2014-ի Մոնտիալ. Ասիոյ Գօտի. Իրան, Հարաւային Քորէա Եւ Աւստրալիա Ապահովեցին Պրազիլի Իրենց Տոմսերը

Աւստրալիոյ յաղթական մարզիկները

Երէկ, Ասիոյ գօտիին մէջ տեղի ունեցող 2014-ի Մոնտիալի զտումի մրցումները, որոնք կատարուեցան խմբակներու դրութեամբ, յստակացուցին Ճափոնի հետ Պրազիլի իրենց տոմսերը ապահովող խումբերուն անունները, թէեւ անոնց վրայ կրնայ աւելնալ ասիական այլ խումբ մըն ալ, երբ երրորդ դիրքերը գրաւողները ճակատին իրարու դէմ, եւ անոնցմէ մէկը այլ փլէյ-օֆի մրցում մը կատարէ Հարաւային Ամերիկայի 5-րդ դիրքը գրաւող խումբին դէմ:

Ա. խմբակէն իրենց տոմսերը ապահովեցին Իրան եւ Հարաւային Քորէա, մինչ Բ. խմբակին մաս կազմող Ճափոնի հետ անոնց միացաւ Աւստրալիա:

Հարաւային Քորէա, որ Ուլսանի մէջ հիւրընկալեց Իրանը, թէեւ 1-0 արդիւնքով պարտութիւն մը կրեց անկէ, սակայն անոնք երկուքն ալ ապահովեցին իրենց տոմսերը:

Իրանի եւ մրցումին միակ կոլը նշանակեց յառաջապահ Ռեզա Ղուշանեժհատ` 60-րդ վայրկեանին:

Իրան հաւասարութեամբ մըն ալ պիտի բաւականանար, հակառակ անոր որ Ուզպեքիստան 5-1 արդիւնքով յաղթեց Քաթարի:

Հարաւային Քորէա իր տոմսը ապահովեց` կոլէվըրէյճի տարբերութեամբ գերազանցելով Ուզպեքիստանը, որ այժմ փլէյ-օֆի մրցում պիտի կատարէ (երթուդարձ) Բ. խմբակին երրորդ դիրքը գրաւող Օմանի դէմ, որ 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Յորդանանի հետ:

Սիտնիի մէջ Աւստրալիա 80 հազար հանդիսատեսներու ներկայութեան 1-0 արդիւնքով յաղթելով Իրաքի, իր կարգին յաջողեցաւ Պրազիլի տոմս մը ապահովել: Մրցումին աւարտէն եօթը վայրկեան առաջ, Բ. կիսախաղին դաշտ ներկայացած յառաջապահ Ճոշ Քենետի նշանակեց Աւստրալիոյ կոլը:

Այսպիսով, Աւստրալիա չորրորդ անգամ ըլլալով պիտի մասնակցի Մոնտիալին` 1974-էն, 2006-էն եւ 2010-էն ետք:

Ստորեւ` Ա. եւ Բ. խմբակներուն վերջնական դասաւորումը.

Ա. ԽՄԲԱԿ  ՄՐՑ.  Յ.    Հ.    Պ.    ՆՇ.   ՍՏ.   ԿԷՏ

1.- Իրան          8           5     1     2     8     2     16
2.- Հարաւային Քորէա           8     4     2     2     13    7     14
3.- Ուզպեքիստան   8     4     2     2     11    6     14
4.- Քաթար  8     2     1     5     5     13    7
5.- Լիբանան 8     1     2     5     3     12    5

Բ. ԽՄԲԱԿ

1.- Ճափոն  8     5     2     1     16    5     17
2.- Աւստրալիա     8     3     4     1     12    7     13
3.- Օման    8     2     3     2     7     9     9
4.- Յորդանան      8     2     1     4     6     16    7
5.- Իրաք    8     1     2     5     4     8     5

Share this Article
CATEGORIES