Աշիրեթներից Դէպի Պետականութեան Կամ «Քրտական Գործօնի» Նաւթային Գործօնը
ՍԱՐԳԻՍ ՄԱՆՈՒԿԵԱՆ
Մերձաւոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձութիւնների տրամաբանութիւնը յուշում է, որ որոշ ժամանակ անց կանգնելու ենք նոր իրողութիւնների առջեւ, իրողութիւններ, որոնք ենթադրում են սահմանների վերաձեւումներ եւ նոր պետական կազմաւորումների առաջացում այդ տարածաշրջանում: Մեծն Քիւրտիստանի կամ չորս պետութիւնների (Իրաք, Սուրիա, Թուրքիա, Իրան) կազմում գտնուող քրտաբնակ տարածքներից թէկուզեւ որեւէ մէկում քրտական պետութեան ստեղծումը արդէն արմատապէս փոխում է իրադրութիւնը Մերձաւոր Արեւելքում եւ հարեւան տարածաշրջաններում:
Այն, որ քրտերի մօտ զարթօնք եւ ազգային ինքնագիտակցութեան աճ է տեղի ունենում եւ այն, որ ցեղային, մշակութային, լեզուական առանձնայատկութիւններից եւ միջպետական տարանջատուածութիւնից անկախ, միասնական պետականութեան ստեղծման գաղափարը քրտերի մօտ արագօրէն հասունանում է, կասկած չի յարուցում: Արդեօ՞ք քրտաբնակ տարածքների վրայ կը կայանայ Մեծն Քիւրտիստանը, կամ դրա մի մասը դժուար է ասել: Քրտաբնակ տարածքներում կը լինի միասնական պետութիւն` կենտրոնացուած ուժեղ իշխանութեամբ կամ թոյլ կենտրոնով համադաշնակցութիւն, կամ այն կը լինի աշխարհիկ, թէ իսլամական չափաւոր պետութեան, նոյնպէս դժուար է ասել: Սակայն գործընթացները տանում են քրտական պետականութեան (կամ պետականութիւնների) կայացմանը, որի մի մասը կարող է կայանալ հայկական պատմական տարածքների զգալի մասի վրայ, ինչն էլ մեծապէս պայմանաւորելու է հայ-քրտական ապագայ յարաբերութիւնները: Քրտական միասնական պետութեան ստեղծման գործընթացը բարդ ճանապարհ է, որի ստեղծմանը ոչ միայն արտաքին հզօր ուժեր են ներգրաւուած, այլ նաեւ կան մի քանի գործօններ, որոնք քրտերը խելամտօրէն օգտագործելու դէպքում կը հասնեն իրենց նպատակների իրականացմանը: Այդ գործօններն են` նաւթը (կազը), ջրային պաշարները, տարածաշրջանում գերիշխող աշխարհագրական դիրքը, քրտական ուժեղ սփիւռքի առկայութիւնը եւ ոչ պակաս կարեւոր է` քրտերի բնական աճի մեծ թափը: Խոչընդոտող գործօններից են հարեւանների` Իրանի, Թուրքիայի, արաբական երկրների բացասական դիրքորոշումները, ներքրտական ցեղային եւ քաղաքական հակասութիւնները: Սակայն կարող ենք ասել, որ ներկայ պահին նպաստող ուժերը աւելի հզօր են, քան` խոչընդոտող ուժերը:
Քրտական ռազմավարութիւնը ենթադրում է, որ Մեծն Քիւրտիստանի հիմքը լինելու է Իրաքեան (Հարաւային) Քիւրտիստանը` ինքնավար կազմաւորում Իրաքի տարածքում, որում առկայ են նաւթի եւ կազի հարուստ պաշարներ, ունի փաստացի անկախութիւն, զինուած ուժեր եւ ցանկացած պահի կարող է հռչակել իր անկախութիւնը: Օրախնդիր է նաեւ Սուրիական (Արեւմտեան) Քիւրտիստանի անկախութեան հարցը` Սուրիոյ հիւսիսում ինքնավար քրտաբնակ տարածք, որտեղ նոյնպէս կան նաւթի եւ կազի հանքավայրեր, դրանց արդիւնահանման եւ առաքման որոշակի ենթակառուցուածքներ, գործում են ինքնակառավարման մարմիններ եւ զինուած կազմաւորումներ: Թուրքիայում քրտերը վերելքի մէջ են եւ մեծացնում են իրենց ազդեցութեան շրջանակները: Չմոռանանք, որ քրտերի զբաղեցրած տարածքի եւ քիւրտ բնակչութեան զգալի մասը գտնւում է Թուրքիայի սահմաններում եւ առանց թրքական քրտաբնակ տարածքների Մեծն Քիւրտիստանը չի կայանայ: Այստեղ խնդիրը աւելի է բարդանում, քանի որ Թուրքիան որոշել է այլ կանոններով խաղալ քրտերի հետ: Պէտք չէ անտեսել նաեւ հայկական գործօնի կամ հայկական պահանջատիրութեան Հարցի շրջանառութիւնը: Ինչ վերաբերում է Իրանական (Արեւելեան) Քիւրտիստանի անկախութեանը կամ նրա միասնական քրտական պետականութեանը մաս դառնալուն, ապա դա ամենադժուար խնդիրն է լինելու քրտերի համար. այն իրականութիւն կը դառնայ միայն արտաքին ռազմական միջամտութեան կամ Իրանում իշխող իսլամական վարչակազմի տապալման դէպքում:
Նաւթը Մերձաւոր Արեւելքի ամենամեծ արժանիքն է, սիրում են ասել տարածաշրջանի երկրներում: Մերձաւոր Արեւելքում տեղի ունեցող բոլոր կարեւոր իրադարձութիւններում ինչպէս միշտ կարեւորւում են նաւթային եւ կազային գործօնները, բացառութիւնն չէ նաեւ քրտական անկախութեան գործընթացը: Այդ գործօնները խաղալու են կարեւոր դեր քրտական պետականութեան թէ ստեղծման, թէ կայացման ճանապարհին: Անկախութեան գործընթացները հիմնուած են լինելու նաւթի եւ կազի, ինչպէս նաեւ Միացեալ Նահանգների եւ Մեծն Բրիտանիայի աշխարհատնտեսական շահերի վրայ: Միացեալ Նահանգները ձգտում են իրենց նաւթային ընկերութիւնների միջոցով տարածաշրջանում վերահսկողութիւն հաստատել ածխաջրածինների արդիւնահանման եւ փոխադրման նկատմամբ: Գաղտնիք չէ, որ նաւթը Միացեալ Նահանգների եւ Մեծն Բրիտանիոյ մերձաւորարեւելեան քաղաքականութեան ամենակարեւոր բաղադրիչն է: Իրաքեան Քիւրտիստանի նաւթային պաշարները գնահատւում են 45 միլիառ տակառ, իսկ կազի պաշարները 3-ից մինչեւ 6 թրիլիոն խորանարդ մեթր, մշակւում են նաւթի եւ կազի արդիւնահանման եւ տեղափոխման խոշոր նախագծեր: Նաւթի համաշխարհային պահանջարկի ապահովումը Մերձաւոր Արեւելքից նախատեսւում է նաեւ Իրաքեան Քիւրտիստանի նաւթի աճի հաշուին: Քրտական տարածքները կարող են օգտագործուել նաեւ Կենտրոնական Ասիայից եւ Կասպից ծովից ուժանիւթի փոխադրումների համար:
Յիշեցնենք, որ Մեծն Քիւրտիստանը ընդգրկող տարածքների մակերեսը կազմում է մօտ 450-500 հազար քառ. քիլոմեթր: Մօտ 200-250 հազար քիլոմեթր գտնւում է Թուրքիայի տարածքում, 160 հազար քիլոմեթր Իրանի տարածքում, 75 հազար քիլոմեթր Իրաքի եւ 15 հազար քիլոմեթր Սուրիոյ տարածքում: Ապագայ քրտական պետութիւնը ելք չի ունենայ դէպի ծով, շրջապատուած կը լինի թշնամական երկրներով, որն էլ կը լինի քրտական պետականութեան կայացման ամենակարեւոր մարտահրաւէրը: Նաւթային եւ ջրային գործօնները, որքան նպաստաւոր, այնքան էլ բախումների եւ պատերազմների պատճառ, նաեւ ճակատագրական կարող են դառնալ քրտերի համար: Ինչ վերաբերում է ջրային պաշարներին, նշենք, որ ոչ միայն դէպի արաբական երկրներ հոսող Եփրատ եւ Տիգրիս գետերի ակունքներն են գտնւում Թուրքիայի քրտաբնակ տարածքներում, այլ նաեւ Արաքս գետի ակունքները: Այսինքն Մեծն Քիւրտիստանի կայացման դէպքում քրտերի «ջրային ազդեցութիւնը» չի սահմանափակուելու միայն Իրաքի եւ Սուրիոյ վրայ, այլ նաեւ Հայաստանի, ինչու չէ, նաեւ` Ազրպէյճանի եւ Իրանի վրայ: Չի բացառւում, որ Մեծն Քրտիստանի կայացման դէպքում քրտերը շարունակեն Թուրքիայի կողմից իրականացնող «ջրային քաղաքականութեան» աւանդոյթները:
Մեծն Քիւրտիստանի կայացումը մեծապէս կախուած է, թէ որքանով կը կայանայ Իրաքեան Քիւրտիստանը: Իրաքեան Քիւրտիստանի անկախութեան հռչակմանը խանգարում են մի քանի հանգամանքներ: Դա նախեւառաջ վախն է Իրանի եւ Իրաքի կողմից կտրուկ ռազմական միջամտութեան: Դա նաեւ չյստակեցուած տարածքային խնդիրներն են Պաղտատի հետ, յատկապէս նաւթի պաշարներով հարուստ տարածքների համար: Քրտերը համոզուած են, որ առանց Քերքուկի նաւթի, որը գտնւում է Իրաքեան Քիւրտիստանի վարչական սահմաններից դուրս, Քիւրտիստանը ապագայ չի ունենայ: Այսինքն, քրտերի ռազմավարական խնդիրներից մէկը հիւսիսային Իրաքի Մուսուլ-Քերքուկ-Խանակին գօտում նաւթի հանքավայրերի հսկողութիւնն է, որն էլ առճակատում է ենթադրում Իրաքի եւ միւս արաբական պետութիւնների հետ: Քերքուկի եւ Մուսուլի հարցում քրտերը ակնկալում են Միացեալ Նահանգների, Իսրայէլի, նոյնիսկ Թուրքիայի աջակցութիւնը: Ներկայումս Իրաքեան Քիւրտիստանը կառուցում է իր խողովակաշարերը դէպի Թուրքիայ, որը շրջանցում է իրաքեան իշխանութիւններին: Իրաքեան Քիւրտիստանը խնդիր է դրել մօտ ապագայում 1-ից մինչեւ 3 մլն. տակառ նաւթ օրական արտահանել, ներկայիս 300 հազար տակառի փոխարէն: Անկախութիւն հռչակելու դէպքում Իրաքեան Քիւրտիստանը ստիպուած չի լինի նաւթի վաճառքից ստացուած եկամուտները կիսել Իրաքի կենտրոնական իշխանութիւնների հետ:
Հէնց նաւթն է, որի եկամուտներով պէտք է ապահովուի քրտական պետութեան կայացման եւ ընդարձակման երկարատեւ գործընթացը, պէտք է ֆինանսաւորուի քրտերի եւ Արեւմուտքի կողմից իրականացուող արդիւնահանման եւ տարանցման նախագծերը: Նաւթն է նաեւ, որ բացի այն, որ արեւմտեան նաւթային ընկերութիւններին կ՛ապահովի ահռելի եկամուտներ, միաժամանակ Արեւմուտքին կ՛ազատի լրացուցիչ ֆինանսական պարտաւորութիւններից Քիւրտիստանի նկատմամբ, որն Աֆղանստանի նման ծանր բեռ չի լինի Արեւմուտքի ուսերին: Սակայն չմոռանանք, որ նաւթային պաշարներով հարուստ երկրները հակուած են ամբողջատիրութեան, քանի որ նաւթի վաճառքից ստացուող գերշահոյթները ծածկում են կառավարութիւնների վատ տնտեսական քաղաքականութիւնը: Կը կարողանայ իրաքեան Քիւրտիստանը շարժուել տնտեսութեան այլընտրանքայնացման կամ ուժանիւթի պաշարներից կախուածութեան նուազեցման ճանապարհով, զերծ մնալով «պաշարների անէծքից» խիստ կասկածելի է: Չի բացառւում, որ նաւթը, որը կարող է դառնալ Մեծն Քիւրտիստանի կայացման գլխաւոր գործօնը, կը դառնայ նաեւ այդ գաղափարի ձախողման պատճառը, այն ընդամէնը Իրաքեան Քիւրտիստանին Ազրպէյճանի պէս դարձնելով նաւթային տակառի: Քրտական տարածքները հիմնականում բնորոշւում են մեծ գործազրկութեամբ, գիւղատնտեսութեամբ, արդիւնաբերութեան բացակայութեամբ եւ այդ գումարները խիստ անհրաժեշտ են տնտեսութեան զարգացման համար: Եթէ նաւթի եւ կազի եկամուտները ծառայեն միայն տեղական քլանների շահերին եւ չուղղորդուեն հարեւան երկրների քրտաբնակ տարածքների միաւորմանը, քրտական ռազմավարական խնդիրների լուծմանը, ապա դա կը բերի քրտական միասնական պետականութեան ձախողմանը` քրտերին երկար ժամանակ թողնելով նորից աշիրեթների (ցեղային) արժեհամակարգի սահմաններում: Դա այն է, ինչին ձգտում են Թուրքիան, Իրանը եւ արաբական երկրները:
