Արմէն Ռուստամեան Յանցագործ Աշխարհի Յայտնի Մեթոտի Կիրարկման Վտանգ Կը Տեսնէ
ԱԳՆԵՍԱ ԽԱՄՈՅԵԱՆ
Գորիսի մէջ տեղի ունեցած սպանութեան դէպքին առնչութեամբ «Երկիր» հարցազրոյց մը ունեցաւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանի հետ:
Ստորեւ կը ներկայացնենք «Երկիր»-ի կայքէջին կատարած հարցազրոյցը:
ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն Ռուստամեան, Գորիսում հնչած կրակոցները երկրում ստեղծուած անպատժելիութեան արդիւնքն են: Ձեր գնահատականը այդ միջադէպին:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Բնականաբար, դեռ քննութիւնն ընթացքի մէջ է, բայց ակնյայտ է, որ Հայաստանում առկայ այս ինքնավերարտադրման համակարգում կան մարզեր, որոնք ամենաաչքի ընկած մարզերն են այդ գործընթացում` ապահովել են իշխանութիւնների պահպանումը, վերարտադրումը, եւ Սիւնիքի մարզն այս առումով իշխանութեան յենասիւներից է: Սիւնիքի մարզում անձեռնմխելիութեան մի վիճակ կայ` կապուած ղեկավարութեան հետ, եւ բնականաբար, առաջին անգամը չէ, որ նման բաներ ենք լսում: Վարչապետը հէնց առաջին օրը երբ ստանձնում էր իր պարտականութիւնները, փորձ արեց կարգուկանոն հաստատել այդ մարզում, բայց չստացուեց, յետոյ պարզուեց, որ ամէն ինչ լաւ է, ամէն ինչ հարթ ու հանգիստ է, որեւէ խնդիր գոյութիւն չունի, եւ փակուեց այդ խօսակցութիւնը: Դրան հետեւեցին բազմաթիւ այլ դէպքեր` կապուած Սիւնիքի մարզպետի անուան հետ, յետոյ այնպէս ստացուեց, որ ի զուր տեղը մեղադրում են ամենաարդար եւ իր ժողովրդի կողմից սիրուած ղեկավարին:
Երբ երկրում չկայ արդար դատարան, դատաստան իրականացնելու հնարաւորութիւն, ինքնադատաստանն է սկսում գործել, սա էլ այս նոյն վերաարտադրման համակարգի միւս երեսն է, երբ մարդիկ ստիպուած են իրենց հարցերը լուծել սեփական միջոցներով` կարող ես, արա, չես կարող` մի արա, սա յանցագործ աշխարհին բնորոշ գործելաոճ է: Այս համակարգի տուած դառը պտուղներն են, որ մենք անընդհատ տեսնում ենք, եւ չի երեւում սրա վերջը, քանի դեռ իսկապէս չի ստեղծուել արդարադատութեան իրական համակարգ, դատական համակարգ, որ մարդիկ իրենց խնդիրները լուծեն օրինական ճանապարհով: Սրա վերջը չի երեւում…
Հ.- Ակնյայտ է, որ այս հարցում էլ կայացուելու է նախ քաղաքական որոշում: Հիմա երբ չկան ընտրութիւններ, եւ չկայ ինչ որ բան ցոյց տալու անհրաժեշտութիւն, Հանրապետութեան նախագահը մեղմ ասած, գոնէ այս անգամ «կը զոհաբերի՞», իր համար միշտ ձայներ ապահովող Սուրէն Խաչատրեանին:
Պ.- Ես բազմիցս ասել եմ, որ նախագահների երկրորդ ժամկէտը ճիշդ կը լինի եւ խօսք կայ, որ պէտք է աշխատեն պատմութեան համար: Առաջին ժամկէտն աշխատում են իրենց համար, երկրորդ` գոնէ պէտք է աշխատեն պատմութեան համար: Եւ այսօր իսկապէս կայ բացառիկ հնարաւորութիւն շատ արագ կարգ ու կանոն հաստատել եւ դա մեծ ջանքեր չի պահանջում, մեր երկիրը փոքր է, պէտք է մի կարմիր գիծ քաշել եւ առաջին հերթին իր մերձաւորներին ասել, որ այսուհետեւ ով կարգը, օրէնքը խախտեց բոլորի նման հաւասար պատասխան է տալու եւ դա իրականացուի համապատասխան պահից սկսած: Այսօր էլ այդ կարմիր գիծը քաշուի եւ իրականացուի, վստահ եմ ամէն ինչ կը նստի իր տեղը: Բայց եթէ մարդիկ գիտեն, որ անպատժելիութեան պսակ ունեն եւ անձեռնմխելիութեան դաշտ, հնարաւորութիւն` ամէն ինչ էլ կարող են իրենց թոյլ տալ: Օրէնքը գործում է այնտեղ, որտեղ օրէնքը խախտելու դէպքում անվերապահ պատիժ կայ, եթէ դա գոյութիւն չունի, օրէնքներն անիմաստ են:
Հ.- Պրն Ռուստամեան, ի՞նչ էք կարծում, այդուհանդերձ, Սուրէն Խաչատրեանի անպատժելիութեան այդ պսակը կ՛իջեցնե՞ն:
Պ.- Դրա հետ կապուած չեմ տեսնում վճռականութիւն եւ նման հարցադրում օրակարգում չեմ տեսնում: Բայց ես յոյս ունեմ, որ կ՛ընկալուի` այսպէս շարունակել հնարաւոր չէ: Բնականաբար ընտրութիւնները հեռու են, բայց չպէտք է դրանով հանգստանալ, որովհետեւ այնպիսի արտակարգ իրավիճակներ կարող են առաջանալ, որ չէինք էլ սպասում` թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին մարտահրաւէրների արդիւնքում:
Հ.- Պրն Ռուստամեան, հաշուի առնելով այն հանգամանքը, որ կողմերից մէկը այս էլ քանիերորդ անգամ հայոց բանակի սպայ է, հնարաւո՞ր է յատկապէս այս գործօնը իրավիճակը պայթունավտանգ դարձնի:
Պ.- Գիտէք, ինքնադատաստանի ելնում է այն խաւը, որը չի որոշում արտագաղթի, այլ` իր հարցերն, այդուամենայնիւ, իր երկրում լուծի: Դրա լուծման ճանապարհը չի տեսնում օրինական ձեւով եւ փորձում է լուծումները գտնել իր սեփական հնարաւորութիւններով, միջոցներով, այստեղ է, որ մեծ խնդիր ունենք, որովհետեւ եթէ այս հոգեբանութիւնը խորացաւ կը գործի յանցագործ աշխարհի յայտնի մեթոտը` կարում եմ, անում եմ, մի դժգոհի, որ ինչ որ բան չունես, չես կարում` չես ունենում, ես կարում եմ` ունենում եմ:
yerkir.am

