Կարծիք – Հայաստանի «Թուրքական» Փաթեթը

ՅԱԿՈԲ ԲԱԴԱԼԵԱՆ

Սերժ Սարգսեանին օրերս իր հաւատարմագրերն է յանձնել Հայաստանում Զուիցերիոյ նոր դեսպանը, որի հետ քննարկուել են ինչպէս երկկողմ յարաբերութեան, այդպէս էլ` տարածաշրջանային նշանակութեան հարցեր: Սովորաբար դեսպանների հաւատարմագրման յանձնման վերաբերեալ արարողակարգային տեղեկատուութիւնը չի արժանանում մեծ ուշադրութեան: Սակայն Զուիցերիոյ դեսպանի պարագայում ուշադրութեան քիչ թէ շատ աւելի մեծ բաժինը երեւի չէր խանգարի:

Բանն այն է, որ Զուիցերիոյ Հայաստանի պաշտօնեաների համար միայն դրամատնային անթափանց հաշիւների երկիր չէ, այլ նաեւ` հայ-թուրքական յարաբերութեան կարգաւորման գործընթացի միջնորդ, որը անգամ ֆութպոլային դիւանագիտութեան ձախողումից յետոյ` յայտարարել է, որ պատրաստ է շարունակել միջնորդական ջանքը: Առերեւոյթ ֆութպոլային դիւանագիտութեան բարեյաջող տապալումից յետոյ հայ-թուրքական կարգաւորման գործընթացում կարծես թէ ոչինչ տեղի չի ունենում: Աւելի՛ն. տեղի են ունեցել զարգացումներ, որոնք լրացուցիչ լարուածութիւն ու սառնութիւն են մտցրել առկայ իրավիճակի մէջ: Միայն բոլորովին վերջերս տեղի ունեցան մի քանի ուշագրաւ զարգացումներ:

Սերժ Սարգսեանն էր Եւրոմիութեան առաջ հանդէս եկել Թուրքիայի հետ սահմանը բացելու կիսապայմանով կամ անուղղակի պայմանով` յայտարարելով, թէ առանց այդ սահմանի բաց լինելու` անիմաստ է դառնում Հայաստանի ու Եւրոմիութեան միջեւ Ազատ առեւտրի յարաբերութիւնը:

Դրանից յետոյ, Հայաստանի գլխաւոր դատախազը յայտարարեց, որ Թուրքիային իրաւական պահանջներ ներկայացնելու հիմքեր պէտք է պատրաստուեն: Դրան ի պատասխան` Թուրքիան յայտարարեց, թէ այդպիսի բաներ ասելը թեթեւամտութիւն է, իսկ Թուրքիային տարածքային պահանջ ներկայացնողն էլ պէտք է մտածի տարածաշրջանային կայունութեան ու անվտանգութեան մասին: Այլ կերպ ասած` ի պատասխան` Թուրքիան ուղղակի սպառնաց Հայաստանին պատերազմով:

Դրանից յետոյ, հարցազրոյցի շրջագծում յայտարարութիւն արեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Շաւարշ Քոչարեանը` ասելով, թէ Հայաստանի վերաբերմունքը Թուրքիայի հետ յարաբերութիւն կարգաւորելու առումով չի փոխուել` առանց նախապայմանի գործընթաց: Երեւանը հաւանաբար խնդիր էր ունեցել միջազգային ասպարէզում, որտեղ այնքան էլ չեն ողջունել դատախազի պահանջատիրութեամբ Թուրքիային գրգռելու հայաստանեան արկածախնդրութիւնը:

Յետոյ տեղի ունեցաւ միջադէպ` հայ-թուրքական սահմանին, երբ սպանուեց սահմանախախտ մի հովիւ, որն ըստ առայժմ գոյութիւն ունեցող այսպէս ասած պաշտօնական վարկածի, սահմանն անցել էր իր կորած ոչխարների թէ կովերի յետեւից: Հայաստանի սահմանը հսկող Ռուսաստանի սահմանապահ ծառայութիւնը յայտարարեց, թէ հովիւը կրակել է սահմանապահների ուղղութեամբ, նրանք էլ պատասխան կրակ են բացել: Առայժմ քննութիւն է ընթանում եւ որեւէ վարկածի ապացոյցներ չկան: Փաստ է միայն, որ հայ-թուրքական սահմանին այսպէս ասած կորած անասուններ փնտռող հովիւների սահման անցնելու շատ դէպքեր են լինում, բայց մահուան դէպք եղաւ առաջին անգամ:

Ահա այս զարգացումների խորապատկերի վրայ նոր դեսպանի հետ տարածաշրջանային հարցերի քննարկումը, անշուշտ, դուրս եկած կը լինի սովորական արարողակարգի շրջագծից:

Բանն այն է, որ այս առումով հետաքրքիր վիճակ է ստեղծուել հայ-թուրքական տիրոյթում: Մի կողմից ակնյայտ է, որ Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի մօտենալուն զուգահեռ` աշխարհում բաւական աշխոյժանալու է Հայկական հարցի վերաբերեալ աղմուկն ու սրուելու է Թուրքիային ուղղուած հարցադրումների խորքը, այդ թւում` գերտէրութիւնների մակարդակում, միւս կողմից, սակայն, հարցն այն է, որ գերտէրութիւնների համար այսպէս ասած կլոր տարելիցը չի կարող լինել Ցեղասպանութեան ճանաչման բաւարար հիմք: Ճանաչումը պայմանաւորուած է քաղաքական իրողութիւններով, անցեալով, ներկայով ու ապագայի հաշուարկներով, այնպէս էլ գերտէրութիւններին անհրաժեշտ կը լինեն հիմքեր, որոնցով կը հիմնաւորուի 100-րդ տարելիցից ճանաչման բացակայութիւնը, եթէ չգայ այնպիսի քաղաքական իրավիճակ, որ պէտք լինի ճանաչել Ցեղասպանութիւնը եւ ինչ-որ բան պարտադրել Թուրքիային:

Իսկ այդպիսի հիմքեր կարող են լինել հայ-թուրքական կարգաւորման գործընթացի թէկուզ ժամանակաւոր կարկատանները: Այնպէս որ,չի բացառւում, որ Երեւանին այդ կապակցութեամբ արւում են առաջարկներ: Բնական է, որ Հայաստանի իշխանութիւնն էլ համաձայնելու դիմաց կը դնի իր պայմաններն Արեւմուտքին, այսինքն կը փորձի բարձրացնել կարկատանների համաձայնութեան գինը: Պատահական չէ, որ չնայած Թուրքիայի դիրքորոշմանը, Երեւանը շարունակում է օրակարգում պահել վտանգաւոր եւ մերժելի կէտեր պարունակող հայ-թուրքական արձանագրութիւնները:

Այդ ընթացքում, ինչպէս ազրպէյճանական մամուլն է յայտնում, Թուրքիայի նախագահ Ապտուլլահ Կիւլը Կապալայում տեղի ունեցած թուրքալեզու ժողովուրդների վեհաժողովին յայտարարել է, որ Ղարաբաղի խնդիրը մեծ խնդիր է թուրքալեզու ժողովուրդների համար եւ «սթաթուս-քո»-ի պահպանութիւնն անընդունելի է: Կիւլը միեւնոյն ժամանակ յոյս է յայտնել, որ մի օր էլ թուրքալեզուների վեհաժողով կը լինի Լեռնային Ղարաբաղի որեւէ քաղաքում:

Ըստ ամենայնի, 100-րդ տարելիցին ընդառաջ, Թուրքիան հաշուարկել է, որ լաւագոյն պաշտպանութիւնը դա յարձակումն է` որդեգրելով բաւական թշնամական, յարձակողապաշտ ու յաւակնոտ յայտարարութիւնների քաղաքականութիւն: Դա, ի հարկէ, կարող է պայմանաւորուած լինել նաեւ նրանով, որ Անգարան զգալիօրէն յայտնուել է անկիւն քշուածի կարգավիճակում: Հայկական Հարցի մշտական հրատապութեանը զուգահեռ` վերջին շրջանում բաւական հրատապ է դառնում նաեւ Քրտական հարցը, որը Թուրքիայի Աքիլեսեան միւս գարշապարն է:

Այդ հարցն այնքան է առաջ գնացել, որ նոյնիսկ պաշտօնական Երեւանն է համարձակւում հանդիպումներ ունենալ Իրաքեան Քիւրտիստանի կառավարութեան արտաքին գործերի նախարարի հետ, ի հարկէ` առայժմ տնտեսութեան նախարարութեան պատուիրակութեան մակարդակով:

Անկիւն քշուած Թուրքիան, ի հարկէ, դառնում է վտանգաւոր: Թէեւ դժուար է ասել, թէ Հայաստանի համար ո՞ր Թուրքիան է աւելի վտանգաւոր` անկիւն քշուա՞ծը, թէ՞ իրեն ինքնավստահ զգացողը: Ըստ ամենայնի, Թուրքիան բոլոր վիճակներում էլ Հայաստանի համար մնում է վտանգաւոր, անգամ` կարգաւորուած յարաբերութեան պայմաններում: Հետեւաբար բոլոր դէպքերում Հայաստանի համար կարեւոր խնդիր է դառնում Թուրքիայից բխող վտանգների հարցը միջազգայնացնելն ու օրակարգային հարց դարձնելը: 100-րդ տարելիցին ընդառաջ` պէտք է Հայաստանի գործողութիւններում ոչ թէ ինքնամոռաց ներկայացուածութիւն ունենայ պահանջատիրութեան խնդիրը, այլ` հէնց անվտանգութեան հարցը ժամանակակից զարգացումների խորապատկերի վրայ:

«ԼՐԱԳԻՐ»

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )