Ինչպէ՞ս Են Երբեմն «Խօսում» Գրքերը. Նախագիծ` Տեսողական Խնդիրներ Ունեցող Մարդկանց Համար
Հարցազրոյցը` ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ
Վերջերս լոյս է տեսել «Խօսող գրքեր» նախագծի 6-րդ ձայնասկաւառակը, որի հեղինակը Գայեանէ Կլեկչեանն է: Դեռեւս 2006թ. ստեղծուեց այս նախագիծը` «Լսել` նշանակում է տեսնել» մօտեցմամբ: Նախագիծը տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար է, որոնց հնարաւորութիւն է տրւում ծանօթանալ հայ եւ արտասահմանեան գրականութեանը: Ստեղծագործութիւններին զուգահեռ, հնչում է նաեւ լաւ երաժշտութիւն: Ընդ որում, ձայնասկաւառակները չեն վաճառւում, թողարկուել են սահմանափակ քանակով: Ի դէպ, նշեմ, որ 6-րդ ձայնասկաւառակը MP3 ձեւաչափ է, որտեղ տեղ են գտել Հրանդ Մաթեւոսեանի «Ծառերը», Օ՛ Հենրիի «Վերջին տերեւը», Կարսիա Մարքեսի «Ամենագեղեցիկ ջրահեղձ աշխարհում», «Երկնագոյն շան աչքերը» եւ Վահան Վարդանեանի ստեղծագործութիւնները: Նախագծի մասին էլ զրուցեցինք Գայեանէ Կլեկչեանի հետ:
ՀԱՐՑՈՒՄ.- Ինչպէ՞ս առաջացաւ նման նախագիծ ստեղծելու մտայղացումը:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Կարծում եմ` նախ եւ առաջ տեսակի խնդիր կայ, այնուհետ` ապրուած եւ չապրուած ճանապարհ: Աշխատել եմ Խարբերդի մասնագիտացուած մանկատանը, այնուհետ «Զատիկ» մանկատանը, «Փիւնիկ»-ում:
Հ.- Եւ ինչպէ՞ս յայտնուեցիք Խարբերդում:
Պ.- Խարբերդում յայտնուեցի դէպքերի բերումով: 90-ական թթ. էին: Մայրս պատահական կարդաց մի յայտարարութիւն, որ բժշկական կազմակերպութեան համար պահանջում էր մասնագէտներ: Ի հարկէ, սկզբից առարկեցի` ասելով, որ այդ աշխատանքի համար պահանջւում են համապատասխան մասնագէտներ, մինչդեռ ես այդ մասնագիտական կրթութիւնը չունէի: Չնայած դրան, դպրոցական տարիներին` իններորդ դասարանում սովորելիս, օգնում էի իննսունամեայ մի տատիկի: Այլ կերպ ասած, օգնելու, կարեկցելու յատկութիւնը ձեւաւորուել էր դեռեւս այդ տարիներին: Սա վստահութիւն էր տալիս մօրս, որ ինձ համոզէր նշեալ աշխատանքի համար դիմելու: Խարբերդի մանկատուն գնացի, եւ մինչ կը կարդային անուն-ազգանունս, մանկատան աստիճաններին տեսայ երեխաներից մէկին` Արթուրին, կիսամերկ վիճակում, անհասկանալի բան կատարուեց իմ ներսում: Մի քանի վայրկեանների ընթացքում ուզում էի յետ կանգնել իմ որոշումից, բայց հէնց այդ ժամանակ կարդացին իմ անուն-ազգանունը եւ հարցազրոյցի կանչեցին: Մասնագիտական հարցեր չտուեցին, յիշում եմ, որ միայն մի բառ ասացի` սիրում եմ, յետոյ դուրս եկայ: Հարցազրոյցը յաջողութեամբ անցան երկու հոգի, որոնք պահանջուած մասնագիտութիւնը չունէին: Աւելի ուշ հասկացայ, որ մեզ երկուսիս ընդունելի էին մարդկային տեսակի շնորհիւ:
Հ.- Դժուա՞ր էր:
Պ.- Ե՛ւ դժուար էր, ե՛ւ տրամպլինային: Խարբերդից յետոյ որեւէ այլ տեղ ինձ չզարմացրեց: Յիշում եմ` մի անգամ երեխաներին տարել էի կրկէս, որտեղ հասարակութիւնը նախ զարմացած էր նայում, յետոյ, կարծես, «հալւում» է այդ հայեացքների սառոյցը, սկսում են սիրով վերաբերուել: Գիտէք, կեանքում պէտք է միայն սէր տալ: Նրանցից ամենաշատը, որ սովորել էի, դա այն է, որ նրանք սիրել գիտեն: Նրանք անշահախնդիր են սիրում: Շատերի պէս չեն սիրում, որովհետեւ դրա դիմաց որեւէ ակնկալիք ունեն: Իրենք սիրում են առանց մտածելու, առանց նման մտքերի: Այնուհետ տարիների փորձը, շփումը հաւաքուելով` «հող» նախապատրաստեցին «Խօսող գրքեր» նախագծի համար: Ժամանակը պէտք է հասցնի մարդուն այն կէտին, ինչ նա ուզում է անել: 5 տարի պահանջեց «Խօսող գրքերի» 6-րդ ձայնասկաւառակի թողարկման համար: Դա գիրք գրելու կամ կտաւ նկարելու նման մի բան է: Դա լուրջ նուիրում է, որը չի ցուցաբերւում միայն իմ կողմից: Ի հարկէ, ես եմ կազմակերպում, բայց առանց այդ մարդկանց նուիրումի չէի կարող: Ձայնասկաւառակը, բացի լաւ գրականութիւնից, նաեւ լաւ երաժշտութիւն է «մատուցում»: Իսկ լաւ գրականութիւնն այն է, որը հարց է առաջացնում ընթերցողի մօտ, մտածելու հնարաւորութիւն է տալիս, եւ հոգում թողնում է հետք: Ձայնասկաւառակի համար ծախսւում է խորհրդանշական գումար: Այստեղ կարեւորը նուիրումն ու սէրն է:
Հ.- Այնուամենայնիւ, հեշտ չէ պատկերացնել այդ լսարանի իրական ապրումները: Երբեմն մեր որակումներն անզգուշ են: Ո՞րն է նրանց չվիրաւորելու սահմանը:
Պ.- Այդ մարդկանց պայմանականօրէն կարելի է բաժանել մի քանի խմբերի: Մարդիկ կան, որոնք ընդունում են դա, քանի որ տէ ֆաքթօ, փաստացի, դա այդպէս է: Իսկ աւելի մեղմ լինելու համար գուցէ պէտք է ասել տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ: Գիտէք, այդ մարդիկ այնպիսի լաւ հումորի զգացում ունեն: Նրանք երբեմն ասում են այնպիսի արտայայտութիւններ, որոնք անհաւանական կարող են թուալ մեզ, ինչպէս, օրինակ, «աչքիդ է էրեւում, թէ էդպէս կ՛անես» կամ «աչքիս էրեւում է, թէ բանալին ինձ մօտ է»: Մենք ինքներս ենք սահմաններ դնում:
Հ.- Ինչո՞ւ ենք դնում այդ սահմանները: Վախենո՞ւմ ենք:
Պ.- Սահմաններ ենք դնում, որովհետեւ մենք խնդիր ունենք: Գտնում եմ, որ լուսանցքային խումբը խնդիր չունի, խնդիրը մեր մէջ է: Հասարակութիւնը խնդիր ունի: Օրինակ, երբ շփւում ես Խարբերդի մասնագիտացուած մանկատան երեխայի հետ, նա ընդառաջ է գալիս քեզ, որովհետեւ նա շփման խնդիր չունի: Մենք նրանցից սովորելու շատ բան ունենք: Մենք նրանցից պէտք է սովորենք սիրելու կարողութիւն ունենալը, բայց դա այնքան դժուար բան է:
Հ.- Ի՞նչ է փոխւում մարդկային աշխարհում:
Պ.- Կարծում եմ` մարդը չի աճել քարանձաւից դուրս գալուց յետոյ: Մենք չենք փոխուել, թէեւ ոմանք կարող են հակառակն ապացուցել` մէջբերելով արհեստագիտութիւնների զարգացումը: Բայց դա այնքան սուտ է: Մարդ տեսակը չի աճել: Երբ այսօր խօսում են Եւրոպայում տարածուող համասեռամոլութեան մասին, ոմանք զարմանում են, բայց այդ նոյն երեւոյթը եղել է նաեւ Հին Հռոմում: Մարդը միշտ էլ նոյնն է եղել` թէ՛ համացանցի առկայութեան, թէ՛ բացակայութեան ժամանակ:
Հ.- Իսկ ինչո՞ւ է մարդն ապրում:
Պ.- Մարդն անկախ իրենից ծնուել է, հետեւաբար պէտք է ապրի: Մարդն ապրում է` կեանքի վայելքը եւ պատասխանատուութիւնը ստանձնելով: Օրինակ, որեւէ միրգ առաջին անգամ համտեսելու զգացողութիւնն այլեւս չի կրկնւում, նոյն միրգը կարող ես համտեսել շատ անգամներ, բայց առաջին զգացողութիւնն այլեւս չի լինում: Միւս կողմից, մարդը կրում է պատասխանատուութիւն` անկախ իր կամքից: Մարդն իր կեանքի ամբողջ ընթացքում վայելքի մէջ իրեն է փնտռում, իսկ վայելքը պէտք է ճիշդ հասկանալ, եւ երբ յոգնում է այդ փնտռտուքներից, իրեն սկսում է փնտռել ուրիշների մէջ:
Հ.- Ի՞նչ գոյներով էք ընկալում կեանքը:
Պ.- Մանուշակագոյնի եւ նարնջագոյնի խառնուրդով: Հիմա սկսել եմ նկարել: Կարծում եմ` դժուարութիւններն ու անյաջողութիւնները կնոջը նոր բացայայտումների են մղում:
Հ.- Ինչի՞ց էք ամենաշատը վախենում:
Պ.- Վախենում եմ մարդկային կորստից, բայց դրան էլ փիլիսոփայօրէն կարելի է մօտենալ: Ամենակարեւոր բանը հոգին է: Նոյնիսկ մեռնելուց յետոյ է մնում հոգին:
Հ.- Ինչքանո՞վ են մօտ երազանքներն ու իրականութիւնը: Երազանքները կարո՞ղ են վերադառնալ իրականութիւն:
Պ.- Երազանքները պէտք է դարձնել իրականութիւն: Պէտք է չերազել, այլ երազանքը պէտք է դարձնել նպատակ: «Խօսող գրքեր» նախագիծն այդպիսին էր ինձ համար:
Հ.- Կա՞յ գրական հերոս, որ ապրում է ձեր մէջ:
Պ.- Ո՛չ, մի ժամանակ Էքզիւփերիի «Փոքրիկ իշխանն» էր: Եթէ ուշադիր կարդաք, կը զգաք, որ դա ընկճուած մարդու գրած է: Նա փորձել է անել ինչ-որ լուսաւոր բան, բայց նաեւ ինքնասպանութեան է տարել: Ինչպէս ասւում է գրքում` Փոքրիկ իշխանն ընկերացաւ օձի հետ` չլսելով խելացի աղուէսի խօսքերը:
Երեւան-Պէյրութ

