ԼԱՒ ՈՒ ՎԱՏ ԴԱՍԱԳԻՐՔ ՉԿԱՅ, ԿԱՆ ԿԱՊԵՐ, ԿԱՅ ՀՈՎԱՆԱՒՈՐՉՈՒԹԻՒՆ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿ` ԿՐԹՈՒԹԵԱՆ ԵՒ
ԳԻՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՄԷՆ ԱՇՈՏԵԱՆԻՆ ԵՒ
ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՄՐՑՈՅԹԻՆ ԱՌՆՉՈՒՈՂ ՄԻՒՍ ԱՆՁԱՆՑ

Կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը դիմել է առաջադիմական մի քայլի`  համացանցում զետեղելով դասագրքերի մրցոյթում յաղթած դասագրքերը:

Ժողովրդավար ենք, թափանցիկ ենք աշխատում. համեցէք, խօսէք, լրացրէք, ուղղէք, բարելաւէք, սեպտեմբերին ա՛յս ենք մատուցելու ձեզ: Յետոյ չդժգոհէք:

Վերջապէս հնարաւորութիւն ունենք ծանօթանալու հայոց լեզուի 7-րդ դասարանի այն դասագրքին, որ «յաղթեց» այս անգամ:

Հեղինակները նշուած չեն: Մեզ այնքան էլ չի հետաքրքրում` հանգուցեալ ակադ. Էդ. Աղայեանի հեղինակային իրաւունքները պաշտպանուա՞ծ են, թէ՞ ոչ (շուրջ տասնհինգ տարի դպրոցում չգործածուող նախկին դասագրքերը հեղինակել էին Էդ. Աղայեանն ու Յովհ. Բարսեղեանը): Կամ թէ իննսուն տարեկանը բոլորած փրոֆ. Յովհ. Բարսեղեանը հին դասագրքի արտագրուած մասերից բացի ի՞նչ մասնակցութիւն է ունեցել այս գործին եւ կամ տեղեա՞կ է, թէ ի՛նչ է մատուցւում հայ դպրոցականներին նաեւ ի՛ր անունով:

Բոլորին արդէն յայտնի է, որ հայ դպրոցի համար այս ճաշը եփել է Երեւանի պետհամալսարանի հայոց լեզուի դասախօս, իր օրապակաս թեսթերով հանրութեանը քաջածանօթ Փառանձեմ Մէյթիխանեանը:

Յաղթանակի հասնելու մեքանիզմները, հովանաւորչութիւնը, մրցոյթի կազմակերպիչների եւ դասագրքերը գնահատողների յանցաւոր գործելակերպը մենք մանրամասն ներկայացրել ենք հանրութեանը:

Հիմա մի քանի նկատառում անենք եւ մէկ գործնական առաջարկ` կրթութեան նախարարին եւ մրցոյթի ընդհանուր յանձնաժողովի անդամներին:

Ընթերցողներին չենք ձանձրացնի` մասնագիտական, մանկավարժական եւ հոգեբանական հարիւրաւոր սխալներն ու վրիպումները ներկայացնելով: Այդպիսի նպատակ չունենք:

Յատկապէս որ այս գրքի գլխաւոր հեղինակը յամառօրէն սովորել չի ուզում: Անցեալ տարի բուհերի ընդունելութեան քննութիւնների առիթով որքան ասացինք, չհասկացաւ (պարզւում է` չհասկացան նաեւ իր հովանաւորները): Եթէ սովորել ուզենար, ապա, օրինակ, դասագրքի 11-րդ էջում, որ անցած դասարանի նիւթի կրկնութեանն է նուիրուած, չէր գրի. «Մենիմաստ բառերն աւելի շատ են»:

Բացում ենք մայրենիի 6-րդ դասարանի դասագիրքը եւ կարդում, որ մենիմաստ բառերն աւելի քիչ են, քան` բազմիմաստ բառերը: Սա դասագրքային հանրայայտ ճշմարտութիւն է, ինչպէս որ` 5+5=10:

Երկու երեւոյթի հետ գործ ունենք` 1) մասնագիտական խիստ ցածր մակարդակ եւ 2) անտեղեակութիւն դպրոցական դասագրքերից: Չենք բացառում, որ ուղղակի հակադրւում է 6-րդ դասարանի դասագրքի հեղինակ Դ. Գիւրջինեանին (եւ միւսներին) եւ,  ինչպէս միշտ, խայտառակ պարտութիւն կրում: Հոգ չէ, թէ աշակերտները մի տարի կը սովորեն, որ մենիմաստ բառերն աւելի քիչ են, յաջորդ տարի` աւելի շատ:

Հաւանաբար չորս տարի յետոյ էլ այս եւ նման այլ անհամապատասխանութիւնները վերացնելու նպատակով Մէյթիխանեանին կը շնորհուի նաեւ 5-6-րդ դասարանների դասագրքերը գրելու պատիւը:

Եւ ամէն ինչ ճիշդ տեղը կ՛ընկնի. 5-12-րդ դասարանների հայոց լեզուի դասագրքերի հեղինակները կը լինեն մայր բուհից` Մէյթիխանեանից մինչեւ Եզեկեան: Բա գիտութեան առաջատարներ են, կատակ բան հոյ չէ՞: Կապ չունի` այդ դասագրքերը լաւ՞ն են, թէ՞ վատը: Ինչպէս կրթութեան ոլորտի ղեկավարներից մէկն ասաց մեզ, վատ դասագրքի կողքին այնքա՜ն լաւ ձեռնարկներ, գրքեր կան, ոչինչ, ուսուցիչները դրա՛նք կը գործածեն: Պետական նշանակութիւն ունեցող կարեւորագոյն գործի նկատմամբ ինչպիսի՜ տնավարի մօտեցում:

Հազարաւոր ուսուցիչներին եւ ծնողներին ասենք, որ իր տխրահամբաւ թեսթերի նիւթերը,   դրանց երկուորեակներն արդէն յայտնուել են 7-րդ դասարանի դասագրքում: Խնդրեմ, «Սովորի՛ր եւ յիշի՛ր» խորագրով (արդիական դասագիրք է, է՜, ամէն ինչ հրամայականով է) տրուած են բառեր` ակաղձուն, ակնկոր, ասպնջական, ապիրատ, ստէպ եւ այլն (էջք 63, 13):

Հրաշալի են ապահովուած միջառարկայական կապերը. կրկին «Սովորի՛ր եւ յիշի՛ր»ով` այծատէր ազգիներ, գորտակնիւնազգիներ, կաթնախոտազգիներ եւ այլն (էջ 33):

Սովորէ՛ք, տգէտ մի՛ մնացեք: Հապա դարձուածքնե՜րը` այծը ոչխարից չջոկել,  սատանայի ձին նստել եւ այլն (էջ 15):

Իսկապէս որ այծը ոչխարից չջոկել. ինչպիսի՜ «դիպուկ» ընտրութիւն, ինչպիսի՜ ճաշակ. իսկապէս որ` «խօսքը թագաւորեցրել է» (էջ 15):  21-րդ դարն է, լուսաւորուէ՛ք…

Վայելէ՜ք այս գոհարները, քննութեան ժամանակ էլ աւելորդ չէք թպրտայ: Այսուհետեւ քննութիւնների գործը տնօրինող պաշտօնեաների համար միանգամայն հեշտ կը լինի յայտարարել, որ թեսթագրութեան ռահվիրայ այս կինն ամէն ինչ արել է դասագրքերի հիման վրայ: Խե՜ղճ հայ աշակերտ, անճա՜ր հայ ծնող… Եւ անհամարձակ ու անտարբեր ուսուցիչներ, հայերէնագէտներ, կրկնուսոյցներ…

Ասպարէզ մտած այս «մասնագէտը» չի պատկերացնում, որ սա դասագիրք է 12 տարեկան երեխաների համար: Որ իմանար, արմատից ու արմատի տարբերակներից երկար-բարակ չէր խօսի, համալսարանական ուսուցման մէջ օգտագործուող եզրեր չէր գործածի եւ այլն, եւ այլն: Հոգեբանութիւնից եւ տարիքային մանկավարժութիւնից փոքր-ինչ գաղափար ունենալու դէպքում հակամանկավարժական նման մօտեցումներ չէր դրսեւորի «մեծն ուսուցանողը»:

Բայց մենք խոստացանք չսովորեցնել, չնայած նախարարութիւնն ակնկալում է, որ հանրութիւնն իր առաջարկներով կը բարելաւի այս ձախորդ դասագիրքը: Դա թողնում ենք ուրիշներին:

Անցնենք գործնական առաջարկին: Հայաստանի կրթութեան նախարարին, դասագրքերի մրցոյթին առնչուող միւս անձանց` փոխնախարարներ Մանուկ Մկրտչեանին, Կարինէ Յարութիւնեանին, Կրթութեան ազգային հիմնարկի տնօրէն Նորայր Ղուկասեանին, Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան հանրակրթութեան վարչութեան պետ Նարինէ Յովհաննիսեանին եւ ԱԺ պատգամաւոր Անահիտ Բախշեանին առաջարկում ենք մի քանի ժամ տրամադրել եւ ծանօթանալ այս գրքին (միայն թէ չասէք` մասնագէտների դրած գնահատականներով ենք առաջնորդուել. նրանց կարծիքները յայտնի են հանրութեանը):

Նախարարը եւ նշուած միւս անձինք, որ պատասխանատու են այս գործի համար, գիրքը թող կարդան իբրեւ մտաւորականներ, կրթութեան ոլորտին առնչուող մարդիկ:

Հնարաւոր է, որ նրանք չտեսնեն մասնագիտական, մանկավարժական, հոգեբանական եւ այլ կարգի անհամար բոլոր սխալները, ձախողումները, թերութիւնները, վրիպումները, անհամապատասխանութիւնները հայերէնի պետական ծրագրին…  Միանգամայն հասկանալի է, որ մասնագիտութեամբ բժիշկը, մաթեմատիկոսը, ֆիզիկոսը պարտաւոր չեն իմանալ կամ նկատել այդ ամէնը, բայց դասագրքի ընդհանուր գնահատական տալու կարողութիւն պարտաւոր են ունենալ:

Հայաստանի դպրոցական դասագրքերի ճակատագիրը վճռող այս մարդիկ թող միայն պատասխանեն հետեւեալ հարցերին.

1.- Հանրութեան վզին փաթաթուող այս գրուածքը դասագի՞րք է,  թէ՞ նիւթերի ժողովածու, օժանդակ ձեռնարկ կամ մէկ այլ բան:

2.- Կ՛ուզենայի՞ն, որ այս գրքով սովորէին իրենց երեխաները կամ թոռները:

Եթէ նրանք ասեն, որ սա 21-րդ դարի հայերէնի արդիական դասագիրք է, գրուած է հէնց 12 տարեկան երեխաների համար, լաւն է միւսներից, ապա մենք յստակ կը հասկանանք, թէ ովքե՛ր են տնօրինում մեր կրթական դաշտը,  ինչպիսի՛ պատկերացում ունեն լաւ դասագրքի մասին:

Այդ ժամանակ կը սպասենք սեպտեմբերին ու կը տեսնենք, թէ ինչպէ՛ս են հազարաւոր աշակերտներ, ուսուցիչներ ու ծնողներ տառապելու այդ դասագրքով: Եւ տրտնջալու են, թէ մեր երկրում ոչինչ փոխել հնարաւոր չէ (պիտի ասեն` «Երկրի նախագահին, վարչապետին եւ նախարարին այսքան գրեցիք, ի՞նչ փոխուեց»), զզուելու եւ աւելի են օտարուելու հայերէնից, հայ գրքից եւ հայկական դպրոցից: Ի հարկէ, մեղքը նաեւ իրենցն է լինելու. ժամանակին թող չլռէին:

Իսկ Փառանձեմ Մէյթիխանեա՞նը… Նա Քաջ Նազարի նման կը ծիծաղի աշխարհի եւ բախտի վրայ:

Կը ծիծաղի անցեալ տարի իրենից դժգոհող հազարաւոր շրջանաւարտների եւ դիմորդների վրայ: Կը չարախնդայ նաեւ գալիք դիմորդների վրայ ու կը շփի ձեռքերը:

Բացայայտ կը ծիծաղի նաեւ իր գործընկերների վրայ: Այս հարցում նա ճիշդ կը լինի,  որովհետեւ նրանք հանդուրժում են հայոց լեզուի եւ հայերէնի ուսուցման հերն անիծողի գոյութիւնը կրթութեան եւ գիտութեան մէջ (գիտութեան դոկտորի աստիճանն էլ որ ձեռք գցի, աւելի վստահ կը գործի):

Անշուշտ, կը ծիծաղի նաեւ մեզ վրայ, թէ` կերա՞ք, լաւ ու վատ դասագիրք չկայ, կան կապեր, կայ հովանաւորչութիւն, կան գործերը դասաւորելու ձեզ անծանօթ եղանակներ ու միջոցներ:

Բայց առաւելաբար կը ծիծաղի իր յաղթանակն ապահովողների վրայ:

Ուշքի՛ եկէք, քանի ուշ չէ:

Յ. Գ.- Այս օրերին 7-րդ դասարանի մեր գրած դասագրքի մասին կարծիքներ են հաւաքում: Եւ զաւեշտալի մի բան է տեղի ունեցել: Ճիշդ հաշուարկ չանելով` դասագիրքը տուել են վաստակաշատ մի ուսուցչուհու, բայց երբ իմացել են, որ կարծիքը միանգամայն դրական է, յայտարարել են. «Հարցը լուծուած է, ձեր կարծիքն այլեւս անհրաժեշտ չէ»:
Սրան ի՞նչ անուն տանք: Մենք գիտենք, թող հասարակութիւնը եւս իմանայ:

ԴԱՒԻԹ ԳԻՒՐՋԻՆԵԱՆ, ՆԱՐԻՆԷ ՀԵՔԵՔԵԱՆ

Share this Article
CATEGORIES