«Կեանքս Ամբողջ «Թումօ» Է». Հարցազրոյց «Թումօ» Ստեղծարար Արհեստագիտութիւնների Կենտրոնի Տնօրէն Մարի Լու Փափազեանի Հետ
Հարցազրոյցը` ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ
Հ.- Նախ կը խնդրէի պատմէք, թէ ինչպէ՞ս եկաք Հայաստան, ո՞րն էր ձեր որոշման հիմքը:
Պ.- Մենք շատ տեղեր ենք տեղափոխուել: Ես ու ամուսինս մեծացել ենք Պէյրութում, եւ երկուսս էլ նոյն դպրոցից, նոյն միջավայրից ենք, այնույետ ամուսնացանք եւ 1987թ. տեղափոխուեցինք Ամերիկա` այնտեղ շարունակելով մեր ուսումը: Ուսումն աւարտելուց յետոյ փոխադրուեցինք Սպանիա, որտեղ էլ ծնուեցին մեր տղաները, ովքեր հասնելով դպրոցի տարիքին` սկսեցինք մտահոգուել, թէ ինչպէ՞ս են հայ մեծանալու Սպանիայում: Միակ տարբերակը Լոս Անճելըս վերադառնալն էր, քանի որ այդ ժամանակ Պէյրութը տակաւին խառն էր, իսկ Լոս Անճելըսում կային հայկական դպրոցներ: Տարիների ընթացքում 1997-2004թթ. հասկացանք, որ մեզ համար` որպէս ընտանիքի, Լոս Անճելըսը յարմար տեղ չէ, որտեղ հայ մեծացնելն ու պայքարը հայ մնալու համար բաւական դժուար էր: Հայաստան առաջին անգամ եկանք 1997թ., եւ այդ ժամանակ էլ որոշեցինք բնակարան գնել Հայաստանում: Դրան յաջորդած տարիներին գրեթէ ամէն ամառ երեխաների հետ գալիս էինք Հայաստան: Իսկ երբ առիթ ստեղծուեց ամուսնուս համար գործ գտնելու, շատ արագ համաձայնեցինք, թէեւ դա իր ոլորտը չէր, եւ որոշեցինք փոխադրուել Հայաստան:
Հ.- Հայաստանն այլ է զբօսաշրջիկի աչքով, այլ` Հայաստանում ապրողի համար: Ի՞նչ դժուարութիւնների հանդիպեցիք:
Պ.- Դժուարութիւնների չհանդիպեցինք: Պիտի ասեմ, որ մի քիչ բախտաւոր էինք: Նախ` երկուսս էլ ունէինք լաւ ուսում` ամուսինս Էմ. Այ. Թի. (MIT) էր աւարտել, բաւական բարձր պաշտօններ էր ստացել, եւ աշխատանքի առումով բաւական հեշտ էր նրա համար: Հեշտ էր նաեւ ինձ համար, թէպէտ մօտ մէկ տարի աշխատանք չունէի այստեղ, որից յետոյ արդէն ստացուեց «Թումո»-ի գործը եւ ահա 8 տարի է` աշխատում եմ այստեղ: Մենք դժուարութիւններ չենք ունեցել գործի առումով, թերեւս պատճառը մեր պէքկրաունտի կամ մեր ճարպկութեան, պատասխանատու գործեր ստանձնելու եւ դրանից չվախենալու լիբանանեան բնաւորութիւնն էր: Մեր ամենամեծ մտահոգութիւնը երեխաների մասին էր: Մենք ունենք հինգ երեխայ, թէեւ դա առաւելութիւն է, քանի որ կարող էին կազմել խումբ, դասարան եւ միասին լինել, ինչը միշտ օգնել է նրանց:
Հ.- Ձեր երեխաները հետաքրքրուա՞ծ են տեղեկատուական արհեստագիտութիւնների ոլորտով:
Պ.- Մենք որեւէ ձեւով չփորձեցինք պարտադրել նրանց: Մեր աւագ որդին` Վահագնը, սովորում է Հարվըրտի համալսարանում, երկրորդ տղան առաջին տարին աւարտեց Քոլումպիայի համալսարանը, ով նոյնպէս ընտրել է համակարգչային գիտութիւնների ոլորտը, իսկ երրորդն ընդունուել է Հարվըրտի համալսարան, սակայն չցանկացաւ ընտրել տեղեկատուական արհեստագիտութիւնների ոլորտը:
Հ.- «Թումո»-ի ստեղծման գաղափարն ո՞ւմ է պատկանում:
Պ.- Սա պարոն Սան Սիմոնեանի եւ նրա կնոջ գաղափարն էր, ովքեր վաղուց եկել էին Հայաստան, մանաւանդ Սան Սիմոնեանը, ով Հայաստան էր եկել դեռեւս 1977թ., տպաւորուել եւ սիրել էր Հայաստանը: Նա տեղեկատուական արհեստագիտութիւնների ոլորտում յաջողուած ընկերութիւն ունէր Միացեալ Նահանգներում, եւ իր երազը Հայաստանում նոյնանման պայմաններ ստեղծելն էր երիտասարդների համար` օգնելով, որ նրանք ապագայ ունենան տեղեկատուական արհեստագիտութիւնների ոլորտի միջոցով եւ յաջողութիւնների հասնեն իրենց կեանքում:
Հ.- Ո՞ր տարիքային խմբին էք ընդգրկում:
Պ.- Մենք համարում ենք, որ 12-ն ամենաճիշդ տարիքն է` 12-18-ը, քանի որ հէնց այդ ժամանակահատուածում է, որ բաւական ազդեցութիւն կարող ես ունենալ նրանց մտածողութեան, ընդհանուր զարգացածութեան, ճաշակի, գիտելիքների վրայ: Հիմա սկսել ենք մտածել յարմար պայմաններ ստեղծելու մասին` 18-25 տարիքային խմբի համար:
Հ.- Իսկ ինչպէ՞ս են ընտրւում դասախօսները: Կա՞ն դասախօսներ, ովքեր արտասահմանից են հրաւիրուել:
Պ.- Նախ ասեմ, որ ունենք երկու տեսակ դասընթացներ. մէկն օնլայն դասընթաց է, որ մենք պատրաստում ենք բովանդակութիւնը, ինչը մեծ դեր է խաղում, այդպիսով, աշակերտին սովորեցնում ենք ինքնուրոյնութիւն: Սա հեշտ աշխատանք չէ, քանի որ խրախուսող շատ գործօններ չկան, պէտք է լինել հասուն եւ ցանկութիւն ունենալ ուսանել, կամաց-կամաց առաջ գնալ: Այդ ուղղութեամբ բաւական առաջադիմութիւն կայ: Դրան զուգահեռ, ունենք խմբային աշխատանք: Ունենք երկու տեսակ մասնագէտներ` մասնագէտներ, ովքեր կա՛մ տեղացիներ են, կա՛մ սփիւռքահայ են եւ ապրում են Հայաստանում: Ունենք նաեւ հրաւիրուած մասնագէտներ, ովքեր գալիս են մեր հրաւէրով: Մենք վճարում ենք նրանց տեղափոխութեան եւ կեցութեան համար, իսկ նրանց իրենց ժամանակն անվճար տրամադրում են մեզ: Նրանք շատ գոհ են իրենց մասնակցութեան համար: Օրինակ, ունենք երկու մասնագէտներ, ովքեր ֆոթոլրագրող են: Նրանցից մէկը Օպամայի քարոզարշաւի լուսանկարիչներից է, ում լուսանկարած նկարը Օպամայի ամենաշատ թուիթ եղած լուսանկարն է եւ ընդհանրապէս, աշխարհի ամենաշատ թուիթ եղած լուսանկարն է: Միւս լուսանկարիչ-լրագրողը եւս բացառիկ է, եւ նրանք եկան Հայաստան, մօտ մէկ ամիս աշխատեցին երեխաների հետ, սովորեցրին լաւ լուսանկարել: Նրանք կրկին պատրաստ են գալ աշնանը` շարունակելով իրենց դասընթացներն այն խմբի հետ, որի աշխատել էին:
Հ.- Ո՞ր յատկութիւններն էք հաշուի առնում աշակերտներին ընտրելիս:
Պ.- Որեւէ յատկութիւն հաշուի չենք առնում:
Հ.- Այսինքն ցանկութիւնը բաւակա՞ն է:
Պ.- Այո՛, շատ կարեւոր է, որ բոլորին առիթ տանք: Շատ աւելի հեշտ կը լինէր, որ ամենալաւերին ընտրէինք, սակայն այդ ժամանակ մենք ընտրութիւն, զատողութիւն կ՛անէինք, իսկ եթէ 12 տարեկան երեխային առիթ ես տալիս գտնել իր ուժեղ կէտերը, շատ աւելի լաւ արդիւնք է տալիս: Մենք աշխատում ենք շատ մեծ թուով երեխաների հետ` 5-6 հազար: Նրանցից լաւերն աւելի կը լաւանան, միջակները կը լաւանան, կը բարձրանան, եւ կարող ենք առաջացնել ընդհանուր խաւ:
Հ.- Իսկ ի՞նչ հնարաւորութիւններ էք տալիս աշակերտներին: Օրինակ, նրանց ներկայացնո՞ւմ էք միջազգային տեղեկատուական արհեստագիտութիւնների մրցոյթներին:
Պ.- Տակաւին կանուխ է, որպէսզի մտածենք այդ ուղղութեամբ, քանի որ, վերջիվերջոյ, իրենք այստեղ գալիս են դպրոցի դասերից յետոյ` շաբաթական 2-4 ժամ, ինչը համեմատաբար քիչ է, սակայն փորձում ենք գտնել լուծումներ, որպէսզի նրանք իրենց երկրորդական կրթութիւնը բարձր մակարդակով ստանան, աշխատում ենք ստեղծել կապեր եւրոպական եւ ամերիկեան համալսարանների հետ, որպէսզի իրենց մասնաճիւղերը կարողանանք հաստատել Հայաստանում: Այս տարի Ֆրանսական համալսարանից են գալու, որպէսզի անիմասիոն փոքրիկ համալսարան ստեղծենք «Թումօ»-ի շրջանակներում, ինչը շրջանաւարտներին տալու է ֆրանսական վկայական:
Հ.- Ինչպէ՞ս կը բնորոշէք Հայաստանում տեղեկատուական արհեստագիտութիւնների ներկայ վիճակը: Ոմանք գտնում են, որ այն բաւական թոյլ է զարգացած, ոմանք հակառակն են պնդում:
Պ.- Չգիտեմ` թո՞յլ է, թէ՞ ոչ, բայց ծրագրաւորողների եւ մասնագէտների բաւական պահանջ ունենք, եւ կարիք կայ շատ մեծ քայլերով առաջ գնալ, ուժեղացնել հիմքը եւ այս ուղղութեամբ պատրաստել մասնագէտներ:
Հ.- Բայց այսօր շատ լաւ հայ մասնագէտներ գտնւում են Հայաստանից դուրս:
Պ.- Այո, նրանք, ովքեր գնացին, գնացին, բայց հետաքրքիր է, որ կան նաեւ մարդիկ, ովքեր վերադառնում են: Օրինակ, մենք ունենք երկու հոգի, ովքեր մեծացել են Եւրոպայում կամ Ամերիկայում, որոշել են վերադառնալ Հայաստան: Նրանք երիտասարդներ են: Օրինակ, մեր տղաները միշտ ասում են, որ պէտք է վերադառնան Հայաստան:
Հ.- Ըստ ձեզ, տեղեկատուական արհեստագիտութիւնների զարգացումը դէպի որտե՞ղ է տանում աշխարհը:
Պ.- Դէպի աւելի լաւը… Դա կախուած է մեզնից, թէ ինչպէ՛ս կ՛օգտագործենք այն: Համացանցը շատ լաւ կողմեր ունի, բայց կարող է նաեւ շատ վատ արդիւնքներ տալ: Դա կախուած է օգտագործումից, քո խղճից, վարուելակերպից եւ արժէքներից: Մեր տանը երբեք չենք արգելել երեխաներին օգտուել համացանցից, հակառակը` այդ ազատութիւնն ու լայնամտութիւնն աւելի հաւասարակշռուած անձեր է կազմում: Ուզենք-չուզենք, այս ոլորտն ընթացք ունի, եւ չենք կարող ո՛չ վախենալ, ո՛չ յետ մնալ եւ ո՛չ էլ չգործածել:
Հ.- Միեւնոյն ժամանակ համացանցն իր ազդեցութիւնը, իր կնիքն ունի մարդկային յարաբերութիւնների կենդանի շփման վրայ: Դուք ինչպէ՞ս էք նայում դրան:
Պ.- Ամէն սերունդ իր առաջադիմութիւնն ու պայմաններն ունի: Միշտ մտածում եմ` երբ առաջին անգամ ստեղծուեց հեռախօսը, հաւանաբար այդ ժամանակ մարդիկ ասում էին` «փոխանակ նստեն-խօսեն իրար հետ դէմ առ դէմ, հեռախօսով են խօսում», բայց հիմա հարցն այլեւս չի դրւում, թէ մենք հեռախօսով ենք խօսում, քանի որ շատ աւելի խորունկ յարաբերութիւնները ստեղծւում են վիրթուալ: Օրինակ, ես մեր տղաների հետ շատ աւելի հանգիստ յարաբերութիւններ ունենք սքայփով, եւ ուրախ եմ, որ այդ ձեւով կարող եմ տեսնել նրան, մինչդեռ նախկինում նամակ պէտք էր գրէի, նա դեռ պէտք է պատասխանէր կամ չպատասխանէր, եւ հնարաւոր է` ամիսներով տեղեակ չլինէի, թէ նա ի՞նչ է անում, իսկ այսօր ես տեղեակ եմ նրանց առօրեայի մասին:
Հ.- Օրական քանի՞ ժամ էք աշխատում:
Պ.- Շա՛տ… (Ծիծաղում է,- Մ. Մ.): Չեմ ասում 24 ժամ, բայց ընդհանրապէս կեանքս ամբողջ «Թումօ» է` առաւօտուանից մինչեւ 9-10-ը, ինչպէս նաեւ` շաբաթուայ վերջին օրերը: Դա պատասխանատուութիւն է, մանաւանդ Հայաստանի` հայրենիքի մէջ, երբ ինչ-որ բան անում ես, որ պէտք է լաւագոյն ձեւով անել, իրաւունք չունէք ասել` այս գործը չեմ անելու կամ կ՛անեմ վաղը: Յաճախ զոհում ենք ընտանեկան շատ բաներ, բայց մեր տղաները հասկանում են դա:
Հ.- Հասցնո՞ւմ էք ճաշ պատրաստել:
Պ.- Այո, պատրաստում ենք եւ գիշերը ժամը 11-12-ին ուտում ենք: Միշտ ունենում ենք ընտանեկան ընթրիք:
Հ.- Հայաստանում գուցէ բացառիկ կամ արտառոց երեւոյթ է, երբ կինը տեղեկատուական արհեստագիտութիւնների ոլորտի մասնագէտ է: Ձեզ ինչպէ՞ս ընդունեցին այստեղ, ի՞նչ արձագանգներ եղան հայաստանեան իրականութեան մէջ:
Պ.- Ընդհանրապէս, իբրեւ կին, դժուար է հայաստանեան իրականութեան մէջ, բայց ժամանակը փաստում է, որ աւելի դժուար է շինարարութեան մէջ, քան` տեղեկատուական արհեստագիտութիւնների ոլորտում: Շինարարութեան աշխատանքը կազմակերպելն ու ղեկավարելն ամենադժուարն է, որ անում է կինը, քանի որ կարծում են, թէ կինը չի հասկանում դրանից: Սակայն ժամանակի ընթացքում կարողացայ պարտադրել յարգանք գիտելիքների եւ սկզբունքների հարցում, եւ նոյնիսկ պահ եկաւ, որ մոռացել էին, որ կին եմ` հաւասարապէս յարգանքով էինք աշխատում` առանց կին-տղամարդ տարբերութիւնները հաշուի առնելու: Դա ամենամեծ յաղթանակն էր:
Հ.- Քանի որ մեր զրոյցը կարդալու են Լիբանանում, հետաքրքիր է իմանալ` կա՞ն ծրագրեր, որոնք իրականացնելու էք այնտեղ:
Պ.- Տակաւին, ոչ: Մի անգամ AGB-ում մօտեցել էին եւ ասել, որ Անթիլիասի մէջ ուզում են փոքր «Թումօ» հիմնել: Յուսով եմ, որ մի օր կ՛իրականանայ այն, բայց դրանից զատ որեւէ ծրագիր չունենք: Մեր յաջորդ ծրագիրն իրականացնելու ենք Ղարաբաղում: Դիլիջանում արդէն ունենք փոքր «Թումօ»: Մի քանի անգամներ եղել են, երբ բարերարները մօտեցել են եւ ցանկացել են նոյնատիպ բան ստեղծել Մոսկուայում: Անշուշտ, Հայաստանի պարագայում անվճար է, բայց ուրիշ տեղերի դէպքում չգիտեմ: Այստեղ մենք նպատակ ունենք եւ ուզում ենք հասնել մեր նպատակին: Լիբանանի կամ ուրիշ տեղերում այդ նոյն դժուարութիւնները, կարիքներ չկան, բայց, անշուշտ, կայ այսպիսի կենտրոնի անհրաժեշտութիւնը: Յուսով եմ, որ մեզ կը յաջողուի Լիբանանում հիմնել «Թումօ»:
Երեւան-Պէյրութ

