Լիզպոնի 30-ամեակ. Սերունդներ Դուք Ձեզ Ճանաչէք` Լիզպոնից

ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ

Եթէ ողջ մնար Պարոյր Սեւակը եւ կիսէր մեզ հետ այն ապրումները, որ ազգովին ունեցանք 1983 թուականի յուլիսի 27-ին, անկասկած մի նոր երգ պիտի գրէր` այս անգամ «Սերունդներ դուք ձեզ ճանաչէք` Լիզպոնից» յանկերգով:

Եւ յիրաւի, այն ինչ կատարուեց 30 տարի առաջ այդ օրը, մերօրեայ սուրբ խենթերի մի նոր սխրագործութիւն էր, որով ոգեւորուեցին ու պահանջատիրութեան նոր աւիւն ստացան սերունդները` անցնող տասնամեակների ընթացքում:

Եթէ մեր սերունդը լիցքաւորուեց Բաբգէն Սիւնիների, Գէորգ Չաւուշների, Հրայր Դժոխքների հերոսական սխրագործութիւնների ոգով, ապա Լիզպոնի հնգի` Սարգիս Աբրահամեանի, Սիմոն Եահնէեանի, Սեդրակ Աճեմեանի, Արա Քըրճըլեանի եւ Վաչէ Տաղլեանի հերոսատիպ նահատակութիւնը վերահաւաստիացման պերճախօս վկան հանդիսացաւ այն փաստի, որ հայ ժողովրդի արդար իրաւունքների վերականգնման ճանապարհին զոհուած Բաբգէն Սիւնիների, Գէորգ Չաւուշների, Հրայր Դժոխքների սխրագործական կտակը ժառանգուեց եկող սերունդներին` հայութեան իրաւատիրական ձայնը աշխարհի խլացած ականջներին լսելի դարձնելու եւ իրաւամերժութեան պատնէշները վերացնելու ըմբոստութեամբ:

Մեր սերունդն այնուհետեւ ականատես եղաւ, թէ ինչպէս սկսուեց Հայոց ցեղասպանութեան եւ հայ ժողովրդի արդար իրաւունքների հարցով բարձրաձայնելու առջեւ ծառացած աշխարհատարած լռութեան պատի հետզհետէ փլուզման գործընթացը, թէ ինչպէս տասնամեակներ շարունակ անտեսման ենթարկուած Հայկական հարցը սկսեց արծարծուել ո՛չ միայն միջազգային մամուլի էջերում, այլ` ճանաչուել բազմաթիւ երկրների պետական կառոյցների, խորհրդարանների ու միջազգային ատեանների կողմից:

Մեր սերունդը շարունակում է ականատես լինել նաեւ, թէ ինչպէս հայ ժողովրդի պահանջատիրական պայքարը խեղաթիւրելու եւ իբրեւ ահաբեկչական բռնարարքներ ներկայացնելու  Թուրքիայի եւ թուրքական լոպիստական բոլոր ուժերի փորձերը ենթարկւում են ձախողման մինչ այն աստիճան, որ այսօր, ինքը` թուրք հասարակութիւնն է հրապարակաւ արտայայտւում հայ ժողովրդի դէմ իր իսկ պետութեան գործած ցեղասպանութեան մասին եւ Պոլսի, Տիգրանակերտի, Պոտրումի, Զմիւռնիայի եւ նոյնիսկ` Անգարայի փողոցներում ապրիլի 24-ին նշում է թուրքական ահաբեկչական արարքներով զոհուած հայ մտաւորականների` Զօհրապների, Վարուժանների, Սիամանթօների յիշատակը: Իսկ «Ազգայնականութեան ու ցեղապաշտութեան դէմ պայքարող նախաձեռնութիւն» անուամբ  թուրքական կազմակերպութիւնը հաստատելով, որ 1915-ին հարիւր հազարներով անմեղ ու անպաշտպան հայեր թուրքական պետութեան կողմից բռնի տեղահանուել ու սպաննուել են միայն հայ լինելու համար, կոչ է արել ամէն տարի ապրիլի 24-ը  յայտարարել համերկրային սգի օր Թուրքիայում:

Աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային իրադարձութիւնները, Թուրքիայում ծաւալուող ներքաղաքական խռովայոյզ իրավիճակները, բայց մանաւանդ Հայոց Ցեղասպանութեան պահանջատիրական համատարած պայքարը, որի դրօշակակիրն են Հայ դատի յանձնախմբերը` վկայում են այն իրողութիւնը, որ Թուրքիան, որչափ էլ կառչած մնայ իր բռնատիրական, ուժային համակարգին, ներքին ու արտաքին հովանաւորներին, ի վերջոյ հաշուի է նստելու հայութեան արդար իրաւունքների վերականգնման, արդարահատուցման պահանջների հետ: Մեր սերունդը կամ եկող սերունդները արձանագրելու են այդ յաղթանակը:

Արդարահատուցման այս երթը իր ակունքները ստացաւ նաեւ Լիզպոնի Հնգի սխրագործութիւնից: Նրանց յիշատակը մնաց անմահ ու այսօր նրանց նահատակութեան 30-րդ տարելիցին, որքա՜ն զօրաւոր է հնչում` «Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչէք Լիզպոնից» կարգախօսը:

24 Յուլիսի, 2013

Share this Article
CATEGORIES