«ՄԻՆՉԵՒ 1918 ԹՈՒԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28 ՄԵՆՔ ՀՊԱՏԱԿ ԷԻՆՔ. ԱՅԴ ՕՐԸ ՀԱՅԸ ՀՌՉԱԿՈՒԵՑԱՒ ՔԱՂԱՔԱՑԻ» Կ՛ԸՍԷ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍԵԱՆ

Հանրապետութեան տօնի առիթով 28 մայիսին ուղերձով հանդէս եկած է նախագահ Սերժ Սարգսեան: Ստորեւ կը ներկայացնենք ուղերձին կարեւոր մէկ բաժինը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհաւորում եմ բոլորիս Հանրապետութեան տօնի կապակցութեամբ:

1918 թուականի Մայիսի 28-ին ծնունդ առած Հայաստանի Հանրապետութիւնը պսակն էր մեր դարաւոր պայքարի: Այն գոյատեւեց ընդամէնը երկուսուկէս տարի: Եթէ նկատի ունենանք, որ այս տարի սեպտեմբերին պատրաստւում ենք նշել մեր նոր անկախ պետականութեան 20-րդ տարեդարձը, ապա երկու եւ կէս տարին շատ փոքր ժամանակահատուած է ինչ-որ բան հասցնելու համար: Բայց սա միայն առաջին հայեացքից: Իրականում այն ամենամեծ յեղափոխութիւնն էր, որ նոր ժամանակներում կատարուեց հայ ժողովրդի սրտում եւ գիտակցութեան մէջ: Մայիսի 28-ով հայ ժողովուրդը որդեգրում էր արժէքային նոր համակարգ` անկախութիւն եւ ժողովրդավարութիւն: Եթէ ներկայիս Հայաստանը ժառանգորդն է առաջին Հանրապետութեան (իսկ դա այդպէս է), ապա առաջին հերթին ժառանգորդն է այդ արժէքային համակարգի:

Եթէ մինչեւ Մայիսի 28-ը մենք փորձում էինք ինքնակազմակերպուել կրօնական, մշակութային, կուսակցական, հասարակական եւ զանազան այլ կառոյցներում, ապա Մայիսի 28-ից յետոյ սկսեցինք կազմակերպուել պետականօրէն, ինչն ազգի կազմակերպման բարձրագոյն եւ ամենաարդիւնաւէտ ձեւն է: Մենք շատ բան վերանայեցինք թէ՛ մեր ներսում, եւ թէ՛ մեր շուրջը:

Մինչեւ 1918 թուականի Մայիսի 28-ը մենք հպատակ էինք. այդ օրը հայը հռչակուեց քաղաքացի: Ազատ երկրի ազատ քաղաքացի դառնալու ճանապարհը երկար է եւ բարդ: Ճանապարհի դժուարութիւնները մենք յաղթահարում ենք մինչեւ այսօր, բայց սա նոր սկիզբ էր եւ քաղաքական ճիշդ ուղեգիծ: Հայութեան բոլոր հատուածներն ու ժողովրդի բոլոր խաւերը պատուով բռնեցին ճակատագրական քննութիւնը: Դա կատարուեց մի այնպիսի պատմական պահի, երբ շատերն աշխարհում բարձրաձայն կամ իրենց մտքի մէջ արդէն խաչ էին քաշել Հայաստան երկրի եւ հայութեան վրայ: Աւելին` մեզանում էլ քիչ չէին յուսահատուածները: Բայց ազգային միասնութիւնը փայլուն դրսեւորումներ ունեցաւ 1918 թուականի մայիսեան հերոսամարտերում: Հայութեան հաւաքական կամքն իսկապէս հրաշքներ գործեց այդ օրերին, եւ մենք հիմնաւոր հպարտութեամբ ու երախտագիտութեամբ ենք դա ասում, քանի որ մայիսեան ճակատամարտերի հերոսների կեանքով ու արիւնով Հայաստանը փրկագնուեց մահուան ճիրաններից: Կռուողներից ո՛չ զինուորները, ո՛չ աշխարհազօրը, ո՛չ սպայական կազմը, եւ նոյնիսկ ո՛չ հրամանատարութիւնը չգիտէին, որ ընդամէնը մէկ-երկու օր յետոյ պաշտօնապէս վերականգնուելու է հայոց պետականութիւնը, բայց կատարուել էր ամենակարեւորը. մենք կռւում էինք որպէս Հայաստան եւ վատ չէինք կռւում: Սա արդէն իրականութիւն էր: Արդէն մենք էինք խաչ քաշում դարաւոր ստրկութեան, թշուառ ու անկազմակերպ մեր անցեալի վրայ:

Երկրում ծայրայեղ եւ արտակարգ իրավիճակ էր, բայց ո՛չ ժողովուրդը, ո՛չ իշխանութիւնները չմոռացան ամենակարեւորը` անկախութիւնն ու ժողովրդավարութիւնը չեն հակասում իրար: Աւելին` նրանք հզօր պատուար են միմեանց համար: Այո, մարդիկ` անհատները, զոհաբերում էին իրենց շահերը, իրաւունքները, ունեցուածքը եւ նոյնիսկ կեանքը յանուն հաւաքական շահի, բայց արդեօ՞ք կարելի է չյիշել այդ մարդու` անհատի շահերի, իրաւունքների, նրա անձնական երջանկութեան մասին:

 

Share this Article
CATEGORIES