Ռուսաստանի Ռազմաքաղաքական Երկսայրաբանութիւնը Պարզուեց. Ազրպէյճանին` Զէնք, Հայաստանին` Խոստումներ

ԿԱՐԻՆԷ ՄԱՆԳԱՍԱՐԵԱՆ

Հայաստանի ռազմաօդային ուժերը կարեւորագոյն դերակատարութիւն ունեն երկրի անվտանգութեան ապահովման գործում: Անցնող շաբաթ այս մասին խօսելու մի քանի առիթներ եղան: Նշուեց, որ հակաօդային պաշտպանութեան զօրքերի զինատեսակները առաջիկայում համալրուելու են` «Ռուսական ուղղաթիռներ» ընկերութեան հետ ձեռք բերուած համագործակցութեան արդիւնքում:

Հայ-ռուսական համագործակցութիւնը, այդ թւում` ռազմական, նորութիւն է: Սակայն դա չի խանգարում, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը միլիառաւոր տոլարների զէնք վաճառի Ազրպէյճանին: Ու բազմաթիւ վերլուծաբաններ, քաղաքագէտներ, անգամ սովորական քաղաքացիները սկսեցին կասկածի տակ դնել Ռուսաստանի հետ բարեկամական յարաբերութիւնների հետագայ ճակատագիրը:

Մոլորութեան մէջ երկար դեգերելու առիթ չունեցանք, Երեւանը սկսեց իրար յետեւից ընդունել ռուսական պատուիրակների, եւ յատկապէս նրանց, ովքեր պատասխանատու են ռազմական համագործակցութեան համար: Եկան եւ յայտարարեցին` մի՛ անհանգստացէք, Հայաստանը մեր դաշնակիցն է, իսկ Ազրպէյճանի հետ զուտ պիզնըս յարաբերութիւններ են:

«Երբ Ռուսաստանը զէնք է վաճառում որեւէ երկրի, առաջնորդւում է ինչպէս միջազգային պայմանագրերով, այնպէս էլ իր երկրի օրէնքներով: Մենք չենք խախտել որեւէ պայմանագիր: Եղել ենք Գիւմրիի 102-րդ ռուսական ռազմական խարիսխում, հիանալի մարտական վիճակում են, եւ կարող եմ հաւաստել, որ այսօր դուք անհանգստանալու կարիք չունէք», ասաց Ռուսաստանի անվտանգութեան քարտուղար Փաթրուշեւը:

Ռուսաստանի Անվտանգութեան խորհրդի քարտուղարը դեռ Երեւանում էր, երբ նրան միացաւ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) գլխաւոր քարտուղար Նիքոլայ Պորտիւժան: Եկաւ Հայաստան եւ մեզ տեղեկացրեց` 2014 թուականը վերազինման առումով շատ կարեւոր տարի է լինելու: ՀԱՊԿ-ի շրջագծում ընդլայնուելու է ոչ միայն օդուժը, այլեւ ընդհանրապէս ռազմաօդային պաշտպանութեան համակարգն է արդիականացուելու ու վերազինուելու:

Հարաւկովկասեան տարածաշրջանում ՀԱՊԿ-ի միակ անդամ Հայաստանի հետ համագործակցութիւնը Հայաստանի անվտանգութեան մակարդակն աւելի է բարձրացնում, այս շաբաթ վստահեցրին Հայաստանի Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանը եւ Նիքոլայ Պորտիւժան: Վերջինս անգամ Հայաստանի իշխանութիւններին գովեց` իրենք աջակցում են, բայց Հայաստանի իշխանութիւնների քայլերն էլ յստակ են:

Ի դէպ, Նիքոլայ Պորտիւժան Արթուր Բաղդասարեանի հետ համատեղ ասուլիսում անգամ փոքր-ինչ սրտնեղեց, երբ հարց հնչեց նոյն չարաբաստիկ զէնքի մասին: Սրտնեղեց, բայց պատասխանեց` առեւտուր է եւ վերջ: Իսկ Հայաստանի Անվտանգութեան խորհրդի քարտուղարի կարծիքով էլ` մտահոգիչ է զէնքի որեւէ չափաքանակի մատակարարումը, սակայն Հայաստանը պատրաստ է արժանի հակահարուած հասցնել որեւէ ոտնձգութեան:

Թեմային անդրադարձաւ նաեւ Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը: Թշնամու կողմից որեւէ սպառազինման ձեռքբերում անհանգստացնում է, սակայն, նախարարի կարծիքով, Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմական համագործակցութիւնն աւելի բարձր մակարդակի վրայ է: Հայկական բանակը նաեւ պատրաստ է` հակադարձելու թշնամու որեւէ ոտնձգութեան, իսկ Ազրպէյճանից հնչող յայտարարութիւնները, նախարարի կարծիքով, միշտ էլ ուղղուած են որեւէ նպատակի` կա՛մ ներքին խնդիրների լուծման, կա՛մ էլ որ միակողմանի զիջումների հասնելու ջանքեր են: Սէյրան Օհանեանը վստահ է, որ միակողմանի զիջումների հասնելու Իլհամ Ալիեւի փորձերը պարզապէս դատապարտուած են:

Ի դէպ, Ալիեւին, ինչպէս ասում են, Երեւանից մի մուշտի (բռունցք) էլ հասաւ ՀԱՊԿ-ի գլխաւոր քարտուղար Նիքոլայ Պորտիւժայի կողմից: Ազրպէյճանի զինուած ուժերի 95-ամեակին նուիրուած զօրահանդէսի ժամանակ Իլհամ Ալիեւը կրկին ռազմատենչ յայտարարութիւններ էր արել:

Ի տարբերութիւն Իլհամ Ալիեւի` Պորտիւժան շատ լաւ յիշում է կովկասեան վերջին պատերազմը, Ալեւին Երեւանից յիշեցրեց` այս տարածաշրջանում շատ հեշտ է ռազմական գործողութիւններ սկսելը:

«Հեշտ է առաջինը կայացնել զէնք կիրառելու, պատերազմ սկսելու որոշումը, բայց չափազանց բարդ է այդ ամէնը յետոյ խաղաղեցնել: Ցաւօք` 90-ականներին մենք, այդ թւում` ես, զգացինք դա: Յետխորհրդային երկրների մի շարք կէտերում եղան զինուած բախումներ, որոնք բազմաթիւ զոհերի պատճառ դարձան: Նրանց հարկաւոր է մի փոքր յիշել, թէ ինչ է եղել 90-ականներին եւ դրանով սառեցնել կրքերը», ասաց նա:

ՀԱՊԿ-ի գլխաւոր քարտուղարը եւ Ռուսաստանի անվտանգութեան քարտուղար Նիքոլայ Փաթրուշեւը յունիսի 28-ին Երեւանից մեկնեցին: Ռազմաքաղաքական հարցերը կարծես թէ պարզաբանուեցին. Ազրպէյճանին` զէնք, Հայաստանին` խոստումներ:

«yerkirmedia.am»

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )