Աւետարանոցի Կորիւնների Յիշատակին

ԲԵԼԼԱ ԼԱԼԱՅԵԱՆ

Արցախի գրեթէ բոլոր գիւղերը ունեն սրբատեղի: Խօսքը այս անգամ դարերի խորութեամբ յոյսի գոյներով ու աղերսի կցկտուր հնութիւններով ներծծուած պատերով եկեղեցիների մասին չէ, դէպի ուր մեր քայլերը բերում են երկնային հօր հետ աղօթքի սրբագործուած լեզուով հաղորդակցուելու, աներեւոյթ մի ձեռքի շարժումով օրհնութիւն ստանալու: Այս աղօթատեղիները եկեղեցիների նման հազարմեակների պատմութիւն չունեն, սակայն կը գոյատեւեն հազարամեակներ, ամէն անգամ, ամէն նոր սերնդի յիշեցնելով հայոց նորագոյն պատմութեան փառաւոր էջերը կերտողների մասին, ովքեր դրեցին հիմնաքարերը, սակայն ամուր պարիսպները չտեսան:

Ընդամէնը մի քանի տարի առաջ փոքր ու մեծ, հեռաւոր ու մօտիկ գիւղերում գոյացան այս սրբատեղիները: Այստեղ նոյնպէս աղօթք է հնչում, սակայն այս անգամ երդումի կարծր երանգներով` նրանց գաղափարը կենդանի պահելու, կամքի արժանի տէրը լինելու:

Եւ ահա, լեռների փէշին ու քչքչացող գետի ափին փռուած Աւետարանոցում մէկտեղեցին գիւղի զոհուած տղաների յիշատակը յաւերժացնելու կամքը ու պարտականութիւնը` շինականի ու մասնագէտի բազկի ուժի ու մտքի թռիչքի հետ, որպէսզի գիւղի Ս. Աստուածածին եկեղեցու բակի բարձրադիր ժայռն ի վեր խոյանայ Քրիստոսի փրկարար խաչը` էգ ու արու արծիւների հսկողութեան ներքոյ:

Այս պարզ քանդակում կարելի է տեսնել իր օճախը հսկող արցախցու մշտարթուն հայեացքը, իր հաւատի համար սուր ու վահան վերցրած արցախցու բազկի ուժը:

«Ես պատկերել եմ էգ ու արու արծիւներ, քանի որ օրհասական պահին հայ կինը միշտ կանգնած է եղել տղամարդու կողքին, նրան հաւասար պաշտպանել օճախը օտարից, թշնամուց», ասում է քանդակի հեղինակ Ալպերթ Սարգսեանը:

Գիւղ հասանք կէսօրին: Տեղացող անձրեւը, գիւղական տեղանքին բնորոշ կպչուն ցեխը ու անձրեւի հետ մէկտեղ տարածուող ցեխաջրերը կարծես թէ պիտի ստիպէին թողնել գործը, սակայն մեծ ու փոքր եռանդով լծուել էին գործին` չնկատելով յորդառատ անձրեւի մելամաղձոտ երգը, չզգալով խոնաւութիւնից ծանրացող շապիկները: Օր ու ժամ առաջ քանդակը ամբողջացած տեսնելու ցանկութիւնը վարակել էր բոլորին: Երեւի դա է պատճառը, որ պատանի տղաների մի խումբ շտապում է ճաշը հասցնել շինհարթակ, միւս խումբը քար է կրում, երրորդը աւազ ու այս ամէնը` լրջօրէն, մեծավարի` մեծերի հետ: Աշխատում են առանց որեւէ ակնկալիքի, սա իրենց ու նաեւ աւագների համար աշխատանք չէ, այլ` հոգու պարտք, պարտականութիւն:

Զոհուած եղբայրների, հայրերի ու ընկերների յիշատակը յաւերժացնող յուշակոթող ունենալու միտքը երկար տարիներ հանգիստ չէր տալիս գիւղացիներին: Սակայն «ձեռքները» չէր հասնում:

Հարցին լուծում տալու արդիւնաւէտ ձեւը հիմնադրամ ստեղծելու գաղափարն էր, որ մէկ տարի առաջ կազմաւորուեց, իսկ առաջին հանգանակութիւնը կատարեցին 35-րդ գումարտակի հրամանատար Ա. Ղարամեանը, ում հրամանատարութեամբ կռուել է նաեւ Աւետարանոցի վաշտը, եւ Կեդրոնական պաշտպանական շրջանի (ԿՊՇ) հրամանատար Ս. Կարապետեանը:

