ՆՈՐ «ՈՒՂԵՐՁ». ԻԳԴԻՐԻՑ` ԲԱՂՐԱՄԵԱՆ 26. ՈՐՔԱՆ ԵՐԵՒԱՆԸ ՇՈՒՏ ԴՈՒՐՍ ԳԱՅ ԹՈՒՐՔԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ, ԱՅՆՔԱՆ ԼԱՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ
Յունիսի 12-ին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրութիւններ: Վերջին 34 տարիների ընթացքում սրանք առաջին խորհրդարանական ընտրութիւններն են, որոնք արտահերթ չեն: 2002 թուականից ի վեր Թուրքիայում իշխանութեան է եկել չափաւոր իսլամամէտ Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը, որն այս ընտրութիւններում եւս յաւակնում է ապահովել քուէների այնպիսի մասնաբաժին, որը նրան հնարաւորութիւն կը տայ կազմել միակուսակցական կառավարութիւն:
Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը արդէն սկսել է իր նախընտրական արշաւը. արտաքին գործերի նախարար Ահմեթ Տաւութօղլուն նախորդ օրերին այցելել էր իր ծննդավայրը` Թուրքիայի կենտրոնական Գոնիայի նահանգ, իսկ վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանը` Իգդիր, շրջան, որ միայն վերջին թուրք (քեմալական)- հայկական պատերազմի արդիւնքներով եւ 1921թ. Կարսի պայմանագրով անցաւ թուրքերին:
Հայաստանի Առաջին Հանրապետութեան մաս կազմող Իգդիրի շրջանը, այն ժամանակ` Սուրմալուի գաւառ, սահմանակից է այսօրուայ Հայաստանին ու Ազրպէյճանին` Նախիջեւանի միջոցով: Հէնց այս շրջանում է գտնւում Թուրքիա-Հայաստան ցամաքային երկու սահմանադռներից մէկը` Ալիճան-Մարգարեան: Իգդիրի շրջանը Թուրքիայի միւս նահանգների շարքում տրամադրուածութեամբ ամենահակահայկականն է, որի պատճառներից մէկն էլ բնակչութեան կազմն է. Իգդիրում կէսից աւելին ազրպէյճանցիներ են, որոնց 1990-ից յետոյ աւելացել են եւս մի քանի տասնեակ հազար ազրպէյճանցիներ Նախիջեւանից:
Վարչապետ էրտողանը ֆութպոլային դիւանագիտութիւնից առաջ, ընթացքում եւ յետոյ տասնեակ անգամներ ամենակոշտ յայտարարութիւններ է արել Հայաստանի ու հայութեան հասցէին` ընդգծելով, որ Թուրքիան սահմանը չի բացի, քանի դեռ ղարաբաղեան հարցում չկայ առաջընթաց: Մայիսի առաջին օրը Իգդիրում Էրտողանի արած յայտարարութիւնները, նաեւ տարածութեան առումով, պիտի որ առաւել լսելի լինէին Բաղրամեան 26-ում` Հայաստանի նախագահական նստավայրում:
Էրտողանը Իգդիրում հաւաքաւած ամբոխին ասել է, որ քանի դեռ ղարաբաղեան հարցը չի լուծուել, Հայաստանի հետ հաշտեցումն անհնար է. «Այստեղից եւս մէկ անգամ ասում եմ. առանց Ղարաբաղի խնդրի կարգաւորման, Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման մասին խօսք չկայ: Սկզբից ի վեր մենք կանգնած ենք եղել Ազրպէյճանի թիկունքում եւ շարունակելու ենք կանգնել: Ղարաբաղը նաեւ մեր խնդիրն է»:
Եթէ չլինէին Էրտողանի նախկին տասնեակ հակահայ ու ազրպէյճանանպաստ յայտարարութիւնները, ապա գուցէ Իգդիրում նրա ասածները կարելի էր ընկալել որպէս նախընտրական քարոզչութեան մաս, թէեւ հայատեացութիւնը Թուրքիայի ներքաղաքական պայքարում գործածելը ինքնին յատկանշական է:
Հայ-թուրքական «ֆութպոլային դիւանագիտութեանը» աջակցող երկրները, միջազգային կազմակերպութիւնները եւ հասարակական կազմակերպութիւնները, այդ թւում` հայաստանեան, յոյս են տածում, թէ Թուրքիայում խորհրդարանական ընտրութիւններից եւ դրանցում իշխող կուսակցութեան յաղթանակից յետոյ հնարաւոր կը լինի շարունակել ընդհատուած գործընթացը:
Չի բացառւում, որ ընտրութիւններից յետոյ սկսուի «ֆութպոլային դիւանագիտութեան» երկրորդ խաղակէսը, բայց դա երաշխիք չէ, որ Անգարան կը վաւերացնի առնուազն երկու նախապայման պարունակող եւ խորքի մէջ հայկական կողմի համար անընդունելի արձանագրութիւններն ու վերջ կը տայ Հայաստանի շրջափակումը: Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը խորհրդարանում ունէր որակական մեծամասնութիւն եւ ցանկութեան դէպքում կարող էր վաւերացնել արձանագրութիւնները:
Հայաստանի ղեկավարութիւնը շարունակում է ներգրաւուած մնալ հայ-թուրքական գործընթացում: Ճիշդ է, արդէն մէկ տարի Երեւանը սառեցրել է գործընթացը, սակայն նոյնիսկ այդ պայմաններում օգուտները քաղում է Թուրքիան` միջազգայնօրէն տպաւորութիւն ստեղծելով, թէ գործընթացը շարունակւում է, հետեւաբար` Հայոց ցեղասպանութեան ճանաչման օրինագծերով չի կարելի տապալել այն:
Որքան Երեւանը շուտ դուրս գայ Թուրքիա-Հայաստան գործընթացից, այնքան լաւ Հայաստանի ու հայ-թուրքական յարաբերութիւնների ապագայի համար: Հայկական կողմը, վերջին անգամ` անցնող շաբաթավերջին արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանի շուրթերով, բազմիցս յայտարարել է, թէ հայ-թուրքական գործընթացում միջազգային հանրութիւնը պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումը: Անկասկած, պաշտպանում է, սակայն հայ-թուրքական յարաբերութիւններում եւ Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցում Միացեալ Նահանգների ու Հայաստանի կամ Եւրոպայի ու Հայաստանի օրակարգերը նոյնը չեն: Եթէ հայ-թուրքական յարաբերութիւններում ստեղծուած վիճակը լաւ է Միացեալ Նահանգների ու Եւրոպայի համար, ապա դա չի նշանակում, որ լաւ է նաեւ Հայաստանի համար:
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Յատուկ «Ազդակ»ի համար