: Հարցրեցի, թէ հա՞յ է, ասաց` այո: Երիտասարդ աղջիկ էր, ով պատմեց, որ իր կամքին հակառակ բերել են Տուպայ: Նա չէր ցանկանում խօսել այդ մասին: Նրա պոսերը սարսափելի ծեծի էին ենթարկել նրան, վախեցրել էին եւ զգուշացրել էին, որ ոչ մէկի հետ պէտք է չխօսի իր մասին: Նա վտանգի մէջ էր գտնւում: Այդ ժամանակ դա մղձաւանջի վերածուեց ինձ համար: Երբ եկայ Հայաստան, սկսեցի փնտռել այն վայրերը, որոնց մասին նա պատմել էր», պատմեց Վ. Զանոյեանը, ով այդ նիւթի համար հանդիպել էր նաեւ «Հետք» ելեկտրոնային կայքի խմբագիր Էդիկ Բաղդասարեանի հետ, որը այդ թեմայով հետաքննութիւն էր արել:
Զրուցակցիս պատմելով` ինքը խօսել է 12 տարբեր աղջիկների հետ, լսել նրանց պատմութիւնները, իսկ վէպում տեղ գտած պատմութիւնն ամբողջական է, խտացուած է, եւ այն տարբեր մարդկանց կեանքի պատմութիւնն է: «Ես հազար ու մի բան եմ խառնել այդ պատմութեան մէջ, նոյնիսկ իմ ընտանիքի պատմութեան մի մասն եմ խառնել դրա մէջ: Այնտեղ կայ Արաքսի տատիկ, որն իմ մօրաքոյրն է, սակայն ես միացրել եմ ամէն բան», ընդգծեց նա: Վէպը գրուել է անգլերէնով, որը թարգմանուել է նաեւ հայերէն: Վ. Զանոյեանի խօսքով` վէպը անգլերէնով գրելը նպատակ է ունեցել` հետագայում այն շարժանկարի վերածելու համար: «Մի բանում համոզուած եմ` այս երեւոյթի հանդէպ լուռ մնալը քաջալերում է երեւոյթը», նկատեց զրուցակիցս:
Վէպը 16-ամեայ մի աղջկայ մասին է, ում խաբելով հասցրել էին Տուպայ` սեռական շահագործման ենթարկելով նրան: Ցաւօք, այս երեւոյթն արդէն արմատացած է մեզանում, եւ այս ցանցի «զոհերը» հիմնականում Հայաստանի հեռաւոր գիւղերից են, ընկերային անապահով ընտանիքներից: Նրանցից ոմանց մարմնավաճառութեան առեւտրի մէջ ներգրաւել են հակառակ իրենց կամքի, խաբելով: Ոմանց ասել են, թէ Յունաստան են տանում նարինջ հաւաքելու, ոմանց` այլ «հեքիաթներ» են պատմել: Սակայն ցանցում «յայտնուելու» ամենամեծ վտանգը այն է, որ այնտեղից դուրս գալը գրեթէ անհնարին է: Զրուցակցիս ասելով` այս երեւոյթի մասին լսել էր դեռեւս 2004 թ., եւ այդ ժամանակ ասում էին, որ 300-400 հայ աղջիկներ գտնւում են Տուպայի բանտերում, ովքեր մեղադրուել էին մարմնավաճառութեան մէջ: «Ես սրա մասնագէտը չեմ, բայց կարող եմ ասել, որ սրա գործօններից մէկը աղքատութիւնն է: Չնայած` ասեմ, որ շատ աւելի աղքատ մարդիկ ամօթի աւելի շատ զգացում ունեն, քան հարուստները, բայց թշուառ, անելանելի վիճակն առիթ է տալիս մտածել, ելք գտնել: Երկրորդ` դա միջազգային հսկայ ցանց է, եւ երրորդ` դաստիարակութեան հարց է», նկատեց նա` աւելացնելով, որ ինքը շարունակելու է հետաքրքրուել այդ «զոհերի» ճակատագրով, եւ առաջիկայ նպատակներից մէկը` վէպի երկրորդ մասի ստեղծումն է…
Երեւան-Պէյրութ

