Մայրամուտ, Որը Հարկաւոր Է Կասեցնել (Մաս 2)
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
90-ականների սկզբին` մինչեւ պառակտումը, հայկական ընդդիմութիւնն առաջարկեց սահմանադրութեան` լաւ մտածուած ու արհեստավարժօրէն մշակուած համատեղ նախագիծ, որի վերաբերեալ բանավէճերը դարձան անկախութեան առաջին տարիների քաղաքական գործընթացի հէնքը: Իսկ այդ գործընթացի խորապատկերը Ղարաբաղում ազգային-ազատագրական պատերազմն էր, մարդկային կորուստները, դեռեւս անսովոր շրջափակումը, մութ, ցուրտ, սոված օրերն ու գիշերները, բնակչութեան զանգուածային ելքը երկրից եւ բարձր հովանաւորներ ունեցող, օրըստօրէ լկտիացող գողականները, որոնք առաջնորդւում էին անարժանօրէն մոռացուած Վանիկ Սմբատի Սիրադեղեանի կարգախօսով` մեր դէմ խաղ չկայ:
1994 թուականի վերջին իշխանութիւնների համար պարզ դարձաւ, որ ժողովրդական վրդովմունքն այնքան ուժեղ է, որ նոյնիսկ պառակտուած ընդդիմութիւնն ի վիճակի է իրենց լուրջ պարտութեան մատնել խորհրդարանական ընտրութիւններում: Եւ այդ ժամանակ իշխանութիւնը, իր արտասահմանեան տէրերի օգնութեամբ, բոլոր ուժերը կենտրոնացրեց աւելի մեծ հեղինակութիւն վայելող եւ վտանգ ներկայացնող հակառակորդի` Հայ յեղափոխական դաշնակցութեան դէմ: Ես արդէն յիշատակել եմ դաշնակցականներին թուլացնելու նախորդ փորձերի մասին` Հայաստանում եւ արտասահմանում արհեստականօրէն զուգահեռ կառոյցներ ստեղծելու միջոցով: Գործի դրուեց ցանկացած քարոզչութիւն` խորհրդային «մաշուած» առասպելները «համաշխարհային կայսերապաշտութեան շների ու խոշոր քաղքենիութեան վարձկանների» մասին, ծիծաղաշարժ շարժապատկերային քլիշէներ (դրանք հիմա էլ են կիրառւում), կուսակցութեան` նախկինում թոյլ տուած սխալները, արտաքին յարաբերութիւնների ոչ այնքան թափանցիկ դրուագներ ու դրանց հետեւանքները, պատմութեան վիճելի փաստեր եւ, ի հարկէ, հիմնական սարսափազդու հնարքը` ահաբեկչութեան մէջ մեղադրելը: Ի դէպ, վերջինն այնքան էլ չէր վնասում Դաշնակցութեան համբաւին, քանի որ հայ ժողովուրդը ե՛ւ սփիւռքում, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում յարգում եւ գնահատում էր այդ կուսակցութեանը ոչ թէ պոլշեւիկների, հնչակների կամ ռամկավարների հետ գաղափարական վէճերում համոզիչ լինելու, այլ հէնց հարուածին հարուածով պատասխանելու ունակութեան եւ պայքարի զինուած մեթոտներին տիրապետելու համար: Ու թէեւ դաշնակցականները երբեք չեն կորցրել իրենց գլուխն ու զէնքի դիմել սեփական երկրում (յամենայն դէպս, ոչ մի հետաքննութիւն եւ ոչ մի դատարան նման բան ապացուցել չկարողացան), Դաշնակցութեան դէմ 1994-ից սկսուած բռնութիւնները հիմնուած էին հէնց այդպիսի մեղադրանքների վրայ` ահաբեկչութիւն, զինուած յեղաշրջման նախապատրաստում եւ այլն:
Սակայն մի կողմ թողնենք տէրպետրոսեանական վարչակարգի ու դաշնակցականների բախումը, դա առանձին թեմա է` հին նախապատմութեամբ, եւ դրա վերջակէտը դեռ չի դրուած: Կը գայ ժամանակը, եւ Դաշնակցութեան` Հայաստանում 20-րդ դարի վերջին քառորդի գործունէութեան, ի դէպ, նաեւ այլ կուսակցութիւնների պատմութիւնը կը գրուի անկողմնակալ պատմաբանների կողմից (թէեւ, միւս կողմից, որտեղի՞ց այդպիսիք):
Սակայն եթէ փորձենք բացայայտել այն ժամանակուայ իրադարձութիւնների պատճառահետեւանքային կապերը, պարզ կը դառնայ, որ Դաշնակցութեան առաջնորդների ձերբակալութիւնները եւ կուսակցութեան արգելումը նախերգանքն էին անկախ Հայաստանի առաջին խորհրդարանական (1995 թուական) եւ երկրորդ նախագահական (1996 թուական) ընտրութիւնների, որոնք դրեցին ընտրակեղծիքների հիմքը, եւ այդ կեղծիքների կատարելագործումն աներեւակայելի հնարամտութեամբ շարունակւում է մինչ օրս: Այդ ժամանակներից էլ հայկական քաղաքական բառապաշարում յայտնուեց «ամօթալի ընտրութիւններ» բառակապակցութիւնը, որով արդէն քանի տարի անընդհատ խարանւում են նմանատիպ բոլոր միջոցառումները: Իսկ այն, որ 1998 թուականին Տէր Պետրոսեանը հրաժարական տուեց, պարզապէս նախապէս չկանխատեսուած, բայց լաւ օգտագործուած տարր էր անթափանցելի համակարգի եւ իշխանութեան անփոփոխ կազմի վերջնական ձեւաւորման գործընթացում: Բոլորը` ե՛ւ Հայաստանում, ե՛ւ արտասահմանում, տեսան, որ աղքատացած ժողովրդի ատելութեամբ սնուցուող հզօր հանրահաւաքները իշխանութեան կողմից զիջումների, առաւել եւս` նախագահի հրաժարականին չյանգեցրին. հանգստի (այն էլ` ոչ վերջնական) նա գնաց միայն իր իսկ ստեղծած յանցաւոր խմբի ճնշման տակ:
Ճիշդ է, այն ժամանակ ոչ երկար ժամանակով իրական առիթ ստեղծուեց` կառուցել կառավարման եթէ ոչ իտէալական, ապա գոնէ առողջ համակարգ` բարդ իրողութիւններին ու ապագայի մարտահրաւէրներին համարժէք: Սակայն, ցաւօք, դա տեղի չունեցաւ, առիթը բաց թողնուեց, քանի որ հէնց այդ ժամանակ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը կատարեց իր գլխաւոր ու ճակատագրական սխալը: «Գլխաւոր սխալ» ասուածն այս համաթեքսթում չի նշանակում ամենանկատելի, կամ` որ դրա ստուերում միւս սխալները չեն երեւում: Բանն այն է, որ Քոչարեանը վտանգի չդիմեց` իշխանութիւնը արմատապէս փոփոխելու համար. ընտրուելուց յետոյ նա չլուծարեց ՀՀՇ-ական խորհրդարանը` 1995-ի ամօթալի ընտրութիւնների ծնունդը (թէեւ նրան յամառօրէն խորհուրդ էին տալիս): Նա չցանկացաւ իր իրական յենարանը դարձնել անկախ քաղաքական ուժերին, որոնք իրենց չէին արատաւորել տէրպետրոսեանական վարչակարգի հետ համագործակցութեամբ: Իսկ անմիջապէս նախագահականից յետոյ` 1998-ին նշանակուած արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները յաղթանակ կը բերէին հէնց այդ ուժերին, եւ Հայաստանի զարգացումը բոլորովին այլ ուղղութեամբ կ՛ընթանար:
