Յաղթողը Ոչ Թէ Երկրներն Են, Այլ` Համա– ՀՄԸՄ-ը

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Օրեր առաջ Հայաստանում մեկնարկել են  Համա- ՀՄԸՄ-ական 9-րդ  մարզախաղերը: Մայրաքաղաքում, կարծես, արթնութիւն է: 650 հայ մարզիկներ մասնակցում են այս խաղերին: Այս թիւը  առաջին անգամն է արձանագրւում Համա-ՀՄԸՄ-ական մարզախաղերի պատմութեան մէջ: Oրինակ, նախորդ տարի մարզախաղերին մասնակցում էին թուով 450 մարզիկ:

ՀՄԸՄ-ի կեդրոնական վարչութեան ատենապետ Գառնիկ Մկրտիչեանն այս թուային աճին անդրադառնալով` ասաց. «Այդ ուղղութեամբ տարուել է կազմակերպչական մեծ աշխատանք: Այս անգամ աւելացել են երկու երկրներ` եթէ նախորդ մարզախաղերին մասնակից երկրների թիւը 15 էր, հիմա` 17 է: Խորքին մէջ մեզ հետաքրքրողն այդ թուերը չեն, մենք մտածում ենք, որ ինչ դժուարութիւն էր լինի, պէտք է դիմագրաւենք»: Գ. Մկրտիչեանի խօսքով` այս տարի ուրախալի էր այն հանգամանքը, որ Հայաստանը եւս մասնակցում է այս մարզախաղերին: Մեր նկատառմանը, թէ նման համահայկական միջոցառումներն աւելի խորքային առաքելութիւն ունեն` որն է` հայապահպանութիւնը, եւ հետաքրքրուեցինք, թէ որքանո՞վ է յաջողւում այդ ծրագիրը,  միասնականութեան գաղափարի իրագործումը, Գառնիկ Մկրտիչեանը պատասխանեց. «Եթէ խօսում ենք իրականութեան մասին, ապա պէտք է նկատել, որ այսօրուայ երիտասարդութեան պատկերն այն չէ, ինչ մի քանի տարի առաջ էր, բայց մենք հաւատացած ենք, որ մեր այս աշխատանքը պէտք չէ կանգնեցնել, որովհետեւ ժամանակին պասքեթպոլն ու ֆութպոլը նոյնն էին մեզ համար` միջոցներ էին հայ երիտասարդին կողք կողքի բերելու, մեզ համար ինքնանպատակ չէր անպայման ֆութպոլ խաղալ, եւ ոչ էլ մարզելը: Մենք որոշում ունենք ընդհանուր  ժողովներում, որ արհեստավարժութիւնն ընդունելի երեւոյթ չէ մեզ համար, մենք պէտք է պատրաստենք հայ տղայ` առողջ մարմին եւ առողջ հոգի, եւ մեր նշանաբանն էլ միշտ այդպէս էր: Հետեւաբար, այս տղաները միշտ պէտք է գան Հայաստան, շփուեն հողի, ջրի հետ, նաեւ շփուեն իրար հետ»:

ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան անդամ, գանձապահ Միհրան Շիմշիրեանն էլ ընդգծեց, որ մինչ հիմա ամէն բան հեզասահ է ընթանում, տարւում է բծախնդիր աշխատանք:

ՀՄԸՄ-ի Հարաւային Ամերիկայի Շրջանային վարչութեան ատենապետ Արմանտօ Թորգոմեանն էլ նշեց, որ կազմակերպիչները հսկայական աշխատանք են տարել նման միջոցառում կազմակերպելու համար:

ՀՄԸՄ-ի Քանատայի Շրջանային վարչութեան ատենապետ Տիրան Շահինեանն էլ նկատեց, որ սա առաջին անգամը չէ, որ մասնակցում է ՀՄԸՄ-ի մարզախաղերին: «Կարող եմ ասել, որ բոլոր խաղերն էլ բուրաստան են ինձ համար, եւ մեր հայերը` որպէս ծաղիկներ, կը մասնակցեն այս խաղերին: Հաւատացէք, ամէն չորս տարի մէկ անգամ մենք միանում ենք մեր հին ընկերներին, որոնց հետ մենք էլ խաղացողներ, մարզիկներ  ենք եղել եւ կը յիշենք մեր օրերը», ասաց Տիրան Շահինեանը, ում դիտարկմամբ` ՀՄԸՄ-ի բոլոր մարզախաղերն էլ եղել են կազմակերպուած եւ յաջող, իսկ ժամանակի ընթացքում փորձառութիւնից ելնելով` աւելի լաւ են կազմակերպւում: Դա, ըստ նրա, կարող է փաստել նաեւ մարզիկների աննախադէպ մասնակցութիւնն այս մարզախաղերին: Զրուցակցիս խօսքով` պէտք է ջանալ, որպէսզի հասնենք միասնականութեան գաղափարի իրագործմանը, որքան էլ դժուար լինի այդ ծրագիրը հարիւր տոկոսով իրականացնել ներկայ երիտասարդների պարագայում: «Այդ դժուարութիւնները կան, բայց մեր նպատակը գոնէ որոշ չափով կ՛իրականանայ. հայ երիտասարդութեանը բերում ենք այստեղ, որպէսզի մի ձեւով կարողանանք կրկնապատկել սէրը հայրենիքի հանդէպ», նկատեց Տ. Շահինեանը:

Մարզախաղերին մասնակցող Քանատայի խմբերի պատասխանատու Լէոնիս Սարմազեանն էլ նկատեց, որ առաջին անգամ է մասնակցում այս մարզախաղերին, եւ բաւական լաւ տպաւորութիւններ է ստացել: Նրա կարծիքով` մարզախաղերի կազմակերպումը  հսկայ գործ է, եւ կարեւոր է, որ երիտասարդները հասկանան, որ ՀՄԸՄ-ի նպատակը միայն խաղը չէ, այլ միասնականութեան գաղափարը: «Դրա համար էլ պէտք է աշխատենք, քան կենտրոնանանք խաղերը շահելու վրայ: Այսօր, օրինակ եղաւ. դիմացի մեր խումբը շահեց, եւ նրանց ուրախութիւնը նաեւ մեր ուրախութիւնն է,  իսկ վերջաւորութեան ՀՄԸՄ-ն է շահողը», նշեց Լ. Սարմազեանը:

Համա- ՀՄԸՄ-ական 9-րդ մարզախաղերի յանձնախմբի պատասխանատու Մանուէլ Մարսելեանն էլ անդրադառնալով մարզախաղերի դժուարութիւններին` ասաց, որ տարբեր շրջաններից եկած մասնակիցների ակնկալիքները տարբեր են, եւ կազմակերպիչները պէտք է կարողանան գոհացնել բոլորին:

Լուսանկարները՝ Գաբրիէլ Փանոսեանի

Համա- ՀՄԸՄ-ական 9-րդ մարզախաղերի յանձնախմբի անդամ, ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի ատենապետ Հրաչեայ Շմաւոնեանն էլ Հայաստանից է, ում խօսքով` այս մարզախաղերը միայն մրցակցութիւն ապահովելը չէ: «Սա երկրորդ մարզախաղն է, որ անցկացւում է հայրենիքում` Հայաստանում, այսինքն` այն երազանքը, որ տարիների ընթացքում եղել է մեր ՀՄԸՄ-ականների մօտ, վերջապէս իրականացուեց` դա մարզախաղերը նաեւ Հայաստանում անցկացնելն է: Խաղերի նպատակն է` ե՛ւ մրցել իրար հետ, գտնել լաւագոյնին, ե՛ւ ընկերանալ, շփուել իրար հետ», ասաց Հ. Շմաւոնեանը:

Մինչ Համա- ՀՄԸՄ-ական 9-րդ մարզախաղերի կազմակերպիչները կը խօսէին խաղերի կարեւորութեան մասին, մարզիկները վայելում էին խաղերը: Պասքեթպոլի աղջիկների հաւաքականի խաղի աւարտին գնացինք: Խաղում էին Եգիպտոսի եւ Աւստրալիայի ՀՄԸՄ-ի պասքեթպոլի խմբերը: Խաղն աւարտուեց յօգուտ Աւստրալիայի: «Գահիրէն այսօր շատ լաւ խաղաց, շատ ուժեղ խումբ էր եւ մենք դժուարութեամբ յաղթեցինք:  Սա առաջին խաղն էր, որ շահեցինք», ասաց Վիվիան Տէր Թադոսեանը: Եգիպտոսից մասնակից Կարին Կրպոյեանն էլ նշեց, որ իրենք ուրախ են, որ գտնւում են Հայաստանում: Չնայած պարտութեանը, սակայն աղջիկներն ուրախ էին, որովհետեւ, ըստ նրանց, արդիւնքում միեւնոյնն է` յաղթել է ՀՄԸՄ-ը:

Երեւան-Պէյրութ

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )