Արմէն-Հայ, Քու Մայր Հայաստանի Անկախութեան Տարեդարձն Է
ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ
Այսօր տօն է ցնծութեան, տօն է հայու դիմադրական ոգու փառաբանման, տօն է յաղթական ճակատամարտի, տօն է հայոց աշխարհի վրայ ծիածանացած անկախութեան: Տարին էր 1918, ամիսը` մայիս, գարուն էր հագել հայոց աշխարհը, նրա մեղմանուշ հովիկներն էին եկել համբուրելու շէներն հայրենի, հայոց լեռների ձիւնոտ ջուրն էր երգելով վազում, արմէն-հայերի հոգիների տաճարների ատրուշաններում վառւում էր նախնիների պատերազմի ու յաղթանակի աստուած` Վահագնի ոգու կրակը: Արեւն իր վարսերով գրկել էր երկիրն հայոց, ծաղկունքի ծիածան կապել հայոց լեռների լանջերին: Տասնութ դարեր առաջ, չորս հարիւր յիսուն մէկ թուականին, դարձեալ մայիսին, «Մամիկոնեանենց» Վարդանը, նախարարներն հայոց վասն հայրենեաց ու վասն հաւատքի ճակատամարտ էին մղել հզօր տիրակալի դէմ, պարտուել էին, սակայն ոգեղէն հաւատքի յաղթանակի փառաւորում էր եղել: Անցորդները պատմում են, որ իւրաքանչիւր մայիսին այդ դաշտում նահատակների սրտերից ճառագած սպիտակ շուշաններ են ժպտում, գիշերները լուսնեակը այցի գալիս, սպիտակ անուշ դէմքը ցօղում նրանց լոյսով:
Դարձեալ մայիս, հայոց բանակն ու կամաւորական գնդերը վռնտում էին թաթարներին հայոց արեւելեան կողմն աշխարհից, արեւին գրկած կրակ գոյներով հայոց դրօշը ազատութեան ծիածան փռել ազատագրուած շէների վրայ: Մայիսի 9-ի լոյս առաւօտին հայոց զօրքը, կամաւորական ջոկատները գրոհում էին բարձունքները գերեվարուած Շուշիի, կրակ տեղում, սրտերի վրէժի հուրը ժայթքում թշնամու վրայ: Առաւօտ, արեգակն արդար իր լոյսի առաջին շողերով գրկել էր զէնքերը հայոց, յաղթանակի ցնծութեան ջահեր վառում մարտիկների սրտերին: Փախաւ թաթարը, դեռ պիտի փախչէր, պիտի վռնտէին նրան շատ հեռուներ` մինչեւ Մայր Արաքս, իրենց զէնքերը հովացնելու նրա պաղ ջրերում: Չթողեցին հայոց զինուորին հասնելու Կուր գետ, որի միւս ափից ազնուազարմ Արտաշէս հայկազուն արքան, ալան Սաթենիկի մէջքն օղակելով, հայոց աշխարհին թագուհի էր բերել:
Աշխարհի պատերազմն էր Եւրոպայում մոլեգնել: Ռուսաց թագաւորի զօրքը, զինուոր դարձած հայ շինականների հետ արշաւում էր դէպի Հայքեր, Վասպուրական, Տուշպա-Վան, նրա Այգեստանում կռուի ելած արմէն-հայերին օգնութեան փութալու, Վանայ-Բզնունեաց ծովի ջրերից պայթած կղզեակի տաճարում հայոց զէնքի փառքին աղօթք մրմնջալու, նրա որմերի քարերին դրոշմած խաչերը գգուելու, քարացած Գագիկ արքայի արցունքները սրբելու: Սասունի Մհերը Տուշպայի միջնաբերդի ժայռէ դուռը չէ՞ր պատռելու, որ դուրս պոռթկար լոյսին, արեւը նետէր թշնամու վրայ: Հայոց կռուի Վահագն` քաջերի քաջ դիւցազուն Անդրանիկ փաշան Դիլմանում ջախջախեց թուրքի բազմահազարանոց զօրաբանակը,ռուսի հետ յաղթական մուտք գործեց Տուշպա-Վան: Այնտեղի Այգեստանում, հայերը ծաղկազարդ ծառերը որպէս զէնքեր գրկած` կենաց կռիւ էին տալիս թշնամուն: Զինուոր դարձած ռուս շէկլիկ տղաներ,հայ կամաւոր մարտիկներ գրկեցին նրանց, փառաբանեցին նրանց դիմադրութեան ոգին: Արեւմտեան կողմը հայոց աշխարհի լեռներին ու դաշտերին ազատութեան լոյս էր շողում:
Տապալել էին ռուսի թագաւորի իշխանութիւնը, սպաննել նրան: Իրենց տիրապետութեան յաղթանակի համար զիջել էին տարածքներ, զիջել էին ռուսի զինուորական յաղթանակների փառքը: Արեամբ նուաճած երկրներից տուն էր վերադառնում ռուս յաղթական զինուորը: Փլուել էր Արեւմտեան Հայաստանի ռազմաճակատը: Հայերը կազմաւորել էին երկրապահ զօրամաս` առանձին դիմագրաւելու թշնամուն: Խախտելով Անդրկովկասի կոմիսարիատի հետ կնքուած զինադադարի պայմանագիրը` թրքական բանակները արշաւում էին արեւելք` միանալու ցեղակից թաթարներին, ապա` դէպի Թուրան, հիմնելու արեւելքի իրենց ցնորածին պետութիւնը: Ներխուժել էին Արարատեան դաշտ, Սարդարապատի ու Բաշ Ապարանի վրայով սպառնում գրաւել Երեւանը: Նուաճողները սպաննել էին հայոց շէների անունները, դարձրել Սարդարապատ, Հոկտեմբերեան: Հայոց շէներում նորէն վառուել էին նախնիների իշխանների, դիւցազունների, իմաստունների, աստուածների լոյսը: Եւ հիմա Սարդարապատ աւանն ու դաշտը հայոց Արամայիս արքայի քաղաքամայր Արմաւիրն է:
Դուշմանի նախաձեռնած յարձակումը հայոց աշխարհի մայր ոստանին էր սպառնում, ողջակիզելու նաեւ արեւելեան կողմն հայոց աշխարհի շէների արեւորդիներին: Գարեգինը Յովսէփեան մայր տաճարի զանգերը հնչեց, հրամայեց նաեւ հայոց աշխարհի բոլոր տաճարների զանգերը ղօղանչել` կռուի կանչել հայերին: Նոր Աւարայր Մայր Արաքսի ափերին` յանուն ցեղին սրտի զարկերի, յանուն ցեղի սերմին, յանուն յաղթանակի: Վասպուրականի կառավարիչ` Արծրունեաց թագաւորութեան նորընծայ արքայ, առասպելական Արամ փաշա, նախախնամութիւնը նրան շնորհել էր Արարատեան դաշտում նաեւ գլխաւորելու հայոց պատերազմը: Զօրքին հայոց կռուի տարան Նազարբէկեան, Սիլիկեան, Փիրումեան զօրապետները: Հայոց աւերուած ոստանների` Զէյթունի քաջորդիները, Սասնայ ու Մշոյ լեռնականները, վասպուրականցիները, յոյն Շնէուրը զօրքով ու թնդանօթներով, եզիտի Ջհանկիր աղան հինգ հարիւր այրուձիով, ղարաբաղցի Փիրումեան զօրավարները իրենց լեռների դիւցազուններով ու մահապարտ գունդով, Արարատեան դաշտի ու Ապարանի զինուոր դարձած շինականները, իրենց զէնքի փառքին հաւատարիմ ռուս սպաներն ու զինուորները, երկրապահ զօրքն հայոց, մայիսի քսաներկուսին գրոհեցին դուշմանի դիրքերի վրայ: Նրանք մրրկածին գրոհայիններ էին, որոնք վրէժի կրակով պատռում էին թշնամու սրտերը, սրով եկածներին սրով զգետնում: Արմէն-հայերի հին աստուածներ` Միհրն ու Վահագն էին ելել հայոց քարէ սիրտ` արեգաճեմ Արարատ լերան դաշտ, արեգակից ու եղէգից յառնած բոցերը նետում թշնամու վրայ: Վահագնը, երկնակամարի ծիածանը պրկած որպէս աղեղ, ամպերում յառնած շանթերը որպէս նետեր էր տեղում դուշմանի զօրքի վրայ: Փլուել էին նրանց դիրքերը, դուշմանը խուճապահար փախչում էր: Ափսո՜ս որ ընդհատեցին յարձակման հեղեղը, թշնամու հետապնդումը կարող էր հասնել մինչեւ Կարսի բերդաքաղաք` նրա ամրոցում տօնելու յաղթանակի բերկրանքը, նրա հնամենի տաճարում փառաբանելու իրենց հին ու նոր աստուածներին:
Հայ արի մարդ, մի պահ փակիր ակներդ, անէացիր աշխարհից, զինուոր դարձած` քեզ տար այդ ճակատամարտի բոցերում դուշմանին կռիւ տալու: Արարատին որպէս վահան գրկած, Արագածի վրայ վառուող կանթեղը որպէս շանթ վեր պահած` պիտի տեսնես` հայերը ինչպէ՜ս էին գրոհում դուշմանին: Պիտի տեսնես` ինչպէ՜ս էին արեւը ցած բերել կռուի դաշտ, նրա կրակ ճառագայթներով այրում դուշմանի զէնքը, ոգին, ակները: Կռուի դաշտում պիտի տեսնես կարմիր վերարկուով հրամանատար Դանիէլ-Պէկ Փիրումեանին, արեւի ճառագայթները որպէս նիզակ պարզած հայոց զօրքը գրոհի տանում: Մտի՛ր Պօղոս Փիրումեանի մահապարտների գունդ, մա՛հ սփռիր քու առաջ, մենք շատ ենք մահ տեսել: Պիտի տեսնես` ինչպէ՜ս էին այրւում Մայր Արաքսի կամուրջները, ինչպէս էր այն փոթորկել եւ ջրերը ճողփող դուշմանին տանում իր յորձանուտը եւ ինչքա՜ն պիտի խայտայ սիրտդ: Պիտի տեսնես ինչպէս էին Զէյթունցիների նժոյգները Քուրկիկ Ջալալի նման մռնչում, ինչպէս էին Սասնայ ու Մշոյ դիւցազները իրենց Դաւիթի թուր կեծակին շողում դուշմանի վրայ: Պիտի տեսնես` ինչպէ՜ս էին յոյն Շնէուրի թնդանօթները փլում դուշմանի դիրքերը: Մարտի դաշտում պիտի տեսնես դուշմանի վրայ սլացող հեծեալ զինուոր Յովհաննէսին, զինուոր դարձած հայ իմաստուններ` Ակսելին, Ղափանցեանին, Մանանդեանին, Ղարիբեանին, Թոփչեանին: Եւ դու հայ մարդ, ինչպիսի՜ հրճուանքով պիտի ականատեսը լինես դուշմանի խուճապահար փախուստին: Եւ այդ օրը, մայիսի քսանութին, գնա՛ ու աղօթիր մայր տաճարում, որտեղ աղօթել էին քու նախնիները արեւին, կրակին ու Յիսուսի լոյսին: Գնա՛ մայր ոստան, այրուիր հայերի հրճուանքի բոցերում, բարե՛ւի կանգնիր Վասպուրականի արքայ բոցաշունչ Արամին, հիւսիսային կողմի ռազմաճակատի հրամանատար Դրոյին, յաղթական զօրավարներ` Նազարբէկեանին, Սիլիկեանին, Դանիէլ ու Պօղոս Փիրումեաններին:
Պատերազմի դաշտում յաղթանակած հայերը, Մայիսի քսանութին հայոց աշխարհը հռչակեցին անկախ պետութիւն` Հայաստանի Հանրապետութիւն: Արեւի քուրայի կարմիր կրակը շառագունեց նրա դրօշին` խորհրդանշը Հայկական Բարձրաւանդակի, հայ ժողովուրդի գոյատեւման մշտական պայքարի, քրիստոնէական հաւատքի եւ Հայաստանի անկախութեան ու ազատութեան: Կապոյտը` խորհրդանիշը հայ ժողովուրդի խաղաղ երկնքի ներքոյ ապրելու կամքը: Նարնջագոյնը` խորհրդանիշը հայ ժողովուրդի արարչական տաղանդի ու աշխատասիրութեան: Ո՜վ հայ մարդ, եթէ ունես հոգու երեւակայութեան ճախրանք, արդեօք չէի՞ր տեսնի, թէ ինչպէ՜ս էին նժոյգներին բազմած հայոց արքաները յաղթանակի տօնախմբութեանը մայր ոստանի հրապարակում տողանցում` զօրահրամանատարների ջոկատների շարասիւների հետ:
Մայիսի քսանութը, մայիսեան հերոսամարտի յաղթական պատերազմի, Վահագնի կռուի ու յաղթանակի ոգու բոցերից յառնած հայոց անկախութեան հրավառութեան տօնն է: Անկախութեան հողմերը նորէն գրկել են հայոց լեռները, նորէն հայոց արտերը ծփացել են ցորեանի ծովերով, այգիները նորէն ծաղկունքով են բոցավառուել, հայոց ոստանների ու շէների մանչերը նորէն ծիծաղում են, հայոց հանճարների լոյսն է նորէն վառում աշխարհը: Մայիսեան արեւին բացուած անկախութեան դրօշը ծածանել է հայոց աշխարհի վրայ, ազատութեան լոյսի անձրեւ մաղում: Արեւի բոցերից Արագածի գագաթին նորէն վառւում է Լուսաւորչի կանթեղը:
1918 մայիսի քսանութը, վեց հարիւր տարիներց յետոյ հայոց երկրի անկախութեան տարեդարձն է, խնդութեան հրավառութիւն թող լինի,թող ցնծան հայերը, «Հայաստան» քաջերի երգի հնչիւնները հրաշէկ կայծեր դարձած` բոցավառեն հայոց հոգիները: «Բամբ որոտան» քայլերգի հռնդիւնը հնչեն, բամբեր որոտան, աշխարհին աւետեն հայոց յաւերժի հրաշափառ լոյսը: Հայոց հոգիների տաճարներում այսօր հազար թմբուկ չե՞ն զարկում, յաղթանակի հազար շեփորներ չե՞ն հնչում, հապա որտեղի՞ց այդքան բոցավառ հրավառութեան համազարկեր: Արմաւիր-Սարդարապատի յաղթանակի արեւով շողացող դա՛շտ գնացէք, գրկէ՛ք արծիւներին, պարերի կշռոյթներով զարկէ՛ք գետինը, Մայր Արաքսի ջրերը աղմկալից շռնդան, այդ զարկերի դղրդիւնից թող դողան այն ափի խառնածինների սրտերը: Արամ փաշայի, քաջազուն Դրոյի եւ Սիլիկեան, Նազարբէկեան, Դանիէլ Բէկ ու Պօղոս Բէկ Փիրումեան զօրականների ստուերները արդեօք այդտեղ չէի՞ն իջել, ամպերին յենած Վարուժանը իր ցեղին սրտի ու հեթանոս աստուածների տաղերով, Չարենցը իր Հայաստան եարով չէ՞ին ցնծում:
Սասունցիների երգերը թող թնդան, ձեռքերը վեր պարզած` գրկէ՛ք նրանց լեռները, շոյեցէ՛ք նրանց ձիւնոտ գագաթները, այն թող հովացնի ձեր սրտերում ահագնացած կարօտը: Թող դողայ գետինը այս քաղաքի, նրա մարդիկ թող իմանան, որ այստեղ ապաստանած հայերը իրենց հետ բերել են աշխարհն արմէն-հայերի, եւ այստեղ էլ հիմնել մի «Փոքրիկ Հայաստան»: «Գարուն Երեւան»-ն է եկել այստեղ, Երեւանի վարդակերտ շէնքերը ձեր ձեռքերի վրայ որպէս ջահեր պահած` պար եկէք:
