ԿՐԿԻՆ ԿԱԶԱՆՈՒՄ` ՎԵՑ ՏԱՐԻ ԱՆՑ

ԵԱՀԿ Մինսքի խմբի եռանախագահող պետութիւնների առաջնորդները` Տմիթրի Մետւետեւը (Ռուսաստան), Պարաք Օպաման (Միացեալ Նահանգներ) եւ Նիքոլա Սարքոզին (Ֆրանսա) Հայաստանի ու Ազրպէյճանի նախագահներին յորդորել են «քաղաքական կամք դրսեւորել» եւ յունիսի վերջերին Կազան քաղաքում (Թաթարստան) Ռուսաստանի, Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների հերթական հանդիպման ընթացքում  «աւարտին հասցնել աշխատանքը` Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հիմնարար սկզբունքների վրայ»:

Ուշագրաւ է, որ հակամարտութեան կարգաւորման հիմնարար սկզբունքները, որոնց մասին յիշատակում են Ռուսաստանի, Միացեալ Նահանգների ու Ֆրանսայի նախագահները, առաջին անգամ Հայաստանի ու Ազրպէյճանի նախագահներին է ներկայացուել նոյն Կազան քաղաքում` 2005 թուականի օգոստոսին: Գործընթացը սկսուել էր աւելի վաղ` 2004 թուականի գարնանը Փրակայում: Ճիշտ է, այդ սկզբունքները հետագայ տարիներին փոփոխութիւնների ենթարկուելուց յետոյ վերջնական տեսքի բերուեցին եւ Երեւանին ու Պաքուին փոխանցուեցին 2007թ. նոյեմբերին Մատրիտում (որից էլ` Մատրիտեան առաջարկներ անունը), սակայն նախնական տարբերակը` երկուսուկէս էջանոց աշխատանքային փաստաթուղթը, հէնց Կազանում էր ներկայացուել:

Տովիլում արուած եռեակի (Մետւետեւ-Օպամա-Սարքոզի) յայտարարութիւնում ասւում է, որ, «երբ համաձայնութիւնը ձեռք բերուի, մենք պատրաստ ենք ճանաչել այդ սկզբունքների պաշտօնական ընդունումը, աջակցել խաղաղ համաձայնագրի մշակմանը եւ յետագայում մեր միջազգային գործընկերների հետ միասին սատարել դրա կատարմանը»:

Այսպիսով, մինչ Ռուսաստանի, Միացեալ Նահանգներ եւ Ֆրանսայի նախագահները յստակ յայտարարում են, որ դեռեւս համաձայնութիւն չկայ հիմնարար սկզբունքների շուրջ, Հայաստանը եւ Ազրպէյճանը շարունակում են միմեանց մեղադրել ոչ շինիչ քաղաքականութիւն վարելու մէջ:

«Հայաստանը յստակ պատասխան է տուել ԵԱՀԿ Մինսքի խմբի եռանախագահների կողմից ներկայացուած հիմնարար սկզբունքների վերջին տարբերակին` որպէս հիմնախնդրի կարգաւորման համար բանակցութիւնների հիմք: Եթէ Ազրպէյճանը տայ իր միանշանակ համաձայնութիւնը, ապա հնարաւոր կը լինի առաջընթաց արձանագրել կարգաւորման գործընթացում»,- յայտարարել է արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանը:

Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարութիւնը այսպէս է արձագանգել. «Հայաստանը, հետեւելով ԵԱՀԿ-ի Մինսքի խմբի համանախագահ երկրների նախագահների յայտարարութեան տրամաբանութեանը, պէտք է սկսի իր զինուած ուժերի դուրսբերումը Ազրպէյճանի տարածքներից: Փաստաթղթերը եւ սկզբունքները, որոնց վրայ յղում են կատարում երեք պետութիւնների ղեկավարները, քանիցս քննարկուել են, եւ դրանցում բոլորում սկզբունքօրէն դրւում է Ազրպէյճանի տարածքներից հայկական զինուած ուժերի դուրսբերման անհրաժեշտութեան հարցը: Հետեւաբար հայկական կողմը պէտք է հասկանայ, որ միջազգային հանրութիւնը չի հանդուրժի Հայաստանի կողմից Ազրպէյճանի տարածքների բռնագրաւումը:

Տովիլի յայտարարութեան նախօրէին հեռակայ բանավէճի մէջ էին մտել Նալբանդեանն ու նրա ազրպէյճանցի գործընկեր Էլմար Մամետեարովը:

Երբ Նալբանդեանը յայտարարում է, որ Ազրպէյճանը պէտք է համաձայնուի միջազգային հանրութեան առաջարկի հետ, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պէտք է որոշի Արցախի հայ ժողովուրդը` իրաւական պարտադիր ուժ ունեցող կամարտայայտութեան միջոցով, ապա նա ուղղակի մէջբերում է կատարում Նորացուած Մատրիտեան փաստաթղթից: Դեռեւս չհամաձայնեցուած այդ աշխատանքային փաստաթղթի վեց հիմնական կէտերը, ըստ էութեան, հրապարակուել են 2009-ի ամրանը` Աքուիլայի Մեծ Ութնեակի գագաթաժողովի օրերին` Ռուսաստանի, Միացեալ Նահանգների եւ Ֆրանսայի նախագահների համատեղ յայտարարութեան տեսքով:

Երբ Մամետեարովը յայտարարում է, որ Հայաստանը պէտք է համաձայնուի միջազգային հանրութեան առաջարկի հետ, որ հայկական ուժերը պէտք է դուրս բերուեն «գրաւեալ տարածքներից», նա եւս ուղղակի  մէջբերում է նոյն այդ փաստաթղթի մէկ այլ կէտ:

Նման մարտավարութիւնը` ԵԱՀԿ Մինսքի խմբի միջնորդների ներկայացրած առաջարկները ընտրողաբար իրենց հասարակութիւններին ներկայացնելը, նորութիւն չէ կարգաւորման բանակցային պատմութեան մէջ: Այդպէս էին վարւում նաեւ Հայաստանի ու Ազրպէյճանի նախկին արտաքին գործերի նախարարներն ու նախագահները:

Այսօր, սակայն, կարգաւորման գործընթացում էական է մէկ այլ միտում: Ազրպէյճանական կողմի յայտարարութիւններից ու ղարաբաղեան խնդրի հետ առնչութիւն ունեցող օտարերկրեայ դիւանագէտների հետ off-record (չհրապարակելու պայմանով տրուող տեղեկատուութիւն) զրոյցներից այն տպաւորութիւնն է ստեղծւում, որ Ազրպէյճանը փորձում է արխիւ ուղարկել խորհրդապահական համարուող 14-կէտանոց Մատրիտեան փաստաթուղթը, որի առաջին տարբերակի վրայ կողմերն սկսել են աշխատել 2004 թուականից: Այսպէս սկսուեց փրակեան գործընթացը, որի բիւրեղացումը 2007-ի նոյեմբերին ներկայացուած Մատրիտեան փաստաթուղթն էր: ԵԱՀԿ պահեստանոցում պահուող խորհրդապահական այդ փաստաթուղթը վերջին երեք տարիներին բաւականին փոփոխութիւններ է կրել` ի վնաս Հայաստանի, սակայն նրանում ինքնորոշման սկզբունքը, լայն հաշուով, պահպանուել է: Ճիշտ է նաեւ, որ ի տարբերութիւն Մատրիտեանի, որի հէնց առաջին կէտում է խօսւում ինքնորոշման իրաւունքի մասին (օգտագործւում է պլեբիսցիտ բառը, որը իրաւական եզր է), Նորացուած Մատրիտեանում, իրաւական ուժ ունեցող այդ բառի փոխարէն` օգտագործւում է «իրաւականօրէն պարտադիր կամարտայայտութիւն» անորոշ եւ խոցելի եզրը: Բացի այդ, եթէ Մատրիտեանում որպէս առաջին կէտ նշւում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը` պլեբեսցիտի ճանապարհով, ապա Նորացուած Մատրիտեանի առաջին կէտում, մեր տեղեկութիւններով, դրուել է տարածքներ հետ տալու ձեւակերպումը: Յիշեցնենք, որ ինչպէս Մատրիտեանում, այնպէս էլ դրա ձեւափոխուած տարբերակներում, խօսք է գնում հինգ շրջանները փաստաթղթի ստորագրումից անմիջապէս յետոյ վերադարձնելու մասին, իսկ Քարվաճառի (Քելբաջար) ու Քաշաթաղի (Լաչին) շուրջ վէճերը մնում են կողմերի միջեւ ամենաբարդ լուծելի հարցերի թւում:

Անկասկած, Մատրիտեան փաստաթուղթը լաւը չէ, սակայն շատ աւելի լաւն է, քան Նորացուածը կամ 1997-ին ներկայացուածը` եւ փուլային, եւ փաթեթային: Հետեւաբար, հայկական կողմի համար այսօր շատ կարեւոր է, որպէսզի Ազրպէյճանը չկարողանայ այդ փաստաթուղթը ուղարկել արխիւ: Որեւէ երաշխիք չկայ, որ եթէ հակամարտութեան կողմերը նոր գործընթաց սկսեն, ապա նոր փաստաթուղթը աւելի լաւն է լինելու, քան Մատրիտեանը:

Հայաստանի ու միջազգային հանրութեան համար շատ աւելի կարեւոր է թոյլ չտալ, որ Պաքուն իր հետեւից ջրխկացնի դուռը ու հեռանայ բանակցային գործընթացից: Հայաստան-ազրպէյճան եւ Արցախ-ազրպէյճան սահմաններում ստեղծուած ռազմական հաւասարակշռութեան հետ միասին հէնց խաղաղ բանակցութիւններն են, որոնք զսպում են լայնածաւալ նոր պատերազմի բռնկումը:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Յատուկ «Ազդակ»ի համար

 

 

Share this Article
CATEGORIES