Ի՞նչ Է Տեղի Ունենում Թուրքիայում

ԱԼԻՆ ՕԶԻՆԵԱՆ

Արդէն մի քանի օր է Թուրքիայի մի շարք քաղաքներում չեն դադարում բողոքի ցոյցերը, որոնց լուսաբանումը զանգուածային լրատուամիջոցներում ենթարկւում է գրաքննութեան, իսկ ճշմարտացի տեղեկատուութեան բացակայութիւնը յանգեցնում է ընկերային ցանցերում եւ արտասահմանեան մամուլում չափազանցութիւնների եւ սադրանքների տարածման:

Մօտ երկու ամիս է` Թաքսիմի հրապարակի հարեւանութեամբ գտնուող զբօսայգու առեւտրային համալիր դառնալու ծրագրերը բաւական սուր հակազդեցութիւն էին առաջացրել հասարակութեան մեծամասնութեան մօտ: Մարդիկ, նոյնիսկ ձայն տալով իշխող կուսակցութեանը, այլեւս համաձայն չէին կուսակցութեան ղեկավար եւ վարչապետ Էրտողանի մտքերին ու որոշումներին:

Պոլսի կանաչ տարածքը ոչնչացնելու դէմ ցոյցերից յետոյ Էրտողանը բաւական կոպիտ յայտարարեց, որ որոշուած է ու արուելու է: Էրտողանի նման` «Մենք կ՛որոշե՛նք ու կ՛անե՛նք, դուք ձեր գործով զբաղուէք» մօտեցումը եւ տասը տարուայ իշխանութեամբ հարբելը վերջին ժամանակներում թուրք ժողովրդի մեծ մասի համար դարձել է անընդունելի եւ անտանելի:

Սկզբում ցուցարարները բաղկացած էին բնապահպաններից եւ` տեղի ունեցածը իսկապէս չքաղաքականացնող մարդկանցից, սակայն մէկ օրուայ ընթացքում դէպքերի այսքան մեծ թափ ստանալուց յետոյ հիմնական ընդդիմադիրները` քեմալիստները, եւ «ուրուային պետութեան» որոշակի խմբաւորումներ խառնուեցին ցուցարարներին, եւ բողոքի ընթացքը վերաիմաստաւորուեց: Յունիսի 3-ին ցուցարարների մեծ մասը, կրելով թուրքական դրօշներ, Աթաթուրքից մէջբերումներ անելով` Էրտողանին կոչ էր անում հրաժարական տալ: Ցոյցերի թափը մեծացնելու եւ արտակարգ իրավիճակ ստեղծելու համար ընկերային ցանցերում սկսուեց որոշ խմբերի կողմից սուտ լրատուութեան տարածումը, որտեղ իբր, ապացոյցներ էին բերւում, որ ոստիկանութիւնը զանգուածաբար սպաննում է մարդկանց, օգտագործւում են մարդու օրկանիզմին ծանր վնասուածքներ հասցնող թունաւոր կազեր եւ տարբեր այլ ստեր` մարդկանց զայրացնելու եւ բորբոքելու համար:

Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը 2002թ. գալով իշխանութեան` բաւական մեծ դժգոհութիւն առաջացրեց իրեն  վերնախաւ համարող գերհանրապետականների շրջանակներում, որոնք ժողովրդի այն մեծամասնութեանը, որ ընտրել էր Էրտողանին, անուանելով անգիտակից ոչխարներ, պնդում էին, որ իրենց ձայները թէկուզ աւելի քիչ են, սակայն` աւելի ճիշդ, եւ միշտ չէ, որ քանակն է որոշիչ: Մօտ տասը տարի կուսակցութիւնը, նստելով իշխանութեան ղեկին, պայքարեց տարբեր խոչընդոտների դէմ, ինչպիսիք են «ուրուային պետութիւնը», իրեն իշխանութիւնից վեր դասող բանակը, եւ այս բոլորի հետ միասին` տասը տարուայ ընթացքում գրանցուեց տնտեսական մեծ աճ: Բաւական լուրջ քայլեր արուեցին քրտական հիմնախնդրի լուծման ուղղութեամբ:

Կրօնականններ, մաօիստներ, համայնավարներ, անիշխանականներ…

Իշխանութիւնը կրօնական թեքում ունեցող ղեկավարին եւ նրա շրջապատին յանձնելու գործընթացի հետ չկարողացան հաշտուել երկրի փոքրաքանակ եւ որակեալ քեմալականները: Սակայն այսօր այս բոլորը աշխարհիկ եւ կրօնական ուժերի պայքար որակաւորելը ոչ միայն սխալ է, այլեւ` պարզունակ: Այսօր Թուրքիայում տեղի ունեցածը մեզ համար դեռ անհասկանալի ներուժով իրականացուած քաղաքացիական բողոք է, որի մէջ կան տարբեր ընկերային, քաղաքական, կրօնական շերտեր, մաօիստներ, համայնավարներ, անիշխանականներ, նոյնիսկ կրօնականներ, ինչպէս նաեւ` վերջին ընտրութիւնների ժամանակ Էրտողանի օգտին ձայն տուողներ:

Էրտողանի յատկապէս վերջին մէկ տարուայ ելոյթներում լսում էինք կարծես թէ մի բռնապետի կամ սուլթանի` հպատակների հետ խօսելաոճը: Վերջերս սահմանափակելով ոգելից խմիչքների օգտագործումը` նա ասաց. «Հարբեցող սերունդ չեմ ուզում, մենք Ֆաթիհի թոռներն ենք»: Իսկ համբերութեան վերջին կաթիլը դարձաւ այն, որ Էրտողանը հարկ չհամարեց Թուրքիայի նման մեծ երկրի ամենակարեւոր քաղաքի հիմնական հրապարակի վերակառուցման ծրագիրը քննարկել իր ժողովրդի հետ եւ յայտարարեց. «Ինչ պէտք է, կ՛արուի, հաշիւ չեմ տալու»:

Բացի կրօնականներից, տարբեր մարդիկ ձայն տալով Էրտողանին, մտածում էին, որ Թուրքիայում կոտրուելու է իշխող քեմալականութեան կարծրատիպը, սակայն Էրտողանը, քանդելով նախկին կարծրատիպերը, այսօր փորձում է ստեղծել իր ուզած հասարակութիւնը եւ չի էլ թաքցնում իր ձգտումները: Մինչդեռ այսօր թուրք հասարակութեան յատկապէս երիտասարդ թեւը չի հանդուրժում Էրտողանի ինքնահաւան եւ գոռոզ կեցուածքը եւ նոր կարծրատիպերի ստեղծումը: Հասարակութիւնը գիտակցում է, որ իրական ժողովրդավարութիւնը չի սկսւում եւ աւարտւում ընտրատեղամասում, եւ փորձում է իր ձայնը լսելի դարձնել իշխանութիւններին:

 

«Սիվիլիթաս»

Share this Article
CATEGORIES