Մէկ Շաբաթ Թեհրանում

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Օգոստոսի 22-28 անցկացրի Իրանի Իսլամական Հանրապետութիւնում: Աւելի քան քսան անգամ եղել եմ հարեւան երկրում, լուսաբանել նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ, Հայաստանի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի այցեր: Ես լրագրողական ճամբորդութիւնների սիրահար եմ, քանի որ առաջին հերթին անմիջական շփումների, շարքային քաղաքացիների հետ հանդիպումների ու զրոյցների միջոցով է նաեւ հնարաւոր ամբողջական պատկերացում կազմել հարեւան երկրի, նրա ժողովրդի, հարեւան պետութիւնների հետ յարաբերութիւնների, ներքաղաքական կեանքի մասին:

Այս անգամ Իրան էի մեկնում այլ նպատակով: Թեհրանում գործող Հայկական հարցերի ուսումնասիրութեան` կենտրոն «Հուսկ»-ի նախաձեռնութեամբ օգոստոսի 26-ին, նախատեսուած էր իմ «Հայեացք Արարատից. հայերը եւ թուրքերը» գրքի շնորհահանդէսը, ինչպէս նաեւ դասախօսական երեկոն` «Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութիւնը» թեմայով: Համատեղ անցկացուած երկու միջոցառումները հնարաւոր եղաւ իրականացնել Հայ դատի յանձնախմբի, «ՀՈՒՍԿ»-ի եւ «Ալիք» օրաթերթի ու մի շարք թեհրանահայ անհատների  ջանքերի շնորհիւ:

Երեւանից Թեհրան հեռաւորութիւնը մօտ 1200 քիլոմեթր է: 1990-ական թուականների կէսերին, երբ Արաքս գետի վրայ կառուցուեց նոր, ժամանակակից պահանջներին համապատասխանող կամուրջ, հայ-իրանական շփումները, առաջին հերթին` մարդկային, աւելի ընդլայնուեցին: Այդ ժամանակից ի վեր

աշխատում են Երեւան-Թեհրան օթոպիւսները: Ամէն տարի հազարաւոր իրանցիներ, այդ թւում` իրանահայեր, իրենց արձակուրդն անց են կացնում Հայաստանում: Նրանց մեծագոյն մասը Հայաստան հասնելու համար օգտւում է օթոպիւսներից կամ անձնական ինքնաշարժներից: Ճիշդ է, մէկ օր է պահանջւում Իրանի մայրաքաղաքից Հայաստանի մայրաքաղաք հասնելու համար, սակայն շատերը հէնց ցամաքային ուղին են նախընտրում, քանի որ այն մի քանի անգամ էժան է օդանաւից:

Ագարակը Հայաստանի ծայր հարաւում գտնուող քաղաք է` Արաքսի ափին: Այստեղ է գտնւում հայ-իրանական միակ անցակէտը: Հայկական կողմից «Սառը պատերազմի» ժառանգութիւնը` սահմանային փշալարերն ու դիտաշտարակները դեռ պահպանւում են: Աւելի՛ն. ինչպէս հայ-թուրքական, այնպէս էլ հայ-իրանական սահմանի վերահսկողութիւնը իրականացնում են ռուսական սահմանապահ ուժերը` հայ սահմանապահների հետ համատեղ: Այնպէս որ, չզարմանաք, եթէ հայ-իրանական սահմանը անցնելիս հանդիպէք ռուսերէնով խօսակցութեան ու ռուս սահմանապաների:

Սակայն ամենամեծ տհաճութիւնը ոչ ռուսերէնն է եւ ոչ էլ ռուս սահմանապահի ներկայութիւնը Հայաստան-իրան սահմանի հայկական կողմում: Ամենամեծ տհաճութիւնն այն է, որ Հայաստանի կողմից չես կարող մօտենալ մայր գետին, քանի որ չես կարող անցնել փշալարը: Արաքսի կամուրջը անցնելուց յետոյ` ճանապարհը դէպի Թաւրիզ ու Թեհրան գետի ափով` հոսանքին հակառակ ուղղութեամբ,  շարունակւում է մի քանի տասնեակ քիլոմեթր: Մայր գետը այս հատուածում միմեանցից բաժանում է Նախիջեւանը եւ Իրանը: Ահա այս հատուածում է հնարաւոր մօտենալ գետին, հետեւել նրա հանդարտ ընթացքին, իսկ միւս ափին տեսնել ազրպէյճանցի սահմանապահների: Գետի այն ափին, շատ մօտիկից, պարզ երեւում են ազրպէյճանական գիւղերը եւ Օրտուպատ քաղաքը: Օրտուպատը նախկին Գողթն աւանն է` Գողթն գաւառի կենդրոնը, որը, ինչպէս Նախիջեւանի հայկական միւս բնակավայրերը, հիմնականում հայաթափուեցին 1918-1920-ական, մասամբ` խորհրդային տարիներին:

Հէնց այն օրը` օգոստոսի 23-ին, երբ անցնում էի այս կողմերով, արձանագրուել էր ողբերգական միջադէպով բախում հայ եւ ազրպէյճանցի սահմանապահների միջեւ: Սահմանի ազրպէյճանական կողմից արձակուած գնդակներից զոհուել էր մէկ, վիրաւորուել եւս մէկ հայ զինուոր: Աւելի հասկանալի լինելու համար ասեմ, որ ռուս սահմանապահները հսկում են բացառապէս Հայաստան-իրան 40 քիլոմեթրանոց հատուածը, իսկ Նախիջեւան-Հայաստան սահմանը, որը բարձր լեռների կատարներով հարիւրաւոր քիլոմեթրերով ձգւում է Երասխից մինչեւ Ագարակ,  պաշտպանում է Հայաստանի բանակը: Ընդհանրապէս, 1994-ի մայիսեան հրադադարից ի վեր  Հայաստան-Նախիջեւան հատուածում փոխհրաձգութիւնները սակաւաթիւ են, իսկ զոհերը` շատ հազուադէպ: Հիմնական պատճառն այն է, որ տարածքը բարձր լեռնային է, հայկական եւ ազրպէյճանական դիրքերը եւ դիպուկահարները միմեանցից բաւականին հեռու են:

«ՀՈՒՍԿ»-ի կազմակերպած դասախօսութեան ընթացքում ես խօսեցի արցախեան կարգաւորման ներկայ գործընթացի եւ ազրպէյճանական ռազմատենչ հռետորաբանութեան, Ազրպէյճանում հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրութիւնների մասին: Անդրադառնալով Սերժ Սարգսեանի այն յայտարարութեանը, թէ Հայաստանի համար ձեռնտու է Իլհամ Ալիեւի նախագահի պաշտօնում մնալը, ես դա համարեցի ոչ տրամաբանական տեսակէտ, քանի որ Ալիեւը նախապատրաստւում է նոր պատերազմի, հակահայկականութիւնը բարձրացրել է պետական քաղաքականութեան մակարդակի, հետեւաբար Ալիեւի պաշտօնում մնալը Հայաստանի եւ Արցախի համար լաւագոյն տարբերակը չէ: Նշեցի նաեւ, որ Ալիեւը` կեղծիքներով կամ ծածուջարդով, մնալու է նախագահի պաշտօնում:

Անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին, ասացի, որ Հայաստանը պէտք է յետ կանչի մեռելածին երկու արձանագրութիւնները, այլապէս Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի նախօրէին հնարաւոր են տհաճ անակնկալներ թուրքական կողմից:

Իմ ելոյթում խիստ քննադատեցի իշխանաւորները: Բառացիօրէն ասելով հետեւեալը.  Միայն այս տարուայ առաջին վեց ամիսներին Հայաստանից հեռացել է 123 հազար հայաստանցի: Ո՞վ է արտագաղթի հիմնական մեղաւորը: Թուրքիա՞ն: Ազրպէյճա՞նը: Ո՛չ, ի հարկէ: Պատասխանատու են իշխանութիւնները:

Քանի դեռ Ազրպէյճանն ու Թուրքիան շարունակում են Հայաստանի հանդէպ շրջափակման թշնամական քաղաքականութիւնը, Հայաստանը պէտք է խորացնի եւ ընդլայնի յարաբերութիւնները իր միւս երկու անմիջական հարեւանների, յատկապէս` Վրաստանի հետ, ասացի իմ դասախօսութեան ընթացքում: Յատուկ կարեւորեցի Իրանի չէզոք քաղաքականութիւնը Արցախի հարցում:

Առանձին անդրադարձ կատարեցի նաեւ Հայաստան-Ռուսաստան եւ Հայաստան-Եւրոպական Միութիւն յարաբերութիւններին` Ռուսաստան-Ուքրանիա յարաբերութիւնների օրինակով ցոյց տալով, թէ որքան կոշտ եւ նեարդային է արձագանգում Մոսկուան իր հարեւան պետութիւնների` դէպի Եւրոպական Միութիւն յարաբերութիւնների սերտացմանը:

Թեհրանահայութեան համար իմ դասախօսութեան ընթացքում ես մէկ անգամ եւս համոզուեցի, թէ որքան լաւ են նրանք պատկերացնում Հայաստանի դժուարութիւններն ու խնդիրները: Իրանահայութիւնը աւանդական սփիւռքի այլ գաղթօճախների հետ համեմատած` քաղաքականապէս ամէնից աշխուժ համայնքներից մէկն է: Հիմնական պատճառները մի քանիսն են: Առաջին,  Հայաստանի Ա. Հանրապետութեան անկումից յետոյ հազարաւոր հայեր, այդ թւում` ՀՅԴ ղեկավար գործիչներ, անցան Արաքսը եւ հաստատուեցին Պարսկաստանում (այս երկիրը Իրան անունը կրեց 1935-ից): Ե՛ւ մինչեւ Բ. Աշխարհամարտը, ե՛ւ «Սառը պատերազմի» տարիներին, իրանահայութիւնը քաղաքականապէս եղել է աշխուժ: Այդ աշխուժութիւնը արտայայտուել է իրանահայութեան առաջատար օրաթերթի` «Ալիք»-ի էջերում, որը տասնամեակներ եղել ու մնում է իրանահայ ընտանիքի բարեկամը:

Երկրորդ, Իրանը եւ իրանահայութիւնը ֆիզիքապէս ու հոգեպէս միշտ էլ մօտ են եղել Ա. Հանրապետութեանը, Խորհրդային Հայաստանին, այսօրուայ Հայաստանի Հանրապետութեանը: Քանի որ իրանահայերը հայրենիք այցելելու համար նախընտրում են ցամաքային ճանապարհը, նրանք իրական Հայաստանը աւելի լաւ են զգում ու հասկանում: Արաքսը հատելուց յետոյ Երեւան հասնելու համար պէտք է անցնել 400 քիլոմեթր ճանապարհ: Դա շատ կարեւոր է: Դու անցնում ես Սիւնիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերով, դու անցնում ես տասնեակ բնակավայրերով, դու տեսնում ես հայ գիւղը եւ գիւղացուն: Մի խօսքով` դու տեսնում ես իրական Հայաստանը: Երեւանի կենտրոնը իրական Հայաստանի հետ կապ չունի:

Դասախօսութեան աւարտին ես պատասխանեցի բազմաթիւ հարցերի, որոնք վերաբերում էին Հայաստանի չդադարող արտագաղթին, ժողովրդավարութեան ու տնտեսական զարգացման հարցերին, հայ-թուրքական յարաբերութիւններին ու Արցախի խնդրին, Հայաստան-եւրոպայ, Հայաստան-ռուսաստան յարաբերութիւններին, հայ-իրանական կապերի ընդլայնման ու ամրապնդման հեռանկարին:

Դասախօսութեան յաջորդ օրը վաղ առաւօտեան ես Թեհրանից դուրս եկայ, կէսօրից յետոյ հասայ Թաւրիզ, որտեղ մօտ հազար հայեր են մնացել: Ատրպատականում հայերի քանակը տարին տարու վրայ պակասում է: Եւս մօտ 1500 հայեր մնացել են Ուրմիոյ քաղաքում: Թաւրիզից թաքսու հայ վարորդը ինձ եւ իմ ընտանիքին հասցրեց Արաքսի ափ, որտեղից կտրելով սահմանը` վերադարձանք Հայաստան: Նախքան սահմանը հատելը` մենք կանգ առանք Արաքսի ափին, հետեւեցինք գետի հանդարտ ընթացքին, լուսանկարուեցինք: Գետի այն կողմում` մօտ 50 մեթր հեռաւորութեան վրայ, ազրպէյճանցի սահմանապահներն են: Նրանք դէպի Իրան չեն համարձակւում կրակել: Մանաւանդ նրանք չեն կարող իմանալ, թէ դիմացի ափին մայր գետի ալիքներին հետեւող մարդիկ ինչ ազգութիւն ունեն:

Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )