Քարվաճառի Շրջանի Նոր Վերինշեն Գիւղի Աւերուած Եկեղեցին Ու Մեր Արժեհամակարգը

ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թուրքական տիրապետութեան տակ եղած ժամանակ Քարվաճառի շրջանում աւերուել են հարիւրաւոր եկեղեցիներ ու խաչքարեր: Թուրքերն ամէն կերպ փորձել են ոչնչացնել հայկական հետքն այս տարածաշրջանից: Քարվաճառի շրջանի ամենաբարձրադիր` Ծար գիւղում կայ ազրպէյճանական աւերուած դպրոց, որի պատերը շարուած են եղել հայկական խաչքարներով: Նոյն Ծար գիւղում երկու միջնադարեան հայկական եկեղեցիներ պահպանուել են միայն շնորհիւ այն բանի, որ նրանցից մէկը քիւրտ մի ընտանիքի համար բնակավայր է դարձել, իսկ միւսը նոյն ընտանիքի համար ծառայել է որպէս գոմ:

Այժմ շրջանի տարբեր գիւղերի բնակիչներ տարբեր շինութիւնների միջից պարբերաբար յայտնաբերում են հայկական խաչքարեր կամ դրանց մնացորդներ: Խաչքարերը թուրքերի համար ծառայել են որպէս շինանիւթ:

Վկայութիւններ կան, որ թուրքերի ձեռքով է ոչնչացուել նաեւ Քարվաճառ քաղաքի եկեղեցին. այդ տարածքում այնուհետ կառուցուել է ազրպէյճանական թանգարան, որը եւս այսօր աւերակների մի կոյտ է միայն:

Այն, որ թուրքը ոչնչացնում է մեր մշակոյթը, նորութիւն չէ մեր համար: Գրաւելով հայկական տարածք` թշնամին միշտ էլ փորձել է նախ եւ առաջ ջնջել հայկական հետքը տուեալ տարածքից: Իսկ հայկական հետքը, նախ եւ առաջ, հէնց հայկական խաչքարն ու եկեղեցին են:

Քարվաճառի շրջանն ազատագրուել է 1993 թ. ապրիլի սկզբին: Արդէն 20 տարի շրջանը վերադարձուել է իր տիրոջը` հային: Ենթադրւում է, որ հայ մարդը, յետ ստանալով իր հարիւրամեակով կորցրած հայրենիքի մի մասը, պէտք է մեծագոյն խնամքով ու սիրով վերաբերուէր դրան: Եւ ինչ խօսք, իսկապէս այս շրջանում կան մարդիկ, ովքեր յատուկ հոգատար վերաբերմունք ունեն յատկապէս տարածքի խաչքարերի նկատմամբ: Նրանք հաւաքում ու թէկուզ հէնց իրենց բակում են պահում խաչքարերի պատառիկներ, այցելում են լքուած եկեղեցիներ, երբեմն` սեփական ուժերով ամրացնում եկեղեցու արդէն փլուող պատերը:

Սակայն, ինչպէս ամէնուր, Քարվաճառի շրջանում էլ կան մարդիկ, որոնց արարքը ստիպում է մտածել, թէ արդեօք հա՞յ է անողը…

Մի քանի օր առաջ շրջանի բնակիչներից մէկը այցելելով Նոր Վերինշեն գիւղի մօտ գտնուող 17-րդ դարի եկեղեցի` յայտնաբերել են այն քանդած: Եկեղեցու տարածքը ակնյայտօրէն փորուած է թրաքթէօրի օգնութեամբ: Ոստիկանութիւնը տեղեկացուել է գործի մասին, տարւում է հետաքննութիւն` մեղաւորներին գտնելու համար:

Ենթադրւում է, որ եկեղեցին քանդողը ոսկի է փնտռել այնտեղ…

Ու տեսնես` ինչպէ՞ս կարելի է հասկացնել այդ մարդուն, որ սեփական մշակոյթը սեփական հայրենիքում աւերելն անմարդկայնութիւն է, որ նա նիւթական գանձերի որոնման ընթացքում ոչնչացնում է ազգի դարաւոր հարստութիւնն ու դիմագիծը:

Էլ ի՞նչ ասես այդ մարդուն, ում ձեռքը բարձրանում է հայկական եկեղեցու վրայ, ով աւերում է իր ձեռքն ընկած մի բուռ հայրենիքը…

«Թայմ.ամ»

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )