Հասունացել Է Կուտակուած Հարստութեան Վերաբաշխման Անհրաժեշտութիւնը

ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Մարդկութեան պատմութիւնը պարզեցուած կարելի է ներկայացնել որպէս հարստութեան կուտակման եւ դրա հետագայ վերաբաշխման պատմութիւն: Կուտակելու ձգտումը բնական է եւ անխուսափելի` այդպիսին է թէ՛ առանձին մարդու, թէ՛, ընդհանրապէս, մարդկութեան բնոյթը: Այս իմաստով պէտք է ընդունենք, որ ֆրանսական յեղափոխութեան «ազատութիւն, հաւասարութիւն, եղբայրութիւն» հանրայայտ եւ հրաշալի կարգախօսում արդէն իսկ որոշ հակասութիւններ կան: Բանն այն է, որ ազատութիւնը հէնց այն ուժն է, որը մեզ անխուսափելիօրէն դրդում է կուտակման: Իսկ կուտակումը եւ ոմանց հարստացումն անխուսափելիօրէն տեղի են ունենում միւսների աղքատացման հաշուին, այնպէս որ` հաւասարութիւնն ու եղբայրութիւնը ֆրանսական բանաձեւում ստիպուած են լինում մի կողմ քաշուել ազատութեան ճնշման տակ:

Աւելին` մարդու իրաւունքների վերաբերեալ բազմաթիւ հիմնարար փաստաթղթերում եւ շատ պետութիւնների սահմանադրութիւններում ամրագրուած հաւաստիացումները, թէ բոլոր մարդիկ ծնւում են հաւասար ու ազատ, նոյնպէս դժուար է ընդունել որպէս բացարձակ ճշմարտութիւն: Մենք ծնւում ենք տարբեր հասարակութիւններում, ընկերային խմբերում եւ ընտանիքներում, որոնք տարբերւում են իրենց եկամուտներով, մշակոյթի եւ կրթութեան մակարդակով, աւանդոյթներով, մտաւոր, բարոյական եւ ֆիզիքական ունակութիւններով եւ այլն: Հաւասար ենք միայն Աստծոյ առաջ, իսկ միմեանց միջեւ, այսինքն` մարդկային հասարակութեան ներսում, մեր անհաւասարութիւնն ու անազատութիւնը պարզապէս աչքի են զարնում: Եւ քանի որ կեանքը ոչ այլ ինչ է, եթէ ոչ գոյապայքար, ակնյայտ է, որ այդ պայքարին ոմանք աւելի լաւ են յարմարուած, քան միւսները: Եւ եթէ աւելի լաւ յարմարուածներին լիակատար ազատութիւն տրուի, այսինքն` եթէ նրանց թոյլատրուի ամբողջովին իրացնել իրենց առաւելութիւնները, այդ ժամանակ հաւասարութիւնն ու եղբայրութիւնը կը վերածուեն դատարկ խօսքերի:

Միւս կողմից` իրական կեանքում հաւասարութիւն հաստատելու, այսինքն` ըստ էութեան, այն արհեստականօրէն ներդնելու բոլոր փորձերը յանգեցնում են ազատութեան այնպիսի սահմանափակումների, որ հասարակութեան զարգացումը պարզապէս կանգ է առնում: Նման կործանարար լճացման առաւել պատկերաւոր օրինակը Խորհրդային Միութիւնն է, սակայն պատմութեանը յայտնի են նաեւ ուրիշ օրինակներ:

Սակայն վերադառնանք հարստութեան կուտակման ու բաշխման խնդրին: Ահա թէ ինչպէս է դա սովորաբար կատարւում. սոցիումի ներսում ինչ-որ խումբ, հետագայում` դասակարգ կամ խաւ, ամբողջապէս կիրառելով իր նախ` բնական, ապա` արհեստականօրէն հաստատուած բոլոր հնարաւորութիւնները, խելամտութեան բոլոր սահմաններն անցնող հարստութիւն է կուտակում: Հասարակական հաւասարակշռութիւնը խախտւում է: Հասարակութեան մէջ կուտակւում է դժգոհութեան լուրջ զանգուած, որը ելք է փնտռում: Ինչ-որ պահի ատելութեան ներուժը հասնում է պայթիւնավտանգ աստիճանի: Հարստութեան վերաբաշխումը դառնում է անխուսափելի:

Նման իրավիճակների զարգացման միայն երեք դիպաշար կայ: Դրանք վերլուծենք պատմութեան օրինակներով:

Հին Յունաստան, Աթէնք, ՆՔ 6-րդ դարի սկիզբ: Աղքատների եւ հարուստների միջեւ անդունդն աննախադէպ խորութեան է հասնում: Հարուստ հողատէր ազնուականութեան ձեռքին կենտրոնացած պետական իշխանութիւնը բնակչութեանը ծայրաստիճան աղքատութեան է հասցրել, ինչը յղի է արիւնահեղ ընդվզմամբ: Բայց աթենացիների բախտը բերում է. այդ օրհասական ժամանակներում արքոնտ է դառնում Սոլոնը, որի բարեփոխումները դարձել են իմաստութեան դասական օրինակ եւ Աթէնքի բարգաւաճման հիմքը: Սոլոնը բարեփոխեց ամէն ինչ` դատարաններից մինչեւ հարկային համակարգ, սեփականութեան իրաւունքից մինչեւ կրթութիւն: Նրա բարեփոխումներից լիովին գոհ էին քչերը, բողոքում ու դժգոհում էին շատերը` թէ՛ հարուստները, թէ՛ աղքատները: Բայց դժգոհողները միատեսակ, հաւասարաչափ էին դժգոհ, ինչպէս մարդիկ դժգոհ են լինում իրական արդարութեան հիմքից` անաչառութիւնից: Այդուհանդերձ, Սոլոնը հասաւ գլխաւոր նպատակին` արիւնահեղ քաղաքացիական պատերազմից յաջողուեց խուսափել:

Մէկ այլ օրինակ: Հռոմ` մ.թ.ա. 2-րդ դարակէս: Պատրիկների ընտանիքների ձեռքում հարստութեան կուտակումը հասել է հասարակական կայունութեան համար վտանգաւոր մակարդակի: Տրիբուն Տիբերիոս Գրակքոսը փորձում է անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել, բայց բախւում է Ծերակոյտի կատաղի դիմադրութեանը, որում գերակշռում են աղքատ փլեպէյների խռովութիւնների նկատմամբ աւելի կոշտ մեթոտներ կիրառելու կողմնակիցները: Դրա արդիւնքը գրեթէ հարիւր տարի շարունակուող խռովութիւններն էին, արիւնահեղ քաղաքացիական պատերազմները, բռնագրաւումները եւ քաղաքական սպանութիւնները, որոնք երբեմն վտանգում էին անգամ Հռոմի գոյութիւնը: Խաղաղութիւնն ու ներքին համերաշխութիւնը վերականգնուեցին միայն կայսերական կառավարման ձեւի հաստատումից յետոյ` Օկտաւիանոսի օրօք:

Այս երկու օրինակները ցոյց են տալիս, թէ ինչ դիպաշարներով կարող են զարգանալ իրադարձութիւններն այն հասարակութիւններում, որտեղ հասունացել է կուտակուած հարստութեան վերաբաշխման անհրաժեշտութիւնը: Այդ երկու դիպաշարների զարգացման տասնեակ այլ օրինակներ կարելի է բերել` Եւրոպայի բողոքական բարեկարգումից մինչեւ Ռուսաստանի պոլշեւիկեան յեղաշրջում:

Ոչ մի կասկած չկայ, որ Հայաստանը մօտեցել է այդ կէտին. մի քանի տասնեակ ընտանիքներ պաշտօնապէս կամ քողարկուած վերահսկում են երկրի գրեթէ ամբողջ տնտեսական ներուժը: Ընդ որում` հասարակութեան` եռման կէտին մօտենալու պատճառը ոչ այնքան փոքրամասնութեան կուտակած անթիւ-անհամար հարստութիւններն են (աղքատ երկրում առարկայական պատճառներով դա դժուար հասանելի է), որքան բնակչութեան ճնշող մեծամասնութեան ծայրաստիճան աղքատացումը, որն արդէն սկսել է արտացոլուել մարդկանց արտաքինի եւ մտածողութեան մէջ: Կը կարողանա՞յ Հայաստանի իշխանութիւնն իր մէջ ուժ գտնել կուտակածը ոչ հարկադրաբար, բայց վճռականօրէն ու օրինականօրէն վերաբաշխելու համար` հաշուի առնելով հասարակական կարիքները եւ ազգային անվտանգութիւնը, թէ՞ կը վախենայ գլուխն աւազներից հանել: Գուցէ երրորդ դիպաշարի հաւանականութեան մասին յիշեցումը՞ նրան կ՛օգնի աւելի վճռական լինել:

Այո, բարեկամնե՛ր, պատմութիւնը, ցաւօք, մեզ յիշեցնում է նաեւ երրորդ հնարաւոր դիպաշարի մասին: Այնտեղ, որտեղ ճիշդ ժամանակին Սոլոնի մոտելը կեանքի կոչող իմաստուններ չեն լինում, կուտակուածի վերաբաշխման հասունացած գործընթացին անխուսափելիօրէն խառնւում է երրորդ` միանգամայն օտար ու թշնամական ուժը: Այդ ժամանակ գալիս են հակառակորդի բանակները, որպէսզի անհրաժեշտ վերաբաշխումը սովորական կողոպուտի վերածեն: Իսկ դառնացած ու հասարակական հարստութիւններից անմասն մնացած ժողովուրդը ոտքի չի կանգնում` երկիրը պաշտպանելու համար: Պատմութեան, յատկապէս` հայոց պատմութեան մէջ դրա օրինակներն անհամար են: Ուզում ենք եւս մէ՞կն աւելացնել:

yerkirmedia.am

 

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )