ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆԻ ԱՐԺԷՔԱՒՈՐ ՄԵՆԱԳՐՈՒԹԻՒՆԸ. ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ 1919-1921 ԹԹ. ԴԱՏԱՎԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՎԱՒԵՐԱԳՐԵՐԸ

Ամէն տարի Հայաստանում տպագրւում է մօտ 1500 անուն գիրք: Դրանց մի մասը, անկասկած, արժէքաւոր է: Մելինէ Անումեանի «Երիտթուրքերի 1919-1921 թթ. դատավարութիւնների վաւերագրերը ըստ օսմանեան մամուլի» մենագրութիւնը ոչ միայն արժէքաւոր է, այլ` չափազանց կարեւոր: Աշխատութեան մէջ առաջին անգամ գիտական շրջանառութեան մէջ են դրւում Պոլսում լոյս տեսած օսմանեան «Ալեմդար» թերթում տպագրուած Եոզկատի, Տրապիզոնի, Խարբերդի (Մամուրեթ ուլ Ազիզ) եւ Պէօյիւք Տերէի դատավարութիւնների նիստերը ներկայացնող յօդուածների հայերէն թարգմանութիւնները: Առաջին անգամ գիտական շրջանառութեան մէջ է դրւում Տրապիզոնի դատավարութեան մեղադրական եզրակացութիւնը` թարգմանուած օսմաներէնից:

290 էջանոց մենագրութիւնը հրապարակութեան է պատրաստել Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնը (ղեկավար` Հայկազուն Ալվրցեան), գրախօսներն են Ռուբէն Սաֆրաստեանն ու Անուշ Յովհաննիսեանը, պատասխանատու խմբագիրը` Արսէն Աւագեանը: Հէնց վերջինս է մենագրութեան հեղինակին տրամադրել «Ալեմդար» օրաթերթի համարների պատճէնները:

Այս մենագրութեան հրապարակումով թուրքական պաշտօնական ժխտողականութիւնը նոր հարուած է ստանում: Եթէ թուրք պատմաբան Մուրատ Պարտաքչիի` Թալէաթ փաշայի օրագրի (Թալէաթ փաշնըն Էվրաքը Մեթրուքեսի) հրապարակումից յետոյ, ինքնըստինքեան, թուրքերի համար ակնյայտ դարձաւ, որ «տեղահանուած ու անյայտացուած» հայերի թիւը շուրջ 925 հազար է, ապա Մելինէ Անումեանի այս մենագրութեամբ` հիմնուած օսմանեան մամուլի վաւերագրերի վրայ, խարխլւում է թուրքական պաշտօնական այն թեզը, թէ իբր Առաջին Աշխարհամարտում հայերը դաւաճանութիւն են գործել, միացել ռուսներին, իսկ բախումների ընթացքում ե՛ւ թուրքերը, ե՛ւ հայերը ցաւալի կորուստներ են կրել: Միայն Տրապիզոնում հայերի հանդէպ կատարուած ոճրագործութիւնը բաւարար է` հերքելու թուրքական այդ թեզը:

Հայոց ցեղասպանութեան կազմակերպման գլխաւոր պատասխանատուներից Տրապիզոնի նահանգապետ Ճեմալ Ազմիի եւ միւս յանցակիցների նկատմամբ 1919թ. գարնանը կայացած դատավարութեան մասին եալեմդարէ թերթը ապրիլի 16-ի համարում ներկայացրել է Տրապիզոնի «տեղահանութեան ու կոտորածների» մէջ մեղադրուողների նկատմամբ դատարանում կարդացուած ամբաստանագիրը, որում, մասնաւորապէս ասւում է. «Տրապիզոնի վիլայեթում Միութիւն եւ յառաջադիմութիւն կուսակցութեան կենտրոնական կառավարութեան կողմից հայերի տեղահանութեան վերաբերեալ ընդունուած որոշումների գործադրման ընթացքում նախ հայ տղամարդկանց, ապա կանանց ու երեխաներին նշանակուած վայրեր տեղափոխելիս նրանց մի մասն անգթաբար սպաննուել է Տէյիր մենտերի կողմերում, իսկ կանայք ու երեխաներն էլ բեռնաւորուել են նաւակները եւ ջրախեղդ արուել: Ողջ մարդկութեան կողմից անէծքով ու նողկանքով յիշուելու արժանի նման անամօթ արարքների ու յանցագործութիւնների յանդգնած եւ այժմ փախուստի մէջ գտնուող Տրապիզոնի նահանգապետ Ճեմալ Ազմիի եւ կուսակցութեան պատասխանատու քարտուղար Ենիպահչելի Նայիլի, ինչպէս նաեւ` դատարանում ներկայ միւս յանցակիցների մասնակցութիւնն այդ վիթխարի կոտորածին հիմք են տալիս պատիժ սահմանելու համար: Ճեմալ Ազմին եւ Ենիպահչելի Նայիլը (Տրապիզոնի)  գլխաւոր յանցագործներն են, գործող անձինք: Բնականաբար միայն Ճեմալ Ազմին ու Նայիլը չէին կարող այդ ահռելի սպանդն իրականցնելէ:

Տրապիզոնի ոճրագործութեան համար օսմանեան արդարադատութիւնն ու մամուլն օգտագործել են «վիթխարի կոտորած», «ահռելի սպանդ» եզրերը: Հարիւր տարի առաջ չկար, այդ թւում` գիտական գրականութեան մէջ, ցեղասպանութիւն` Ճենոսայտ բառը: Այդ ժամանակ չկար նաեւ թուրքերէն սոյքըրըմ` ցեղասպանութիւն բառին համարժէք եզրը, որն այսօր օգտագործւում է ժամանակակից թուրքերէնում: Օսմանեան մամուլը օգտագործել է թաքթիլ` կոտորած բառը:

Օսմանեան դատարանի կողմից հեռակայ կարգով մահուան դատապարտուած Ճեմալ Ազմին արժանացաւ հայկական «Նեմեսիսիէ պատժին. 1922թ. ապրիլին Պերլինում հայ վրիժառուներ Արամ Երկանեանն ու Արշաւիր Շիրակեանը մէկ այլ ոճրագործի` Թալէաթ փաշայի կնոջ ներկայութեամբ տապալում են Ազմիին ու Պեհաէտտին Շաքիրին: Ենիպահչելի Նայիլը իր արժանի պատիժը կրեց աւելի ուշ` 1926 թ. ամրանը, ճիշտ է այլ` Քեմալ Աթաթուրքին սպաննելու եւ իթթիհատական վարչակարգը վերականգնելու մեղադրանքի համար: Նայիլը, որ հազարաւոր հայ կանանց ու մանուկների ջրախեղդման ուղղակի պատասխանատուն էր, կախաղան բարձրացուելիս աւագ որդուն խնդրում է հոգ տանել մօր ու միւս զաւակների մասին:

Մենագրութեան հեղինակը առաջին բաժնում մանրամասնօրէն ներկայացնում է 1918 թ. Մուտրոսի զինադադարի կնքումից յետոյ Առաջին Աշխարհամարտում պարտուած Օսմանեան կայսրութիւնում տիրող իրավիճակն ու Միութիւն եւ յառաջադիմութիւն կուսակցութեան ղեկավարների դէմ իրականացուած հետաքննութիւնները: Նրանք, առաջին հերթին Պոլսից փախուստի դիմած եւ եւրոպական ու այլ մայրաքաղաքներում հաստատուած Թալէաթ, Էնուէր եւ Ճեմալ փաշաները Հայոց ցեղասպանութեան հիմնական պատասխանատուներն էին:

Հանրակրթական, ապա ներքին գործերի նախարարի պաշտօնները զբաղեցրած Ալի Քեմալը «Սապահ» օրաթերթում գրել է. «Չորս կամ հինգ տարի առաջ կատարուեց պատմութեան մէջ նախադէպը չունեցող ոճիր, մի յանցագործութիւն, որը սարսափ յարուցեց համայն աշխարհում: Եթէ ուզում ենք պատկերացում տալ այդ ոճրագործութեան ծաւալի եւ պայմանների մասին, ապա պէտք է խօսենք ոչ թէ հինգից տասը, այլ հարիւր հազարաւոր յանցագործների մասին: Արդէն բացայայտուել է, որ իրականում այդ ողբերգութիւնը ծրագրուած է եղել Իթթիհատի կենտրոնական կոմիտէի ընդունած որոշումների հիման վրայ է:

Ներքին գործերի նախարար Ճեմալը իր հարցազրոյցներից մէկում ընդունում է, որ իթթիհատականները 800 հազարի չափ հայեր են տեղահանել ու կոտորել. «Կառավարութիւնը պարտաւոր է մաքրել այն կեղտաբիծը, որ թողել է Միութիւն եւ յառաջադիմութիւն կուսակցութիւնը օսմանականութեան վրայ: Կառավարութիւնը տեղահանութեան եւ կոտորածների ողբերգութիւնների հեղինակների նկատմամբ դատաքննութիւն է իրականացնելու: Տեղահանութեան եւ կոտորածների պատճառով ոչ մի պատասխանատուութիւն չի ընկնում օսմանեան կառավարութեան եւ ազգի ուսերին: Կառավարութիւնը եւ ժողովուրդը պատասխանատու կը դառնան միայն այն դէպքում, եթէ չդատապարտուեն տեղահանութեան եւ կոտորածների հեղինակները»:

1919թ. մարտի 8-ին սուլթան Մեհմեթ Զ. Վահիտետտինի յատուկ հրամանագրով Միութիւն եւ յառաջադիմութիւն կուսակցութեան ղեկավարներն ու նախարարները յանձնւում են Պոլսի ռազմական արտակարգ ատեանին: Կուսակցութեան անդամների դատավարութիւնն սկսւում է ապրիլի 28-ին եւ շարունակւում մինչեւ մայիսի 17-ը: Դատավարութեան ժամանակ հեռակայ կարգով մեղադրւում են 11, իսկ ներկայ` 20 կուսակցական գործիչներ ու բարձրաստիճան պաշտօնեաներ:

Դատաքննուել են վարչապետ Սայիտ Հալիմ փաշան, արտաքին գործերի նախարարներ Հալիլ Մենթեշէն եւ Ահմեթ Նեսիմին, արդարադատութեան նախարար Իպրահիմ Փիրիզադէն, կուսակցութեան կենտրոնական կոմիտէի անդամ Քիւչիւք Թալէաթը, կուսակցութեան կենտրոնական կոմիտէի եւ Յատուկ կազմակերպութեան անդամ Ռըզա պէյը, կուսակցութեան կենտրոնական կոմիտէի գլխաւոր քարտուղար Միտհաթ Շիւքրիւն, կուսակցութեան կենտրոնական կոմիտէի եւ Յատուկ կազմակերպութեան անդամ Զիա Կէօքալփը: Հեռակայ կարգով դատուողների մէջ էին Թալէաթը, Էնուէրը, Ճեմալը, կուսակցութեան կենտրոնական կոմիտէի անդամ, հանրակրթական նախարար եւ Յատուկ կազմակերպութեան ղեկավարներից տոքթոր Նազըմը, կուսակցութեան կենտրոնական կոմիտէի անդամ եւ Յատուկ կազմակերպութեան Արեւելեան վիլայեթների բաժանմունքի ղեկավար Պեհաէտտին Շաքիրը:

1919թ. ապրիլի 10-ին Եօզկատի հայոց տեղահանութեան եւ կոտորածների դատավճռով կախաղան բարձրացուած Պողազլըեան գաւառի գայմագամ Մեհմեթ Քեմալի մահապատժից յետոյ ներքաղաքական մթնոլորտը լարւում է: Մայիսի 23-ին Պոլսում տեղի է ունենում դատավարութեան դէմ ուղղուած խոշոր ցոյց, որին մասնակցում էին տասնեակ հազարաւոր մարդիկ, հիմնականում` իթթիհատականներ: Լարուածութիւնը մեղմելու նպատակով կառավարութիւնը ազատ է արձակում 41 յանցագործների, իսկ իթթիհատական ամբաստանեալների դատաքննութիւնը ժամանակաւորապէս դադարեցւում է: Անգլիացիները մայիսի վերջերին բանտից Մալթայ կղզի են փոխադրում 78 բանտարկեալի, հիմնականում` իթթիհատական յանցագործներ: Որոշ ժամանակ յետոյ բրիտանացիները Մալթայում պահուող Հայոց ցեղասպանութիւն իրականցնողներին դատելու փոխարէն` փոխանակում են անգլիացի ռազմագերիների հետ:

Մելինէ Անումեանի «Երիտթուրքերի 1919-1921 թթ. դատավարութիւնների վաւերագրերը ըստ օսմանեան մամուլի» մենագրութեան մէջ ներկայացուել են ոչ միայն Եոզկատի, Տրապիզոնի, Խարբերդի ու Պէօյիւք Տերէի հայ բնակչութեան տեղահանութեան ու կոտորածների դատական նիստերի մասին պատմող յօդուածները, այլեւ շարադրուել են 1919թ. ապրիլ-մայիս ամիսներին Միութիւն եւ յառաջադիմութիւն կուսակցութեան անդամների դատավարութիւնները:

Այս մենագրութիւնը արժանի է թարգմանութեան, առաջին հերթին` թուրքերէն, թուրքերի համար:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Յատուկ «Ազդակի» համար

Share this Article
CATEGORIES