Պաքուի Սեւ Ցուցակում Ընդգրկուածները Հեգնում Են

ԳԷՈՐԳ ՍՏԱՄԲՈԼՑԵԱՆ

Լեռնային Ղարաբաղ. աշխարհահռչակ երգչուհի Մոնսերաթ Քապալիէն Գանձասարի վանքում

Լեռնային Ղարաբաղ. աշխարհահռչակ երգչուհի Մոնսերաթ Քապալիէն Գանձասարի վանքում` Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանի հետ, 5 յունիսի, 2013թ., լուսանկարը` Զաւէն Խաչիկեանի

«Պաքուի քաղաքագիտական շրջանակներում էլ համոզուած են, որ Ազրպէյճանի իշխանութիւնների` նման որոշում կայացնելու իրական շարժառիթը այն չէ, ինչը ներկայացւում է»:

ԵՐԵՒԱՆ, «Ազատութիւն».- Տարակուսանք եւ հեգնանք. այսպէս կարելի է բնութագրել Ազրպէյճանի կողմից հրապարակուած սեւ ցուցակում ընդգրկուած անձանց առաջին արձագանգը պաշտօնական Պաքուի որոշմանը:

Շաբաթավերջին Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարութիւնը հրապարակեց 335 հոգիանոց մի ցուցակ, որում ընդգրկուած մարդկանց մուտքը Ազրպէյճան այսուհետ խստիւ արգելուած է: Պատճառը այդ անձանց` տարբեր տարիներին Լեռնային Ղարաբաղ կատարած այցելութիւններն են:

Ազրպէյճանական դիւանագիտական գերատեսչութեան հրապարակած ցանկում տարբեր պետութիւնների ներկայացուցիչներ կան` Ռուսաստանից մինչեւ Արժանթին, Ֆրանսայից մինչեւ Իրան: Ազրպէյճան այլեւս չեն կարողանայ մուտք գործել աշխարհահռչակ օփերային երգչուհի Մոնսերաթ Քապալիէն եւ Հարաւային Կովկասում Եւրոմիութեան նախկին յատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեպին, ամերիկացի տիեզերագնաց Չարլզ Տիւքն ու 80-ականների իտալական փոփ աստղ Ալ Պանոն: Սեւ ցուցակում են Ֆրանսայի խորհրդարանի հայամէտ բոլոր երեսփոխանները, այդ թւում` Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագծի հեղինակ Վալերի Պուայէն: Անցանկալի անձանց այս ցուցակում մեծ տեղ են զբաղեցնում նաեւ լրագրողներն ու փորձագէտները:

Ազրպէյճան մուտք գործելու իրաւունքից զրկուել է լոնտոնեան «Թայմզ»-ի թղթակից Թոնի Հալփինը: Թուիթըրի իր էջում բրիտանացի լրագրողը գրել է. «Անցեալ տարի «Եւրատեսիլ»-ի շնորհիւ ես հասցրեցի տեսնել Պաքուն: Հիասքանչ քաղաք, բարեհամբոյր մարդիկ եւ սարսափելի վարչակազմ»:

Ցուցակում է մոսկովեան ամենաազատական ռատիոկայանի համարումն ունեցող «Էխօ Մոսկվի»-ի գրեթէ ողջ ղեկավարութիւնը, այդ թւում գլխաւոր խմբագրի երկու տեղակալները` Սերգէյ Պունթմանն ու Վլատիմիր Վարֆոլոմէեւը: Վերջինս իր ֆէյսպուքեան էջում երէկ գրել է. «Ես միայն վերջերս համտեսեցի Պաքուի փախլաւան: Եւ ի՞նչ, ստիպուած եմ լինելու ընդմիշտ մոռանա՞լ այդ հիասքանչ համը»:

Այսուհետ Ազրպէյճան մուտք գործելու իրաւունք չի ունենայ նաեւ Ռազմավարական եւ միջազգային հետազօտութիւնների ուաշինկթընեան կենտրոնի փորձագէտ Սերգէյ Մարքետոնովը: Վերլուծաբանը ֆէյսպուքի իր էջում գրել է. «Ես միշտ էլ ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծումը Ազրպէյճանին ձեռնտու չէ: Նշել եմ նաեւ, որ հնարաւոր չէ մի իրավիճակ, երբ Լեռնային Ղարաբաղը խորհրդային տարիների օրինակով որպէս ինքնավար մարզ կը վերադառնայ Ազրպէյճանի կազմ: Այն մասին, որ նոյն գետը երկու անգամ չեն մտնում, ես յայտարարել եմ նաեւ Պաքւում: Փաստօրէն այլեւս Ազրպէյճանում նման յայտարարութիւններ անելու հնարաւորութիւն չեմ ունենայ: Եւ ի՞նչ: Ղարաբաղեան հիմնախնդիրը միանգամից կը լուծուի՞ այն տարբերակով, որ ձեռնտու է ազրպէյճանական իշխանութիւններին»:

Պաքուի քաղաքագիտական շրջանակներում, ի դէպ, համոզուած են, որ այս որոշումը կայացնելու ընթացքում Ազրպէյճանի իշխանութիւնները Լեռնային Ղարաբաղ կատարած այցելութիւնների փաստը զուտ որպէս պատրուակ են օգտագործել: Քաղաքագէտ Արասթուն Օրուճլուն «Ազատութիւն» ռատիոկայանի հետ զրոյցում նշել է. «Ես կարծում եմ` պատճառներն այլ են: Դա անմիջական կապ ունի նախագահական ընտրութիւնների հետ: Այս ցուցակը, ըստ ամենայնի, կազմուել է ոչ թէ Ալ Պանոյի կամ Մոնսերաթ Քապալիէի, այլ լրագրողների, վերլուծաբանների, քաղաքական գործիչների ու փորձագէտների պատճառով: Նրանք կարող էին Ազրպէյճան այցելել ընտրութիւններից առաջ կամ հէնց քուէարկութեան օրը` լուսաբանելով այն իրողութիւնները, որոնք առկայ են Ազրպէյճանում»:

 

 

Share this Article
CATEGORIES