Հայրենի Կեանք

Կայացաւ Լրագրողների 6-րդ Համահայկական
Համաժողովի Համակարգող Մարմնի Հերթական Նիստը

Օրերս Հայաստանի սփիւռքի նախարարի տեղակալ Վահէ Ջիլաւեանի եւ Շահան Գանտահարեանի (համակարգող մարմնի նախագահ, Լիբանանի «Ազդակ» թերթի խմբագրապետ) համանախագահութեամբ կայացաւ լրագրողների 6-րդ համահայկական համաժողովի համակարգող մարմնի հերթական նիստը, որին հեռակապով միացել էին Յարութ Սասունեանը («Քալիֆորնիա Քուրիըր» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր, Միացեալ Նահանգներ),  Գրիգոր Անիսոնեանը («Նոյեւ Կովչեք» մետիայի գլխաւոր խմբագիր, Ռուսաստան), Յակոբ Վարդիվառեանը (լրագրող, Միացեալ Նահանգներ), Համբիկ Մարտիրոսեանը («Խօսնակ» ամսագրի գլխաւոր խմբագիր, Լիբանան) եւ Կիմ Գաբրիէլեանը (Արցախի Լրագրողներու միութեան նախագահ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն):

Վերջին եռամսեակում «Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ» հրապարակումների շուրջ զեկոյցներով հանդէս եկան տարածաշրջանային ներկայացուցիչները` ներկայացնելով արդէն իսկ կատարուած եւ կատարուելիք աշխատանքները:

Լրագրողների 6-րդ համահայկական համաժողովի համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարեանը ներկայացրեց ընթացիկ տարում Լիբանանում Հայոց ցեղասպանութեան յիշատակման միջոցառումները եւ դրանց արձագանգները տեղի լրատուամիջոցներում: Նա կարեւորեց 2 վեհափառների համատեղ յայտարարութիւնը, որտեղ մասնաւորապէս նշուած էր հայկական եկեղեցիների եւ յարակից տարածքների վերադարձի պահանջ` նշելով, սակայն, որ տեղական եւ/կամ օտար լրատուամիջոցները համարժէք չարձագանգեցին այս կարեւոր յայտարարութեանը:

Շահան Գանտահարեանը ներկայացրեց 2 դիտարկում: Առաջինը նուիրուած էր Ժընեւի համաժողովում Հայաստանի սփիւռքի նախարարի ելոյթին, որտեղ ասուած էր, որ հայկական սփիւռքը հիմնականում ցեղասպանութեան հետեւանք է: Թուրք պատուիրակը հակադարձեց` հարցականի տակ դնելով Հայոց ցեղասպանութեան եղելութիւնը` նշելով, որ այն պատմաբանների խնդիր է: Նախարարի խօսքում Թուրքիայի պատասխանատուութեան մասին չէր նշուած, եւ բաւական լաւ ստացուեց, որ թուրք ներկայացուցիչը ստանձնեց Ցեղասպանութեան պատասխանատուութիւնը` փորձելով ժխտել Ցեղասպանութեան եղելութիւնը: Այս երեւոյթը համարժէք պէտք է լուսաբանուէր, սակայն, ցաւօք, մամուլում աւելի լայն արձագանգ գտաւ նախարարի` Ֆրանսայի հայ համայնքների համակարգող խորհրդի հետ հանդիպել-չհանդիպելու հարցը: Նա ցանկութիւն յայտնեց, որ համահայկական աւելի մեծ խնդիրները շողքի տակ առնեն մանրերը եւ երբեմն չստացուած տեղեկութիւնների հիման վրայ պատրաստուած լուրերը:

Շ. Գանտահարեանն առանձնակի կարեւորեց Հայ իրաւաբանների 2-րդ համահայկական համաժողովի անցկացումը, որը փաստօրէն ցեղասպանութեան հետեւանքների վերացման, իսկ աւելի ճիշդ` հատուցման թղթածրարի պատրաստման մեկնարկն էր: Հայաստանի գլխաւոր դատախազի կողմից տարածքների վերադարձի հարցը մտահոգութիւն է առաջացրել թուրքերի մօտ, որը նոյնպէս հայկական լրատուամիջոցներում վերածուեց նեղ հայաստանեան խնդրի: Հայոց ցեղասպանութեան ճանաչումը եւ հողերի վերադարձը մեր օրակարգի կարեւորագոյն խնդիրներն են, եւ պէտք չէ այս ամէնը ծառայեցնել ներքին մանր-մունր խնդիրներին: Նա կարեւորեց Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին ընդառաջ տարբեր երկրների յանձնախմբերի եւ հայկական լրատուամիջոցների ներկայացուցիչների համատեղ համաժողովի կազմակերպումը, որտեղ նաեւ կը ճշգրտուեն հետագայ գործողութիւնների ռազմավարական ուղղութիւնները:

Այնուհետեւ զեկոյցով հանդէս եկաւ Յարութ Սասունեանը: Ներկայացնելով Միացեալ Նահանգների արեւմտեան հատուածում Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին ընդառաջ իրականացուած միջոցառումները` նա առաջարկեց 2014 թուականին Երեւանում կազմակերպել տարբեր երկրներում Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին ընդառաջ միջոցառումներով զբաղուող մարմինների ղեկավարների եւ ներկայացուցիչների մասնակցութեամբ համաժողով, որտեղ կը ներկայացուեն բոլորի առաջարկները եւ կը պատրաստուի ընդհանուր գործողութիւնների ծրագիր:

Յ. Սասունեանը ողջունեց Հայաստանի սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած Հայ իրաւաբանների 2-րդ համաժողովի անցկացումը` նշելով, որ այնտեղ հնչեցին մի շարք գործնական առաջարկներ` մասնաւորեցնելով  յատկապէս Հայաստանի գլխաւոր դատախազ Աղուան Յովսէփեանի զեկոյցը:

Յ. Սասունեանը նշեց նաեւ, որ շուտով Միացեալ Նահանգների արտաքին գործոց նախարարութեան բարձրաստիճան պաշտօնեաների հետ կայանալու է հանդիպում-հեռակոնֆերանս` նուիրուած Սուրիայում գտնուող սուրիահայերի հիմնախնդիրներին, եւ որ նրանց պէտք է համոզել, որ աւելի նախանձախնդիր լինեն սուրիահայ համայնքի հանդէպ: Նա աւելացրեց, որ պահանջելու են Միացեալ Նահանգների կառավարութիւնից` իր միջոցներից յատկացումներ կատարել սուրիահայերի համար:

Զեկոյցով հանդէս եկաւ նաեւ Գրիգոր Անիսոնեանը: Նա տեղեկացրեց, որ Մոսկուայում Հայաստանի դեսպանատանը կից շուրջ 30 կազմակերպութիւնների ներկայացուցիչներից ստեղծուել է յանձնաժողով, ուր ընդգրկուած են նաեւ Ռուսաստանի Դաշնութեան պետական տումայի ներկայացուցիչներ: Նա նշեց, որ չնայած աշխատանքները նոր են սկսուել, եւ առջեւում ունեն միայն 1,5 տարի, սակայն վստահ է, որ յանձնաժողովը որոշ արդիւնքների կը հասնի, եւ դրանք մօտակայ ժամանակներում տեսանելի կը լինեն:

Գ. Անիսոնեանը նշեց նաեւ, որ «Նոյեւ Կովչեք»-ն անկախ թերթ է, ունի բաւական մեծ տպաքանակ եւ մեծ աշխարհագրութիւն. հասնում է Ուքրանիա, Վրաստան, Լաթվիա եւ այլն եւ հետեւում է բոլոր այդ երկրներում տեղի ունեցող իրադարձութիւններին: Ուքրանիայի հայերը, ովքեր ներկայացուած են Ռատայում, բարձրացրել են Հայոց ցեղասպանութեան հարցը, որ տեղական մակարդակում այն ճանաչում ստանայ, ինչը ներկայացուած է թերթում:

Գ. Անիսոնեանի տեղեկացմամբ` չնայած Ռուսաստանը 1995 թուականին ճանաչել է Հայոց ցեղասպանութեան եղելութիւնը, սակայն դեռ կան առանձին անձինք, ովքեր ժխտում են այն` մատնանշելով յունիսի 11-ին «Կուլտուրա» հեռուստաալիքով Ռուսիոյ Գիտութիւնների ազգային ակադեմիայի արեւելագիտութեան հիմնարկի դոկտոր-փրոֆեսէօրի թուրքական հեքիաթներով համեմուած այն յայտարարութիւնը, թէ «ցեղասպանութիւն չի եղել»: Նա ցաւով նշեց, որ այդ յայտարարութիւնը Մոսկուայում մեծ արձագանգ էր ստացել, եւ միայն մեծագոյն ջանքերի շնորհիւ յաջողուեց ժխտել այն: Գ. Անիսոնեանը կարեւորեց Յարութ Սասունեանի առաջարկած հաւաքի կազմակերպումը, որը կը համադրի, կը միացնի տարբեր երկրներում հայութեան ուժերը, եւ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին հայութիւնը կը ներկայանայ մէկ ընդհանուր ծրագրով:

Հայաստանի Լրագրողների միութեան նախագահ Աստղիկ Գէորգեանն իր ելոյթում նշեց, որ պէտք է արդի տեղեկատուական համակարգ ստեղծել, որպէսզի աշխարհի տարբեր երկրներում Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ միջոցառումները, հանդիպումները, վերլուծութիւնները հասանելի լինեն հասարակութեանը` օգտագործելով ոչ միայն սփիւռքի հայկական լրատուամիջոցների ուժերը, այլ նաեւ օտարագիր մամուլի, որտեղ աշխատում են մեր հայրենակիցները:

Ա. Գէորգեանն առաջարկեց տարեթուերի վերտառութեամբ 3 լեզուներով հրատարակել Հայոց ցեղասպանութեան ճանաչմանը միտուած` աշխարհի տարբեր երկրներում կայացած միջոցառումները եւ աշխարհով մէկ տարածել այն: Այդ հրատարակութիւնը պէտք է լինի գիտահետազօտական հիմնարկի աշխատանքի արդիւնք, եւ ոչ մի տեղեկատուութիւն պէտք չէ դուրս մնայ:

Ա. Գէորգեանը առանձնակի մտահոգութեամբ կարեւորեց այն հանգամանքը, որ ՄԱԿ-ի որոշ գրասենեակներ Միացեալ Նահանգների եւ Թուրքիայի ջանքերով տեղափոխւում են Անգարա: «Այս գործընթացը կը թուլացնի մեր դիրքերը, քանի որ Թուրքիայի ազդեցութեան գործօնը շատ ուժեղ կը լինի, եւ հայկական կողմը չի կարողանայ մնացեալ խնդիրները հասցնել ՄԱԿ-ի կառոյցներին, եւ ցաւալի է, որ այս հարցը Հայ իրաւաբանների 2-րդ համաժողովում չբարձրացուեց: Պէտք է այնպէս անել, որ սփիւռքում արձագանգեն, քանի դեռ գործողութիւնը չի աւարտուել` համագործակցելով միմեանց հետ», նշեց Ա. Գէորգեանը:

Նա առաջարկեց նաեւ օգտուել Պերլինում բնակուող Համօ Պետրոսեանի հազուագիւտ հաւաքածուից (աշխարհի այն թերթերը, ուր տպագրուած են Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ նիւթեր)` յաւելելով, որ Համօ Պետրոսեանի երազանքն էր այդ թերթերի թանգարան ունենալ Երեւանում:

Իր զեկոյցում Յակոբ Վարդիվառեանը նշեց, որ Արեւմտեան Ամերիկայում կայ 15 հայկական համայնք, եւ նրանցից իւրաքանչիւրը Մեծ եղեռնի տարելիցին կը պատրաստուի իւրովի: Նա նշեց նաեւ, որ 100-ամեակին ընդառաջ ձեւաւորուել է 16 կազմակերպութիւններից բաղկացած յանձնաժողով, որն արդէն սկսել է իր աշխատանքները, որտեղ աշխատանքի են լծուած շուրջ 80 մարդ:

Նա աւելացրեց, որ ծրագրում են Ֆրանց Վերֆելի «Մուսա լերան 40 օրը» վէպը վերածել օփերայի, եւ այդ նպատակով ակնկալում է Երեւանի օփերայի եւ պալէտի ազգային ակադեմական թատրոնի համագործակցութիւնը:

Համբիկ Մարտիրոսեանը ներկայացրեց Լիբանանում Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին ընդառաջ իրականացուած միջոցառումները եւ դրանց արձագանգները տեղի մամուլում` նշելով, որ պատրաստւում են 2014 թուականին կազմակերպել Թուրքիայում գտնուող շուրջ 1500 հայկական եկեղեցիների կամ նրանց փլատակների լուսանկարների ցուցահանդէս: Հ. Մարտիրոսեանն առաջարկեց մինչեւ 2015 թուականի ապրիլի 24-ը կազմել աշխատանքային ճանապարհային քարտէզ: Նա աւելացրեց, որ այս տարի Լիբանանում կազմակերպուել է Թուրքիայի ծպտեալ հայերի մասին ժապաւէնի ցուցադրութիւն, եւ կայացել է Լեւոն Մահճեանի գրքի շնորհահանդէսը` Թուրքիայի հարկային օրէնսդրութեան մասին, թէ ինչպէս թուրքերը հարկերի միջոցով ճնշեցին հայերին:

Բոլոր զեկոյցներին եւ ելոյթներին յաջորդում էին բուռն քննարկումներ:

Ուղիղ միացմամբ նիստին մասնակցելու հնարաւորութիւն չունենալով` «Ալիք» օրաթերթի խմբագրապետ Դերենիկ Մելիքեանն իր կարծիքն ուղարկել էր ելեկտրոնային փոստով, որում մասնաւորապէս ասուած է. «… կը ցանկանայի խիստ կարեւորութեամբ անդրադառնալ. իր հնչեղութեամբ քաղաքական կարեւոր այն քայլն է, որը հարիւրամեակներից ի վեր բարձրաձայնուեց. Իրանի խորհրդարանի փոխխօսնակ Ապութորապիի կողմից գործընկերների, պետական պաշտօնատարների, քաղաքական ու մտաւորական պարսիկ շրջանակների ներկայութեամբ Հայոց ցեղասպանութեան եզրոյթի բարձրաձայնումը բնութագրուեց որպէս աննախընթաց:

«Եւ Իսլամական խորհրդարանում մեր հիւսիսային ու հարաւային պատգամաւորներ Կարէն Խանլարեանը եւ Ռոպերթ Բեգլարեանն այս անկեղծ արձագանգը որակեցին որպէս ամուր ենթահող, քաղաքական դաշտի նոր ձեւաւորման ապագայ տեսլականում Հայոց ցեղասպանութեան հարցը 100-ամեակի նախաշեմին բարձրացնելու խորհրդարանի մակարդակով եւ այն յստակեցնել իր ճանաչեցմամբ: Այս միտումը յուսառատ է, քանզի դրական ակնկալիքները Իրանի նորընտիր նախագահից եւ նախագահական ձեւաւորուելիք նոր ապարատից առաւել քան երբեւէ, շատ են:

«Եւ որպէս երրորդ մատնանշում, որը շարունակականութիւնը կարելի է համարել վերը նշուածի, հայկական բոլոր միաւորների, ազգային-մշակութային կազմակերպութիւնների անունից արդէն իսկ բացառիկ նամակ է յղուել նորընտիր նախագահ Ռոհանիին, Հայոց ցեղասպանութեան հիմնահարցին ու որպէս անհերքելի իրողութիւն, դրա ճանաչեցման գործին պատշաճ վերաբերմունք եւ մօտեցում ցուցաբերելու առումով:

«Սրանք մեզ համար այն կարեւոր եւ երիցս ընդգծուած հիմնահարցերն են, որոնց անհրաժեշտութիւնը եւ հարցի դրական հանգուցալուծման ազդեցիկութիւնը իր վրայ կրում եւ պարտաւորեցուցիչ է համարում համայնքի իւրաքանչիւր տարր»:

Քննարկումների արդիւնքում որոշուեց առաջիկայ ամսում գումարել համակարգող մարմնի եւս մէկ նիստ` քննարկելու 2014 թուականին կայանալիք լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի անցկացման վայրն ու օրակարգը:

Հայաստանի սփիւռքի նախարարութեան
Տեղեկատուութեան եւ հեռահաղորդակցութեան վարչութիւն

Գիւմրիի Մէջ Նշուեցաւ Լիզպոնի Հինգ Տղոց
Նահատակութեան 30-ամեակը

Գիւմրիի «Հոկտեմբեր» շարժապատկերի սրահին մէջ 28 յուլիսին կայացաւ «Լիզպոնի իմ ընկերներ» խորագիրը կրող ձեռնարկը, որ նուիրուած էր Լիզպոնի հինգ տղոց նահատակութեան 30-ամեակին: Տեղի ունեցաւ «Լիզպոնի իմ ընկերները» գիրքի շնորհահանդէսը: «Գրքի ստեղծման գաղափարը պատանի տարիքից է իմ մէջ արթնացել, բայց պահը հասունացել էր` ամէն անգամ հանդէս էինք գալիս մոմավառութեամբ եւ երիտասարդական ակցիաներով, բայց հիմա մտածեցի գրել գիրք, որ մնայուն լինի: Այս գիրքը պէտք է ուղեցոյց լինի գալիք սերունդներին, որ հնարաւորինս վառ պահենք այս կրակը», նշեց գիրքի հեղինակ Արա Նախշքարեանը:

Այս տարի Լիզպոնի 30-ամեակը հասարակական աւելի ընդարձակ հնչեղութիւն ստացաւ: «Սակայն ասիկա եւս այն չէ, ինչ որ պէտք է ըլլայ: Անհրաժեշտ է պետական մօտեցում եւ գիտակցութիւն ցուցաբերուի, որպէսզի յստակ ըլլայ, թէ այս տղոց արարքը ինքնազոհութիւն է եւ ոչ այլ բան», ձեռնարկին ընթացքին ըսաւ ՀՅԴ Պատանեկան միութեան վարիչ Սիմոն Գաֆալեանը:

«Կ՛ակնկալուէր, որ նման աշխուժութիւն աւելի կանուխ դրսեւորուէր, որպէսզի ջանք ի գործ դրուի ժողովուրդին պատմութիւնը ներկայացնելու, բայց դեռ երկար ճամբայ կայ անցնելիք, կը սպասենք պետական մակարդակի աշխուժութեան: Ցաւօք, այսօր շատերը կա՛մ չեն գիտեր զինեալ պայքարի մասին, կա՛մ գիտեն աղաւաղուած ձեւով` զանոնք շփոթելով ԱՍԱԼԱ-ի հետ», յայտնեց Լիզպոնի նահատակներէն Սիմոն Եահնէեանի եղբայրը` Զարեհ Եահնէեանը:

Ձեռնարկին ընթացքին ելոյթ ունեցաւ «Հայկազունք» գուսանական համոյթը, առաջին անգամ ըլլալով հնչեց նաեւ Գուսան Հայկազունի «Լիզպոնի քաջեր» երգը: Ցուցադրուեցաւ հնգեակին գործողութեան մասին տեսերիզ մը:

 

