ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ, ՇԷՅՔՍՓԻՐՆ ՈՒ ՀԱՅՈՑ ՄԵԾԵՐԻ ԴԻՄԱՆԿԱՐԻՉԸ

ՎԵՐՍՏԵՂԾՈՒԵԼ Է ՇԷՅՔՍՓԻՐԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ

Մեր օրերում համակարգիչը թափանցել է կեանքի բոլոր ասպարէզներ, եւ այսօր արդէն անհնար է մարդկային կեանքը պատկերացնել առանց Նորին Մեծութիւն Համակարգչի: Գիտնականները համակարգչի միջոցով նոյնիսկ մարդու կրկնօրինակն են ստանում, եւ դա նոյնքան սարսափելի է, ինչպէս նախորդ դարաշրջաններում ապրող մարդը վախեցաւ իր գլխավերեւում յայտնուած օդանաւի դղրդիւնից…

Վերջերս, օգտուելով  համակարգչային արհեստագիտութեան ընձեռած հնարաւորութիւններից, գիտնականներին առաջին անգամ յաջողուել է եռաչափ պատկերագրութեան միջոցով ստանալ անգլիացի գրող Ուիլիըմ Շէյքսփիրի դիմանկարը: Դիմանկարում ամենայն մանրամասնութեամբ վերականգնուել են գրողի դիմագծերը, կնճիռներն ու անգամ մազերը: Այդ մասին գրում է բրիտանական «Տը Տէյլի Թելեկրաֆ»ը:

Պարբերականը նշում է, որ այն ամբողջութեամբ տարբերւում է  բեմագրի` նախկինում մեզ ծանօթ դիմանկարներից: Ստեղծուած դիմանկարը հիմք է ծառայել անցեալ տարի  Հիսթըրի չէնըլով հեռարձակուող «Յետմահու դիմակներ» վաւերագրական ժապաւէնի ստեղծման համար: Բացի Շէյքսփիրից` ժապաւէնի հեղինակները եռաչափ (3D) եղանակով վերստեղծել են այլ յայտնի անձանց` Նափոլէոն Պոնափարթի, Յուլիոս Կեսարի, Ճորճ Ուաշինկթընի, Աբրահամ Լինքըլնի դիմանկարները: Շարժանկարի բեմադրիչի կարծիքով` նմանատիպ եղանակով ստեղծուած դիմանկարները մարդկանց կը ստիպեն «նոր հայեացք նետել անցեալի յայտնի անձանց վրայ»:

Յիշեցնենք, որ անցած տարուայ մարտին Լոնտոնում հրապարակուեց աշխարհահռչակ թատերագիրի` կենդանութեան օրօք արուած նախկինում անյայտ միակ դիմանկարը: 1610 թուականին անյայտ նկարչի արած դիմանկարը ստեղծուել էր Շէյքսփիրի մահուանից 6 տարի առաջ` Սաութհեմփթընի 3-րդ դուքսի պատուէրով: Վերջինս Շէյքսփիրի մեկենասն ու մտերիմ ընկերն էր: Դիմանկարը դարեր շարունակ պահուել էր Իրլանտայում` Տապլինից ոչ հեռու գտնուող սեփական տանը եւ փոխանցուել սերնդէ սերունդ:

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԴԻՄԱՆԿԱՐԻՉԸ

Երբ համացանցային կայքէջերի լուսանցքներում կարդացի այս լուրը (թէ ինչպէս է համակարգչի միջոցով ճշգրտութեամբ վերստեղծուել Շէյքսփիրի եւ այլ յայտնիներու դիմանկարներ) անմիջապէս յիշեցի մի տաղանդաւոր ու զարմանալի հայ գեղանկարչի մասին, որը դեռեւս 50-60 տարի առաջ (երբ գոյութիւն չունէր համակարգիչ), վրձնով պատկերել  է մեր հայ մեծերի դիմանկարները:

Հայոց պատմութեան դասագրքերից մեզ ծանօթ են Մովսէս Խորենացու, Մեսրոպ Մաշտոցի, Անանիա Շիրակացու, Մխիթար Հերացու, Թորոս Ռոսլինի, Դաւիթ Անյաղթի, Մխիթար Սեբաստացու, Վռամշապուհ արքայի, Գրիգոր Նարեկացու, Սայաթ Նովայի  դիմանկարները: Մեր բոլորիս մտապատկերներում կա՛ն այդ դիմանկարները. մենք համոզուած ենք, որ  ճիշդ այդպիսին են եղել մեր մեծերը: Նայում ենք այդ դիմանկարներին, եւ մեզանից ոմանք գուցէ  երբեմն էլ  անդրադառնում են  (ինքներս մեզ հարց տալով), թէ հեռաւոր դարերում, երբ ո՛չ համակարգիչ կար եւ ո՛չ էլ` լուսանկարչութիւն, ինչպէ՞ս են այդ դիմանկարները եկել հասել մեզ:     Իմացողները գիտեն, որ  հայ մեծերի դիմանկարները վրձնած է  տաղանդաւոր նկարիչ Հրաչեայ Ռուխկեանը. նրա գեղանկարները հետագայում լուսանկարուել են, վերածուել  դիմանկարների եւ իբրեւ այդպիսին մտել պատմութեան մէջ: Հրաչեայ Ռուխկեանը դրանք ստեղծել է մեծ դժուարութեամբ, քանի որ հայոց պատմահօր, հայոց գրերի գիւտի հեղինակի, հայոց բժշկապետի, Սուրբ Գրիգոր Նարեկացու, 4-րդ, 5-րդ դարերի, միջնադարի միւս գիտնականների եւ արուեստագէտների   արտաքին նկարագրութիւնները նոյնիսկ բացակայում են հայ գրականութեան ու պատմութեան էջերից: Իսկապէս հարց է առաջանում` ինչպէ՞ս է նկարիչը կարողացել առանց լուսանկարի, առանց նկարագրութեան վրձնել մարդկանց դիմանկարները, որոնց ո՛չ տեսել է, եւ ո՛չ էլ հեռաւոր պատկերացում է ունեցել, թէ ինչպիսին են եղել: Հարցը մի պարզ պատասխան ունի` Հրաչեայ Ռուխկեանը դիմանկարների այդ բոյլը ստեղծել է իր տաղանդի, ստեղծագործական երեւակայութեան եւ ի հարկէ` մարդաճանաչութեան եւ յատկապէս` հայաճանաչութեան եւ հայրենասիրութեան շնորհիւ… Իսկ ամէն ինչ սկսուել է այսպէս:

1945 թուականին Հայաստանում,  Սայաթ Նովայի մահուան 150-ամեակի առիթով  (Սայաթ Նովան ծնուել է 1712 թուականին, մահացել` 1795-ին) յայտարարւում է մրցոյթ`  միջնադարեան հայ բանաստեղծի եւ աշուղի  կերպարը ստեղծելու համար…

Սայաթ Նովայի կերպարին անդրադառնալու` հայոց ժամանակի մեծերի փափաքը պատահական չէր: Դա մի ժամանակաշրջան էր, երբ  Հայաստանը (Աշխարհամարտին մասնակից շատ երկրների հետ)  մի կողմից վայելում էր Երկրորդ Աշխարհամարտի յաղթանակի բերկրանքը, իսկ միւս կողմից էլ պատերազմի դաշտում զոհուած հազարաւոր հայերի  կորստեան վիշտն ու կսկիծն էր, որ պէտք էր սփոփուէր… Անհրաժեշտութիւն էր առաջացել արուեստով, մշակոյթով մխիթարելու  պատերազմում հազարաւոր որդիներ կորցրած հայերին, տուն դարձած վիրաւորներին եւ հաշմանդամներին, պատերազմից աղքատացած ժողովրդին… Կազմակերպւում էին գեղարուեստական միջոցառումներ, ոգեկոչում էին հայոց փառահեղ անցեալը (ճիշդ նոյն տարիներին է գրուել նաեւ Դերենիկ

Դեմիրճեանի «Վարդանանք» վէպը), այդ տարիներին ստեղծուել են երաժշտարուեստի գլուխգործոցներ, վրձնուել են կտաւներ (ինչպէս` Սարեանի կտաւների մի մասը):

Երկրորդ Աշխարհամարտին մասնակցել եւ պատերազմից տուն էր վերադարձել նաեւ երիտասարդ հայ նկարիչ Հրաչեայ Ռուխկեանը (նա ծնուել է 1915 թուականին, Ալեքսանդրապոլում, աւարտել Թիֆլիսի գեղարուեստական ակադեմիան): 30-ամեայ նկարիչը նոյնպէս որոշում է մասնակցել Սայաթ Նովայի գեղարուեստական կերպարի ստեղծման մրցոյթին: Յանձնաժողովի կազմում էին Նայիրի Զարեանը, Աւետիք Իսահակեանը, Մարտիրոս Սարեանը: Արդիւնքների ամփոփման ժամանակ բոլորը կանգ են առնում Հրաչեայ Ռուխկեանի վրձնած Սայաթ Նովայի պատկերի առջեւ, եւ փակ քուէարկութեամբ հէնց Ռուխկեանի գործն էլ ստանում է առաջին մրցանակը եւ  ընտրւում… Բոլորս էլ գիտենք Սայաթ Նովայի ծանօթ ու միակ դիմանկարը` փետուրէ գրիչը ձեռքին, միւս ձեռքին` քամանչա… Այդ ստեղծագործութիւնից յետոյ  Մարտիրոս Սարեանը Հրաչեայ Ռուխկեանին յորդորում է ստեղծել նաեւ հայոց այն մեծերի կերպարները, ովքեր դիմանկար չունէին, եւ նրանց դէմքը անծանօթ էր ժողովրդին: Ահա ի՛նչ է ասել Մարտիրոս Սարեանը` երիտասարդ նկարչին.

– Դու պէտք է ստեղծես մեր հանճարեղ կերպարները:  Քեզ բնորդ կը լինի պատմութիւնը: Մեր գրքերն ու գրիչները օգնութեան կը գան: Գիտցիր` կան յուշարձաններ, քանդակներ, քեզ բնորդ կը լինի նաեւ ժամանակակից մարդը: Դու այդ կարող ես: «Սայաթ Նովան» դրա վկայութիւնն է:

Եւ Ռուխկեանը ձեռնամուխ է լինում մի շատ դժուար եւ պատասխանատու աշխատանքի. նա ստեղծում է  հայոց մեծերի դիմանկարների մի բացառիկ նկարաշար, որ  կոչւում է  «Բոյլ հանճարաց»: Նկարաշարի բոլոր նկարները օգտագործուել են տարբեր գրքերի, նամականիշների, օրացոյցների, հրատարակութիւնների տպագրութեան ժամանակ: Իսկ Գրիգոր Նարեկացու դիմանկարի մասին Սորպոնի համալսարանի փրոֆ. Ժան Փիեռ Մահէն ասել է. «Սա գլուխգործոց է, ես անպայման «Նարեկացի» գրքիս շապիկը կը զարդարեմ Ռուխկեանի ստեղծած Նարեկացու դիմանկարով»: Երբ նկարահանւում էր Սայաթ Նովա շարժանկարը, աշուղի դերակատարի ընտրութեան հարցում բեմադրիչները առաջնորդւում են Ռուխկեանի ստեղծած դիմանկարով, նոյն դիմանկարի հիման վրայ է քանդակուել  նաեւ Սայաթ Նովայի յուշարձանը ( Ռուխկեանի «Սայաթ Նովա» գործն այսօր պահւում է Հայաստանի ազգային պատկերասրահում),  ինչպէս նաեւ Մեսրոպ Մաշտոցի` ռուխկեանական դիմանկարի հետեւողութեամբ է ստեղծուել հայոց գրերի գիւտի հեղինակի յուշարձանը: Իսկ ահա, ըստ մասնագէտների, հայ գրականագիտութիւնը հայոց Վռամշապուհ արքայի մասին իր կարծիքը վերանայել է միայն այն բանից յետոյ, երբ Հ. Ռուխկեանը ստեղծել է հայոց թագաւորի կերպարը…

Հայաստանի Մատենադարանի առջեւ կայ նաեւ Կիլիկիայի մանրանկարչութեան դպրոցի խոշոր ներկայացուցիչ Թորոս Ռոսլինի յուշարձանը: 1967 թուականին քանդակագործ Արշամ Շահինեանը Ռուխկեանի վրձնած Ռոսլինի դիմանկարի հիման վրայ է ստեղծել միջնադարեան մեծ նկարչի յուշարձանը:

Ռուխկեանի վրձնած բոլոր դիմանկարների մէջ ընդհանուր է մէկ բան` հայոց մեծերը մեզ են նայում դարերի խորքից` խոհուն հայեացքներով. նրանց դէմքերի վրայ կարծես հայոց պատմութեան կնիքը կայ: Ռուխկեանի ստեղծած դիմանկարները գուցէ հարուստ չեն արտայայտչամիջոցներով, սակայն լի են ներքին բովանդակութեամբ, արուեստաբանները այդ դիմանկարները նոյնիսկ համեմատել են Վերածննդի շրջանի սրբապատկերների հետ:

… Գրող Աւետիք Իսահակեանը Հրաչեայ Ռուխկեանին խորհուրդ է տուել,  դիմանկարներից բացի, գծել նաեւ Հայաստանի մի շարք եկեղեցիներ` ասելով, որ նրա հզօր վրձինն ու դիպուկ աչքը կարող են պատմութեան համար պահ տալ այդ կոթողները: Աւելի ուշ Ռուխկեանը հետեւել է  այդ խորհրդին եւ տարիներ շարունակ  շրջել Հայաստանի տարածքով, մատիտն ու թուղթը ձեռքին  նկարել հայկական եկեղեցիներ եւ յուշարձաններ, որոնք հետագայում վերածել է կտաւների: Այս ազգաշահ գործի համար Ամենայն հայոց կաթողիկոս Վազգէն Առաջին վեհափառը Հրաչեայ Ռուխկեանին տրամադրել է իր ծառայողական ինքնաշարժը: Շրջելով Հայաստանի տարածքով, ուսումնասիրելով ամէն մի շինութիւն եւ պատմական արժէք ներկայացնող կառոյց` Ռուխկեանը գծել է 120 եկեղեցի եւ այլ պատմական կառոյցներ: Նրա հեղինակած հայկական յուշարձանների գեղանկարները պատմական մեծ արժէք ունեն: Մասնագէտները բազմիցս նշել են, որ իրենք պատմական կոթողները վերականգնելու ժամանակ միշտ օգտւում են դրանցից, քանի որ Հայաստանի բոլոր եկեղեցիները չէ, որ լուսանկարներ ունեն: Այն, ինչ չի արել լուսանկարչութիւնը, Ռուխկեանը փորձել է իր ուժերի չափով բացը լրացնել  գեղանկարչութեամբ…

Հրաչեայ Ռուխկեանը հետագայում ստացել է «Հայաստանի ժողովրդական նկարիչ» կոչումը: Նրա կենսագրութեան մէջ  կայ մէկ այլ տպաւորիչ դրուագ. խորհրդային տարիներին նա հագել է սահմանապահի հագուստ եւ, Հայաստան-Թուրքիա սահմանին կանգնած, նկարել է  Անիի վեհաշուք աւերակները: Այդ նկարը կոչւում է «Անփարատ վիշտ»:

Նոյն տարիներին Ռուխկեանը Իջեւանում նկարել է Վարդան Մամիկոնեանի տնկած 2000-ամեայ առասպելական կաղնին (գեղանկարը կոչւում է «Զօրավարի կաղնին»). այսօր, ցաւօք, չկայ զօրավարի տնկած կաղնին, այն պահպանուել է միայն Ռուխկեանի նկարում: Իսկ Թումանեանի շրջան  տանող ճանապարհին ժայռի վրայ իր բարի ժպիտով մեզ է նայում Ռուխկեանի` խճանկարով պատրաստած մեծ լոռեցու` Յովհաննէս Թումանեանի դէմքը:

Հայաստանում Հրաչեայ Ռուխկեանը երեք տասնեակ անհատական ցուցահանդէս է ունեցել: Նա գծանկարչութիւնից զատ զբաղուել է նաեւ այլ գործունէութեամբ, գիրք է գրել, կազմակերպել է այլ նիւթերով ցուցահանդէսներ, իսկ ահա Երեւանում գործող Սայաթ Նովայի անուան երաժշտական դպրոցը հիմնուել է նրա ջանքերի շնորհիւ: Իր եւ գրող Աւետիք Իսահակեանի մտերմութեան մասին նկարիչը գրել է «20 տարի վարպետի հետ» գիրքը (լոյս է տեսել 1975 թուականին), ուր նաեւ զետեղուած են Իսահակեանի «Աբու-լալա-Մահարի» գրքի    իր` Ռուխկեանի  հեղինակած նկարազարդումները:  Արցախում Ղարաբաղի 60-ամեակին նուիրուած ցուցահանդէս է բացել եւ 60 նկար նուիրել Արցախի  պատկերասրահին:

Հրաչեայ Ռուխկեանը 1961 թուականին եղել է Եգիպտոսում: Վերադառնալուն պէս Հայաստանի նկարիչների միութիւնում ներկայացրել է «Երկու շաբաթ Մերձաւոր Արեւելքում» ազդագրով անհատական ցուցահանդէսը, որը այդ տարիներին մեծ ընդունելութիւն է գտել:

Ռուխկեանի մասին նոյնպէս գրուել են գրքեր, տարբեր տարիների հրատարակուել են նրա գծանկարների ալպոմները:

Իր` Հրաչեայ Ռուխկեանի թողած ժառանգութեամբ նրա մահուանից յետոյ հետեւողականօրէն զբաղուել եւ զբաղւում է գծանկարչի դուստրը` լրագրող, բանասէր Անահիտ Ռուխկեանը. նա տաղանդաւոր հօր մասին գրքեր է գրել, պատրաստել է խտասալիկ, մամուլում պարբերաբար նիւթեր է հրատարակում: Ուշադրութեան է արժանի Անահիտ Ռուխկեանի կազմած եւ հեղինակած 175 էջանոց «Հրաչեայ Ռուխկեան» ալպոմը, ուր ներկայացուած են նշանաւոր արուեստագէտի ստեղծած 131 նկարներ` «Բոյլ հանճարաց»ը… Իսկ 2006-ին  Անահիտ Ռուխկեանի հեղինակութեամբ լոյս  է տեսել «Հրաչեայ Ռուխկեան» պատկերագիրքը, որում նոյնպէս ներկայացուած է հայ մեծ պատմանկարչի, դիմանկարչի, հայրենասէր մարդու  ողջ ժառանգութիւնը:

Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

 

 

Share this Article
CATEGORIES