Պատանեկան Եւ Երիտասարդական Ճամբարներ Արցախում

ԱՆԻ ԱԶԱՏԵԱՆ

Հայ յեղափոխական դաշնակցութեան երիտասարդական միութիւնների ջանքերով այս ամառ Արցախում կեանքի են կոչուելու պատանեկան ամառնային ճամբարներ, որին մասնակցելու հնարաւորութիւն կ՛ունենան արցախցի մօտ 1000 պատանիներ:

2009 թուականից պատանեկան ճամբարներ կազմակերպելու նպատակով ՀՅԴ Ամերիկայի Արեւմտեան ափի երիտասարդական եւ ուսանողական միութիւններից տասնեակ երիտասարդներ այցելում են Արցախ եւ տարբեր համայնքներում երեխաների համար երկշաբաթեայ անվճար հանգիստ են կազմակերպում:

Անցած տարի, բացի Ստեփանակերտ քաղաքից, սփիւռքահայ երիտասարդները ճամբարներ են կազմակերպել Կովսական, Ասկերան, Շուշի եւ Մարտունի քաղաքներում:

Պատանեկան ճամբարների 9-16 տարեկան մասնակիցներն երկշաբաթեայ ճամբարների ընթացքում շփւում են սփիւռքից ժամանած երիտասարդների հետ, ովքեր տարբեր խմբակների միջոցով իրենց գիտելիքներն են փոխանցում արցախցի պատանիներին:

«2009 թուականից Դաշնակցութեան երիտասարդական միութեան կողմից Արցախում կազմակերպւում են ճամբարներ, որոնք նախատեսուած են պատանեկան խմբերի համար», մեզ հետ զրոյցում նշեց ՀՅ Դաշնակցութեան Արցախի երիտասարդական միութեան Վարիչ մարմինի ներկայացուցիչ Վահագն Դադայեանը, «ընդհանուր առմամբ ճամբարներն համակարգում է ՀՅԴ Բիւրոյի երիտասարդական գրասենեակը: 2009 թուականից Արցախում կեանքի է կոչուել երիտասարդական միութեան կողմից նախաձեռնուած եւ կազմակերպած անդրանիկ ճամբարը»:

Վ. Դադայեանի հաւաստմամբ, ճամբարների նպատակը նոյնն է ինչ Դաշնակցութեան ուսանողական, երիտասարդական եւ պատանեկան միութիւնների նպատակը, այն է` մատաղ սերնդի մէջ սերմանել սէր դէպի հայրենիք, ազգասիրութիւն, արժէքների դաւանանք, ազգային երգի, պարի ուսուցում, տարբեր խմբակներ, անգլերէնի դասընթացներ, անվտանգութեան դասընթացներ, առաջին բուժօգնութիւն եւ այլն: Կազմակերպուող ճամբարների շրջանակներում կազմակերպւում են մարզական եւ մտաւոր խաղեր:

«Արցախում առաջին անգամ ճամբար է կազմակերպել Արեւմտեան Ամերիկայի երիտասարդական միութիւնը: Նոյն թուականին Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում ճամբար է կազմակերպել Լիբանանի «Զաւարեան» ուսանողական միութիւնը, ի դէպ, արդէն մի քանի տարի է ինչ Զաւարեան ուսանողական միութիւնը Կովսական քաղաքում կազմակերպում է ճամբարներ եւ ամէն տարի այդ ճամբարներն ունենում են նոր խորագրեր: Անցած տարի Կովսականում կազմակերպուած ճամբարը կրում էր «Քաշաթաղն իմ տունն է» խորագիրը», տեղեկացրեց Վ. Դադայեանը եւ յաւելեց. «Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում կազմակերպուած ճամբարներին ամէն տարի մասնակցել են Կովսական, Միջնաւան քաղաքների եւ այդ քաղաքների յարակից համայնքների երեխաները: Ամէն առաւօտ 7-8 համայնքերի երեխաներ յատուկ փոխադրամիջոցով եկել են Կովսական, որտեղ էլ անց են կացուել Դաշնակցութեան երիտասարդական միութեան կազմակերպած ճամբարները: Կովսականում կազմակերպուած ճամբարների տեւողութիւնը 3 շաբաթ է եղել»:

Վահագն Դադայեանը տեղեկացրեց նաեւ, որ Ամերիկայի Արեւմտեան ափի երիտասարդական միութիւնը 2009 թուականից առ այսօր տարեկան երկու ճամբար է կազմակերպում Արցախում, իսկ ընդհանուր առմամբ Ամերիկայի Արեւմտեան ափի երիտասարդական միութիւնը տարեկան 5 ճամբար է կազմակերպում Հայաստանում, երկու ճամբար` Գիւմրիում, երկու ճամբար` Արցախում եւ մէկ ճամբար` Պռոշեանում: Ճամբարի տեւողութիւնը երկու շաբաթ է լինում:

Արցախում ամառնային ճամբարներ կազմակերպելու նախաձեռնութեանը միացել է ԼԵՄ-ը (Լիբանանի երիտասարդական միութիւնը) եւ անցած տարի առաջին անգամ Մարտունի քաղաքում ԼԵՄ-ը կազմակերպել է ամառնային ճամբար:

«Այս տարի Արցախում կը կազմակերպուի 5 ճամբար», տեղեկացրեց Դաշնակցութեան Արցախի երիտասարդական միութեան ՎՄ ներկայացուցիչ Վահագն Դադայեանը, «առաջին ամառնային ճամբարն այս տարի տեղի կ՛ունենայ Ասկերան քաղաքում, յուլիսի 15-26, երկրորդ ճամբարը կը կազմակերպուի Շուշի քաղաքում: Այս տարի առաջին անգամ Արցախում ամառնային ճամբար կազմակերպելու եւ անցկացնելու պատրաստակամութիւն է յայտնել Ֆրանսայի «Նոր սերունդ» երիտասարդական միութիւնը: «Նոր սերունդ» երիտասարդական միութիւնը ճամբար կը կազմակերպի Ստեփանակերտ քաղաքում: ԼԵՄ-ը մօտ 200 պատանու համար ճամբար է կազմակերպելու Մարտունի քաղքում»:

Ճամբարներին կը կարողանան մասնակցել 9-16 տարեկան պատանիներ: «Ամերիկայի երիտասարդական միութիւնը տարուայ կտրուածքով մինչ ամառ իրականացնում է տարբեր դրամահաւաք միջոցառումներ հայկական գաղթօճախում: Երիտասարդները յաճախ յանուն այն բանի, որ կարողանան ճամբարներ կազմակերպելու համար գումար հաւաքել, կատարում են ամենատարբեր աշխատանքներ, մինչեւ անգամ լուանում են ինքնաշարժներ, մատուցող են աշխատում, որպէսզի կարողանան համապատասխան գումարներ հաւաքել, իսկ ընդհանուր առմամբ երիտասարդական միութիւններին իրենց նախաձեռնութիւնները կեանքի կոչելու համար օգնում են նաեւ տեղի ՀՅԴ-ի կառոյցները», հաւաստիացրեց Վ. Դադայեանը:

Ճամբարների կազմակերպումն Արցախում եւ առհասարակ հայրենիքում իրենց դրական ազդեցութիւնն են ունենում ոչ միայն տեղի երիտասարդների եւ պատանիների համար, այլ այդ ամբողջ ձեռնարկը ոչ պակաս դեր ու նշանակութիւն է ունենում սփիւռքահայ երիտասարդների համար, նրանցից շատերն հայրենիք ոտք են դնում առաջին անգամ: Օրինակ, 2009 թուականին Արցախում առաջին անգամ կազմակերպած ճամբարի ղեկավարներից ոմանք կարճ ժամանակ անց վերադարձել են հայրենիք, մշտական բնակութեան, եւ այդ դէպքերը եզակի չեն:

«Ապառաժ»

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )