Կէս Մնացած Ճամբին… (Լեւոն Անանեանի Յիշատակին)

 

ՍՈՒՐԷՆ ԴԱՆԻԷԼԵԱՆ

Այնքան կեանքով լեցուն էր, անհանգիստ, յախուռն, կրակոտ, երբեմն նաեւ` անհաւասարակշիռ: Դա գալիս էր նրա սկզբունքներից, դա գալիս էր գրականութեան նրա ըմբռնումից: Նա մարտնչում էր հաստատուն, նա ապրում էր գրական այն աշխարհում, որ տրուած էր իրեն Աստծուց: Միայն այդ ճանապարհով նա շարունակեց Վարդգէս Պետրոսեանի գործը «Գարուն» ամսագրում, որի խմբագիրն էր, նրա համբաւի ու օրէնսդիր բարձր մակարդակի երաշխաւորը:

Նա այդպիսին եղաւ նաեւ դարասկզբի առաջին իսկ տարուց, երբ ստանձնեց Հայաստանի գրողների միութեան վարչութեան նախագահի պաշտօնը: Նոր դար, նոր երկիր, հին աւանդոյթներ, նոր ուղղութիւն: Սա նոր ճանապարհ էր, որ իր առաջնորդութեամբ մենք անցանք վերջին 12 տարիների ընթացքին: Հիմա մենք պարտաւոր ենք այդ վերելք տանող ճանապարհի թելը չկորցնել: Մենք պիտի շարունակենք ապրել այն հաւատով, որ նա քայլում է մեզ հետ, եւ քայլում է առջեւից:

Հայաստանի գրողների միութեան բոլոր նախագահներն էլ միշտ խօսել էին հայրենիքի եւ սփիւռքի գրամշակութային մերձեցման ու անհրաժեշտութեան մասին: Բայց հէնց Լեւոն Անանեանն էր, որ կատարեց երկու նուիրաբերական քայլեր. նախ` ջնջեց կարծրատիպերը արեւմտահայ եւ արեւելահայ սահմանների միջեւ, եւ աւելի, քան որեւէ մէկը մօտեցրեց սփիւռքը Հայաստանին, բերեց նոյն շահը, նոյն տեսլականը: Դա ամէնօրեայ պայքար էր` շատ յաճախ անտես «կողմնակի անձանց» աչքին:

Լեւոն Անանեանը նոր օրակարգ մտցրեց հայ գրողների գեղարուեստական մտածողութեան աւազանում: Այն նա ձեւակերպեց հայ եւ օտարագիր գրողների համաժողովների ժամանակ. ազգային ինքնութիւնը գեղարուեստական մտածողութեան առաջադիր նախապայման է, որտեղ էլ որ դու գտնուելիս լինես:

Յիրաւի, նորարարական էր Լեւոն Անանեանի գրական քաղաքականութեան ընթացքը: Յաճախ «շուրջինները» պարզապէս չէին հասցնում նրա պահանջներին, նրա երեւակայութեանը, նրա սկզբունքայնութեանը հետեւել. ետ էին մնում: Արտաքնապէս թւում էր, թէ նա «ժողովասէր» է: Իրականում ցանկանում էր համախմբուածութիւն, առողջ ուժերի համախմբում:

Իսկ ինչպէս էր փոխուել Գրողների տան ներքին բովանդակութիւնը: Շաբաթուայ մէջ երբեմն 4-5 հանդիպում, շնորհահանդէս, յոբելեանների նշում, բանավէճեր: Երբեմն մի օրուայ մէջ նա հասցնում էր ելոյթ ունենալ Սենեկային տանը, Գրողների միութիւնում, «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնում, Բաբաջանեան սրահում, Թէքէեան մշակութային միութիւնում, Ե. Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարանում, Ազգային գրադարանում եւ այլուր: Եւ նրա փոքր-ինչ խռպոտ խօսքը դիւթում էր, կողմնորոշում էր, սակայն միշտ վճռորոշ էր:

Նա մեր օրերի Արշակ Չօպանեանն էր, որի մասին պահպանուել է Նշան Պէշիկթաշլեանի հրաշալի դիմապատկերը, թէ ինչպէս էր օրուայ ժամերի քանակը 24-ից վերածում 72-ի:

Այդ այսօր մեզ է միայն թւում, թէ նա կարճ ապրեց: Վախճանուեց 67-ի սահմանին չհասած: Իրականում նրա ապրած տարիները ուրիշ չափում ունեն: Ուրիշ էր նրա լիցքի խտութիւնը, Չարենցի բառերով` մեծ էր «նշանի ահագնութիւնը»:

Սիրելի՛ Լեւոն, հիմա ինչպէ՞ս հասնենք քո ետեւից:

3 սեպտեմբեր, 2013

 

Share this Article
CATEGORIES