Յաղթողներ Եւ Պարտուողներ Չեն Լինի. Կամ Յաղթելու Ենք Բոլորս, Կամ Բոլորս Պարտուելու Ենք

ԼԻԼԻԹ ՊՕՂՈՍԵԱՆ

Ստորեւ կու տանք ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի հետ հայրենի «Հայոց աշխարհ» թերթին կատարած հարցազրոյցը, որուն մէջ Ռուստամեան կ՛անդրադառնայ Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձութիւններուն:

ՀԱՐՑՈՒՄ.- Պարոն Ռուստամեան, «կողքից» նայելիս տպաւորութիւն է ստեղծւում, թէ ընդդիմութիւնը «յանձնուել» է` ձեռքերը վեր բարձրացրել եւ զէնքերը վայր դրել իշխանութեան առաջ: Ընտրութիւններում արձանագրած համեստ արդիւնքնե՞րն են պատճառը:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Մենք ասում ենք` պատճառները որոնք են: Եթէ ուզում ենք իրավիճակը փոխել, նախ պէտք է հասկանանք` ինչն ենք ուզում փոխել: Ընդդիմութեան հիմնական խնդիրը անհաւասար մրցակցութիւնն է, որ գոյութիւն ունի Հայաստանի քաղաքական դաշտում:

Մենք չենք պարտւում Հանրապետականին որպէս քաղաքական ուժի, այլ պարտւում ենք իշխող կուսակցութեանը, որը տնօրինում է մեր իսկ ստեղծած պետութեան ողջ միջոցները: Սա նոյնիսկ պարտութիւն էլ չէ: Մի կողմից` ուզում ենք մեր պետական միջոցները մեծացնել, որովհետեւ դրանով հզօրանում է երկիրը` այս տարածաշրջանում ունենալով բազմաթիւ խնդիրներ, միւս կողմից` մեծացնելով այդ միջոցները, մեր ձեռքով ուղղում ենք մեր դէմ, այսինքն` իշխանութեան վերարտադրութեան քաղաքական պատուէրի իրականացմանը: Այս վիճակից պէտք է ելք գտնել:

Հ.- Որ՞ն է ելքը: Ակնկալում էք, որ իշխանութիւնը բարի կամք կը դրսեւորի եւ «ջերմոցային» պայմաննե՞ր կը ստեղծի ընդդիմութեան համար:

Պ.- Ակնկալում եմ գիտակցուած մօտեցում մեր երկրի ապագայի վերաբերեալ բոլոր, այդ թւում` նաեւ իշխանութիւնների կողմից: Իշխանութիւնը հո պետութեան, ժողովրդի, երկրի թշնամին չի. չեմ պատկերացնում մի հայ մարդ, որը չհասկանայ, թէ Հայաստանն այսօր ինչ լուրջ մարտահրաւէրների առջեւ է կանգնած: Դժբախտաբար սրա խորքային ընկալումը չեմ տեսնում:

Երբ տեղը գալիս է` խօսում են ժողովրդի, պետութեան շահերից, բայց երբ բանը հասնում է ընտրութիւններին, մոռանում են ընդհանուր խնդիրները, եւ մրցապայքարն այնպիսի անհաշտ, սուր դրսեւորումներ է ստանում, կարծես «խաղասեղանին» լինել-չլինելու հարց է դրուած:

Պէտք է հասկանանք, որ այսպէս շարունակուելու դէպքում յաղթողներ ու պարտուողներ չեն լինելու. կա՛մ յաղթելու ենք բոլորս որպէս փոքր պետութիւն, կա՛մ բոլորս պարտուելու ենք: Այս գիտակցութիւնը եթէ լինի, վստահ եմ, համաձայնեցուած փոխզիջումային լուծումներ կը գտնենք ու կը գնանք առաջ:

Ի հարկէ, ընտրութիւնների արդիւնքներով ընդդիմութիւնը յաջողութիւններ չունի, բայց գաղափարների, մօտեցումների, առաջարկուող լուծումների առումով բաւական լուրջ հարցադրումներ է անում: Ինչպիսի վերաբերմունք կը դրսեւորի իշխանութիւնն այդ հարցերի նկատմամբ` դրանից կախուած է ոչ միայն իշխանութեան ճակատագիրը, այլեւ երկրի հետագայ զարգացումը:

Եթէ իշխանութիւնը սա չհասկանայ, նորից կը կրկնենք այն պատմական սխալները, որ միշտ ունեցել ենք անմիաբանութեան, միմեանց չլսելու, ընդհանուրի շահը չտեսնելու հետեւանքով:

Հ.- Վարչապետը յայտարարեց, որ ընդդիմութիւնը եւս պատասխանատու է արտագաղթի համար, որովհետեւ թոյլ է` մարդիկ, իրական այլընտրանք չտեսնելով, հեռանում են երկրից: Ընդունո՞ւմ էք այդ մեղադրանքը:

Պ.- Ի՞նչ է նշանակում` այլընտրանք չեն տեսնում, դրա համար հեռանում են երկրից: Եթէ մարդիկ այլընտրանք են փնտռում, նշանակում է` ձեզ չեն ընդունում, այլընտրանք էլ չեն տեսնում, թողնում-գնում են: Այսինքն` վատ էք կառավարում, որ մարդիկ այլընտրանք են ման գալիս. լաւ՛ կառավարէք, որ այլընտրանքի կարիք չզգացուի: Սա` մէկ:

Երկրորդ` այլընտրանքի բացակայութիւնը վերջի սկիզբն է: Խորհրդային Միութիւնը` այդ գերհզօր պետութիւնը, հէնց այլընտրանք չլինելու պատճառով կործանուեց. կայսրութեան փլուզման գլխաւոր պատճառներից մէկը ամբողջատիրական վարչակարգն էր, որ չէր ընդունում որեւէ այլ քաղաքական ուժի գոյութիւնը: Մեզանում այսօր գրեթէ նոյն բանն է տեղի ունենում. մենք տէ ժիւրէ ընդունում ենք բազմակուսակցականութիւնը, բայց տէ ֆաքթօ միակուսակցական համակարգ է Հայաստանում: Յետոյ էլ ասում են` պատմական սխալներից դասեր ենք քաղել:

Հ.- Վերահսկիչ պալատի հաշուետուութեան քննարկման ժամանակ համաձայնական կառավարութեան ներկայացուցիչների ընդգծուած քննադատական ելոյթները չե՞ն խօսում այն մասին, որ իշխանութիւնը համարժէք է գնահատում իրավիճակը եւ ուզում է ձերբազատուել կառավարման արատներից:

Պ.- Այս գործելակերպը նոր չէ. տեւական ժամանակ է` մեծամասնութիւնն այդ աշխատաոճն է որդեգրել. աւելի լաւ է առաջինը մենք մատնանշենք թերութիւնները, որ ընդդիմադիրները խօսելու տեղ չունենան: Մարդիկ սովոր են ամէն ինչ իրենցով անել, մենաշնորհացրել են ամէն ինչ` քաղաքականութիւնը, տնտեսութիւնը, մնացել է ընդդիմադիր դաշտը, հիմա էլ այդ դաշտն են ուզում իրենցով անել` ամէն տեղ իրենք պիտի լինեն:

Սա անհեթեթ է, ի հարկէ, դրա համար էլ ասում եմ` սա կործանման սկիզբն է: Եթէ անկեղծ են, Ա-ն ասելուց յետոյ Բ-ն էլ պէտք է ասեն, զղջան, ապաշխարեն` խոստովանութիւնը առանց ապաշխարութեան շնականութիւն է:

armworld.am

 

 

Share this Article
CATEGORIES