ԱՄԲՈԽԻ ՈՒԺԸ

«Ինչե՜ր միայն չեն կատարի ամբոխները խելագարուած»,  հայ մեծ բանաստեղծ Չարենցի այս տողը («Ամբոխները խելագարուած» պոեմից), անընդհատ հանգիստ չի տալիս, երբ գրեթէ ամէն օր համացանցում կամ այլ լրատուամիջոցներում հանդիպում եմ «ֆլեշ մոպեր»ի մասին լրատուութեան: Հաւանաբար մեծ բանաստեղծի նկարագրած ամբոխի էութեան խորքում թաքնուած է եղել այսօր շատ տարածուած «ֆլեշ մոպ»երի նախատիպերից մէկը: Չարենցը ժամանակին իր նշանաւոր պոեմում ցոյց է տուել ամբոխի ուժը,  առանց իմանալու, որ  մէկ այլ տիպի ամբոխ («ֆլեշ մոպ» անուանումով), ապագայում դառնալու է  21-րդ  դարի մարդու արտայայտչամիջոցներից մէկը:

«Ֆլեշ մոպը» հասարակութեան մէջ գաղափարներ արթնացնելու համար մեծ գործիք է: Եթէ փորձենք տալ երեւոյթի պարզ սահմանումը, (կազմուած է անգլերէն flash ակնթարթային  եւ mob` ամբոխ բառերից եւ շատ յաճախ թարգմանւում է «կայծակնային ամբոխ») ապա այն նախապէս պայմանաւորուած զանգուածային գործողութիւն է, որի շրջանակներում մարդկանց խոշոր խումբը յայտնւում է որեւէ  հասարակական վայրում եւ մի քանի րոպէների ընթացքում կատարում նախապէս ծրագրուած գործողութիւն,  որից յետոյ գործողութեան մասնակիցները արագ ցրւում են, կարծէս ոչինչ չի պատահել:

«Ֆլեշ-մոպ»ն ունի իր յստակ կանոնները. ամենակարեւոր կանոններից մէկն այն է, որ այդ մասին նախօրօք պէտք չէ յայտարարուի զանգուածային լրատուամիջոցներով, մամուլով, հեռուստատեսութեամբ, ծրագրուած գործողութեան մասին տեղեկութիւնը պէտք է փոխանցուի անձնական կապի միջոցներով եւ գաղտնի պահուի հասարակութիւնից` մինչեւ իրականացումը: Հասարակութեան անդամները տեղում (փողոցում, մեթրոյում, խանութում կամ ուր որ իրականացւում է) միայն պէտք է տեսնեն կատարուածը: «Ֆլեշ մոպ»երը հասարակութեան վրայ տարբեր ազդեցութիւններ են ունենում` նրանք կարող են անակնկալի բերել անցորդներին, զարմացնել, վախեցնել, երբեմն` զայրացնել, նաեւ հնարաւոր է ` անցորդները զուարճանքի եւ ուրախութեան ապրումներ ունենան: Բայց ամէն պարագայի բոլորի մօտ էլ հետաքրքրութիւն է առաջանում, թէ ո՞վքեր են հաւաքուածները եւ ինչո՞ւ են հաւաքուել: Իսկ հաւաքուածները միշտ ինչ-որ նպատակ են ունենում… «Ֆլեշ-մոպեր»ը հիմնականում պարունակում են որեւէ իմաստ, ասելիք եւ չնայած դրան, տեսաբաններն  այն կարծիքն են յայտնել, որ դրանք աւելի շատ ժամանց են:

«Ֆլեշ-մոպ»-ը դուրս է կրօնից, քաղաքականութիւնից, տնտեսութիւնից: Այն երբեք չի կարող օգտագործուել շահադիտական նպատակներով: «Ֆլեշ մոպ»-ը գովազդ չէ: Այս գործողութեան մասնակիցներին ոչ ոք չի վճարում, եւ նրանք էլ  մասնակցութեան համար ոչ մէկին չեն վճարում:

Ինչ որ բան ասելու, փոխանցելու այս ձեւը վերջին տարիներին շատ է տարածուել: Եւ դա պայմանաւորուած է անշուշտ ամբողջ աշխարհում տեղեկատուական եւ հեռահաղորդակցական միջոցների բուռն զարգացմամբ, քանի որ այսօր ցանկացած տեղեկութիւն կարելի է փոխանցել ընկերային ցանցերի եւ «Էս.էմ.էս.» հաղորդագրութիւնների միջոցով:

ԱՌԱՋԻՆ «ՖԼԵՇ ՄՈՊ»Ը

Աշխարհի առաջին «ֆլեշ մոպ»ը շատ վաղ ժամանակներին չի պատկանում. այն ընդամէնը տեղի է ունեցել 2003 թուականի յունիսի  3-ին, Նիւ Եորքի Մանհեթէն շրջանում գտնուող Macys հանրախանութում: Այդ օրը 150 մարդ, նախօրօք պայմանաւորուած, մօտեցել են հանրախանութում վաճառուող խիստ թանկարժէք մի գորգի եւ սկսել են վաճառողներին բացատրել, որ  իրենք մի համայնքի անդամներ են եւ ուզում են գնել գորգը` դրա վրայ սիրով զբաղուելու համար… Սա պատմութեան մէջ  առաջին «ֆլեշ-մոպ»ն էր, որ իբրեւ փորձ կազմակերպել էր «Հարփըրզ մեկեզին» ամսագրի գլխաւոր խմբագիր Պիլ Ուեյսիքը: Այն «ֆլեշ-մոպեր»ի պատմութեան մէջ մտել է «գորգային շարժում» անուանումով: Նիւ-եորքեան այդ շարժումից մէկ տարի առաջ ամերիկացի ընկերաբան Հովարտ Ռեյնկըլտը հրատարակել էր  «Խելացի ամբոխներ. նոր ընկերաբանական յեղափոխութիւն» գիրքը, որտեղ առաջին անգամ կանխագուշակութիւն էր արուել «ֆլեշ-մոպ» երեւոյթի տարածման մասին` առանց այդ արտայայտութիւնը գործածելու:

Ըստ Ռեյնկըլտի, «խելացի ամբոխը» մարդկանց այնպիսի մի խումբ է, որի բոլոր անդամները, առանց միմեանց ճանաչելու եւ նախապէս պայմանաւորուելու, կարող են արագ կողմնորոշուելով այս կամ այն հարցում, միասնական լուրջ ուժ ներկայացնել: Հաշուըւած ամիսների ընթացքում Ուեյսիքի յայտնագործութիւնը մեծ տարածում գտաւ ողջ աշխարհում: Եւ դա պատահական չէ, քանի որ համացանց եւ լաւ երեւակայութիւն ունեցող մարդիկ կան ամէնուրեք:

ՓԵՏՈՒՐԷ ԲԱՐՁԵՐ

2006 թուականին Լոնտոնը դարձաւ ամենազանգուածայն «ֆլեշ-մոպ»երից մէկի կազմակերպման վայր: Մի քանի հազար լոնտոնցիներ ինքնամոռաց տրուել էին լուռ պարի հաճոյքին, որի անցկացման վայր էր ընտրուել աշխարհի հնագոյն Մեթրոփոլիթընը: Մասնակիցները հաւաքուել էին լոնտոնեան Մեթրոփոլիթընի տարբեր կայարաններում` իրենց ականջներին ամրացուած նուագարկիչներով  եւ պայմանաւորուած ժամին միացնելով երաժշտութիւնը  (որ ընկալուչների  շնորհիւ լսել էր միայն իրենց),  պարում էին: Միայն «Վիքթորիա Սթէյշըն» կայարանում լուռ պարողների թիւը գերազանցեց 4000-ը: Այդ զարմանալի տեսարանն այնքան անսովոր ազդեցութիւն թողեց մեթրոյի այցելուների վրայ, որ ոստիկանութիւնը ստիպուած եղաւ խառնուել ընթացքին եւ աստիճանաբար ցրել պարողներին:

Լոնտոնեան գետնատակեայ այդ գործողութիւնից երկու տարի անց կազմակերպուեց պատմութեան առաջին միջազգային «ֆլեշ մոպ»ը:

ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ «ՖԼԵՇ ՄՈՊ»Ը

Առաջին «ֆլեշ-մոպ»երից յետոյ կազմակերպուեցին բաւականին հետաքրքիր շարժումներ, որոնցից մի քանիսը կրեցին միջազգային բնոյթ: Առաջին միջազգային «ֆլեշ-մոպ»ը տեղի է ունեցել 2008 թուականի մարտի  22-ին. այդ օրը աշխարհի 25 խոշոր քաղաքներում` Փարիզից մինչեւ Նիւ Եորք (նաեւ Պէյրութում) հազարաւոր մարդիկ, նախօրօք պայմանաւորուելով եւ հաւաքուելով փողոցներում, վերցրեցին տներից իրենց հետ բերուած բարձերն ու սկսեցին դրանցով հարուածել միմեանց: Ամենամեծ «բարձակռիւը» տեղի ունեցաւ Նիւ Եորքում, որտեղ տարօրինակ այս խաղի մասնակիցների թիւը հասաւ 5000-ի: 5000 մարդ այս գործողութեան մասին տեղեկացուել  էր  բոլոր հնարաւոր միջոցներով` ընկերային ցանցերով, անձնական պլոկներով, ֆորումներով, անձնական կայքէջերով, «Էս.էմ.էս.» հաղորդագրութիւններով, ե-նամակով եւ ի հարկէ` բերնէ բերան:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Քանի որ «ֆլեշ մոպ»երի հիմնական մասնակիցները երիտասարդներ են, զարմանալի չէ, որ այս երեւոյթն իր տեղն է գտել նաեւ շո-պիզնեսում: Օրինակ, ռուս երգչուհի Զեմֆիրայի երկրպագուները իւրայատուկ կերպով էին նշել նրա «Սպասիպօ» (հայերէն` «Շնորհակալութիւն») ալպոմի թողարկումը:  Պայմանաւորուելով երգչուհու պաշտօնական կայքի ֆորումի էջերում` նրա բազմաթիւ սիրահարներ ալպոմի շնորհահանդէսի օրը Մոսկուայի փողոցներում անցորդներին բաժանել են «Էյ ֆոր» չափի թղթեր, որոնց վրայ գրուած էր «Սպասիպօ»: Մի քանի օր անց Զեմֆիրան շնորհակալութիւն յայտնեց երկրպագուներին` անակնկալ շարժումին համար:

Մայքլ Ճեքսընի հանրայայտ հիթին նուիրուած «Թրիլ տը ուըրտ» շարժումը թերեւս դասական «ֆլեշ մոպ» չէ (անցկացման օրն ու վայրը յայտնի էին ամիսներ առաջ եւ  մասնակիցները նախօրօք պատրաստութիւն էին տեսել, ինչը հակասում է «ֆլեշ-մոպ»ի օրէնքներին), այնուամենայնիւ այս նիւթում այն անտեսելը  ճիշդ չի լինի: «Թրիլ տը ուըրլտ» երգին նուիրուած շարժումը առաջին անգամ իրականցուել է 2007-ին: 17 երկրների 80 քաղաքներում շուրջ 1722 մարդ, համապատասխան արտաքին տեսքով կատարեցին «Թրիլ տը ուըրլտ»  տեսահոլովակի զոմպիների նշանաւոր պարը:  Յաջորդ տարի Ճեքսընի երկրպագուները նորից հաւաքուեցին զոմպիապար կատարելու համար. այն փոփ արքան տակաւին ողջ էր:  Իսկ նրա մահից յետոյ`  2009-ին «Թրիլ տը ուըրտ»ին միացան  34 երկրների 250  քաղաքներ, իսկ մասնակիցների թիւը հասաւ 22923-ի:

«ԽԵԼԱՑԻ ԱՄԲՈԽ»Ի ԱՌԱՋԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶՈՀԸ

2001-ի յունուարի 20-ին արձանագրուեց «խելացի ամբոխի` պատմութեան մէջ առաջին քաղաքական զոհը: Այդ օրը Ֆիլիփինի նախագահ Ժոզէֆ Էսթրատան հրաժարական տուեց այն բանից յետոյ, երբ ընդամէնը 75 րոպէի ընթացքում 200 հազար սեւազգեստ մարդ հաւաքուեց երկրի մայրաքաղաք Մանիլայի կեդրոնական հրապարակում: Նրանք բոլորը ստացել էին հեռաձայնային հաղորդագրութիւն, որում գրուած էր. «Անմիջապէս եկէք կեդրոնական հրապարակ, սեւ հագէք»:

…«Ֆլեշ մոպ»-ն իր արտայայտութիւնն է գտել նաեւ համաշխարհային սարդոստայնի մէջ: Պլոկներում եւ ֆորումներում այն կարող է դառնալ որեւէ դիմադրութեան դրսեւորումներից մէկը: Դա կարող է լինել ֆութպոլի խաղի կամ այլ մրցանքի առիթով. ասենք, որեւէ խմբի երկրպագուներ կարող են նախօրօք պայմանաւորուելով, միաժամանակ այցելել հակառակ խումբի երկրպագուների պլոկներն ու դրանով  դժուարացնել նրա այցելութիւնը: Այս մէկը յայտկապէս մեծ տարածում ունի, թէեւ հակասում է «ֆլեշ-մոպ»ի կանոններին եւ պատիւ չի բերում կազմակերպիչներին:

ՀԱՅ «ՄՈՊ»ԵՐ

Հայերը կատակով ասում են, որ աշխարհի առաջին «ֆլեշ-մոպ»ը տեղի է ունեցել հին Հայաստանում, եւ դա եղել է Նոյ նահապետի եւ իր տղաների իջնելը Արարատի լանջին. նրանք    կայծակնային արագութեամբ իջան Արարատի լանջին, յետոյ կայծակնային արագութեամբ էլ ցրուեցին տարբեր ուղղութիւններով… Տպաւորիչ այդ տեսարանից էլ սկիզբ առաւ  մարդկութիւնը:

Ժամանակակից Հայաստանում «ֆլեշ-մոպ»ն  ունի իր կարճ, բայց իւրօրինակ պատմութիւնը. 2010-ի փետրուարին Հայաստանում ստեղծուել է «Հայկական ֆլեշ-մոպի դիվիզիա», որի կազմակերպած առաջին «ֆլեշ-մոպ»ը նուիրուած է եղել Եղեռնի 95-ամեակին: Տասնեակ երիտասարդներ պայմանաւորուած ժամին հաւաքուել էին Երեւանի կեդրոնում եւ իրենց գլխավերեւում պահած կարմիր եւ սպիտակ թղթերով կազմել 95  թիւը: Հայկական երկրորդ «ֆլեշ-մոպ»ը նուիրուած էր ընթերցանութեանը. այն ապացուցեց, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր իսկապէս անտարբեր չեն գրքի նկատմամբ:  Շարժման ժամանակ նախօրօք տեղեկացուած հարիւրաւոր հայեր հաւաքուեցին Քասքատ համալիրում եւ բոլորը միաժամանակ սկսեցին գիրք կարդալ: Հայկական երկրորդ «ֆլեշ մոպ»ը, ինչպէս տեղեկանում ենք հայ ֆլեշերների պաշտօնական կայքից,  խախտեց որոշ կանոններ եւ նախօրօք յայտարարեց կայանալիք «ֆլեշ մոպ»-ի մասին` զանգուածային տեղեկատուութիւն տրամադրելով հասարակութեանը:  Նպատակն այն էր, որ «ֆլեշ մոպ» շարժմանը մասնակցէին որքան հնարաւոր է` շատ մարդիկ եւ Հայաստանում շատերն իմանային, թէ ինչ է այն իրենից ներկայացնում:

Ինչպէս տեղեկացնում են այս շարժման հայ հիմնադիրները, «Ֆլեշ-մոպ»ի մասնակիցները հայաստանեան միջոցառումներում աստիճանաբար աւելանում են, բայց նրանցից շատերը իրական «ֆլեշ մոպ»ի մասին աղօտ պատկերացում ունեն:

Հայկական ֆլեշերները բաւականին հետաքրքիր գործողութիւններ են իրականացրել, որոնցից մէկն էլ ունէր յստակ գաղափար եւ առաքելութիւն, որն իրականացրել էր Ազգային մրցունակութեան հիմնադրամի եւ Սփիւռքի նախարարութեան հետ համատեղ: «Ֆլեշ մոպ»-ը նուիուած էր Տաթեւի վանական համալիրին. սպիտակ մեծ թղթերը, որոնց վրայ նախօրօք նկարուած էր Տաթեւի վանքի ուրուագիծը, պարաններից կախուած էին Սիրահարների այգու մուտքին:  Անցորդները տարբեր գոյների մատիտներով  իրենց ցանկութիւններն էին գրում թղթերի վրայ:  Անցորդներից մէկի բնորոշմամբ, միջոցառումը կարելի է անուանել «բարի մոպ»:

Հայաստանում իրականացուած գործողութիւններից մէկի ժամանակ էլ մասնակիցները իրենց աթոռներով տեղաւորուեցին   Բաղրամեան-Սարեան խաչմերուկում եւ մի քանի րոպէ ուշադիր կարդացին դիմացի շէնքի վրայ ելեկտրոնային սահող տողով հաղորդագրութիւնը: Յետոյ շատ արագ հեռացան` զարմանք պատճառելով անցորդներին:

Հայկական «ֆլեշ մոպ»ային շարժումը իր կայքէջում սահմանել է յստակ կանոններ, որոնք պէտք է կիրառեն այս գաղափարով հետաքրքրուածները: Ըստ սահմանուած կանոնների, գործողութիւնը պէտք է լինի յանկարծակի, մինչ շարժման մասնակիցները չեն հաւաքւում գործողութիւնների վայրերում, չեն փորձում գործողութիւնը:

Շարժման սկզբի եւ աւարտի ժամանակը ճշգրիտ պիտի լինի, դրա համար բոլոր մասնակիցների ժամացոյցները նախօրօք նոյն ձեւով լարւում են: Մասնակիցները նախօրօք իմանում են, թէ ինչ պիտի անեն եւ իրենց պարտականութիւնները պէտք է  կատարեն  յստակ ու ճիշդ ժամանակին:

Պէտք է այնպիսի տպաւորութիւն լինի, որ մասնակիցները նոյնպիսի պատահական անցորդներ են, ինչպէս բոլորը:

Սահմանուած կանոններով բեմադրութիւնը պէտք է ունենայ վերացական բովանդակութիւն, գործողութիւնները պէտք է անտրամաբանական լինեն:

«Ֆլեշ մոպ»-ի հայկական կանոններով, այն պատահական անցորդների մօտ բացասական զգացողութիւններ պէտք չէ առաջացնի: Գործողութիւնները պէտք չէ անցնեն թոյլատրելիի սահմանները, պէտք է մնան գործող օրէնսդրութեան սահմաններում:

Հայկական այս նոր շարժման մասին կարող էք կարդալ դիվիզիայի պաշտօնական կայքէջում` http://www.armflashmob.info հասցէում:

 

ՄԱՐԿԵՍԸ ԳԱԼՈ՞Ւ Է
ՀԱՅԱՍՏԱՆ

«Ֆէյսպուք» ցանցում մի խումբ օգտատէրեր հանդէս են եկել քոլոմպիացի աշխարհահռչակ գրող Գաբրիէլ Կարսիա Մարկեսին Հայաստան հրաւիրելու նախաձեռնութեամբ:

Այս առիթով քուէարկութիւն է կազմակերպուել, որտեղ նշուած է. «Յարգելի հիւրեր, Ձեր մասնակցութեամբ կը փաստէք, որ շատ էք ուզում Գաբրիէլ Կարսիա Մարկեսին տեսնել Հայաստանում: Եթէ մասնակիցների թիւը երկու հազարն անցնի, մենք կը դիմենք Մշակոյթի նախարարութեանն ու այլ պատկան մարմիններին` Մարկեսին պաշտօնական հրաւէր ուղարկելու համար»:

Նախաձեռնողները նշում են, որ հրաշալի կը լինէր, եթէ 2012-ին Գրքի համաշխարհային մայրաքաղաք համարուող Երեւանը հիւրընկալէր նման հեղինակաւոր գրողի: Ի հարկէ տաղանդաւոր գրողը ծեր է եւ հիւանդ, սակայն նրա երկրպագուները յոյսը չեն կորցնում, որ նրան կարող են տեսնել Հայաստանում:

«Կը ցանկանայի՞ք տեսնել Մարկեսին Հայաստանում» հարցին «այո» է պատասխանել 147 մարդ, «ոչ»` 12 մարդ: 57 մարդ հարցին պատասխանել է` «Իսկ դա ո՞վ է»:

 

ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԻՆԳ
ՆՇԱՆԱՒՈՐ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ

Ժամանակակից ամէնանշանաւոր եւ ահազդու ահաբեկչի` Ուսամա Պըն Լատենի սպանութիւնից յետոյ սկսեցին խօսել նաեւ այլ ժամանակներում գործած եւ աշխարհին ու մարդկութեանը սարսափ սփռած այլ ահաբեկիչների մասին եւս:

Մարդկութեանը յայտնի թերեւս ամէնավաղեմի ահաբեկիչը Հերոսթրաթն է: Փոքր Ասիայի Էֆես քաղաքի այս յոյն բնակիչը, ինչպէս յայտնի է, Քրիստոսից առաջ 336 թուականին այրեց աշխարհի եօթ հրաշալիքներից մէկը` Արտեմիսի տաճարը, որպէսզի տիրանայ փառքի եւ մարդկութեան յիշողութեան մէջ յաւերժացնի իր անունը: Պատմական վկայութիւններով Հերոսթրաթը տաճարը հրկիզել է ճիշդ այն գիշերը, երբ լոյս աշխարհ է եկել Աղեքսանտր Մակեդոնացին:

Շակալ Քարլոս (Իլիչ Ռամիրես Սանչես)- Վենեզուելացի յեղափոխական ահաբեկիչ: Նա  1970-80-ական թուականներին իրականացրել է մի շարք ռազմական գործողութիւններ: Շակալ Քարլոսի նշանաւոր ահաբեկչական գործողութիւնը եղել է նաւթարդիւնահանող երկրների 68 նախարարների գերեվարումը` 1975 թուականին` Վիեննայում: Նա զբաղուել է զէնքի վաճառքով: 1975 թուականին դատարանը նրան դատապարտել է ցմահ բանտարկութեան: Դատարանի դահլիճում Քարլոսն իրեն յայտարարել է արհեստավարժ յեղափոխական:

Ուսամա Պըն Լատեն – Միջազգային ահաբեկչութեան առաջնորդ հովանաւորն էր մինչեւ այս տարուան մայիս ամիսը: 1998 թուականին Քենիայում եւ Թանզանիայում Միացեալ Նահանգներում դեսպանատների դէմ իրականացրած հետախուզական յարձակումները  նրա ծրագրած ահաբեկչական գործողութիւններից են: Պըն Լատենին է վերագրւում նաեւ   2001 թուականի սեպտեմբերի 11-ին Միացեալ Նահանգներում իրականացուած մեծ ահաբեկչութիւնը, որին զոհ գնաց 3645 մարդ:

Ամիր ալ Հապաթ-արաբական ծագումով այս ահաբեկիչը պայքարել է ռուսական բանակի դէմ` Չեչենիայում եւ Տաղստանում:

Թիմութի Մաքուէյ- Ծոցի պատերազմի վեթերան, ամերիկացի տասնապետ: 1995-ին պայթեցրել է Օքլահոմա քաղաքի դաշնային վարչութեան շէնքը, որի հետեւանքով մահացել է 168 մարդ եւ վիրաւորուել 500-ը: 1997-ին Մաքուէյը դատապարտուել է մահապատժի, որ իրականացուել է  2001 թուականին:

 

Share this Article
CATEGORIES