Միացեալ Նահանգները իր տեսլականը ունին եւ Մեծն Քիւրտիստանի եւ բոլոր չորս պետութիւններում գտնուող քրտաբնակ միաւորների հաշուով, որը տեղաւորւում է յայտնի Մեծ Մերձաւոր Արեւելք հայեցակարգում: Միացեալ Նահանգները փորձում են քրտերի միջոցով ուժեղացնել հսկողութիւնը Թուրքիայի, Իրաքի, Իրանի եւ Սուրիայի նկատմամբ, ինչո՞ւ չէ, նաեւ Կովկասի նկատմամբ` այն իւրօրինակ զինանոցի դարձնելով իրանական, արաբական եւ թուրքական ժողովուրդների միջեւ: Պատահական չէ իրանցի փորձագէտների այն կարծիքը, որ Միացեալ Նահանգների քաղաքականութիւնը ուղղուած է այնպիսի Քիւրտիստանի ստեղծմանը, որը ոչ թէ ուղղուած է լինելու տարածաշրջանային համագործակցութեանը, այլ հակամարտութիւնների խորացմանը Մերձաւոր Արեւելքի երկրների հետ: Միացեալ Նահանգների համար Քիւրտիստանը իւրօրինակ սեպ կը լինի Թուրքիոյ եւ Իրանի, Իրանի եւ Իրաքի, Թուրքիայի եւ արաբական երկրների միջեւ: Քիւրտիստանը կը լինի նաեւ իսլամական արմատական հոսանքների, մասնաւորապէս արաբական սալաֆականութեան ներխուժումների պատուարը տարածաշրջանում: Նմանատիպ շահեր է հետապնդում նաեւ Իսրայէլը, կարելի է ասել, որ Միացեալ Նահանգների եւ Իսրայէլի շահերը մեծամասամբ համընկնում են քրտական հարցերում:
եթէ Իրաքեան Քիւրտիստանը Միացեալ Նահանգների համար նաւթի եւ կազի աղբիւր է եւ Իրաքի վրայ հսկողութեան մարտկոց, ապա Սուրիական Քիւրտիստանը նոյնպէս նմանատիպ գործառոյթներ է կատարելու ամերիկացիների համար, միաժամանակ այն բաժանանար գօտի է լինելու Սուրիայի եւ Թուրքիայի միջեւ: Թուրքական քրտաբնակ տարածքների անկախութեան նկատմամբ Նահանգների վերաբերմունքը դեռեւս միանշանակ չէ: Չմոռանանք, որ այն նոյնպէս հարուստ է բնական պաշարներով, յատկապէս մետաղական օգտակար հանածոներով եւ ջրային պաշարներով:
Թուրքիան շահագրգռուած է Իրաքեան Քիւրտիստանի կառավարութեան հետ տնտեսական եւ քաղաքական համագործակցութեամբ: Քրտական նաւթը եւ կազը կարող է զգալիօրէն կրճատել թուրքական կախուածութիւնը խողովակաշարից եւ այլընտրանքայնացնել ուժանիւթի աղբիւրները: Թուրքերը ձգտում են, նախքան Ասատի վարչակազմի տապալումը, իրաքեան քրտաբնակ տարածքներից նաւթի եւ կազի նոր խողովակաշարերի կառուցմանը Թուրքիայի տարածքով: Թուրքիան փորձում է Իրաքեան Քիւրտստանը իր համար հումքային խարիսխ դարձնել, ապա իր ազդեցութեան տակ պահել, դրանով տապալել Մեծն Քիւրտիստանի ստեղծման գաղափարը` խաղալով քիւրտ-արաբական հակասութիւնների վրայ: Նաւթային գործօնն է, որ ստիպում է Թուրքիային համակերպուել Իրաքեան Քիւրտիստանի փաստացի անկախութեան հետ, սակայն Թուրքիան ընդդիմանալու է տէ ժիւրէ անկախութեանը:
Իրաքեան Քիւրտիստանի վարչակարգը իր հերթին նոյնպէս շահագրգռուած է Թուրքիայի հետ յարաբերութիւնների բարելաւմամբ: Դէպի Ջէյհան նաւթամուղի, ինչպէս նաեւ Թուրքիայի տարածքով կազամուղի կառուցումը կը նուազեցնի կախուածութիւնը Պաղտատից, իսկ Արեւմուտքի աչքում կը մեծացնի իր նշանակութիւնը: Միացեալ Նահանգները եւ Իսրայէլը դէմ են Իրաքեան Քիւրտիստանի նկատմամբ Թուրքիայի ազդեցութեան մեծացմանը: Այդ պատճառով Իրաքեան Քիւրտիստանի նաւթի միայն փոքր մասն է նախատեսուած տեղափոխել Թուրքիայի տարածքով, այն, ըստ ամերիկեան ծրագրերի, պէտք է առաքուի դէպի Միջերկրական ծով Սուրիայի տարածքով: Իրաքեան Քիւրտիստանի նկատմամբ Թուրքիայի ազդեցութեան մեծացումը հակասում է նաեւ Իրանի, Իրաքի եւ այլ արաբական պետութիւնների շահերին:
Ճիշտ են հայ վերլուծաբանները այն հարցում, որ թուրքերը ծայրայեղ դէպքում փորձելով կանխել Թուրքիայի փլուզումը եւ խոչընդոտել քրտական պետականութեան ստեղծումը միայն մէկ ելք ունեն` թուրք-քրտական պետութեան ձեւաւորումը, որն իր վերահսկողութիւնը կը հաստատի նաեւ իրաքեան, սիրիական եւ իրանական քրտաբնակ տարածքների վրայ: Միայն այս դէպքում Թուրքիան հնարաւորութիւն կ՛ունենայ պահպանելու տարածքային ամբողջականութիւնը: Հէնց դրան են ուղղուած Օճալանի հետ հաշտեցման քայլերը:
ինչպէս տեսնում ենք, Մեծն Քիւրտիստանի կայացման համար բաւականին նպաստաւոր պայմաններ են ստեղծուել: Առաջինը եւ ամենակարեւորը Միացեալ Նահանգների, Իսրայէլի եւ քրտերի շահերի համընկնումն է, ինչպէս նաեւ` հարեւան արաբական պետութիւնների թուլացումը, Իրանի մեկուսացումը եւ Թուրքիայի նկատմամբ Միացեալ Նահանգների զսպման քաղաքականութիւնը:
Հայկական վերլուծական դաշտում քրտական թեմաներով քննարկումները հիմնականում ընթանում են այն հարթութեան վրայ, թէ արդեօ՞ք մեզ ձեռնտու է Թուրքիայի տարածքում քրտական պետութեան ձեւաւորումը: Դա այն դէպքում, որ այդ գործընթացները մեզանից այնքան էլ կախուած չեն եւ հիմնականում կախուած են քրտերի կամքից եւ հետեւողականութիւնից, ինչպէս նաեւ մի քանի գերտէրութիւնների ծրագրերից: Աւելի ճիշդ կը լինէր քննարկումները ընթանային այն ուղղութեամբ, թէ ինչպիսի մօտեցում պէտք է Հայաստանը որդեգրի քրտերի հետ յարաբերութիւններում` ցեղապետների երդումների եւ խոստումների վրայ հիմնուած համակարգից դէպի աւելի արդիւնաւէտ եւ քիչ ռիսքային համակարգի վերածելու համար: Չմոռանանք, որ «քրտական գործօնի» դերը անընդհատ կարեւորուելու է, իսկ Իրաքեան Քիւրտիստանը մեծ դեր է խաղալու տարածաշրջանային ապագայ գործընթացներում, այդ պատճառով պէտք է աւելի աշխուժ յարաբերութիւնների մէջ մտնել Իրաքեան Քիւրտիստանի իշխանութիւնների հետ (թէեւ կը լինեն Պաղտատի եւ Թեհրանի կողմից դժգոհութիւններ), պարզապէս աւելի խորը հասկանալու քրտական արժեհամակարգը եւ արդիւնաւէտ համագործակցութեան փորձ ձեռք բերելու համար: Բացի այդ, հաւաստի աղբիւրների համաձայն, ազրպէյճանցիները բաւականին աշխուժ են եւ բազմաթիւ պատուիրակութիւններ են գործուղում Իրաքեան Քիւրտիստան, այդ պատճառով Իրպիլի հետ յարաբերութիւնները աշխուժացնելու Հայաստանի քայլերը ուղղուած կը լինեն նաեւ հակահայ ուղղուածութեան թուրք-քրտական եւ ազրպէյճանա-քրտական հնարաւոր մտայղացումների չէզոքացմանը:
Աղբիւր` Panorama.am