Դա տեղի չունեցաւ, առիթը, կրկնում եմ, բաց թողնուեց, քանի որ ապագայ նախագահ Քոչարեանին դէմ տուեցին բարձրագոչ, ինչպէս թմբուկը, նոյնքան էլ դատարկ կարգախօս` «Իմ կուսակցութիւնը ժողովուրդն է», որը վարպետօրէն նրան զրկում էր իրական քաղաքական աջակցութիւնից: Արդիւնքում` նախկին ՀՀՇ-ականներից շատերը եւ նրանց արբանեակները, մինչ այդ մի գիշերուայ մէջ դարձած «երկրապահ», շունչ առնելու ժամանակ ունեցան եւ արագ կերպարանափոխուեցին հանրապետականների, քանի որ իրեն գլխաւոր հանրապետական էր հռչակել այն ժամանակ ամենազօր Վազգէն Սարգսեանը: Այդպիսով` նրանք պահպանեցին քաղաքական եւ տնտեսական գերիշխող դիրքը հասարակութեան մէջ, ինչը եւ դարձաւ դրան յաջորդած եւ մինչ օրս շարունակուող քայքայման հիմնական պատճառը:
Ի դէպ, այն ժամանակներից սկսած` այդպէս էլ շարունակւում է` Հանրապետական կուսակցութիւնն իրեն առաջնորդ է կարգում կուսակցական գործունէութիւնից` ընդհանրապէս, եւ ցեղակրօն-հանրապետական գաղափարախօսութիւնից` մասնաւորապէս, հեռու հասարակական կամ ծառայողական բարձր դիրք զբաղեցրած կողմնակի անձանց: Ամբողջ աշխարհում յաջողակ կուսակցութիւնների առաջնորդները, ընտրութիւններում յաղթելով, դառնում են պետութեան ղեկավարներ: Հայաստանում հակառակն է` պետութեան ղեկավարները նախ քարշակի դեր են կատարում իշխող նշանակուած կուսակցութեան համար, իսկ յետոյ գրոհում են այդ «նաւը»` իրենց հռչակելով դրա նաւապետ: Այդ ամէնը, անշուշտ, տեղի է ունենում կուսակցական ենթարկուող վերնախաւի բուռն, չդադարող ծափահարութիւնների ուղեկցութեամբ:
Այսպէս, երկրորդ նախագահի գործունէութեան սկզբում, նրա աչքի առաջ, իշխող կուսակցութեան սկսած գործը ՀՀՇ-ից ընդունեց Հանրապետական կուսակցութիւնը: Ընդ որում` ժողովուրդը լռում էր, ինչպէս «Պորիս Կոտունով» ողբերգութեան վերջին արարում: Երկրում հաստատուեց «իշխանութեան փոփոխութիւնը իշխանութիւնների բացառիկ իրաւունքն ու գործն է» քաղաքական բանաձեւի վրայ հիմնուած համակարգ: Ժողովուրդը, քաղաքական կուսակցութիւնները, քաղաքացիական միութիւնները այդ բանաձեւում ոչ մի կերպ չեն տեղաւորւում եւ որոշումներ կայացնելու գործընթացի հետ որեւէ կապ չունեն: Նրանք ընդամէնը հասարակական աշխուժութեան, քաղաքական գործընթացի պատրանքային խորապատկեր են ստեղծում: Իմ մի շատ խելացի ծանօթի բնորոշմամբ` իշխանութիւնը տեղափոխուել է քաֆքայական ամրոց` պատնէշուելով հասարակութիւնից համարեա անթափանց պատով, եւ ժողովրդին, որպէս զուարճալիք, թողնելով միայն անպտուղ պոռթկումները:
Ինչո՞ւ երկրորդ նախագահը, ում հետ այդքան յոյս էր կապւում, թոյլ տուեց դա: Որովհետեւ արդէն 1998-ի նախագահական ընտրութիւնների ժամանակ նրան ըմբռնելի ձեւով բացատրեցին` նախագահի ընտրութեան մեքանիզմները ոչ մի ընդհանուր բան չունեն անձնական հեղինակութեան եւ ժողովրդի կողմից այդ հեղինակութեան ճանաչման հետ: Հայաստանում սա անխախտելի կանոն է, եթէ դրան չես հետեւում, նշանակում է տեղ չունես իշխանութեան մէջ, չես էլ կարող մնալ այնտեղ: Պարզապէս զարմանալի է, թէ ինչպիսի հետեւողականութեամբ էին կանխւում հասարակութեան` իր ճակատագրի ընթացքին միջամտելու փորձերը: Ահա ցայտուն օրինակ` 2003-ի նախագահական ընտրութիւնները: Առաջին փուլում միայն վարչական միջոցների շնորհիւ յաղթանակի հասնել չյաջողուեց, իսկ երկրորդ փուլում գործն իրենց ձեռքը վերցրեցին Ռոպերթ Քոչարեանին աջակցող քաղաքական ուժերը: Նրանք ճիգ գործադրեցին եւ հասան յաջողութեան` իրենց թեկնածուի համար ապահովելով համեստ, բայց ամուր ու յուսալի գերակշռութիւն: Լուրջ վտանգ առաջացաւ (իսկ ժողովրդի համար` յոյս), որ նախագահը կ՛ընտրուի առանց կատարելագործուած խարդախութիւնների եւ տարատեսակ կիսաքրէական ղեկավարների նիւթական աւանդի` առանց գողականների, ուժային կառոյցների, Կենտրոնական ընտրական յանձնաժողովի խորամանկ խարդախների, գաւառական ցեղական առաջնորդների ու նրանց շքախմբերի, այլ հիմնականում քաղաքական գործիչների ուժերով ու քաղաքական մեթոտներով: Վերեւներում իրենց «կաշուով» զգացին այդ վտանգը: Ի՛նչ իրարանցում սկսուեց: Մինչ ընտրատեղամասերը փակելը` վերջին ժամերին, թէ ի՛նչ էր կատարւում: Մկանների անտեղի խաղ, արձանագրութիւններում անտեղի լրացումներ, քուէաթերթիկների անտեղի լցոնում, անտեղի լարուածութիւն ու վազվզոց: Թքելով երկրի հեղինակութեան ու շահերի, անգամ` հէնց իշխանութեան վրայ, ծառայում էին ուժերի գերլարումով` ապականելով ու փչացնելով համեստ, բայց ազնիւ յաղթանակը, այն վերածելով հերթական ամօթալի իրադարձութեան: Եւ այդ ամէնը մի նպատակի համար` որպէսզի ծնունդ առնող քաղաքացիական հասարակութեան մտքով չանցնի մտնել «տիրելու» գործերի մէջ, իսկ «տնօրէնի» (այսպէս են երկրի ղեկավարութեան կիսագողական շրջանակներում անուանում նախագահին) գլխում յանկարծ չծնուի այն ըմբոստ միտքը, թէ ընտրուել կարելի է նաեւ ժողովրդի կամքով: Աստուած մի արասցէ, որ ժողովրդական զուարճալիքը` ժողովրդավարութիւնը, ինչ-որ մէկը լուրջ ընդունի:
Սակայն շուտով պարզ դարձաւ, որ ժողովրդական զուարճալիքից իշխանութիւնները կարող են օգուտ քաղել: Մի՛ մոռացէք` սկսուել էր 21-րդ դարը, Հայաստանը Եւրոպայի խորհուրդ մտնելու ճանապարհին էր, եւ առանց ուրախ, ժողովրդավարական երանգներով ներկուած ճակատի դժուար կը լինէր: Եւ այստեղ հայկական իշխանութիւններին օգնութեան հասաւ արեւելաեւրոպական համայնավար երկրների` նախորդ մասում նկարագրուած «բազմակուսակցական» փորձը, որը կարելի էր քողարկել «անցումային շրջանի բազմակարծութեամբ»: Իշխող կուսակցութեան անփոփոխութեան մոտելը` առաջատարի նրա դերը չվիճարկող այլ կուսակցութիւնների առկայութեան պայմաններում, Հայաստանում դարձաւ իշխող: Ով ընդունում է դա, դառնում է համակարգի մաս եւ կարող է քաֆքայական ամրոցում յայտնուելու յոյս փայփայել, կամ` գոնէ դրա մատոյցներում: Իսկ ո՞վ չի ընդունում: Նրանց եւ միւսների մասին շուտով կը խօսենք: