Իրադարձութիւն` Շուշիում. Բեմադրուելու Է «Արծուաբերդ» Օփերան
ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Սեպտեմբերի 1-ին Արցախի անկախութեան պատմութեան մէջ առաջին անգամ բեմադրուելու է օփերա` Անդրեյ Բաբայեւի «Արծուաբերդ» օփերան, որի անդրանիկ ներկայացումը տեղի է ունենալու Շուշիում: Ներկայացումը նուիրուած է լինելու Արցախի անկախութեան օրուան (Արցախի անկախութեան տօնը սեպտեմբերի 2-ն է) եւ արցախցի յօրինող Անդրեյ Բաբայեւի 90-ամեակին: Այս նախագծի գեղարուեստական ղեկավարն է Սարինէ Աւթանդիլեանը, ով նաեւ հանդիսանում է «Սպեղանի» երգչախմբի հիմնադիրը, խմբավարն ու գեղարուեստական ղեկավարը:
Երբ հետաքրքրուեցինք, թէ ինչո՛ւ յատկապէս ընտրեցին «Արծուաբերդ» օփերան, Սարինէ Աւթանդիլեանն ասաց. «Ժամանակին Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէի ազգային ակադեմական թատրոնի մշտական ծրագրերից էր: Քանի որ իր հիմնական բնագիրը խորհրդայինն էր, այն գրուած էր 1957թ. եւ առաջին անգամ բեմադրուել էր այդ ժամանակ, ներկայ բեմադրութեան մէջ նիւթը նորովի է մեկնաբանւում, որի շնորհիւ օփերան նոր շունչ է ստացել»:
Օփերայի խօսքերի նոր խմբագրումը կատարել է Սարինէ Աւթանդիլեանը, խմբավարն է` Էդուարդ Թոփչեանը, բեմադրիչը` Ժիրայր Դադասեանը, բեմադրող նկարիչը` Աստղիկ Ստեփանեանը, բեմադրող պարուսոյցը` Արա Ասատուրեանը: Ընդ որում, օփերային մասնակցելու են` վաստակաւոր խումբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիք նուագախումբը` գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր խմբավար Էդուարդ Թոփչեան, «Սպեղանի» երգչախումբը` գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր խմբավար Սարինէ Աւթանդիլեանը, «Հովեր» պետական սենեկային երգչախումբը` գեղարուեստական ղեկավար եւ խմբավար Սոնա Յովհաննիսեանը, Արցախի պետական սենեկային երգչախումբ «Վարարակն»` գեղարուեստական ղեկավար եւ խմբավար Նինա Գրիգորեանը, Արցախի պետական սենեկային երգչախումբ «Մրակաց»` գեղարուեստական ղեկավար եւ խմբավար Մարինէ Մեսրոպեան, Արցախի պարի պետական համոյթ` գեղարուեստական ղեկավար Աշոտ Բաբայեան, Երեւանի մնջախաղի պետական թատրոն` գեղարուեստական ղեկավար Ժիրայր Դադասեան:
Նախագծի գեղարուեստական ղեկավարի խօսքով, օփերային ներկայացումը նախեւառաջ մեծ տօն է լինելու արցախցիների համար: «Սա մեծ իրադարձութիւն է: Սա մի նախագիծ է, որ պէտք էր արուէր: Զարգացնելով հայկական օփերային արուեստի դասական աւանդոյթները, հեղինակը ստեղծել է նուրբ քնարականութեամբ եւ խորը յուզականութեամբ յագեցած ազգային ինքնատիպ երաժշտութիւն: Օփերայի ստեղծման եւ բեմադրութեան հարցում շատ կարեւոր դեր է ունեցել հայկական օփերայի արուեստի մեծ վարպետ, խմբավար Միքայէլ Թաւրիզեանը: Նա է ոգեւորել երիտասարդ Բաբայեւին գրել այդ օփերան, որը Բաբայեւի առաջին օփերան էր», նշեց Ս. Աւթանդիլեանը, ում խօսքով` Ա. Բաբայեւի երազանքն էր, որպէսզի «Արծուաբերդ»-ը ներկայացուի Շուշիում:
Ի դէպ, Ա. Բաբայեւի կինը եւ դուստրը բնակւում են Մոսկուայում, ովքեր օփերայի բեմադրութեան առթիւ իրենց ուղերձն են ուղարկել այնտեղից: Դուստրը` Զառան, իր ուղերձի մէջ նշել է. «Մեծ խորհուրդ կայ այսօր: Հէնց այստեղ` Շուշիում, Արցախի անկախութեան օրը վերստին յառնեց «Արծուաբերդ»-ը: Մենք երջանիկ ենք, որ «Արծուաբերդ»-ը չի մոռացուել եւ ուրախ ենք, որ այս նշանաւոր երաժշտական իրադարձութիւնը` Արծուաբերդ օփերայի ներկայացումը իրականացաւ յօրինողի հայրենիքում: Յայտնում ենք մեր երախտագիտութիւնը բոլոր այն անձնուէր մարդկանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել նախագծի իրականացման համար»:
Սարինէ Աւթանդիլեանն անդրադառնալով օփերայի նիւթին` ասաց. «Արծուաբերդ»-ի նիւթը արտացոլում է սիրոյ մի պատմութիւն, որտեղ երեւում է բարի եւ չար ուժերի մշտնջենական պայքարը, եւ այդ պայքարի արդիւնքում բացայայտւում է դրական հերոսների ներաշխարհի վեհութիւնն ու մաքրութիւնը, միւս կողմից` թշնամիների չարութիւնն ու անխուսափելի կործանումը: Օփերայի ամենամեծ գաղափարը ժողովրդի յաղթանակն է նոր կեանքի ճանապարհին, ինչը համահունչ է Արցախի ներկայ իրավիճակին: Ճշմարտացիօրէն եւ համոզիչ կերպով է արծարծւում ստեղծագործութեան ընդհանուր, մեծ գաղափարը` ժողովրդի յաղթանակը նոր կեանքի ճանապարհին», ասաց Սարինէ Աւթանդիլեանը: Նրա խօսքով, օփերան ոգեշնչում է առաջացնելու արցախցիների մօտ` ներկաներին հաղորդելով հայրենասիրութիւն: Նախագծի գեղարուեստական ղեկավարը յաւելեց նաեւ, որ նախագծի բոլոր մասնակիցներն աշխատում են ամենամեծ նուիրումով:
Երեւան-Պէյրութ