Լրատուական Աղէտ

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Կա՞յ արդեօք երկրագնդում մի երկիր, որտեղ ոչինչ չի կատարւում: Ոչինչ` բառի բուն իմաստով, կամ փորձեմ աւելի պարզեցնել հարցս` կա՞յ արդեօք երկրագնդում մի երկիր, որտեղ օրուայ կարեւորագոյն լուրերը կամ, ինչպէս ընդունուած է ասել, «Թոփ նիուզ»-ը ինքնաշարժի վթարներն են, կամրջից նետուած ինքնասպանները կամ ներազգակցական բռնաբարութիւնները: Մեր կեանքը բուռն է «անշառ» զարգացումներով, դէպքերով եւ պատահարներով: Ինչպէս որոշ շրջանակներում ընդունուած է ասել` քաղաքացիական հասարակութիւն ենք ձեւաւորում: Ուրեմն` պարզւում է` քաղաքացիական հասարակութեան ձեւաւորման գերխնդիրն ամէն ինչի մասին խօսելն է, բարձրաձայնելը եւ տեղեկացնելը® բայց ընտրողաբար: Եւ դրա համար ջանք չի խնայւում, որպէսզի հասարակութիւնը րոպէ առաջ տեղեկանայ, թէ պապը ինչպէս բռնաբարեց փափկասուն թոռնուհուն, թոռնուհին ինչպէս դանակով կտրեց տատի կոկորդը, ինչպէս կամրջից իրեն ձորը նետեց 21-րդ դարի մեր Անուշը, կամ ինչպէս յանուն Անուշի գոմում կախուեց Սարոն:

Կ՛անցնեն ժամանակներ, եւ «վերլուծաբանները» կը պարզեն, որ Անուշը կամրջից իրեն նետեց ձորը ոչ թէ Սարոյի սիրոյ համար, այլ որ պարտքերի տակ կքած` չկարողացաւ ճիշդ կողմնորոշուել եւ գիշերները մէկ այլ կամրջի վրայ վաստակել, իսկ Սարոյին կախուած էին գտել, որովհետեւ հաւատացել էր աջ ու ձախ սփռուող գովազդներին ու որոշել բախտը փորձել խաղատանը. հարսանեաց հանդէսի պատրուակով վերցրած վարկը մսխել էր, յետոյ հասկացել, որ կորցրել է ամէն ինչ, նոյնիսկ այն գոմը, որտեղ գտաւ իր մահկանացուն:

Բայց կարեւորը պատճառները չեն, այլ իրադարձութիւնները, որոնք տեղի են ունենում մեր շուրջը, եւ որոնց մասին տեղեկանում ենք շատ աւելի արագ, քան, ասենք, Ռուսաստանի կողմից Ազրպէյճանին 1 միլիառ տոլարի զէնք վաճառելու եւ կամ «պանծալի» հոգեւորականի կողմից իր իսկ հոտի ներկայացուցչին սնանկացնելու մասին:

Շատերը դժգոհում են, թէ ընկերային ցանցերը դարձել են բացասական զգացողութիւնների փոխանցման աղբիւր, բայց արդեօ՞ք միայն ընկերային ցանցերն են պատճառը: Ընկերային ցանցերն աւելի շատ միջոց են լուրերի տարածման համար: Իսկ գրողները դրանք գրում են թերթերում, կայքերում, հնչեցնում են հեռուստատեսութեամբ, ռատիոյով: Մի խօսքով` մեզ յայտնի զանգուածային լրատուամիջոցներով, որոնց աշխատակիցները, «կախուած» ընկերային ցանցերից, չեն էլ ուզում դուրս գալ փողոց, սեփական աչքով տեսնել, լսել եւ լուսաբանել իրադարձութիւնը:

Մի քանի տարի առաջ, երբ ես թերթի խմբագիր էի, լրագրողների հետ զրուցում էինք այս թեմայով, նրանցից մէկը վերը նշուած երեւոյթը որակեց «ասֆալտային լրագրութիւն»: Դա մի քանի տարի առաջ էր: Այսօր այն «ասֆալտայինից» վերածուել է «աթոռայինի» կամ աւելի ճիշդ` «յետոյքային լրագրութեան»: Իրօք, ի՞նչ իմաստ ունի չարչարուել լուր ստեղծելու վրայ, երբ ընկերային ցանցերից կարելի է վերցնել ամէն ինչ եւ որպէս իրականութիւն հրամցնել հանրութեանը:

Օրերս յայտնի ընկերային ցանցի օգտատէրերից մէկը կատակել էր, թէ փոխադրութեան եւ կապի նախարարութիւնը յայտնում է, որ փոխադրամիջոցի ուղեվարձն այսուհետ վճարուելու է մարդու քաշով: Ուրեմն` ոմն «լրագրող» այս կատակն այնքան լուրջ էր ընդունել, որ նոյնիսկ քաշավճարային աղիւսակ էր պատրաստել եւ հրապարակել: Դէ, բնականաբար, մի քանի յայտնի «առաջատար» կայքեր էլ դա արտաթողարկել էին եւ, ինչպէս ասում են, ամէն ինչ տակն ու վրայ առել: Բայց սա էլ չէ էականը, այլ այն, որ փոխադրութեան եւ կապի նախարարութեան լրատուական ծառայութիւնն էլ իր հերթին էր այն լուրջ ընդունել եւ հանդէս եկել հերքմամբ: Հիմա ասէք` իմանանք, թէ ի՛նչ էր կատարուել: Իրականում ոչինչ, բայց արի ու տես, որ, այնուամենայնիւ, ինչ-որ բան կատարուել է: Մարդիկ աշխատում են, լրահոսը կայ, կարդացողներ` եւս, երկիրն էլ շնչում է: Երբ սկսում ես զարմանալ կամ ծիծաղել այս իրավիճակի վրայ, ասում են` քաղաքացիական հասարակութիւն ենք ձեւաւորում, ամէն ինչ պէտք է լինի թափանցիկ: Բայց երբ հարցնում ես, թէ այդ դէպքում ինչո՞ւ էք հեռուստատեսութեամբ անտեսում թանկացումները եւ միայն տեղեկացնում, որ հացը չի թանկացել, հնչած պատասխանը ոչ թէ լրագրութեան ոլորտից է, այլ քիմիական մանրաթելային արտադրութեան: Արդարանում են` ասելով` թանկացումների մասին բոլորը գիտեն, իսկ որ հացը չի թանկացել, ասում ենք, որ չթանկացնեն:

Չեմ ուզում մանրանալ եւ սեւեռուել մանկամիտ մեկնաբանութիւնների վրայ, բայց այսպէս շարունակուելու դէպքում մեզ` բոլորիս, սպառնում է ոչ թէ քաղաքացիական հասարակութեան ձեւաւորում, այլ լրատուական աղէտ: Չնայած կարելի է ասել, որ մենք արդէն այդ աղէտի մէջ ենք եւ հետեւանքների կրողը:

Լրագրողը Հասարակութեան Եւ
Իշխանութեան Համադրումն Է

Նոր հեծանիւ չեմ յայտնագործի, եթէ ասեմ, որ լրագրողը հասարակութեան եւ իշխանութեան համադրումն է: Բայց ներկայ իրավիճակում լրագրողը (թող ինձ ների արհեստավարժ լրագրողների այն փոքրամասնութիւնը, որ շարունակում է զբաղուել իր մասնագիտութեամբ) դարձել է իշխանութեան համադրումը, կամ, որ աւելի ճիշդ է, իշխանութիւնն է համադրում լրագրողի աշխատանքը: Առաջացած կազուսը յղի է հէնց վերը նշուած աղէտով, որին պայմանականօրէն կարող ենք անուանել «լրատուական աղէտ»:

Ցանկացած աղէտ յանգեցնում է հոգեբանական անկման: Իսկ լրատուական աղէտը աւելի հզօր կործանարար զէնք է, որից յետոյ հասարակութեան հոգեվիճակի վերականգնման համար մարդկային մի ամբողջ կեանքն էլ բաւարար չէ: Այն սերունդը, որի համար լրատուութեամբ զբաղուելը միայն մի նպատակ է հետապնդում` հաճոյանալ պատուիրատուներին «մի փոր հացի» դիմաց եւ մրոտել ողջ շրջապատը յանուն դրա, ի վերջոյ, պումերանկի կանոններով յանգեցնելու է սեփական անձի ստորացման, նոյն ինքը` լրագրողը, որքան էլ թքած ունենայ հասարակութեան կարծիքի վրայ, շարունակելու է մնալ հասարակութեան անդամ եւ, շուտ թէ ուշ, իր մաշկի վրայ է զգալու իր իսկ գրչի արդիւնքը:

Սա` ապագայում: Իսկ հիմա լրատուական դաշտում խառնաշփոթ է: Խառնաշփոթի հեղինակները հաշուարկել են` որքան վատ, այնքան լաւ, եւ մանիփուլիացիայի այնպիսի տոզաւորում են տուել, որ ակամայ իրենք են յայտնուել մանիփուլիատիվ հնարքների «պերմուտեան եռանկիւնում»:

Ահա ամենապարզ օրինակը` ահագնացող արտագաղթի թեման: Բոլորը, ձայները մէկ առած, գուժում են, որ երկիրը դատարկւում է, որ հեռացողների հերթերը սահմանակէտերում գաղթականների թափօր են յիշեցնում: Ամէն օր, ամէն ժամ կարդում ենք այս մասին, որով լրագրողը, անկախ իր կամքից, արդարացնում է արտագաղթողին` ասելով. «Մնան` ի՞նչ անեն, ապրելը դարձել է անհնար»: Դեռեւս ոչ մի լրագրող չի փորձել մեկնել սահմանից այն կողմ եւ լուսաբանել, թէ գնացողներն այնտեղ ինչ են անում, ինչպէս են ապրում: Չէ՞ որ բոլոր գնացողներին չէ, որ բախտ է վիճակւում Արա Աբրահամեան կամ Սամուէլ Կարապետեան դառնալ:

Աղջիկս, որ ուսանում է արտասահմանում եւ այժմ արձակուրդն անցկացնում է Հայաստանում, արտագաղթող ընտանիքների հետ տարբեր շփումներից յետոյ որոշել է վաւերագրական ֆիլմաշար սկսել «Հեռացողների մայրերի յաջորդ օրը»: Դուք տեսե՞լ էք նրանց աչքերը: Մէկ անգամ այդ աչքերը տեսնողը երբեք չի մոռանայ: Վստահ եմ` եթէ դրսում զուգարան մաքրող կամ փողոց աւլող հայը տեսնի իր հեռանալուց յետոյ ծնողների հոգեվիճակը, կը սկսի մտածել: Եթէ ոչ բոլորը, գոնէ զգալի հատուածը կը հասկանայ, որ հայրենիքում ապրելը ամենաապահովն է, նոյնիսկ եթէ իշխանաւորներն իրենց վարքագծով քեզ դարձնում են անապահով: Այո՛, կը սկսեն մտածել, քանի որ հեռանալիս չեն մտածել, առաջնորդուել են զգացումներով, լրատուական դաշտի բամբասանքներով, պապի կողմից թոռնուհու բռնաբարութեան կամ Անուշի ինքնասպանութեան լուրերի ազդեցութեան տակ, թէ իբր էս երկիրը կործանւում է, եւ օր առաջ հեռանալ է պէտք: Հեռանալ` յանուն կենոֆոնտի պահպանման, թէկուզ ուրիշ երկրում ուրիշի տակաշորը լուանալու պայմանով: Կը մտածեն, եթէ մտածելու հնարաւորութիւն տրուի, իսկ երբ այդ հնարաւորութիւնն ունենան, երկիրն էլ երկրի կը նմանուի, ինչից ահաւոր վախենում են իշխանաւորները եւ նրանց պահանջները սպասարկող որոշ լրագրողներ, որոնք իրենց ջանասիրութեամբ նպաստում են արտագաղթի է՛լ աւելի տարածմանը: Եթէ իշխանութիւնը «չի տեսնում» արտագաղթն ու այն ծնող պատճառները, դա պէտք է տեսնեն լրագրողները: Պէտք է անդադար բարձրաձայնուի պատճառների մասին, այնքան, որ հողն այրուի ապաշնորհ պաշտօնեայի ոտքերի տակ: Իսկ եթէ այդ մասին լռում են եւ լուսաբանմամբ արդարացնում հեռացողներին, դա դառնում է գովազդ: Իսկ գովազդի ազդեցութիւնից գիտէք, թէ ինչ եղաւ Սարոյի հետ:

 

«Օրակարգ»

 

 

Share this Article
CATEGORIES