«Լիբանանահայերի Հայրենասիրութիւնն Ու Ազգանուիրումը` Լաւագոյն Օրինակ Հայաստանաբնակների Համար»

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Վաղինակ Վարդանեան
Լուսանկարը՝ Գաբրիէլ Փանոսեանի

Վաղինակ Վարդանեանը Հայաստանի սփիւռքի նախարարութեան տեղեկատուութեան եւ հեռահաղորդակցութեան վարչութեան պետն է, ով այս տարուայ մայիսի 14-22 այցելել էր  Լիբանան, որտեղ մասնակցել էր «Հայկական անդրազգային տարածականութիւնը եւ արդի հաղորդակցութեան եւ համացանցի  միջոցները» խորագրով  գիտաժողովին, ինչպէս նաեւ` Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Լիբանանի շրջանային վարչութեան կողմից կազմակերպուած տեղեկատուական արհեստագիտութիւնների կիրառմամբ իրականացուող ծրագրերով Հայաստան-սփիւռք  գործակցութեան հեռանկարների եւ սփիւռքահայ ուսանողներին ԵՊՀ  հայագիտական հետազօտութիւնների հիմնարկի հայագիտութեան եւ ցեղասպանագիտութեան ոլորտներում առաջիկայում մասնագիտանալու հարցերի շուրջ կազմակերպուող  քննարկումներին:

Երբ հետաքրքրուեցի, թէ նախքան Լիբանան մեկնելն ի՞նչ ակնկալիքներ ունէր եւ որքանո՞վ արդարացան այդ ակնկալիքները, Վ. Վարդանեանը նշեց, որ լիբանանահայ գաղութին ծանօթ է եղել վիրթուալ հաղորդակցութեան, գրականութեան միջոցով, սակայն միշտ մեծ ցանկութիւն է ունեցել շփուել լիբանանահայ գաղութի հետ` այն հիմնական պատճառով, որ դեռեւս քաղաքացիական պատերազմի տարիներին լիբանանահայ գաղութը ուժեղ գտնուեց` չկորցնելով իր միասնականութիւնը: «Այդ իմաստով ես երազում էի լինել Լիբանանում, շփուել լիբանանահայ համայնքի հետ: Այդ համայնքի մէջ տեսայ այնքան մեծ հայկականութիւն, մեծ ջերմութիւն, հայրենասիրութիւն, որ կարելի է այդ ամէն ինչը համարել լաւագոյն օրինակ հայաստանաբնակ հայերի համար», նկատեց Վ. Վարդանեանը:

Հարցին, թէ մշտապէս խօսում ենք սփիւռք-Հայաստան կամուրջի մասին, ինչը արդեօ՞ք վերացական չի հնչում եւ ի՞նչն է պակասում, որ դա աւելի շօշափելի լինի, զրուցակիցս պատասխանեց. «Համամիտ եմ, որ ինչ-որ բաներ կան, որոնք վերացական են հնչում այն առումով, որ տեղեկատուութեան պակաս է եղել, շփումներն աւելի քիչ էին, իսկ այսօր այն հնարաւորութիւնները, որ համացանցն է տալիս,  տեղեկատուութեան փոխանցման արագութիւնը, կարծում եմ` շատ շուտ, մօտ ապագայում կ՛ունենանք համահայկական միասնական ընդհանուր տեղեկատուական  դաշտը, որտեղ մէկս միւսի հանդէպ կարող ենք ունենալ լիարժէք տեղեկատուութիւն»: Սփիւռքի նախարարութեան աշխատակցի խօսքով, դա կարելի է դիտարկել` ելնելով սփիւռքի նախարարութեան եւ Լիբանանի հայ համայնքի միջեւ եղած սերտ կապից: Այդ միջավայրը ստեղծելու համար կարեւոր են ոչ միայն Հայաստանի կողմից իրականացուող նախաձեռնութիւնները, այլեւ` հայկական համայնքների կողմից ցուցաբերուելիք նախաձեռնութիւնները: «Այլ լրատուամիջոցներին հարցազրոյց տալով` նշել էի մի օրինակի մասին, որով, ցանկալի է, որ վարակուեն թէկուզ հայաստանեան ԶԼՄ-ները: Այդ օրինակը Լիբանանում լոյս տեսնող «Ազդակ» օրաթերթն է, որը ոչ միայն Մերձաւոր Արեւելքի կամ սփիւռքի կեանքն է լուսաբանում, այլեւ`  հրատապ տեղեկատուութիւն է իրականացնում թէ՛ հայաստանեան, թէ՛ սփիւռքեան  իրադարձութիւններին: Յատկանշական է ինձ համար «Ազդակ»-ի խմբագրապետի եւ առանձին թղթակիցների կարեւոր մեկնաբանութիւնները, գիտական յօդուածներն ու նիւթերը, որոնք իւրաքանչիւր օր ներկայացւում են: Մենք անմիջական կապի մէջ ենք «Ազդակ»-ի խմբագրութեան, մասնաւորապէս, խմբագրապետի հետ», ասաց Վ. Վարդանեանը:

Մեր նկատառմանը, թէ թւում է` համացանցի այս դարաշրջանում հեռահաղորդակցութիւնն աւելի դիւրին է, բայց, այնուհանդերձ, կա՞ն խոչընդոտներ նշեալ կամրջի ամրացման տեսակէտից: Նրա ասելով` սփիւռք-Հայաստան աշխուժ հեռահաղորդակցութիւնը  ստեղծելու կարեւոր հանգամանքը փոխադարձ ճանաչողութիւնն է, կենդանի շփումները: «Վիրթուալ աշխարհում ինչ-որ բաներ կարդալով` չես կարող պատկերացում կազմել համայնքի կեանքի մասին: Օրինակ, ես շատ զարմացայ, որ Լիբանանում կային իրազեկ հայեր, ովքեր  այդքան էլ պատկերացումներ չունէին հայաստանեան իրականութեան մասին, եւ այդ պատճառով երբեմն պարզաբանումներ տալու կարիք էր լինում: Դրա համար կարեւոր է ԶԼՄ-ների դերը», նշեց Վ. Վարդանեանը` ընդգծելով, որ ինքը մեծ ցանկութիւն ունի, որ մօտ ապագայում հայաստանեան մամուլը լինի անաչառ նկատառումների եւ իրականութեան հայելի:

Զրուցակիցս անթաքոյց ջերմ տպաւորութիւններով էր վերյիշում Լիբանանում անցկացրած օրերը, որտեղ ականատես էր լիբանանահայերի հայրենասիրութեանը, նուիրումին եւ ընդգծուած հայկական ազգային աւանդապահութեանը: «Զարմանալի է` այդքան երկար  տարիներ  լինելով այլ պետութեան մէջ, այլ  իրականութեան մէջ, շփուելով այլ աւանդոյթների, սովորոյթների հետ` այդքան խորը պահել են հայկական աւանդոյթները: Հայաստանում մենք ինքներս լիբանանահայութիւնից շատ շատ բան ունենք սովորելու` հայրենասիրութեան, ազգանուիրումի հարցերում», ասաց Վ. Վարդանեանը` ընդգծելով նաեւ իր տպաւորութիւնններն Այնճարի մասին: «Այնճարում ես ասացի, որ մենք ունենք Հայաստանը, Արցախը, բայց ոչ մէկս չենք ասում, որ ունենք նաեւ Այնճարը` որպէս պետական միաւոր, որը  ունի իր ներքին կառոյցները` նոյնիսկ ոստիկանութիւնը, ներքին կարգուկանոնը, կառավարման ամբողջ մեքանիզմը: Կ՛ուզենայի, որ մեր տեղական ինքնակառավարման համակարգը, որ 1996թ. գործածում ենք, փոփոխութիւններ կատարէինք Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրէնքում, եւ Այնճարի օրինակով կարող են ներդրել այդ համակարգը»:

Երեւան-Պէյրութ

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )