ԹՈՒՐՔ-ԱԶՐՊԷՅՃԱՆԱԿԱՆ ԵՂԲԱՅՐՈՒԹԵԱՆ ԵՐԱՇԽԻՔ` «ՆՈՅԻ ՀԱՆԳՐՈՒԱՆ»

Եղբայրութեան հերթական երաշխիքը հանդիսացող նոր երկաթուղին ներառում է Նախիջեւան-Իգդիր հատուածը:

Մօտ օրերս կը գործի Ազրպէյճանն ու Թուրքիան անմիջականօրէն իրար կապող երկաթուղին, եւ թուրքական զանգուածային լրատուական միջոցների համաձայն, «Նախիջեւան-Իգդիր» երկաթուղու պաստառի շինարարութիւնն արդէն աւարտուել է:

«Սի. Էն. Էն. Թուրք»ի հաղորդմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանը նշել է. «Նախիջեւանը մեր խնդիրն է: Թող ոչ ոք մեզնից այլ մօտեցում չակնկալի»:

Հայոց լեզւում գոյութիւն ունի «իջեւան» բառը: Կախուած հողերի իւրացման մակարդակից` այն թարգմանւում է` որպէս «հիւրանոց», «իջեւանատուն», «քարուանսարայ»: Հայկական տեղանունների ցանկում բազմաթիւ «իջեւաններ» կան, սակայն Նախիջեւանը միշտ յիշատակուել է եզակի թուով` որպէս մարդկութեանը ջրհեղեղից փրկած «նախահանգրուան»:

Հէնց որպէս «Նոյի հանգրուան» էլ տեղանքը հազարամեակներ շարունակ պաշտամունքի վայր էր: Ըստ աւանդութեան, Արարատեան հարթավայրի հէնց այս շրջանում էլ Նոյը տեղադրել է իր վրանը:

Թուրք-պոլշեւիկեան համագործակցութեան շրջանում այդ տարածքը, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղը յանձնուեցին Խորհրդային Ազրպէյճանին: Այդ յանձնումը ամրագրուեց 1921 թ. հոկտեմբերի 13-ին` Կարսում ստորագրուած պայմանագրով:

Այդ ժամանակից սկսուեց շրջանից հայկական ժողովրդագրական ներկայութեան վերջնական դուրսմղումը եւ հայկական նիւթական մշակոյթի հազարամեակների հետքերի լիակատար ոչնչացումը:

Իսկ արդէն անկախութեան շրջանում ջնջուեցին վերջին «հայկական հետքերը»: Դեռ 1999 թ. այն ժամանակ Ազրպէյճանի նախագահ Հայտար Ալիեւը յայտարարել էր. «Նախիջեւանն Ազրպէյճանի ամենահին վայրերից մէկն է, Ազրպէյճանի մասը, որը հարուստ պատմութիւն ունի, սա 3500 տարուայ պատմութիւն ունեցող ազրպէյճանական հող է: Դա պէտք է ապացուցել»:

Այդ յայտարարութեամբ էլ «ինքնավարութեան հողերից» հայկական ներկայութեան հետքերի ոչնչացման վերջին փուլի պաշտօնական մեկնարկ տրուեց:

Եզրափակիչ աքորտն այս ձեռնարկում դրուեց 2001-2006 թթ. ժամանակամիջոցում, երբ ոչնչացուեցին առեւտրականների եւ արհեստաւորների միջնադարեան պատմական քաղաքի` Ջուղայի գերեզմանատան հազարաւոր խաչքարերը: Հայկական ներկայութեան հետքերի վերջնական ոչնչացման գործողութիւնը մաս առ մաս իրականացնում էր ազրպէյճանական բանակը:

2009 թ. ամրանը Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւն արդէն ընդգծել է. «Նախիջեւանը հին ազրպէյճանական հող է: Մեր ժողովուրդը հարիւրամեակներ շարունակ ապրել եւ արարել է այդ հրաշալի հողի վրայ: Նախիջեւանում գտնուող պատմական եւ ճարտարապետական յուշարձանները ցոյց են տալիս, թէ որքան մեծ է ազրպէյճանցի ժողովրդի տաղանդը: Նախիջեւանը Ազրպէյճանին է պարգեւել տաղանդաւոր անհատների: Նախիջեւանն Ազրպէյճանին է նուիրել հզօր առաջնորդ Հայտար Ալիեւին»:

Հերթական քայլը «Թուրքիան ողջ թուրքական աշխարհի հետ կապող երկաթուղի» կառուցելու մասին յայտարարութիւնն էր: Խօսքը հէնց «Նախիջեւան-Իգդիր» երկաթգծի մասին էր, որը կը կապէր Ազրպէյճանը Թուրքիայի եւ այլ թուրքական պետութիւնների հետ:

2009 թ. հոկտեմբերին Նախիջեւանում անցկացուեց թուրքալեզու պետութիւնների 9-րդ գագաթնաժողովը, որի ընթացքում Թուրքիայի նախագահ Ապտիւլլա Կիւլը յայտարարեց. «Նախիջեւանը Թուրքիայի համար հսկայական նշանակութիւն ունի: Ազրպէյճանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը Նախիջեւանի շրջանում ֆիզիքապէս փոքր է, սակայն քաղաքական առումով հսկայական նշանակութիւն է ներկայացնում: 10-12 քմ երկայնքով ձգուող սահմանի քաղաքական նշանակութիւնը չափազանց մեծ է: Այս սահմանն աշխարհագրական առումով միացնում է Թուրքիան թուրքական հանրապետութիւնների հետ»:

Իսկ արդէն այս տարուայ մայիսի 2-ին, Թուրքիայի վարչապետ Էրտողանն ընդգծել է, որ կառուցուած երկաթուղին թուրք-ազրպէյճանական համագործակցութեան կարեւորագոյն փուլ է:

Բացի այդ, նա ասել է. «Ազրպէյճանի վիշտը մեր վիշտն է, Ազրպէյճանի ուրախութիւնը` մեր ուրախութիւնը: Այստեղ ես կրկին յայտարարում եմ. քանի դեռ չի լուծուել Ղարաբաղի հարցը, Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորում անհնար է: Մենք միշտ սատարել ենք Ազրպէյճանին, Ղարաբաղին, այդպէս կը լինի եւ հետագայում»:

Թուրքիային սահմանակից Նախիջեւանը առանձնայատուկ ռազմավարական կարեւորութեան տեսանկիւնից ի սկզբանէ թուրքական աջակցութեանն էր դատապարտուած: Նախիջեւանը Թուրքիայի եւ Իրանի, ինչպէս նաեւ Պաքուի հետ  փոխադրական անմիջական կապ է պահպանում մայրուղիով, որը մասամբ ձգւում է Իրանի տարածքով (ճանապարհի մի փոքր հատուածը ձգւում է հայ-թուրքական սահմանի երկայնքով` Արաքս գետի աջ ափով): Այսպիսով, նոր երկաթուղին կը դառնայ արտաքին աշխարհ դուրս գալու Ազրպէյճանի 9-րդ երկաթգիծը:

ԱՐԻՍ ՂԱԶԻՆԵԱՆ
«Արմէնիա Նաու»ի թղթակից

Share this Article
CATEGORIES