Էրեբունի Ամրոցի Պեղումներէն Յայտնաբերուած Է
Խալդ Աստուծոյ Տաճարէն Մաս Մը

Հայ-ֆրանսական հնագիտական արշաւախումբը ամփոփեց Երեւանի Էրեբունի ամրոցին մէջ տեղի ունեցող պեղումներուն 6-րդ հանգրուանը, որուն ընթացքին յատկապէս յայտնաբերուեցաւ Խալդ Աստուծոյ տաճարի հանդիպակաց սիւնազարդ պալատի պահպանուած մասը` Ն. Ք. 7-6-րդ դարերէն մնացած: Այս առիթով կայացած է հանդիպում մը, որուն ներկայ էր Հայաստանի մէջ Ֆրանսայի դեսպան Հանրի Ռենոն, որ իր գոհունակութիւնը յայտնած է արշաւախումբին կատարած աշխատանքներէն` նշելով, որ մեծ սիրով ու հետաքրքրութեամբ կ՛այցելէ Էրեբունի թանգարան ու յարակից հնավայր: «Հայաստանը իր ուրոյն տեղը ունի Ֆրանսայի գիտամշակութային քաղաքականութեան մէջ: Արդէն տասը տարի է, որ Ֆրանսան կ՛աջակցի Հայաստանի չորս հնավայրերու մէջ պեղումներու աշխատանքին, որոնցմէ առանձնայատուկ ուշադրութիւն կը դարձուի Էրեբունի հնավայրին», նշած է դեսպանը: Ան տեղեկացուցած է, որ այժմ հնագիտական արշաւախումբը իր աշխատանքի քառամեայ երկրորդ ծրագիրի իրականացման հանգրուանին մէջ է, որ պիտի տեւէ մինչեւ 2015 թուական: Հ. Ռենոն կարեւոր նկատած է Հայաստանի մշակոյթի նախարարութեան եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցութիւնը Հայ-ֆրանսական արշաւախումբի աշխատանքներուն:

Հայաստանի մշակոյթի նախարարի տեղակալ Արեւ Սամուէլեանը յոյս յայտնած է, որ այս աշխատանքը շարունակական ըլլայ: «Էրեբունիի պեղումները շատ օրինակելի են թէ՛ իրենց ընթացքով, թէ իրենց ծրագրով, որը հեռանկարային է եւ գիտական, պատմական նոր յայտնագործութիւնների միտումներ ունի: 2013 թուականի համար տրուել է պեղման 62 թոյլտուութիւն, որից 20-ը հայ-ֆրանսական համատեղ արշաւախմբեր են: Կարծում եմ, այս աշխատանքները տարածաշրջանում մեզ մղում են առաջնային դիրքի հնագիտական ոլորտում», յայտնած է ան:

Հայաստանի Գիտութիւններու ազգային ակադեմիայի Հնագիտութեան եւ ազգագրութեան հիմնարկի տնօրէն Պաւել Աւետիսեան աւելցուցած է, որ շատ դժուար է արդէն վերականգնուած յուշարձանի տարածքին մէջ պեղումներ կատարել, եւ այդ իմաստով, ֆրանսացի մասնագէտները շատ լաւ կը կատարեն իրենց աշխատանքը: Ան շատ կարեւոր նկատած է արշաւախումբի աշխատանքներուն դերակատարութիւնը` հայ երիտասարդ հնագէտներու կայացման գործին մէջ: «Այս արշաւախմբում ներգրաւուած են հայ երիտասարդներ, ովքեր շփւում են եւրոպական հնագիտութեան վերջին ձեռքբերումներին: Դա նշանակում է, որ մենք ունենք երիտասարդ քատրեր, որոնք աշխատում են եւ առաջնորդւում եւրոպական հնագիտական մեթոտաբանութեամբ», եզրափակած է Պաւել Աւետիսեանը:

Հաւաքի աւարտին հաստատագիրներ յանձնուած են հայ-ֆրանսական արշաւախումբին մաս կազմող երիտասարդ հնագէտներուն:

 

«Արի Տուն»-ի 170 Մասնակիցներ Եւս
Հայաստան Կը Գտնուին

Մեկնարկեց «Արի տուն»   երիտասարդական ծրագիրի հինգերորդ հանգրուանը, որ Հայաստանի մէջ կը համախմբէ 15 երկիրներու 170 մասնակիցներ: Բացման արարողութեան ներկայ եղած է սփիւռքի նախարարի տեղակալ Վահէ Ջիլաւեանը, որ ողջունելով ներկաները` շնորհակալութիւն յայտնած է ծրագիրի բոլոր մասնակիցներուն, անոնց ծնողներուն ու ծրագիրի կայացման գծով իրենց նպաստը ունեցողներուն: Վահէ Ջիլաւեանը նշեց, որ այս տարի մասնակիցներուն համար կազմակերպուած է նաեւ հայոց լեզուի արագացուած դասընթացքներ. անոնք նաեւ պիտի այցելեն  տարբեր թանգարաններ, յուշահամալիրներ, որպէսզի ծրագիրի աւարտին իրենք հայրենիքը լաւապէս ճանչցած վերադառնան իրենց երկիրները:

Հիւրընկալ ընտանիքներուն մասին խօսելով` սփիւռքի նախարարի տեղակալը յայտնած է, որ ընտանիքները բաւական հետաքրքրուած են ծրագիրով: «Հիւրընկալ ընտանիքներն իրենք են ցանկութիւն յայտնում երեխաներին իրենց ընտանիքները ներգրաւելու համար: Դա լաւ է եւ իրենց երեխաների համար, ովքեր նոր ծանօթութիւններ են ձեռք բերում, եւ բարի գործ են կատարում` հիւրընկալելով սփիւռքահայ երեխաներին», յայտնած է ան:

Սփիւռքի նախարարութեան աշխատակազմի ղեկավար Ֆիդուս Զաքարեան «Արի տուն» ծրագիրի 5-րդ հանգրուանի ամէնէն կրտսեր մասնակիցներուն` ուքրանահայ Լեւոն Փոթոյեանին եւ գերմանահայ Անի Մինասեանին նուիրեց «Արի տուն» ծրագիրի շապիկները: Երեխաները իրենց խօսքին մէջ նշեցին, որ շատ ուրախ են Հայաստան գտնուելնուն եւ ծրագիրին մասնակցելնուն համար:

 

«Պատրաստուած Է Հայաստանում». Հայաստանեան
Արտադրութիւններու Առաջին Վաճառատունը

«Հայաստանի արդիւնաբերողների եւ գործարարների (գործատուների) միութիւն»-ը յատկապէս վերջին տարիներուն նպատակաուղղուած քայլեր կ՛առնէր մասնաւորապէս թեթեւ արդիւնաբերութեան ոլորտը անորոշ ու երկար փնտռտուքի թմբիրէն դուրս բերելու եւ հայրենական արտադրողներուն զօրակցելու նպատակով:

Այդ նպատակով «Հայաստանի արդիւնաբերողների եւ գործարարների միութիւն»-ը ստեղծեց «Թեթեւ արդիւնաբերութեան ճիւղային միութիւն», որ նախորդ մէկ տարուան ընթացքին արդէն իսկ կրցաւ  բազմաթիւ հանդիպումներով, քննարկումներով ու բանավէճերով, այցելութիւններով եւ ընդհանրական խնդիրներու բարձրացմամբ կառավարութեան ուշադրութիւնը սեւեռել ոլորտի զարգացման վրայ:

«Հայաստանի արդիւնաբերողների եւ գործարարների (գործատուների) միութեան» լրատուական ծառայութեան համաձայն, արդէն իսկ իրականութիւն դարձած է վաղուց սպասուած ծրագիրը:  «Թեթեւ արդիւնաբերութեան ճիւղային միութիւն»-ը բացած է Հայաստանի մէջ թեթեւ արդիւնաբերական արտադրանքի «Պատրաստուած է Հայաստանում» առաջին մասնագիտական խանութը, ուր կը վաճառուին միայն Հայաստանի մէջ արտադրուող բարձրորակ հագուստ, կօշիկ, գուլպայ եւ այլն:

«Հետաքրքրութիւնը մեծ է, գնորդներուն բացատրելու հարկ չ՛ըլլար: Անոնք լաւապէս կը  զանազանեն մեր վարպետներուն պատրաստած բարձրորակ արտադրանքը յատկապէս Թուրքիայէն եւ Չինաստանէն քիլոներով ներկրուող աժան բայց անորակ ապրանքներէն: Պակաս կարեւոր չէ նաեւ բարոյական գործօնը: Այս արտադրանքը գնելով` մենք կը զօրակցինք հայրենական արտադրողին, կը նպաստենք նոր աշխատատեղերի ստեղծմանը», նշուած է յայտարարութեան մէջ:

Տիգրան Մեծի 20 հասցէով` «Տաշիր» հանրախանութի դիմաց եւ «Սիլ» պանդոկին կողքին գտնուող նորաբաց սրահին մէջ արդէն իսկ կը վաճառուի «Տոսպ», «Լիւքս», «Լիդա», «Մելանտէ» եւ «Արտսոքս» ընկերութիւններուն արտադրութիւնները: Եթէ ծրագիրը յաջող ընթացք ունենայ, նմանատիպ սրահներ պիտի բացուին նաեւ հանրապետութեան այլ բնակավայրերու մէջ:

 

Աւետիք Իսահակեանի ՏունԹանգարանը
Հարստացաւ Յիշարժան Ցուցանմուշով Մը

Վաստակաւոր գեղանկարիչ Ռաֆայէլ Աթոյեանը Աւետիք Իսահակեանի տուն թանգարանին նուիրեց իր «Աբու-Լալա Մահարի» խորագրեալ մեծակտաւ աշխատանքը: Թանգարանի ֆոնտերու գլխաւոր պատասխանատու Անժելա Խորէնեան յայտնած է, որ Աւետիք Իսահակեանի ստեղծագործութիւնները յաճախ ներշնչման աղբիւր եղած են հայ եւ օտար արուեստագէտներուն համար, իսկ նոր գլուխ գործոցը` «Աբու Լալա Մահարի» պոեմը, առաւել եւս: Այս առիթով վարպետին տան մէջ կայացած հանդիպումին ներկայ էին նկարիչը` կնոջ հետ, Հայաստանի վաստակաւոր գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկեանը, գրականագէտ Աւիկ Իսահակեանը, բազմաթիւ հիւրեր: Բացման խօսքով հանդէս եկաւ Աւետիք Իսահակեանի տուն-թանգարանի տնօրէն Յասմիկ Մելքոնեանը: Խօսելով հայ գեղանկարչութեան մէջ նկարիչին աւանդին մասին` ան դիտել տուած է, որ ասիկա նկարիչին կողմէ թանգարանին նուիրած երկրորդ աշխատանքն է, առաջինը «Անին» կտաւն էր, 1965 թուականին նուիրուած:

Ռաֆայէլ Աթոյեանի մասին ջերմ խօսքեր արտասանած են Աւիկ Իսահակեանը, Ռոբերտ Էլիբեկեանը, իսկ ինքը` Ռ. Աթոյեանը, յուզումով յիշած է, որ ըլլալով գիւմրեցի` երջանկութիւն ունեցած է տեսնելու ու լսելու Վարպետը: Ան յատկապէս շեշտած է, որ Իսահակեանի հանճարեղ երկը միշտ ալ ոգեւորած է զինք եւ իր ստեղծագործական մտորումները ուզած է յանձնել կտաւին: Եւ հեռաւոր Ֆրեզնօ քաղաքին մէջ, ուր 1991-ին կը բնակէր նկարիչը, ի վերջոյ, կեանքի կոչած է իր երազանքը: Ան ուրախ է, որ կտաւը կը նուիրէ Վարպետին տուն-թանգարանին, որ այսօր մայրաքաղաքի լաւագոյն մշակութային օճախներէն մէկը կը հանդիսանայ, եւ ուր կը պահպանուին Վարպետի կեանքն ու գործունէութիւնը լուսաբանող արժէքաւոր ցուցանմուշներ:

Կտաւը պիտի ցուցադրուի թանգարանին մէջ, եւ այցելուները զայն դիտելու կարելիութիւն պիտի ունենան:

 

 

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )