«Հայաստանն Ու Սփիւռքը Պարտաւոր Են Միասնական Գործել». Հարցազրոյց Սորպոնի Քաղաքական Գիտութիւնների Տոքթոր Հայկ Ա. Մարտիրոսեանի Հետ, Նիւ Եորք
Հարցազրոյցը` ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ
ՀԱՐՑՈՒՄ.- Երեւանի աւագանու ընտրութիւններից առաջ Հանրապետական կուսակցութեան ներկայացուցիչները յայտարարում էին, թէ այդ ընտրութիւնները մատնացոյց են անելու կուսակցութիւնների իրական վարկանիշը: Արդեօ՞ք դա մարտահրաւէր չէր նախագահական ընտրութիւններում իրենց համար ոչ ցանկալի արդիւնքների արձանագրման, եւ արդեօ՞ք դա չէր ենթադրում ընտրակեղծիքների արհեստագիտութիւնների կիրառում:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Կարծում եմ, որ դա նախ եւ առաջ մարտահրաւէր էր հէնց իրենց` իշխանութիւններին: Իմ կարծիքով, դրանով ոչ թէ փոքրացուեց լարումը երկրում, այլեւ հետագայ առաւել լուրջ լարման ներուժ ստեղծուեց: Քաղաքապետի պաշտօնը, ամէն պարագայում, Երեւանում բաւական սահմանափակ է եւ քաղաքական իշխանութեամբ օժտուած չէ, թէեւ որոշակի ազդեցութիւն չի կարող չունենալ: Եթէ իշխող կուսակցութիւնն առաւել մեղմ դիրքորոշում որդեգրէր այդ հարցում, կարծում եմ, առաւել շատ կը շահէր, քան կը կորցնէր: Այժմ անհանդուրժողութեան մթնոլորտն ընդդիմութեանը փակուղի է մտցրել: Դա վտանգաւոր իրադրութիւն է իշխանութեան համար:
Հ.- Երեւանի աւագանու ընտրութիւններին մասնակցեցին գրեթէ բոլոր քաղաքական ուժերը, եւ այդ իմաստով` ակնկալիքներն աւելի շատ էին: Ինչո՞ւ հերթական «ընտրութիւն» կազմակերպուեց, եւ արդեօ՞ք դա չի յանգեցնի հասարակական հիասթափութեան: Ինչո՞ւ չստացուեց այդ ուժերի պայքարը:
Պ.- Նրանք, որոնք ինչ-որ ակնկալիքներ ունէին այս ընտրութիւններից, միամիտների թուին են պատկանում: Երկու կողմերից էլ փոխանցուող հաղորդագրութիւնները միանշանակ էին, եւ այլ արդիւնք ակնկալելն այդ պարագայում` առաւել քան անիմաստ էր:
Հ.- Ինչպէ՞ս կը բնորոշէք Հայաստանում ստեղծուած իրավիճակը: Լճացման վտանգ տեսնու՞մ էք:
Պ.- Լճացումը Հայաստանում ամենայարատեւ վիճակն է: Լճացման կոտրում անկախութեան հռչակումից յետոյ միայն մէկ անգամ է եղել Հայաստանում, եւ դա առաւել քան տաս տարի առաջ էր ու շատ կարճ տեւեց: Յաճախ կայունութիւնն առաւել վտանգաւոր է, քան անկայունութիւնը: Լճացման պայմաններում կայունութիւնը ճահիճ է ստեղծում, մինչդեռ անկայունութիւնը քաղաքակիրթ ժառանգութիւն ունեցող ժողովուրդների մօտ փոխարինւում է նոր սկիզբով եւ վերելքով: Հայաստանը վաղուց կայուն ճահճում է գտնւում, եւ ներկայիս իրավիճակում խնդրի միակ լուծումը հէնց բարձրագոյն իշխանութեան կողմից այդ կայունութեան խախտումը կարող է լինել: Եթէ իշխանութիւնը ձեռնպահ մնայ դրանից, նախաձեռնութիւնն, ամենայն հաւանականութեամբ, իր ձեռքը կը վերցնի ընդդիմութիւնը: Մի նոր ընդդիմութիւն, որը կայուն պայմաններում փոփոխութիւններ կատարելու գաղափարից այլեւս հրաժարուած կը լինի:
Հ.- Մի կողմից «Ժառանգութեան» նախագահ Րաֆֆի Յովհաննէսեանի` Երեւանի Ազատութեան հրապարակում զանգուածային հաւաքների ալիքն է մարել, միւս կողմից` ՀՀ առաջին նախագահը դարձել է ՀԱՔ կուսակցութեան նախագահ, եւ հասարակութեանը պայքարի կոչ է անում: Ըստ ձեզ, դա ի՞նչ կը փոխի հասարակութեան կեանքում:
Պ.- Րաֆֆի Յովհաննէսեանն այժմ այլ կարգավիճակում է, քան` նախաապրիլեան օրերին, իսկ առաջին նախագահը վաղուց դադարել է քաղաքական խաղացող լինելուց: Նա թոշակառու է, որ երբեմն իր մտքերն է արտայայտում: Հասարակութեան մէջ փոփոխութիւններն արդէն կատարուել են եւ, նոր սերնդի հրապարակ մտնելուն զուգահեռ այդ փոփոխութիւններն առաւել կը խորանան:
Հ.- Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պէտք է լինի սփիւռքի դերակատարութիւնը Հայաստանի ներքաղաքական կեանքում: Տպաւորութիւն է, որ Հայաստանի իշխանութիւնները սփիւռքին յիշում են միայն դրամահաւաքների ժամանակ:
Պ.- Սփիւռքի դերակատարութիւնը Հայաստանի ներքաղաքական կեանքում պէտք է առաւել ուղղորդուած լինի, սակայն այդ ուղղորդումը պէտք է միայն մէկ ուղղութեամբ լինի. առաւել մեծ ճնշում երկրի վրայ` Հայաստանը վերափոխելու ուղղութեամբ: Հայրենքի ներքաղաքական կեանքում որեւէ սփիւռքի մասնակցութիւնը բացասական հանգամանք է բոլոր երկրների եւ ժողովուրդների համար: Աշխարհի ամենահզօր եւ ամենալաւ կազմակերպուած սփիւռքը` հրէականը, որեւէ կերպ եւ երբեք չի մասնակցում Իսրայէլի ներքաղաքական կեանքին, մինչդեռ բոլոր հարցերում սատարում է հայրենիքին: Ընդհակառակը, հայրենիքն է սեփական համայնքներն ուղղորդում իրենց բնակուած երկրների ներքին եւ արտաքին քաղաքականութեան վրայ ազդելու հարցում եւ դա լաւագոյն տարբերակն է: Ես ծանօթ եմ տեսակէտին եւ սփիւռքում առկայ այն դժգոհութիւններին, որ իրենք յիշում են միայն, երբ հայրենիքին դրամ է պէտք: Այդ դժգոհութիւնները հասկանալի են, սակայն` ոչ միշտ արդարացուած: Ամենամեծ օգնութիւնը, որ սփիւռքը կարող է ցուցաբերել հայրենիքին` ներդրումներն են կամ յատուկ ծրագրերի համար յատկացուող գումարները, եւ դրա դիմաց ներքաղաքական կեանքին մասնակցութիւն պահանջելն այնքան էլ արդարացուած չէ: Հայրենիքի ներքին կեանքին, որի բոլոր մանրամասներին դրսում մեծացած եւ դրսում ապրած հայրենակիցն ուղղակի չի կարող ծանօթ լինել, պէտք է մասնակցեն միայն երկրում տեւական ժամանակ ապրած բնակիչները եւ դա առարկայական պայման է: Մնացած բոլոր հարցերում սփիւռքահայը հայաստանցուց եւ Հայաստանի կեանքից օտարուելու կամ անմասն մնալու իրաւունք չունի եւ նրանք, ովքեր փորձում են պատնէշ դնել արտասահմանցի եւ հայաստանցի հայերի միջեւ, ապազգային գործով են զբաղուած: Սակայն մտահոգիչ է նաեւ «հայաստանցի-սփիւռքահայ» տարանջատումը սփիւռքի մեր որոշ հայրենակիցների կողմից: Այսօր, առաւել քան երբեւէ, Հայաստանն ու սփիւռքը պարտաւոր են միասնական գործել: Սուրիոյ քաղաքացիական պատերազմը վաղ թէ ուշ անխուսափելիօրէն յանգեցնելու է Լիբանանի քաղաքացիական նոր պատերազմի սկսմանը եւ այդ երկու տագնապներն, ամենայն հաւանականութեամբ, ընթանալու են այն բեմագրութեամբ, որով քրիստոնեաների համար աւարտուեց Իրաքի ճգնաժամը` քրիստոնեայ եւ մասնաւորապէս հայ համայնքների ոչնչացմամբ: Հայաստանն անպատրաստ է նման բեմագրութիւն պարագայում գործելու եւ որեւէ ծրագիր չունի: Սփիւռքի մեծ մասն, իր հերթին, մտածում է նման զարգացումների դէպքում Արեւմուտքում ապաստանելու մասին: Երկուսն էլ ծայրայեղ անպատասխանատու եւ անհեռատես մօտեցումներ են, որոնք յիշեցնում են Ցեղասպանութիւնից առաջ առկայ իրավիճակը, երբ արհաւիրքն արդէն ընթացքի մէջ էր կամ յստակ նախանշւում էր, սակայն տեղերում գրեթէ ոչ մի պատրաստութիւն ապագայ զոհերը չէին տեսնում: Եւ այս հարցի մարտահրաւէրն առաւել կարեւոր է, քան` բոլոր դրամահաւաքային եւ հայաստանցի-սփիւռքահայ խնդիրները միասին վերցրած: Սուրիայում վճռւում է ոչ միայն սուրիացի ժողովրդի` այլեւ բազում ազգերի եւ պետութիւնների ճակատագիրը եւ այդ ճակատագրի հարուածի առաջին կրողներից մէկը հէնց մենք` հայերս ենք լինելու: Եւ այս անգամ նոր իրականութեան հետ անպատրաստ բախուելն ազգային ինքնասպանութեան է նման լինելու:
Երեւան-Պէյրութ