Արմէն-հայեր, գիտէ՞ք, որ այդ նոյն տասնութ թուականին հայոց Արամայիս արքայի Արմաւիր ոստանի առաջ փռուած դաշտի յաղթական ճակատամարտից մի քանի ամիսներ յետոյ` սեպտեմբերի տասնիննին, շատ հեռու Արարայի լեռների բարձունքներին, հայերը նորէն կռիւ տուին դուշմանին: Մուսաների պաշտամունքի լեռների լանջերին դուշմանի դէմ յաղթական ճակատամարտեր մղած վեց հարիւր դիւցազուններ «Հայկական լեգէոն» կազմեցին, որոնց միացան նաեւ հազարաւոր արմէն քաջազուններ: Նրանց հոգիներում այրւում էր ցեղակիցների տառապանքի, ցաւի, անմեղ նահատակման մորմոքը: Իրենց հոգիներում պայթած խռովքը վրէժի էր կանչում, կռուի պիտի ելնէին իրենց ցեղի ոսոխի դէմ: Սեպտեմբերի այդ առաւօտը, արեգակի արդար լոյսին խաչակնքելով, հրամատարի կրակոցի ու «յառաջ» կանչով կամաւորականները հեղեղի նման դուրս յորդեցին խրամատներից, գրոհեցին դիմացի բարձունքի դուշմանի դիրքերը, զէնքերի ու իրենց հոգիների վրէժի կրակը տեղում դուշմանի վրայ, արեւի ճառագայթները որպէս հրաշէկ շանթեր նետում նրանց խրամատների վրայ: Երեկոյեան արեգակը յաղթանակի կարմիր պատմուճան էր փռել դուշմանի դիրքերի վրայ, կարմրել նաեւ նրա հարիւրաւոր զինուորների պիղծ արիւնով, փախչում էր դուշմանը, գերեվարել էին հազարների: Ճակատամարտի հրամանատար` անգլիացի զօրավար Ալեմպին հրամայել էր կատարել թաղումն քաջորդիների, համբուրել մարտում զոհուածների ճակատները, աշխարհին յայտարարել` «Երկու հարիւր հազար զօրաբանակի փոխարէն` տուէք ինձ քսան հազար հայ զինուորներ, Միջին Արեւելքը կը նուաճեմ»:
Ո՛վ հայ մարդ, գիտե՞ս արդեօք, որ մայիսեան անկախութեան յաղթանակի նուաճման տօնակատարութեան առթիւ մի քանի հարիւր հազար հայեր քառագագաթ Արագածը գրկած` նրա շուրջը միասնութեան պար բռնեցին: Ի՞նչ ես անում այստեղ, դու էլ գնայիր ու շղթայ բռնէիր, պարի մտնէիր, պարէիր քու նախագահի հետ, ձեզ հետ Արագածն էլ իր չորս գագաթներով պար պիտի բռնէր, ցնծութիւնից հրթիռների պիտի ժայթքէր` հայոց սրտերի հրճուանքի ու յաւերժութեան պատգամը տիեզերք ճամբելու: Երկինք յառէիր ակներդ, պիտի տեսնէիր` ինչպէ՜ս էին Չարենցի, Շիրազի ստուերները արեւը գրկած` պար գալիս, իրենց գրիչները արեւի կրակով կարմրած` միասնութեան գրի շանթեր հրացոլում երկնակամարում: Անկախութեան լոյսի հրավառութեամբ ցնծացած միլիոն-միլիոն հայեր, հայեացքները իրենց ոգեղէն սիրտ Արարատին յառած, աստղերը որպէս ջահեր վեր պահած, հրահեղեղ մի արշալոյսին իրենց կարմիր սրտերով գալու են նրան գրկելու` նրա շուրջը ծիրանի պար բռնելու . . . :
ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ
Քալիֆորնիոյ հայ գրողների միութեան անդամ
Կլենտէյլ, 2013

