Զգո՛ւշ Ռուսաստանն Է. Հայաստանը Սխալուելու Իրաւունք Չունի

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Հասկանալու համար, թէ ի՛նչ զայրոյթով ու վճռակամութեամբ է հակազդում Ռուսաստանը նախկին խորհրդային հանրապետութիւնների եւրոպական ձգտումներին, պէտք է ուշադրութեամբ հետեւել Մոսկուա-Քիեւ ներկայ յարաբերութիւններին: Որքան մօտենում է նոյեմբերը, Ռուսաստան-Ուքրանիա ճգնաժամը աւելի է խորանում: Պատճառը պարզ է. Ուքրանիան պատրաստւում է Եւրոպական Միութեան հետ նոյեմբերի վերջին Վիլնիւսում ստորագրել Համակրման պայմանագիր: Հէնց Վիլնիւսում է նախատեսուած նաեւ Հայաստանի, Վրաստանի եւ Մոլտովայի Համարկման պայմանագրերի նախաստորագրումը: Այսպիսով, եթէ մինչեւ նոյեմբերի վերջը չարձանագրուեն արտառոց դէպքեր, ապա Եւրոպական Միութեան Արեւելեան հարեւանութեան ծրագրում ընդգրկուած վեց նախկին խորհրդային հանրապետութիւններից Ուքրանիան կը ստորագրի Համարկման պայմանագիրը, Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան` կը նախաստորագրեն, իսկ Պիելոռուսիոյ եւ Ազրպէյճանի հետ նմանօրինակ փաստաթուղթ չի ստորագրուի, քանի որ Եւրոպական Միութեան համար այդ երկու պետութիւնները համարւում են բռնատիրական` չափազանց հեռու եւրոպական արժեհամակարգից:

Իրականում. ո՛չ Ալեքսանտր Լուքաշենքոյին եւ ո՛չ էլ Իլհամ Ալիեւին այս պահին չի հետաքրքրում համարկման պայմանագիրը: Աւելի՛ն. երկուսն էլ փորձելու են օգտուել Եւրոպական Միութիւն-Ռուսաստան հակասութիւններից եւ ի ցոյց դնելով իրենց նուիրումը առ Ռուսաստան` քաղաքական ու տնտեսական շահաբաժիններ քաղել Մոսկուայից եւ արժանանալ Վլատիմիր Փութինի բարեացկամութեանը: Ալիեւը արդէն իսկ կարողացաւ հասնել նրան, որ Փութինը այցելեց Պաքու: Ազրպէյճանի առաջնորդը, ով պատրաստւում է հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրութիւններում երրորդ ժամկէտով զբաղեցնել երկրի առաջնորդի պաշտօնը, փորձելու է օգտուել Ռուսաստան-հայաստան յարաբերութիւններում առաջացած սառնութիւնից:

Այս պահին Ռուսաստանը տնտեսական պատերազմ է յայտարարել Ուքրանիային, բայց պէտք չէ բացառել, որ նմանատիպ իրավիճակում կը յայտնուեն նաեւ այն երկրները, այդ թւում` Հայաստանը, որոնք կը համարձակուեն նախաստորագրել կամ ստորագրել համարկման պայմանագիրը: Ռուսաստանը համարում է, որ Արեւմուտքը, տուեալ դէպքում` Եւրոպական Միութիւնը, փորձում է տնտեսապէս ու քաղաքականապէս զբաղեցնել այն տարածաշրջանները, որոնք համարուել են իր կենսական շահերի գօտի: Համակման պայմանագրի հիմնական բաղադրիչը Ազատ առեւտրի գօտու համաձայնագիրն է, որը Եւրոպական Միութեան հետ պատրաստւում է նախաստորագրել նաեւ Հայաստանը:

Ռուսաստանը այսօր տնտեսական ճնշումներ է իրականացնում հէնց Ուքրանիայի նկատմամբ` այդ կերպ ուղերձ յղելով միւսներին: Այսինքն, եթէ Ռուսաստանը կարողանում է ճնշել տարածքով Եւրոպայի ամենախոշոր պետութեանը` Ուքրանիային, ապա շատ աւելի հեշտութեամբ կարող է ճնշումներ բանեցնել նաեւ Մոլտովայի, Վրաստանի ու Հայաստանի նկատմամբ:

Ռուսաստանը նախկին խորհրդային հանրապետութիւններին, առաջին հերթին` սահմանակից պետութիւններին, բազմիցս առաջարկել է մաս կազմել իր նախաձեռնած Մաքսային միութեանը (Ռուսաստան, Պիելոռուսիա, Ղազախստան): Ռուսաստանի համար շուրջ 50 միլիոնանոց ուքրանական շուկան չափազանց կարեւոր է ինչպէս տնտեսական, այնպէս էլ քաղաքական իմաստով: Հէնց Մաքսային միութեան հենքով է նախագահ Փութինը պատրաստւում 2015-ին ստեղծել Եւրասիական Միութիւնը` ի հակակշիռ Եւրոպական Միութեան:

Արդէն իսկ հայկական լրատուամիջոցներում եւ փորձագիտական-քաղաքական շրջանակներում շրջանառւում է այն մտահոգութիւնը, որ Հայաստանի անզգոյշ քայլերի դէպքում Ռուսաստանը կարող է արգելք դնել հայկական քոնեակի ու գինիների ներկրման վրայ, ինչը լրջագոյն  հարուած կը լինի Հայաստանի գիւղատնտեսութեանը առաջին հերթին: Ռուսաստանը բազմաթիւ այլ լծակներ ունի ճնշելու դէպի Եւրոպա թեքուել ցանկացող հարեւանների նկատմամբ: Այսպէս, Ռուսաստանում աշխատող Հայաստանի քաղաքացիները տարեկան իրենց երկիր են ուղարկում աւելի քան մէկուկէս միլիառ տոլար: Պատկերացնելու համար, թէ սա որքան մեծ եւ կարեւոր գումար է Հայաստանի համար, նշենք ընդամէնը մէկ թիւ. Հայաստանի տարեկան պիւտճէն կազմում է շուրջ երկուսուկէս միլիառ տոլար: Ցանկութեան դէպքում Ռուսաստանը կարող է խոչընդոտներ ստեղծել հայ աշխատաւորների նկատմամբ: Իսկ քանի որ այդ մարդիկ Հայաստանում աշխատանք չունեն, ապա նրանք մշտական բնակութիւն կը հաստատեն Ռուսաստանում` իրենց հետ տանելով Հայաստանում մնացած իրենց ընտանիքներին: Այդ դէպքում Հայաստանից արտագաղթը կը հասնի աւելի մեծ չափերի:

Տարածքով աշխարհում ամենախոշոր պետութիւնը` Ռուսաստանը, ունի ժողովրդագրական լուրջ խնդիրներ եւ պատրաստ է հարիւր հազարաւոր օտարերկրացիների բնակեցնել ռուսական հողի վրայ: Կարելի է բերել այլ օրինակներ, որպէսզի հասկանալի լինի, թէ հարեւաններին ու անգամ ռազմավարական գործընկերներին ճնշելու եւ պատժելու ինչպիսի զինանոց ունի Ռուսաստանը:

Ռուսաստան-Ուքրանիա յարաբերութիւններում լարուածութիւնը հասել է այն աստիճանի, որ արդէն Եւրոպական Միութեան անդամ երկրներ կամ եւրոպացի պաշտօնեաներ խօսում են Ուքրանիային Ռուսաստանի ճնշումներից պաշտպանելու անհրաժեշտութեան մասին: Եւրոպական Միութիւնում նախագահող պետութեան` Լիթուայի արտաքին գործերի նախարարը յայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ձեռնարկուած վերջին քայլերը «խիստ մտահոգիչ են, եւ  անընդունելի է, եթէ սահմանին իրականացուած ստուգումներով Ռուսաստանը փորձում է վրէժխնդիր լինել կամ հակահարուած տալ Քիեւին` Համարկման պայմանագրի հնարաւոր ստորագրման համար»: Եւրոպական խորհրդարանի երկու ազդեցիկ պատգամաւորներ բարձրաձայնել են. «Ռուսաստանը առեւտրային պատերազմ է սկսում Ուքրանիայի դէմ»:

Յուլիսից Ռուսաստան ներկրուող ուքրանական ապրանքները մանրակրկիտ ստուգումների են ենթարկւում սահմանին, փաստացի` Ռուսաստանը թոյլ չի տալիս ուքրանիական ապրանքների մուտքը ռուսական շուկայ: Ռուսաստանի մաքսային ծառայութիւնը Ուքրանիայից ներմուծուող ողջ ապրանքը ներառել է «ռիսքային խմբում», ինչը նշանակում է, որ Ռուսաստան մտնող ուքրանական բոլոր ապրանքատեսակները պէտք է սահմանին բեռնաթափուեն, մանրազնին ստուգուեն, ապա նորից բեռնուեն եւ շարունակեն ճանապարհը, եթէ ռուսական կողմը դրանցում վտանգաւոր նիւթեր չյայտնաբերի: Քրեմլինի պաշտօնեաները նախ յայտարարեցին, թէ ուքրանական ապրանքներում յայտնաբերուել են վնասակար նիւթեր: Կարճ ժամանակ անց նրանք անկեղծացան: Նախագահ Փութինի խորհրդական Սերգէյ Կլազեւը ուղղակիօրէն յայտարարեց. «Եթէ Ուքրանիան ստորագրի Համարկման պայմանագիրը, ապա Մաքսային միութիւնը (Ռուսաստան, Պիելոռուս, Ղազախստան) ստիպուած կը լինի խստացնել Ուքրանիայի հետ մաքսային դրութիւնը, հնարաւոր է նաեւ ընդհանրապէս դադարեցուեն այդ երկրի հետ ազատ առեւտրային յարաբերութիւնները»:

Ուքրանիան շատ զուսպ է արձագանգում Ռուսաստանի կողմից յայտարարուած տնտեսական պատերազմին, գիտակցելով, թէ ինչպիսի հետեւանքներ կը կրի ուքրանական տնտեսութիւնը, եթէ Քիեւ-Մոսկուա յարաբերութիւնների լարուած դրութիւնը շարունակուի ամիսներ ու տարիներ:

Հայաստանը յայտարարել է, որ պատրաստւում է Վիլնիւսում նախաստորագրել Համարկման պայմանագիրը: Հայ ղեկավարները եւ դիւանագէտները պարզաբանում են, որ Հայաստանը առաջնորդւում է ոչ թէ «կամ, կամ»-ի, այլ «եւ, եւ»-ի քաղաքականութեամբ, այսինքն` յարաբերութիւնների խորացում եւ Ռուսաստանի, եւ Եւրոպական Միութեան հետ: Թւում է, Մոսկուան Հայաստանից պահանջում է յստակ ընտրութիւն կատարել:

Սա այն դէպքն է, երբ պէտք է զգուշ լինել: Հայաստանի համար Ռուսաստանը չափազանց կարեւոր պետութիւն է: Ռուսաստանը նաեւ չափազանց վտանգաւոր պետութիւն է: Հայաստանը սխալուելու իրաւունք չունի:

Յատուկ «Ազդակ» համար

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )