Սերժ Սարգսեանը Պարգեւատրել Է Արուեստի Տարբեր Բնագաւառի Գործիչների
Հայաստանի նախագահի նստավայրում 28 մայիսին տեղի է ունեցել տարբեր բնագաւառներում Հանրապետութեան նախագահի 2012 թուականի մրցանակների յանձնման արարողութիւնը: Մրցանակները` համանուն վկայագիրը եւ դրամական պարգեւը, յանձնել են Նախագահ Սերժ Սարգսեանը եւ «Ռոպերը Պօղոսեան եւ որդիներ» հիմնադրամի անդամ Ալպերթ Պօղոսեանը: Սերժ Սարգսեանը շնորհաւորել է մրցանակակիրներին` ձեռքբերումների եւ մրցանակի արժանանալու կապակցութեամբ, մաղթել նոր յաջողութիւններ: Հանրապետութեան նախագահն իր շնորհաւորական խօսքում նշել է, որ մրցանակի թեկնածուների ընտրութեան եւ առաջադրման համար մասնագիտական յանձնախմբերը կանխաւ շատ լուրջ աշխատանք են կատարում, որի շնորհիւ լաւագոյններից լաւագոյնների հետ հանդիպումն արդէն տեղի է ունենում Նախագահի նստավայրում: Անդրադառնալով այդ ամբողջ գործընթացին` Սերժ Սարգսեանը նշել է, թէ միամտութիւն կը լինէր կարծել, որ բոլոր ստեղծագործողները միանշանակօրէն համաձայնւում են յանձնախմբերի կարծիքների հետ, եւ հաւանաբար, այդպէս էլ պէտք է լինէր: Հանրապետութեան ղեկավարը կոչ է արել նրանց` լինել համբերատար, հանդուրժող եւ համոզուածութիւն է յայտնել, որ լաւագոյն ստեղծագործութիւններն անպայման կ՛արժանանան յանձնախմբերի գնահատականին:
«Ուրախ եմ նաեւ, որ այս դահլիճում ներկայ են ինչպէս մեր արուեստի եւ գիտութեան նահապետները` աւագ սերնդի ներկայացուցիչները, այնպէս էլ երիտասարդները, ովքեր աչքի են ընկել իրենց առաջին աշխատանքով: Իսկ դա նշանակում է, որ ամուր են մեր ժողովրդի լաւագոյն աւանդոյթները` արժէքները սերնդէսերունդ փոխանցելու կամքը:
«Այս համատեքստում պէտք է անդրադառնամ մրցանակակիրներից մէկին, ով, ցաւօք սրտի, այժմ մեզ հետ չէ: Խօսքս նշանաւոր գեղանկարիչ Յակոբ Յակոբեանի մասին է, ում այսօր մենք մրցանակ ենք շնորհում յետմահու: Մեծ նկարչի տաղանդը եւ խորը, ոչ ցուցադրական հայրենասիրութիւնը նրան բերեցին «վարպետի» կոչում: Մի կոչում, որ շնորհում է ինքը` ժողովուրդը:
«Եւ թող Աստուած լուսաւորի վարպետի հոգին: Մենք նրան ջերմութեամբ ու սիրով ենք յիշում: Եւ, ի հարկէ, նրա պակասը մշտապէս զգում ենք:
«Առանձնայատուկ խորհուրդ կայ Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործում նշանակալի աւանդ ներդնելու անուանակարգով մրցանակ շնորհելու փաստի մէջ: Այսօր մենք մեր երախտագիտութիւնն ենք յայտնում գերմանացի նշանաւոր հայագէտ, ցեղասպանագէտ, իրաւապաշտպան Թեսսա Հոֆմանին եւ սփիւռքի կարեւոր հաստատութիւններից մէկին` Զօրեան ինստիտուտին: Այսօր, ի դէմս տիկին Հոֆմանի, մենք ճանաչում ենք եւրոպական ու գերմանական հումանիստական աւանդոյթը, որն իր ձայնն էր բարձրացնում տառապանքի ուղիներ անցնող հայ ժողովրդի համար: Իսկ Զօրեան հաստատութեան աշխատանքում արտացոլուել է հայոց սփիւռքի բիւրեղացած ոգին, որը թոյլ տուեց մեր ժողովրդի շառաւիղներին ոչ միայն վերապրել արհաւիրքը, այլեւ կրկին վերահաստատել ապրելու իր վճռականութիւնը:
«Սիրելի՛ բարեկամներ,
«Այս արարողութիւնը ամբողջութեամբ ողողուած է դրական լիցքերով: Այն թոյլ է տալիս ամբողջ հայոց ազգի անունից ճանաչել մեր երախտաւոր մրցանակակիրների աշխատանքն ու վաստակը: Սակայն մրցանակը ոչ միայն գնահատական է ձեր անցած ուղուն, այլեւ ապագային միտուած ուղերձ է: Այս մրցանակների նպատակներից մէկն է խրախուսել ձեզ կանգ չառնելու ձեռք բերուած յաջողութիւնների վրայ: Այս մրցանակների միջոցով մենք ոչ միայն երախտագիտութիւն ենք յայտնում ձեզ, այլեւ յորդորում ենք անել աւելին` ի փառս հայ ժողովրդի: Այստեղ չեմ կարող յատուկ գնահատանքի խօսք չուղղել յարգարժան Պօղոսեան ընտանիքին, որն իր ուժերի չափով մասնակցում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին` այդ թւում նաեւ այս մրցանակին աջակցելու ձեւով:
«Կրկին շնորհաւորում եմ բոլորիդ: Ցանկանում եմ քաջառողջութիւն, որպէսզի ձեր հետագայ գործունէութիւնը նշանաւորուի նոր ձեռքբերումներով: Մաղթում եմ խաղաղութիւն ձեր օճախներին, ինչպէս նաեւ նոր նշանակալի գործեր` յանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսեանը:
***
«Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործում նշանակալի աւանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին» Հայաստանի նախագահի հրամանագրով 2012 թ. մրցանակ է շնորհուել.
Թեսսայ ՀՈՖՄԱՆԻՆ (ԳԵՐՄԱՆԻԱ) Հայոց ցեղասպանութեան հիմնահարցի ուսումնասիրութեան եւ այդ ոլորտում ծաւալած ակտիւ հասարակական գործունէութեան համար եւ Զօրեան ինստիտուտին Հայոց ցեղասպանութեան պատմութեան ուսումնասիրութեան, հրատարակչական ակտիւ գործունէութեան եւ երիտասարդ մասնագէտների պատրաստման գործում ունեցած նշանակալի աւանդի համար:
Հանրապետութեան նախագահի այլ հրամանագրերով, ՀՀ նախագահի 2012 թուականի մրցանակ է շնորհուել.
բնական գիտութիւնների զարգացման բնագաւառում` Վանիա Բարսեղեանին եւ «տինամիկ համակարգերի ղեկավարման, դիտման եւ կոնֆլիկտային իրավիճակների ուսումնասիրութիւններ» գիտական յօդուածների շարքի համար, տեխնիկական գիտութիւնների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագաւառում` Օլեգ Գասպարեանին` «Բազմաչափ աւտոմատ կառավարման համակարգերի տեսութիւն» մենագրութիւնների շարքի համար, արուեստի բնագաւառում` Յակոբ ՅԱԿՈԲԵԱՆԻՆ (յետմահու)` «Սիրոյ պարտէզ» գեղանկարների շարքի համար եւ Հենրիխ Էլիբեկեանին` «Երկխօսութիւն կեանքի տեւողութեամբ» դիմանկարների շարքի համար, բժշկագիտութեան բնագաւառում` Ռուբէն ՖԱՆԱՐՃԵԱՆԻՆ, Արթուր ԳՐԻԳՈՐԵԱՆԻՆ եւ Տիգրան Խաչատրեանին` «Ներանօթային նեարդաւիրաբուժութեան հիմնադրումը եւ զարգացումը Հայաստանի Հանրապետութիւնում» աշխատանքի համար, ֆիզիկայի զարգացման բնագաւառում` Աշոտ ՉԻԼԻՆԳԱՐԵԱՆԻՆ, Նիկոլայ ՊՈՍՏԱՆՃԵԱՆԻՆ, Գագիկ ՅՈՎՍԷՓԵԱՆԻՆ, Բագրատ ՄԱԻԼԵԱՆԻՆ եւ Լեւոն Վանեանին` «բարձր էներգետիկ երեւոյթները ամպրոպային մթնոլորտում» գիտական յօդուածների շարքի համար, գրականութեան բնագաւառում` Հենրիկ Էդոյեանին` «Կանգ առ, ես այստեղ եմ» բանաստեղծութիւնների ժողովածուի համար:
Հայաստանի Հանրապետութեան Նախագահի 2012 թուականի երիտասարդական մրցանակ է շնորհուել` Արուեստի բնագաւառում` Գէորգ Գրիգորեանին` «Անվերնագիր» գեղանկարների շարքի համար եւ Սաթենիկ Շատիրեանին` ըստ Ուիլեամ Գիբսոնի «Երկուսը Ճօճանակին» ներկայացման համար:
Դասական երաժշտութեան բնագաւառում Հայաստանի Հանրապետութեան նախագահի 2012 թուականի երիտասարդական մրցանակ է շնորհուել.
Մանէ ԳԱԼՈՅԵԱՆԻՆ, Յովհաննէս ՆԵՐՍԷՍԵԱՆԻՆ, Արսէն ՍՏԵՓԱՆԵԱՆԻՆ` «Երգեցողութիւն» անուանակարգում` բարձր կատարողական արուեստի համար, Լեւոն ԿԱՐԱՊԵՏԵԱՆԻՆ (դաշնամուր), Միքայէլ ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆԻՆ (թաւջութակ)` «Գործիքային կատարում» անուանակարգում` լաւագոյն կատարման համար:
* * *
Նախագահ Սերժ Սարգսեանի մէկ այլ հրամանագրերով Հանրապետութեան տօնի առթիւ 28 մայիսին պետական պարգեւներ եւ կոչումներ են շնորհուել գիտութեան, մկրթութեան, մշակոյթի, առողջապահութեան ոլորտների մի խումբ ներկայացուցիչների, որոնց կարգին «Խօսնակ» ամսագրի գլխաւոր խմբագիր Համբիկ Մարտիրոսեանին եւ «Տար Մուրատ» հրատարակչատան գլխաւոր տնօրէն Միշել Մուրատի (Լիբանան):



