Կիլիկիա
Երեւանի «ԴԱՐ» տարածաշրջային զարգացման եւ մրցակցութեան հիմնադրամը, այլ ծրագիրներու զուգահեռ, ձեռնարկած է հրատարակելու նաեւ «Բոլոր ժամանակների Հայաստանը» եօթհատորեայ ընդարձակածաւալ աշխատութիւնը, որուն երախտարժան հեղինակը բեմադրիչ-դերասանուհի եւ թատերագէտ-պատմաբան Աննա Պետրոսեանն է: Վեց հատորները արդէն իսկ ընթերցողին տրամադրութեան տակ դրուած են, իսկ երկրորդ հատորը մամուլի տակ է: Առաջին երկու հատորները ժամանակին մենք ներկայացուցած ենք մեր ընթերցողներուն: Երրորդ հատորը կ՛ընդգրկէ Կիլիկիոյ հայկական պետութեան ծագումէն մինչեւ Արցախի ազատագրական պայքարի սկզբնաւորումը: Հեղինակը ունի պատմողական գրական սահուն լեզու, հետաքրքրական եւ տպաւորիչ ոճ, ու թէեւ այս հատորները կարդացուին վէպի մը նման, սակայն Աննա Պետրոսեանը յաճախ կը վիճի հեղինակաւոր պատմաբաններու հետ եւ ապա միայն կը բացայայտէ ճշմարտութիւնն ու կը ներկայացնէ զայն գեղեցիկ ու մատչելի ձեւով:
Ստորեւ կու տանք երրորդ հատորին «Կիլիկիա» բաժնի մուտքը, որ ընդհանուր գաղափար մը կու տայ այս հրատարակութեան պատմողական բնոյթին եւ բովանդակութեան մասին:
Կը խոստանանք նաեւ պարբերաբար ներկայացնել միւս հատորները, որովհետեւ այս ձեռնարկը «հանրագիտարանայինին արժէք կը ներկայացնէ հայոց պատմութեան եւ մշակոյթի համար:
Հնագոյն ժամանակներից Կիլիկիայի բնակիչներն էին ասորիները, հայերը, հրեաները, յոյները:
4-րդ դարի պատմիչ Ամմիանոս Մարկելանոսը հաղորդում է, որ Խոսոսի կամ Ալեքսանտրեթի ծոցը կոչւում էր Հայոց ծոց: Յովհաննէս Ոսկեբերանը, երբ աքսորուել է Կիլիկիա, այստեղ հանդիպել է հայերի մեծ բազմութիւնների, որոնք կառավարւում էին իրենց ազգային իշխանների կողմից, ունէին եկեղեցիներ եւ հոգեւոր առաջնորդ: Իսկ Լեռնային Կիլիկիայի խստաշունչ ձմեռը Ոսկեբերանն անուանել է «Հայոց ձմեռ»:
Երբ արաբները 7-րդ դարում աշխարհակործան իրենց նուաճումներով հասան Կիլիկիա, հանդիպեցին հայերի կազմակերպուած յամառ դիմադրութեան: 8-րդ դարից մինչեւ 10-րդ դարը արաբների եւ բիւզանդացիների չընդհատուող արիւնալի բախումների ժամանակ, բռնութիւններից, հալածանքներից ու բռնագաղթերից` նորի՛ց բազմահազար հայեր հաստատուեցին Կիլիկիայում:
10-րդ դարում Կիլիկիայի հայ բնակչութիւնն այնքան ստուար էր, որ գերազանցում էր բոլոր ազգերին միասին վերցրած:
Գիտենք արդէն. հայերի հանդէպ Բիւզանդիայի քաղաքականութիւնը` վերաբնակեցնել նրանց փոքրասիական սահմանային իր նահանգներում, հետապնդում էր մի քանի կարեւոր նպատակ. կայսրութիւնը մահմետական Արեւելքից ապահովել հաւատարիմ, քաջ կռուողներով, հայոց շնորհաշատ ձեռքերը ծառայեցնել իր բարեկեցութեանը, դարձնել նրանց իր եկեղեցու դաւանակիցը եւ, այսպէս, Հայաստանը ջլատելով, զրկել ինքնուրոյն պետական կեանքից: Գիտենք նաեւ, թէ որքան հայ տաղանդաշատ զօրավարներ ու քաջարի ռազմիկներ էին ծառայում յանուն Բիւզանդիայի յաղթանակների եւ անմիջապէս ինչպիսի արագութեամբ էին ոտքի հանում անմխիթար վիճակում գտնուող տեղական տնտեսութիւնները: Բիւզանդական գահին բազմած հայ կայսրերին նոյնպէս հնարաւորին չափ ճանաչեցինք:
Բիւզանդիայի` հայերի նկատմամբ այս քաղաքականութիւնը պատճառ դարձաւ Կիլիկիայում նրանց կուտակումին:
Ի՞նչ էր Կիլիկիան: Ինչո՞ւ էր այսպէս մագնիսի նման ձգում գաղթական դարձած հայութեան մեծին ու փոքրին, այսինքն` իշխանին ու հպատակին:
Գտնուելով Միջերկրական ծովի հիւսիս-արեւելեան գեղատեսիլ անկիւնում` կարծես առանձնացած ու կտրուած էր հէնց իրենից` ծովից:
Կիլիկիայի անունը բացատրում է մի հնագոյն առասպել, որի ընդերքում, անշուշտ, փիւնիկեան գաղութներ հիմնելու պատմական յիշողութիւնն է պահպանուած:
… Փիւնիկեան Ագենովրոս թագաւորի երեք որդիները` Կադմոսը, Փիւնիկսը եւ Կիլքիսը, գնում են որոնելու իրենց Եւրոպէ քրոջը, որին առեւանգել էր աստուածահայր Զեւսը: Զեւսը Եւրոպէին տեսել էր ծովափին ընկերուհիների հետ խաղալիս եւ` սիրահարուել: Եզան կերպարանքով Զեւսը մօտենում է Եւրոպէին եւ հնազանդ գլուխ խոնարհում նրա առաջ: Եւրոպաէն սկսում է շոյել եզան գեղեցիկ գլուխը: Յարմար մի պահի Եզն առնում է աղջկան իր մէջքին եւ, առեւանգելով, տանում է Կրետէ: Փիւնիկիայի վշտահար թագաւորը հրամայում է իր որդիներին փնտռել, գտնել դստերը եւ առանց նրա չվերադառնալ: Եղբայրները երկար փնտռում են իրենց քրոջը, սակայն չգտնելով` չեն վերադառնում հայրենի Փիւնիկիա:
Կադմոսը Յունաստանում հիմնում է Թեբէ քաղաքը, իսկ Կիլքիսը գալով Միջերկրականի այս գողտրիկ ծովափը, իր անունը տալով երկրին` դառնում է նրա թագաւորը:
Ի դէպ, մի ուրիշ առասպելի վկայութեամբ, Փիւնիկիայում յօրինուած առաջին հնչիւնային այբուբենը յոյները ստանում են Կիլքիսի եղբայր Կադմոսից…
Փիւնիկիայի հնագոյն գաղութներից բացի` Կիլիկիայում եղել են նաեւ յունական գաղութներ: Հոմերոսի «Իլիական» սքանչելի պոէմում Տրոյական պատերազմում կիլիկիացիները կռուել են յոյների դէմ, այսինքն եղել են տրոյացիների դաշնակիցը:
Կիլիկիայի անունը ուրիշ բացատրութիւն եւս ունի: Իբր այն ծագել է եբրայերէն «քելկիմ» կամ «կալիկա» բառերից: Երկուսն էլ նշանակում են «քարքարոտ»: Բայց ինչո՞ւ միայն քարքարոտ: Երկրի արեւմտեան շրջանը կոչւում է Քարոտ Կիլիկիա, հիւսիսարեւելեանը` Լեռնային Կիլիկիա, իսկ ծովամերձ շրջանը` Դաշտային Կիլիկիա:
Տաւրոսի լեռնաշղթան հիւսիս-արեւմուտքից ձգուելով հարաւարեւելք` մինչեւ Անդիտաւրոս, Կիլիկիան պատնէշում է փոքրասիական երկրներից, որն անցանելի է միայն ամուր բերդերով պաշտպանուած մի քանի կիրճերով: Ինչպէս, օրինակ, Դրունք Կիլիկիոն, որը Կապադովկիայից դէպի Կիլիկիա տանող լեռնանցքն է եւ համանուն բերդի անունով նաեւ կոչւում է Գուգլակ:
Մ.թ.ա. 6-4 դ.դ. այս կիրճով էր անցնում Աքեմենեան Պարսկաստանի Շոշ-Սարդես Արքայական ճանապարհը: 20-րդ դարում այդ կիրճով իր ուղին հարթեց Պերլին-Պաղտատ երկաթուղին:
Հին հռոմէական ռազմական ճանապարհը անցնում էր այլ լեռնանցքով` Կապանով, որով Կիլիկիան կապւում էր Կապադովկիայի եւ հիւսիսային Ասորիքի հետ:
Մի լեռնանցք եւս Կիլիկիայի եւ Ասորիքի միջեւ բարձրացող Սեւ կամ Ամանոսի լեռնաշղթայի ներսում էր գտնւում եւ կոչւում էր Դուռն Ասորվոց:
Կիլիկիայի լեռներից սկիզբ առնող Սարոս, Կիւդնոս, Կալիկադնոս, Լամոս, Պիւրամոս եւ ուրիշ բազմաթիւ մանր գետեր, ոռոգելով դաշտ ու անդաստան, գնում, թափւում էին Միջերկրական ծով:
Պիւրամոսը Կիլիկիոյ ամենաջրառատ գետն է, որը Տաւրոսի հիւսիսային ճիւղից հաւաքելով իր ջրերը, նեղ ու խոր կիրճերում ահագնանալով, գլխապտոյտ ոլորաններից սրընթաց, խելագար թռիչքներով, հզօր գոչ-աղաղակով հասնում է Մեծ Դաշտավայր եւ այնուհետեւ մեծաշուք, ազնուափայլ հանդարտութեամբ հոսում մինչեւ Հայոց ծոց, իր անուշ, սակայն ճանապարհին բաւական տղմոտուած ջրերը խառնելու Միջերկրական ծովի երկնքի հանգոյն կապոյտ ու աղի ջրերին:
Ամրանը Մեծ Դաշտավայրը շնչահեղձ է լինում միջօրէի տապից: Սուրիական անապատներից չոր, հզօր տաքութեամբ բորբոքուած քամիների շունչը Ամանոսի լեռնանցքներով հասնելով այստեղ` անկենդան է դարձնում դաշտավայրը, որը նաեւ խեղդւում է ծովի ափերին, գետահովիտներում տարածուած ճահճագոլորշուց: Երբեք սառնամանիք եւ ձիւն չտեսած դաշտը փետրուարին ամբողջութեամբ ընկղմւում է կանաչի եւ հազարերանգ ծաղկունքի մէջ, իսկ ապրիլից խեղդւում տօթից եւ վայրագ քամիների շնչից: Երբեմն բռնկուող մոլեգին տենդը ամբողջացնում է դաժան բնապատկերը:
Սակայն, մինչեւ արեւախանձ եւ տենդահարուած տափաստաններին հասնելը, ճանապարհն անցնում է ձիթենու, արմաւենու, կիտրոնի, նարնջի, թզենու պուրակների, խաղողի այգիների, քունջութի, բամպակի, բրնձի դաշտերի միջով: Մեծ Դաշտավայրի այս մասը օրհնուած է մեծ օրհնութեամբ:
Կիլիկիոյ լեռները ծածկուած են մայրու, եղեւնու, սոճու, կաղնու անտառներով ու ծաղկառատ մարգագետիններով: Կիլիկիան օրհնուած է նաեւ ամենաբազմազան վայրի կենդանիների ու թռչունների առատութեամբ, լեռների ընդերքներում գտնուող ամենաբազմազան մետաղահանքերով եւ բուժիչ ջերմուկներով:
Քաղաքակրթութեան հնագոյն այս օրրանը մշտապէս կռուախնձոր է եղել հեռու-մօտիկ հարեւանների համար:
Հնագոյն ժամանակներում չնայած ունեցել է սեփական կառավարիչ, բայց եղել է խեթական տիրապետութեան տակ: Եւ Եգիպտոսի փարաւոնները մշտապէս կռիւներ են մղել խեթերի դէմ Կիլիկիան նրանցից խլելու համար:
Բերեսոս պատմիչը վկայում էր, որ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը մ. թ. ա. 705-681 թ.թ. կռուել է այստեղ հաստատուած հոնիական ցեղերի դէմ: Առհասարակ, Ասորեստանը Կիլիկիան ենթարկել է յաճախակի կրկնուող աւարառու արշաւանքների: Եւ Ասորեստանի դէմ պայքարում Կիլիկիան յաճախ է դաշնակցել հայոց Արարատեան թագաւորների հետ: Յիշենք միայն Ռուսա Առաջինի Սարգոն Երկրորդի դէմ հարեւան երկրների, այդ թւում նաեւ Կիլիկիայի հետ կազմակերպած դաշնադրումները:
Աքեմենեանների ժամանակ Կիլիկիան նրա 4-րդ սատրապութիւնն էր, որը Հերոդոտոսի վկայութեամբ, Եփրատ գետով սահմանակից էր Հայաստանին: Ասացինք արդէն, որ Կիլիկիայով էր անցնում Դարեհ Առաջինի Արքայական ճանապարհը, որն այստեղ ունէր 96 քմ երկարութիւն եւ երեք իջեւանատեղի: Եւ երբ պատերազմներ են սկսուել պարսիկների եւ յոյների միջեւ, կիլիկեցիները, առանձին զօրամասերով եւ հարիւրաւոր ռազմանաւերով, պարսիկների հետ կռուել են ընդդէմ յոյների:
Ալեքսանդր Մակեդոնացու հզօր արշաւանքների ժամանակ Կիլիկիան նուաճեցին մակեդոնացիները: Մակեդոնացու մահից յետոյ այն անցաւ Սելեւկեանների ձեռքը:
Քայքայուեցին նաեւ Սելեւկեանները, եւ Կիլիկիան դարձաւ ծովահէնութեան հզօր կենտրոն, որն ահուսարսափի մէջ էր պահում ողջ Միջերկրեան ծովի տարածքը, նրա ափերին սփռուած երկրներն ու կղզիները:
Հռոմը մ.թ.ա. 2-րդ դարի վերջին կարողացաւ ծովահէնների նաւատորմիղների դէմ կեանքի ու մահու կռւում յաղթանակ շահել, գրաւել Կիլիկիան եւ դարձնել իր նահանգներից մէկը:
Իսկ մ.թ.ա. 83 թուականին տեղացիների անմիջական օգնութեամբ Տիգրան Մեծը նուաճեց Դաշտային Կիլիկիան եւ հիւսիսային Ասորիքի հետ միացրեց Հայաստանին: Տիգրան Մեծը այս ողջ տարածքի կառավարիչ նշանակեց Բագրատ Բագրատունի հայ նշանաւոր զօրավարին: Լեռնային Կիլիկիան Միհրդատ Պոնտացու ձեռքին էր:
Կիլիկիայում հայոց տիրապետութիւնը կարճ տեւեց, ընդամէնը` 16 տարի: Բայց այս տարիները նպաստեցին, որ հայութիւնն այստեղ աւելի բազմամարդ դառնայ:
Հռոմէացի զօրավար Գնէոս Պոմպէոսը մ.թ.ա. 66 թուականին այստեղ վերջ տուեց հայոց եւ պոնտական իշխանութիւններին` ոչնչացնելով կիլիկեցիների 1000 նաւից բաղկացած նաւատորմիղը: Քիչ անց նրան միացուեց Կիպրոս կղզին եւ այնտեղ նահանգապետ նշանակուեց հռետոր Կիկերոնը:
Հռոմն անպայման պիտի տիրէր Կիլիկիային: Նրանով անցնող ռազմուղիները աւելի կարեւոր էին կայսրութեան համար, քան` նրա հարստութիւնները: Այդ պատճառով էլ Հռոմը շտապում էր այնտեղ նոր հզօր ամրոցներ, նոր կամուրջներ ու ռազմական ճանապարհներ կառուցել:
Երբ 4-րդ դարի վերջին Հռոմի կայսրութիւնը բաժանուեց երկու մասի, Կիլիկիան անցաւ Բիւզանդիային:
7-րդ դարում եկան եւ տիրեցին արաբները, 10-րդ դարում` նորից բիւզանդացիները, իսկ յետոյ էլ` սելճուկները:
Պատերազմների այս թոհուբոհից հանգիստ ապաստան գտնելու յոյսով` հայերը մեծ զանգուածներով կուտակուեցին այստեղ:
Զինուորական հզօր կազմակերպութեամբ համախմբուելով` հայութիւնը կարողացաւ ապահովել իր յաղթանակները` ստեղծելով առանձին մեծ իշխանութիւններ, որոնց մասին չպատմել պարզապէս անհնար է:
ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍԵԱՆ

