2014-ի Մոնտիալ. Եւրոպայի Գօտի. Հայաստան 4-0 Արդիւնքով Ջախջախեց Դանիան` Քոփենհակընի Մէջ
Երէկ երեկոյեան 2014-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին ծիրին մէջ Եւրոպայի գօտիին Բ. խմբակին մաս կազմող Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը Քոփենհակընի «Փարքեն» մարզադաշտին վրայ հիւրը եղաւ Դանիոյ:
Անոնք երկուքը նախապէս իրարու դէմ յանդիման եկած էին երկու անգամ:
Առաջին մրցումին, որ տեղի ունեցաւ 16 օգոստոս 1995-ին, Հրազդան մարզադաշտին վրայ, Դանիա 2-0 արդիւնքով յաղթեց Հայաստանի, իսկ երկրորդին, որ տեղի ունեցաւ նոյն տարին, դարձեալ աւարտեցաւ Դանիոյ յաղթանակով` 3-1 արդիւնքով:
Նշենք, որ երկու մրցումներն ալ կ՛իյնային Եուրօ-96-ի զտումի մրցաշարքին ծիրին մէջ:
Ինչ կը վերաբերի երէկուան մրցումին, անիկա աւարտեցաւ Հայաստանի ջախջախիչ յաղթանակով` 4-0 արդիւնքով. կիսախաղ` 2-0: Եուրա Մովսիսեան նշանակեց երկու կոլ (առաջին վայրկեանին եւ 59-րդ), մինչ մնացեալ կոլերը նշանակեցին Արազ Օզպիլիս (19-րդ) եւ Հենրիխ Մխիթարեան (82-րդ):
Նախքան երէկուան մրցումը, Դանիա արձանագրած էր յաղթանակ մը, 3 հաւասարութիւն եւ կրած պարտութիւն մը, իսկ Հայաստանի կազմը արձանագրած էր յաղթանակ մը եւ կրած 4 պարտութիւն:
Նշենք, որ երէկուան այս մրցումէն ետք Բ. խմբակին մաս կազմող վեց խումբերն ալ կատարած են վեցական մրցում:
Ստորեւ` դասաւորումը.
| Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | ||||||||
| 1.- Իտալիա | 4 | 2 | 0 | 12 | 4 | 14 | |||||||
| 2.- Պուլկարիա | 2 | 4 | 0 | 11 | 4 | 10 | |||||||
| 3.- Չեխիա | 2 | 3 | 1 | 6 | 4 | 9 | |||||||
| 4.- Հայաստան | 2 | 0 | 4 | 6 | 8 | 6 | |||||||
| 5.- Դանիա | 1 | 3 | 2 | 6 | 9 | 6 | |||||||
| 6.- Մալթա | 1 | 0 | 5 | 2 | 14 | 3 |