Նրանց օրինակով վարակուեցին եւս մի քանի նուիրատուներ ու գաղափարը թղթի վրայից սահուն անցաւ գործի:

Ասկերանի շրջանի Աւետարանոցը Արցախի ամենահին բնակավայրերից է: Լեռնային հայրենիքի այս հատուածի բոլոր գիւղերի նման` գիւղը ապրում էր իր առօրեայ հոգսերով, շինականի տքնաջան աշխատանքով` հողի հետ հաշտ ու կռիւ տալով, մի կտոր հալալ հացի վաստակը արեւածագի ու մայրամուտի հետ խառնելով:

Արցախի մշակը խախաղ է իր առօրեայի հետ, հողի հետ նրա կապուածութիւնը գերբնական է, անմեկնելի: Նրա բազկի ուժը, որ անխռով, առանց շտապելու բահն է հողի հետ կռուեցնում, մի օր պիտի վրդովի դարաւոր թշնամու անյագ ախորժակից ու բահը փոխարինի հրացանով ու հայրենիքի իր հատուածը փրկելու գաղափարին նուիրուած` նետուի մարտի դաշտ:

Այսպէս սկսուեց Արցախի գոյապայքարը նաեւ Աւետարանոցի տղաների համար: Սկզբում անզէն տղաները համախմբուեցին ջոկատներում` բնակավայրերի մօտակայքերում իրենց օճախների ապահովութիւնը հերթապահելու պարտադրանքով թելադրուած: Նրանց մտքով չէր էլ անցնում, որ ինքնապաշտպանութիւնը հերթապահութեամբ չի աւատրուելու, մի օր ստիպուած են լինելու զինուել ինքնաշէն հրացաններով ու նռնակներով` թշնամու յարձակումները կանխելու համար: Ու այսպէս ձեւաւորուեցին վաշտեր` Աւետարանոցի ենթաշրջանի` Ակնաղբիւր, Սարուշէն, Խաչմաչ, Սղնախ, Ջրաղացներ ու Մադաթաշէն գիւղերում, որոնք առաջին համատեղ մարտական գործողութիւնը իրականացրին Շուշիի, որից յետոյ Լաչինի ազատագրման ժամանակ: Սա դեռ դաժան ու երկար մարտերի սկիզբն էր, որոնց պիտի մասնակցէին նաեւ Աւետարանոցի տղաները:

92-ի սեպտեմբերի 2-ին ենթաշրջանի` Ակնաղբիւր, Սարուշէն, Խաչմաչ, Սխնախ, Ջրաղացներ, Մադաթաշէն եւ Մոշխմհատ գիւղերի վաշտերը միացան ու կազմաւորուեց 35-րդ գումարտակը, որը փառահեղ ու հերոսական մարտեր պիտի մղէր թշնամու դէմ ու արժանիօրէն ստանար առասպելական անունը` հրամանատար Արշաւիր Ղարամեանի գլխաւորութեամբ:

Գումարտակը կազմաւորուելու ժամանակ գրեթէ ոչ մի միաւոր ռազմական մեքենայ չի ունեցել: Շուշիի ռազմագործողութեան ժամամակ ընդամէնը մէկ ՀՄՄ (հետեւակի մարտական մեքենայ) է ունեցել: Սակայն թէժ ու ծանր, արիւնահեղ մարտերին կարողացել է ոչ միայն ճնշել թշնամուն, այլ համալրել նաեւ զինամթերքի ու ռազմական մեքենաների պաշարն ու քանակը:

1992-ի սեպտեմբերին, երբ Շուշիի ազատագրումից յետոյ կազմաւորուեց Արցախի պաշտպանութեան բանակը (ՊԲ), 35-րդ գումարտակն անցաւ ՊԲ կազմ եւ շարունակեց ռազմական գործողութիւնները Արցախի ինքանպաշտպանութեան բոլոր ուղղութիւներում:

Ի մի բերելով 35-րդ գումարտակի անցած ռազմական ուղին, նշենք կարեւոր ռազմաճակատներն ու ուղղութիւնները.

1991 դեկտեմբեր – 92 սեպտեմբեր – Մարտունու շրջանի Ամարասի հովիտ` Մաճկալաշէն-Ճարտար ռազմական գիծ

1992 մայիս` Շուշի եւ Լաչին

1992 սեպտեմբեր` Մարտակերտի ճակատ (ԿՊՇ տղաների հետ ազատագրում են Կիչանը եւ հասնում Չլդրանի մատոյցներ)

1992 հոկտեմբերի 3` Արփագեադուկի ուղղութիւն` կասեցնելու Լաչինի շրջանի Լիսագորից, Փոքր Դէյխանից ու Ջամբարախաչից թշնամու յառաջխաղացքը: Ազատագրում են մինչեւ Գիւլիբերդի Թոփաղաչ բարձունքը եւ տիրում բարձունքին, վերահսկելով տարածքը: Այս մարտերում թշնամուց աւար են վերցնում 12 հրասայլ:

1992 նոյեմբեր` տիրում են` գիորգունդաղ բարձունքին (2400 մեթր) եւ այստեղ եւս տարածքը վերցնում վերահսկողութեան տակ:

Այս մարտերում թշնամու խփուած հրասայլի մէջ գտնուած անձնագրերը ցոյց են տալիս, որ հակառակորդին օգնութեան են եկել չեչենները, Տաղստանցիները, թուրքմէնները:

1993 յունուար 5` ԿՊՇ եւ 8-րդ վաշտի (Բերդաձորի տղաներ) հետ թշնամուն ստիպում են նահանջել: Թշնամին տալիս է 120 զոհ: Ազտագրւում է Հախնազար գիւղը:

Ձմեռուայ վատ եղանակի պատճառով յետ են քաշւում դիրքերը, որոնք մնում են ԿՊՇ հսկողութեան տակ, իսկ 35-րդ գումարտակը տեղափոխւում է Ասկերանի` Խրամորթի ուղղութիւն:

1993 փետրուար` գումարտակի տղաներն անցում են յարձակման եւ ազատագրում Խրամորթը: Սակայն թշնամին հեռու չի նահանջում: Տեղակայւում է գիւղի ներքեւում գտնուող դպրոցի շէնքում: Մինչեւ մարտի սկիզբ պաշտպանական մարտեր են մղում այստեղ, յետոյ տեղափոխւում Մարտակերտի ճակատ:

1993 մարտ 6` ազատագրում են Մարտակերտի շրջանի Քսապատ գիւղը եւ տեղափոխւում Ակնաբերդ (Ումուդլու):

Մարտ-ապրիլ մասնակցում են Մաղավուզի եւ Ներքին Հոռաթաղ` Պուշկեն յալ կոչուող բարձունքի մարտական գործողութիւններին:

1993 մայիս` Խաչէնի հովիտ:

Յունիսի 12-13 շարժւում են Աղտամի ուղղութեամբ` Փառուխ, մեծ եւ փոքր Ջիննի եւ ազատագրում այս գիւղերը , հաստատւում Բուզդաղ բարձունքում:

Մինչեւ յուլիսի 4` պաշտպանական մարտեր, որից յետոյ անցնում են յարձակողական մարտերի ու ազատագրում Վանքասարի բարձունքը:

1993 յուլիսի 6-20 թշնամին ամբողջ հզօրութեամբ անընդմէջ հրթիռակոծում ու յարձակողական մարտեր է մղում հաստատուած դիրքերի ուղութեամբ:

1993 յուլիսի 20-ին սկսւում է Աղտամի ազատագրման գործողութիւնը եւ 22-ին մաքրւում է քաղաքը թշնամուց:

Հէնց այստեղ` Տիգրանակերտ-Աղտամ ճանապարհին, թշնամու զինուորական գործողութեան արդիւնքում գերի է ընկնում գումարտակի հրամանատար Արշաւիր Ղարամեանը: Մէկ ամիս անց է կացնում Բաքուի բանտում: Այնուհետեւ, միջնորդութեան ու բանակցութիւնների շնորհիւ` փոխանակւում թշնամու 50 գերու հետ: Վերադառնում ու շարունակում է գլխաւորել գումարտակը:

1993 դեկտեմբերի 28-ին տեղափոխւում են Մարտակերտի պաշտպանական գիծ:

1994 յունուար 5-ին ՊԲ տարբեր ստորաբաժանումների հետ միասին ազատագրում են Գիւլիջա եւ Սումա գիւղերը:

1994 յունուարի 22-ին տագնապով զօրամասից առանձնացուած ընտրեալ ազատամարտիկների հետ միասին տեղափոխուեցին Քելբաջարի շրջան:

ԿՊՇ-ից, 4-րդ առանձնակի գումարտակից, Շուշիի առանձնակի գումարտակից, Մարտակերտի եւ Մարտունու շրջաններից ընտրեալ ազատամարտիկների հետ մինչեւ փետրուարի 17 հուժկու հարուածներ հասցնելով թշնամուն` ազատագրեցին Բաղրլու, Բաղրսակ, Եղէգնուտ, Եանշաղ եւ մի շարք այլ բնակավայրեր, թշնամուն ետ շպրտելով Օմարի բարձունքից:

Համաձայն Ազրպէյճանի տարածած տեղեկատուութեան, Քելբաջարի շրջանում Ազրպէյճանի զինուած ուժերը կրել են մեծ վնասներ, աւելի քան` 2500 զինուոր:

Մարտ ամսին գումարտակի առանձնացած մի ստորաբաժանում ռազմաճակատի հարաւարեւելեան Հորադիզի ուղղութեամբ ընթացող մարտական գործողութիւններին:

Ապրիլի 24-ին` մարտական գործողութիւներ Բաշ-Քիարվենդ-Բարդա երկաթգծի ուղղութեամբ: Ազատագրւում է Բաշ-Քարվենդ գիւղը (5600 բնակիչ):

Գումարտակի հրամանատարը արժանացել է «Մարտական խաչ» 1 եւ 2 աստիճանի շքանշանների, Արցախի հերոս կոչմանը:

Այս տարի, Արցախի անկախութեան նախօրեակին, 35-րդ գումարտակի հրամանատարի գլխաւորութեամբ, տղաները նորից կը հաւաքուեն: Այս անգամ սուրբ նպատակի համար նահատակուած մարտական ընկերների յիշատակը յաւերժացնող խորհրդանիշին ծաղիկներ կը խոնրահեն` անկախութեան համար նրանց խոնարհուած գլուխների նման խոնարհ ծաղիկներ… ու բազում աղօթատեղիներին Արցախում կ՛աւելանայ եւս մէկը եւ կը լսուի այնտեղ աղօթքն առ Աստուած: Թող լուսաւոր լինի նրանց լոյս հոգին, թող խաղաղ լինի խաղաղութեան երազանքով աշխարհից հեռացած նրանց հոգին… Իսկ աղօթքը կ՛աւարտուի երդումով… «Կը ներէք տղաներ, որ մենք պատահաբար ողջ մնացինք… երեւի թէ,մեզանից ոմանք պիտի մնային` 88-ի ոգին արթուն պահելու, որ միասին սկսած գործը աւարտին հասցնենք…»:

 

———————–

Աւետարանոց գիւղի նահատակ ազատամարտիկները

Արմէն Առաքելեան, 1962 -1993
Համլեթ Առստամեան, 1971 – 1992
Արթուր Աւանեսեան, 1961 – 1992
Լեւոն Արզումանեան, 1969 -1992
Հրաչեայ Բաղդասարեան, 1971 – 1991
Աշոտ Բաբայեան, 1969 – 1994
Արթուր Բաբայեան, 1973 – 1994
Մաքսիմ Բաղրեան, 1961 -1994
Սլաւիկ Գաբրիէլեան, 1966 – 1994
Վալերի Գաբրիէլեան, 1963 -1992
Ալպերթ Գադեան, 1973 – 1993
Կառլեն Գադեան, 1961 – 1993
Կարօ Գրիգորեան, 1955 – 1993
Արմէն Գրիգորեան, 1963 – 1993
Կիմա Գրիգորեան, 1961 – 1993
Կամօ Դանիէլեան, 1960 – 1992
Մայիս Դանիէլեան, 1967 – 1994
Մխիթար Դանիէլեան, 1972 – 1993
Նայիրի Դանիէլեան, 1965 – 1992
Արտիկ Խաչատրեան, 1970 – 1992
Վալերի Համբարձումեան, 1951- 1994
Արարատ Հայրապետեան, 1974 – 1992
Աւետիք Հայրապետեան, 1964 -1994
Վալերի Յովսէփեան, 1975 – 1994
Վլադիկ Յովսէփեան, 1961 -1993
Մհեր Յովսէփեան, 1966 – 1994
Ջիւան Մնացականեան, 1963 – 1994
Արթուր Պետրոսեան, 1971 – 1990
Գարսեւան Պետրոսեան, 1955 – 1994
Համլեթ Սարգսեան, 1953 – 1994
Նելսոն Մանասեան, 1974 -1996
Գարիկ Առստամեան, 1973 -1996

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )